Ըստ ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, անգամ ընդդիմադիր գործիչների տրամաբանությամբ այդպես կլինի:
«ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբի պետի փոփոխման մասին մամուլի հրապարակումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»,- երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Կարեն Կարապետյանը, ասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Պարոն Շարմազանովը հայտարարեց նաեւ, որ հանրապետության բոլոր մարզերում արդեն ձեւավորված է շուրջ 1300 նախընտրական շտաբ:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իրո՞ք հանրապետականները օգտագործելով իշխանական լծակները՝ խոչընդոտում են ընդդիմադիր թեկնածուների շտաբների համար տարածքների վարձակալմանը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այդ լուրերը մի քանի անգամ հերքվել են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից. «Կարծում եմ, Հայաստանում վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ գոյություն ուներ վախի մթնոլորտը, եւ դիմում եմ բոլորին՝ խնդրելով չսեւացնել իրականությունը, քանի որ փետրվարի 19-ից հետո կյանքը շարունակվելու է»:
Քանի որ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզարշավը, ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ իրենց որդեգրած քարոզչական քաղաքականությանը եւ ասաց, որ քարոզարշավի ընթացքում իրենք առաջնորդվելու են ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն գաղափարախոսությամբ: Եվ Հանրապետականի թեկնածուի կարգախոսը՝ «Առաջ Հայաստան», հենց բխում է առաջ գնալու, երկիրն «էլ ավելի զարգացնելու» սկզբունքից: Ըստ ՀՀԿ ներկայացուցչի, իրենք հաստատակամ են անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, ինչն արդեն մեկ անգամ արվել է նախորդ տարվա մայիսին՝ խորհրդարանական ընտրություններով. «Եվ դա պետք է արվի ոչ թե միջազգային դիտորդների բարձր գնահատականներին արժանանալու համար (ինչը շատ կարեւոր է), այլ հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:
Լրագրողներից մեկը փորձեց պարզել, թե ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում ՀՀՇ-ական Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է հենց առաջին փուլում, պարոն Շարմազանովն ասաց. «Ես բավականին բարձր եմ գնահատում Արամ Մանուկյանի հումորի զգացումը»: Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտարարեց, որ ոչ առաջին եւ ոչ էլ որեւէ այլ փուլում Տեր-Պետրոսյանը հաղթելու հնարավորություններ չունի: Եվ հիշեցնելով 2007-ի սեպտեմբերի 21-ին Տեր-Պետրոսյանի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ իշխանության թեկնածուին կարելի կլինի հաղթել միայն այն դեպքում, եթե համախմբվեն ընդդիմության բոլոր ուժերը եւ հանդես գան մեկ միասնական թեկնածուով, իսկ դա տեղի չունեցավ: Ըստ Շարմազանովի. «Մենք տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուները չհամախմբվեցին, եւ ամեն մեկը գնում է իր ծրագրով ու քաղաքականությամբ, կարծում եմ, որ իրենց իսկ տրամաբանությամբ՝ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլով»:
Պատասխանելով Ղարաբաղին վերաբերող հարցերին, Շարմազանովն ասաց, որ ՀՀ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է բանակցային պրոցեսին եւ վերջինիս նախագահ դառնալու պարագայում ղարաբաղյան կարգավորման հարցում հայամետ որոշումը տիրապետող կլինի. «Հայ ժողովուրդը թող համոզված լինի, որ պարոն Սարգսյանը կկանգնի իր եւ իր ընկերների ձեռքբերումների եւ ամբողջ մեր ձեռքբերումների թիկունքին»: Ի պատասխան «Առավոտի» հարցին, ի վերջո ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ գործիչ է Սերժ Սարգսյանը, մամուլի խոսնակն ասաց, որ Սերժ Սարգսյանը ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ ու ոչ էլ եվրոպամետ, այլ հայամետ է եւ վարում է Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: