Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԱՆ» ԻՍԿԱՊԵՍ ԾԱՂԿՈՒՄ Է

Հունվար 19,2008 00:00

\"\"Հեռուստաընկերության շուրջ տարածվող լուրերը հերքվում են

«Առավոտի» հունվարի 11-ի համարում «Գաֆեսճյանների եւ Սարգսյանների «միությունը» չհաջողվեց. ըստ լուրերի, «Արմենիա» հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ են ծագել» հոդվածում հրապարակված տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում: Այս հերքումը մենք տպագրում ենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ձեռք բերված գրավոր համաձայնության արդյունքում` հիմնվելով «Առավոտի» էթիկայի կանոնագրքի դրույթների վրա:

Նախ՝ «Արմենիայի» վաճառքի կամ սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ: Այդ լուրերը բացարձակապես անհիմն էին, ինչի մասին մեր թերթը արդեն իսկ գրել է հրապարակմանը հաջորդող համարում (տես՝ «Առավոտ», 12.01.2008): «Արմենիան» ինչպես անցյալում, այդպես էլ հիմա 50 տոկոսով պատկանում է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի ընտանիքին, 50 տոկոսով էլ՝ Սարգսյաններին, եւ ընկերությունը վաճառելու որեւէ մտադրություն չկա: Այդ երկու ընտանիքների հարաբերությունները հոյակապ են թե՛ գործնական եւ թե՛ մարդկային առումով, եւ այս պահին սեփականատերերից մեկը՝ Բագրատ Սարգսյանը, գտնվում է ԱՄՆ-ում, նոր՝ ավելի մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար: Երկու գործընկեր ընտանիքների ներդրումները ընկերության մեջ կատարվում են հավասարության սկզբունքով, այսինքն՝ որքան ներդրում են անում Գաֆեսճյանները, այդքան էլ Սարգսյանները, հետեւաբար, խոսք անգամ չի կարող գնալ միջոցների ոչ նպատակային օգտագործման մասին, ինչպես պնդում էին «Առավոտի» անանուն աղբյուրները:

«Արմենիայում» իսկապես հարյուրավոր աշխատակիցների շարքում կան Սարգսյանների ընտանիքի անդամներ, բայց նրանց պրոֆեսիոնալ կարողությունների վերաբերյալ կասկածները, որոնք հնչեցնում էին մեր զրուցակիցները, որեւէ հիմք չունեն: Ի վերջո, ցանկացած մասնավոր սեփականատեր իրավունք ունի աշխատանքի վերցնելու այն մարդկանց, որոնք, իր կարծիքով, նպաստում են իր բիզնեսի բարգավաճմանը՝ այդ թվում իր ընտանիքի անդամներին: Վերջիններիս աշխատավարձերը, ըստ փաստաթղթերի, ավելի քիչ են, քան «Արմենիայի» այլ առաջատար աշխատակիցների աշխատավարձերը՝ հակառակ տարածվող եւ մեր թերթի խնդրո առարկա հոդվածում տեղ գտած լուրերի: Նույն փաստաթղթերով, «Արմենիայում» աշխատավարձերի ուշացումներ չկան. ինչպես եւ «Առավոտում», այստեղ աշխատավարձերը տրվում են բանկային պլաստիկ քարտերի միջոցով եւ փոխանցումներն արվում են ճիշտ ժամանակին ու կրճատման որեւէ միտում չունեն: Ի դեպ, հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանի՝ Հայաստանում չլինելու պատճառով աշխատավարձերը չեն կարող ուշանալ, քանի որ դրա հետ կապված փաստաթղթերով զբաղվում է տնօրենը, ոչ թե նախագահը:

Ինչպես եւ ցանկացած հիմնարկում, «Արմենիայում» նույնպես լինում են մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ազատվում են աշխատանքից: Հենց այդ մարդկանց մի մասն է, հավանաբար, տարածում կեղծ լուրեր, որ ընկերությունում զանգվածային կրճատումներ են: Այդպիսի բան չկա. ինչպես նույն հոդվածում մեր թերթին ասել է հեռուստաընկերության տնօրեն (նրան սխալմամբ լուրերի տնօրեն էինք անվանել) Գագիկ Մկրտչյանը, «Արմենիայում», հակառակը, նոր աշխատատեղեր են բացվում (տես՝ «Առավոտ», 11.01.2008): Նույն նյութում պարոն Մկրտչյանը նշել է, որ որեւէ նախագիծ (այդ թվում՝ սերիալ) ֆինանսական պատճառներով չի փակվել եւ փոխարենը նորանոր նախագծեր են ստեղծվում: Այդպիսով, նման լուրերը մենք արդեն իսկ հերքել ենք նախորդ հրապարակման մեջ եւ հիմա էլ վերահաստատում ենք այդ հերքումը:

Ինչ մնում է աշխատողներին մուտքի մոտ զննելու վերաբերյալ պնդումներին (որպեսզի մթերք ներս չբերեն), ապա դրանք պարզ անհեթեթության շարքից են. ժամանակակից Հայաստանում, վստահ ենք, ոչ ոք թույլ չի տա, որ իրեն այդպես զննեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել