Նախագահի թեկնածուները վստահեցնում են, որ իրենք ստվերը, աղքատությունն ու գործազրկությունն իսպառ կվերացնեն, կյանքի որակը կբարելավեն, Հայաստանը կդարձնեն իսկական դրախտ:
«Մեր տնտեսությունն աղետալի վիճակում է, տնտեսության մեջ բոլոր արձանագրված աճերը նկարովի են, գնաճն ահավոր մեծ է, մենաշնորհները խեղդում են, սիրելի ժողովուրդը տառապում է եւ այլն». նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերի «տնտեսական բաժնում» այսպիսի բազմաթիվ դժգոհություններ են ներկայացնում՝ փորձելով կարծես ապացուցել, որ իրենք էլ ժողովրդի ծոցից են դուրս եկել ու հիանալի պատկերացնում են, թե ինչ դարդուցավի մեջ է հիմա շարքային քաղաքացին: Թեկնածուների ծրագրի այդ հատվածը վերածվել է բողոքի գրքի: Նրանցից քչերն են կոնկրետ առաջարկներ ներկայացնում, թե ինչ են իրենք պատրաստվում անել՝ վիճակը բարելավելու համար: Իհարկե, բոլորն էլ ասում են, որ իրենց օրոք լավ է լինելու, բայց ինչպես են հասնելու դրան՝ պարզ չէ:
ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է՝ ա) քաղաքական եւ բիզնես վերնախավերը տարանջատել, բ) կայուն, բարձր եւ որակյալ տնտեսական աճ ապահովել, արտահանումը խթանել, գ) տնտեսական մենաշնորհները կազմացրել, գործարար եւ ներդրումային միջավայրը բարելավել՝ բացառելով բարձրաստիճան պետական պաշտոնյաների ուղղակի կամ անուղղակի ցանկացած միջամտություն, դ) աշխատավարձերի, կենսաթոշակների, պետական նպաստների, բնակչության այլ եկամուտների շեշտակի աճ ապահովել, աղքատությունը վերացնել, զբաղվածության մակարդակը բարձրացնել: «Մեր հին ընկեր» Վ. Հովհաննիսյանն այդպես էլ իր ծրագրում չի նշում, թե այդ ինչպե՞ս է վերացնելու աղքատությունը, որը, կարելի է ասել, բացարձակ անիրատեսական է մեր երկրում: Բացի վերը նշված խոստումներից, պարոն Հովհաննիսյանը մի շատ հետաքրքիր խոստում էլ է տալիս իր ընտրողներին՝ վառելիքի, հացահատիկի, շաքարի ու դեղորայքի արտադրության ու ներմուծման բիզնեսում պետական մասնակցություն մտցնել: Հաշվի առնելով, որ ներկայումս շաքարի բիզնեսը գրեթե մենաշնորհային դիրքերով տնօրինում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը նաեւ ակտիվ մասնակցություն ունի դեղորայքի շուկայում, փաստորեն, Վ. Հովհաննիսյանը խոստանում է «վայիս» լինել Ս. Ալեքսանյանի հացին: Վառելիքի շուկայի մասին ՀՅԴ թեկնածուի խոստումը սպառնալիք է Միխայիլ Բաղդասարովի համար, Գագիկ Ծառուկյանի, Բարսեղ Բեգլարյանի համար: Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ այդ ամենն իրագործելուց հետո Հայաստանը դարձնելու է տարածաշրջանի գիտական, կրթական, մշակութային եւ ֆինանսական կենտրոն: Նկատենք, որ ներկայիս նախագահը, վարչապետը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պնդում են, որ Հայաստանն արդեն վաղուց հայտնվել է ոչ թե տարածաշրջանի, այլ նույնիսկ աշխարհի քարտեզի վրա ու դարձել նրա ֆինանսական կենտրոններից մեկը:
Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ծրագրում մանրամասն նկարագրում է, թե ինչպիսի ծանր վիճակում է մեր տնտեսությունը, որ համատարած մոնոպոլիզացիա է, որի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում: Հաշվի առնելով, որ մոնոպոլիզացումը մեր երկրում առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրառած ապօրինի մեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավասար պայմաններ ստեղծելու հետեւանքով, Լ. Տեր-Պետրոսյանը խոստանում է վերացնել բոլոր այդ արատավոր երեւույթները: Գլխավոր եւ հիմնական ուղղությունը, որն առաջարկում է Տեր-Պետրոսյանը տնտեսության մեջ՝ հարկային բեռի հավասար բաշխումն է: Ներկայումս այդ բեռի հիմնական մասն ընկած է մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին, իսկ խոշոր հարկատուներից բյուջեն գրեթե եկամուտներ չի ունենում: Որպեսզի փոքր բիզնեսը մեր երկրում ոտքի կանգնի, Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Պարզեցված հարկի մասին» օրենքը վերականգնել, խոշոր ձեռներեցներին էլ անխտիր ընդգրկել հարկման դաշտում: Իր ծրագրում նախագահի այս թեկնածուն որոշ փոփոխություններ է առաջարկում, որով հնարավոր է կրճատել ստվերայնությունը կամ, ավելի ճիշտ, վերացնել պետական ռեկետը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ նույնպես հստակ ծրագրեր է ներկայացնում, ինչը անտեսել են մյուս թեկնածուները: Նա առաջարկում է գյուղացիական տնտեսությունների բերքը պարտադիր ապահովագրել, որպեսզի գյուղացին հնարավորինս զերծ մնա պարարտանյութի, եղանակային պայմանների պատճառով կրած վնասներից: Առաջարկվում է նաեւ ներմուծվող սերմացուի վրա ԱԱՀ-ի կիրառումը հանել:
Նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը նույնպես գտնում է, որ պետք է չեղյալ հայտարարել 2007-ի հուլիսի 3-ին ընդունված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հետեւանքով զգալիորեն կրճատվեց այդ հարկատեսակից օգտվողների քանակը: Փոխարենը առաջարկվում է մեծացնել պարզեցված հարկման ենթակա շրջանառության չափը՝ 50 մլն դրամից հասցնելով 100 մլն-ի: Բացի այդ, ըստ Վ. Մանուկյանի, 100-ից մինչեւ 300 մլն դրամի շրջանառության դեպքում շահութահարկը պետք է կազմի 10 տոկոս, 300-ից մինչեւ 500 մլն շրջանառության դեպքում՝ 15 տոկոս, իսկ 500 միլիոնից բարձր շրջանառությունը պետք է հարկվի 20 տոկոսով: Վազգեն Մանուկյանը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում անհապաղ վերացնել ներմուծող ընկերություններից սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը: Ըստ նրա, այն պետք է գանձվի միայն երկրի ներսում՝ ապրանքների իրացումից հետո: Իսկ ապրանքներ արտահանող ընկերություններին, որոնք աշխատում են ԱԱՀ-ի դաշտում, սահմանի վրա պետք է վերադարձվի իրենց ԱԱՀ-ն: ԱԺՄ նախագահն իր նախընտրական ծրագրում մի շատ պատասխանատու խոստում էլ է տալիս՝ «ԿԲ-ն գնաճը պետք է պահի տարեկան 4 %-ի սահմաններում»: Բայց թե ինչպե՞ս է պարոն Մանուկյանը ստիպելու ԿԲ-ին դա անել՝ պարզ չէ:
Նախագահի մյուս թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանը խոստանում է դարձնել կազմակերպված հանգստի գրավիչ երկիր, լավագույն պայմաններ ստեղծել բիզնեսի եւ ներդրումների համար, խոստանում է նաեւ ֆինանսական օգնություն ցուցաբերել փոքր եւ միջին ձեռնարկություններին, աղքատությունը, գործազրկությունն ու տնտեսության մեջ ստվերը վերացնել: ՀՀ վարչապետը մոռանում է, որ կառավարության ներկայացուցիչները հիմա էլ ամեն ասուլիսի ժամանակ վստահեցնում են, որ Հայաստանը գրավիչ է տուրիզմի, բիզնեսի ու ներդրումների համար, որ իրենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար ջանք չեն խնայում, իսկ աղքատությունն ու գործազրկությունն արդեն համարյա թե վերացրել են: Նկատենք, որ ծրագրում Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծում է, որ իր՝ նախագահ ընտրվելու դեպքում ամեն ոք կզգա, որ իր կյանքի որակը բարելավվում է, քանի որ ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Ներկայումս Ս. Սարգսյանը վարչապետ է, որը նույնպես մեծ լծակներ ունի՝ ազդելու մարդկանց կյանքի որակի բարելավման վրա, ուստի հիմա էլ նրան ոչ ոք չի խանգարում՝ այդ ծրագրերն իրագործելու: Ս. Սարգսյանը հավաստիացնում է, որ հենց դառնա նախագահ՝ հարկերից խուսափելու համար կխարազանի ցանկացած բիզնեսմենի՝ հաշվի չառնելով անձնական կապերը եւ ընկեր, բարեկամ կամ կուսակից լինելը: Մինչդեռ ներկայումս էլ Սերժ Սարգսյանի ընկերները, բարեկամները, ծանոթներն ու կուսակիցները, օգտվելով նրա հովանավորչությունից, հանգիստ խուսափում են հարկային պարտավորություններից: Կարելի է ընտրել Սերժ Սարգսյանին՝ տեսնելու համար, թե նա ինչպես է խարազանում, ասենք, Միխայիլ Բաղդասարովին: