Ասում է նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը
– Ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք վաղուց արդեն սկսել են հանդիպումները հանրության հետ կամ որոնց կողմնակիցներն արդեն սկսել են դռնեդուռ քարոզչությունը՝ Դուք ավելի հանդարտ անցկացրիք մինչ պաշտոնական քարոզարշավի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Կարծում եք, թե 1 ամիսը բավակա՞ն է արդյունավետ քարոզչության համար:
– Նախընտրական Հայաստանում ստեղծված ներքաղաքական պայմաններում, երբ քաղաքական գործիչների համար ստեղծված են ու գործում են անհավասար մեկնարկային հնարավորություններ՝ միշտ չէ, որ հնարավոր է լինում հանրությանը տեղեկացնել մեր հանդիպումների եւ միջոցառումների մասին:
Հայաստանում հեռուստատեսային եթերն ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից եւ շատ հաճախ ուղղակի անհնար է ժողովրդի լայն շրջանակներին տեղեկացնել մեր գործունեության մասին: Սա հենց այն դեպքն էր, երբ իշխանությունը վախենալով իր իսկ ժողովրդից, փորձում է վերահսկել նրան՝ իրեն պատկանող հեռուստաեթերի միջոցով, փակելով այն թե՛ ժողովրդի եւ թե՛ ընդդիմության առջեւ: Մի օրինակ միայն՝ վերջին գրեթե 3 տարում ոչ մի անգամ ելույթ ունենալու հնարավորություն չեմ ունեցել «Արմենիա», «Շանթ», «Ար», «Երեւան», «ԱրմՆյուզ», «Թիվի-5», ինչպես նաեւ մարզային՝ Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի, Նոր Հաճընի, Ստեփանավանի, Ապարանի, Արտաշատի, Արմավիրի, Գավառի, Մարտունիի, Սեւանի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Շիրակի, Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Դիլիջանի հեռուստաընկերություններով, չնայած նաեւ վճարելու պատրաստակամությանը: Ավելի՛ն, ստացվում է այնպես, որ նրանք ոչ միայն քաղաքական գովազդից ու գումարից են հրաժարվում, այլ նաեւ սեփական երկրի նախագահի ընտրության լուսաբանմանը մասնակցելուց: Հասկանալի է, որ այս ամենը կատարվում է իշխանության հրահանգով: Ավելի՛ն, «ԱրմՆյուզը» 1 ամիս առաջ ձայնագրեց, բայց այդպես էլ չցուցադրեց ինձ հետ վարած հարցազրույցը: Իսկ նույն ժամանակաշրջանում խոսել եմ 2 անգամ Հանրային հեռուստաընկերությամբ եւ 1 անգամ՝ 15 րոպե, հ2 հեռուստաընկերությամբ: Սա է պատկերը:
Ինչ վերաբերում է քարոզարշավի հանդարտությանը, ապա մենք բազմիցս ասել ենք, որ կոռեկտ ու փաստարկված քարոզարշավի կողմնակից ենք, չնայած որոշ լրատվամիջոցներ մերթընդմերթ աղավաղելով քաղաքական գործիչների ուղիղ խոսքը՝ փորձում են արհեստական սրացումներ մտցնել, ինչը թեեւ անթույլատրելի է, բայց նաեւ ինչ-որ առումով բնորոշ է նախընտրական իրավիճակին: Այնպես որ, մենք բավարար չափով ե՛ւ ակտիվ ենք, ե՛ւ պատրաստ՝ նախընտրական պայքարին:
– Ի՞նչ փուլում է Ձեր հայտարարած «Քաղաքացիական շարժում հանուն նոր Հայաստանի» նախաձեռնությունը:
– Մեր նախաձեռնած քաղաքացիական շարժումը բուռն կերպով թափ է առնում: Այսօրվա դրությամբ ձեւավորված են արդեն 25 հազարից ավելի քաղաքացիական աջակցության խմբեր, որոնք ամեն օր շատանում են: Շարժումը բաց է յուրաքանչյուր մարդու համար, որը ցանկանում է ապրել ազատ երկրում, որը դեմ է ստրկամտությանը, կողոպուտին ու կոռուպցիային, որը ցանկանում է դրական փոփոխություններ իր եւ իր ընտանիքի կյանքում: Մենք ասում ենք՝ նոր Հայաստան, նոր հնարավորություններ ու հարաբերություններ, նոր Հայաստան, նոր ռազմավարություն ու նոր հաջողություններ յուրաքանչյուր մեր հայրենակցին: Ի վերջո, նոր Հայաստան, որը վերջ կդնի ցինիզմին ու ամենաթողությանը, աղքատությանն ու գործազրկությանը, զրկանքներով ու վախվորած ապրելուն: Այն պայքար է սեփական երկրի ու սեփական ընտանիքների, սեփական որոշում ունենալու եւ տեր կանգնելու, ի վերջո՝ պայքար է ազատ եւ արժանապատիվ կյանքով ապրելու համար:
– Արդյոք արձագանքներ կա՞ն ընդդիմադիրներին ուղղված Ձեր առաջարկների կապակցությամբ՝ համատեղ սոցհարցում կազմակերպելու, հրապարակային քննարկումներ ու բանավեճեր սկսելու վերաբերյալ:
– Իմ առաջարկներն առայժմ անպատասխան են, մինչդեռ, առողջ բանավեճերը հնարավորություն կտան վեր հանել ճշմարտությունը: Նույնը վերաբերում է սոցհարցումներին. իմ առաջարկը թափանցիկ է՝ թեկնածուների ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների մասնակցությամբ կազմակերպել պրոֆեսիոնալ հարցումներ ու հրապարակել իրական արդյունքները: Այդ ժամանակ չի կարող լինել որեւէ շահարկում: Թե չէ՝ վախ քարոզելով մտնել բնակարանները կամ կեղծ հեռախոսային հարցումներով իշխանության թեկնածուին ներբողող գովերգություն անելը եւ հեռուստատեսությամբ օրական թմբկահարելը՝ չի արտահայտում օբյեկտիվ ճշմարտությունը: Այդուհանդերձ, նշեմ, որ ինքս գոհ եմ հանրային ընկալման այն աստիճանից, որ կա, որովհետեւ բազմաթիվ (թե՛ օտարերկրյա եւ թե՛ տեղական կազմակերպությունների) հարցումներով ես զբաղեցնում եմ կա՛մ 1-ին, կա՛մ 2-րդ տեղը: Իսկ առավել անաչառ հարցումներով, վստահ եմ, որ կարձանագրվեն ավելի լավ արդյունքներ:
Նշեմ, որ ընդդիմադիր թեկնածուներին ուղղված իմ բոլոր հրապարակային առաջարկներն ուժի մեջ են. կպատասխանե՞ն՝ կունենանք լավ արդյունքներ, իսկ չպատասխանելն այս դեպքում նույնպես պատասխան է:
– Արդյոք լուծվեցի՞ն նախընտրական շտաբների համար տարածքների վարձակալմանն առնչվող՝ ՕԵԿ-ի առջեւ հարուցված խոչընդոտները: Այս փուլում առնչվե՞լ եք այլ մտահոգիչ խնդիրների:
– Գիտեք, միշտ էլ եղել են ու կան խոչընդոտներ, որոնց մենք արդեն սովորել ենք: Մտահոգիչ խնդիրները նույնպես քիչ չեն, սակայն մենք դրանց կանդրադառնանք քարոզարշավի ընթացքում: Կարեւորը բոլորովին այլ է. մենք պետք է հաստատակամորեն պատրաստ լինենք ասելու մեր խոսքը եւ տերը լինելու մեր ընտրությանը: Այս քարոզարշավի ընթացքում ես ժողովրդին շատ բան ունեմ ե՛ւ փոխանցելու, ե՛ւ ստանալու: Եվ ցանկանում եմ բոլորը գիտենան, որ հարուցվող տարաբնույթ խոչընդոտները՝ հեռուստաեթերը սահմանափակելը, գովազդային վահանակներ տրամադրելուց խուսափելը, դատախազներով քարոզչություն անելը, անվտանգության մարմինների կողմից գրասենյակներ այցելելը եւ մեզ կրնկակոխ ուղեկցելը մեր մարզային հանդիպումների ժամանակ՝ այլեւս ի զորու չեն խոչընդոտել մեզ ու մեր պայքարին: Ես ունեցել եմ դժվարություններ ու ձախողումներ եւ գիտեմ, թե ինչպես է պետք դրանք հաղթահարել: Ես գիտեմ բոլոր այն դժվարությունները, որոնք հուզում են իմ հայրենակիցներին ու գիտեմ, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները: Գիտեք, արդար պայքարում հաղթելը պատվաբեր է, անազնիվ պայքարում հաղթելը՝ ամոթալի եւ պիտակավորված: Ես պատրաստ եմ շնորհավորել արդար ընտրված նախագահին, նույնը ակնկալում եմ նաեւ մյուսներից:
Նախ իշխանությունը պետք է նախանձախնդիր լինի կազմակերպելու ազնիվ ընտրություններ, հնարավորություն տալով բոլորին հավասար քարոզարշավ իրականացնել՝ առանց ստեղծելու ավելորդ եւ արհեստական խոչընդոտներ: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը, ի դեմս ՀՀԿ-ի՝ այսօր ունի վիթխարի վարչական, տեղեկատվական ու ֆինանսական ռեսուրսներ, իսկ Վահան Հովհաննիսյանը՝ ի դեմս ՀՅԴ-ի, ունի առնվազն 3 նախարար ու բազմաթիվ պաշտոնյաներ նախարարություններում եւ մարզերում, տիրապետում է քարոզչական լուրջ ռեսուրսի՝ հանձին «Երկիր-Մեդիայի»: Այ, եթե բոլորը գործեին այս հեռուստաընկերության չափորոշիչներով՝ գուցե կունենայինք այլ պատկեր. մինչդեռ մենք ունենք բոլորովին հակառակը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն երեւույթին, որ ընդդիմադիրներն իրար դեմ ավելի սուր քարոզչություն են իրականացնում, քան իշխանության թեկնածուի դեմ:
– Վերաբերվում եմ վատ, գտնում եմ, որ մերթընդմերթ հրապարակ նետվող հակասությունները բավականին հմտորեն օգտագործում է իշխանությունն իր կողմից վերահսկվող եթերի միջոցով: Ընդհանրապես, կողմ եմ ծրագրային, գաղափարական պայքարին, ինչը, ցավոք, բացակայում է: Հայաստանում:
– Ձեր նախընտրական ծրագրում տարբերություններ լինելո՞ւ են այն ծրագրից, որով ՕԵԿ-ը հանդես եկավ խորհրդարանական ընտրություններում:
– Այո՛, քանի որ սրանք կուսակցական ընտրություններ չեն. մենք ընտրում ենք երկրի նախագահ եւ այս ընտրությունները վճռորոշ են թե՛ երկրի եւ թե՛ յուրաքանչյուր ընտանիքի համար: Իմ նախընտրական ծրագիրը պաշտոնապես կհրապարակվի հունվարի 21-ին: Այն միջազգային փորձաքննություն անցած փաստաթուղթ է, որը վերաբերում է մեր պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Ես ասում եմ իմ ժողովրդին՝ «Հայաստան, բա՛ց արա քո աչքերը»: Մեր հիմնական կարգախոսն է՝ «Նոր Հայաստան»: Ծրագիրը պարունակում է հիմնադրույթներ ու ծրագրի իրականանալու դեպքում ակնկալվող կոնկրետ արդյունքների մասին տեղեկատվություն:
Մեր հիմնական մոտեցումները խարսխված են հարկերի եւ տուրքերի նվազեցման միջոցով տնտեսական աճի ապահովման, աստիճանական անցմանը պրոֆեսիոնալ բանակի եւ պայմանագրային զինծառայության, որակական նոր սոցիալական եւ կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով՝ կենսաթոշակների աճի եւ հասցեական սոցիալական քաղաքականության ընդլայնման, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, աշխատավարձերի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման, փոքր եւ միջին ձեռներեցությունը զարգացնելու, նորարարությունը եւ բարեփոխումները խթանելու գաղափարների վրա:
– Օրերս կրկին Հայաստան այցելեցին համանախագահները: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, կստորագրվի՞ ինչ-որ փաստաթուղթ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Եվ ընդհանրապես՝ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:
– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ տակավին պահպանվում է տոտալ գաղտնիություն ու հանրությանը դեռեւս հայտնի չեն համանախագահների ներկայացրած փաստաթղթի բոլոր դետալները: Իմ համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է իր լուծումը ստանա խաղաղ, բանակցային ճանապարհով, դրանում աստիճանաբար եւ ակտիվորեն ներգրավելով ԼՂ-ին, որպես բանակցող կողմ: Ես վստահ եմ, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը: Այս առումով կարեւոր եմ համարում 3 գործոնների ապահովումը՝ Լեռնային Ղարաբաղի անկախություն կամ Հայաստանի հետ վերամիավորում, Հայաստանի հետ ընդհանուր սահմանային կապը եւ այնտեղ բնակվող ժողովրդի լիարժեք անվտանգության երաշխավորումը: Իսկ յուրաքանչյուր փաստաթղթի ստորագրումից առաջ նախ կարեւոր է ժողովրդային իրազեկումը, բայց քանի որ նման մտադրություն կարծես չկա՝ կարեւոր էլ չի համարվում ժողովրդին ներկայացնել այն:
– Այս օրերին նաեւ Հայաստանի քաղաքական շրջանակներում են քննարկվում Վրաստանի ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների առումով: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ կա՞ն, արդյոք, զուգահեռներ Հայաստանի հետ:
– Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, որոշակի զուգահեռներ կունենան նաեւ Հայաստանում: Այստեղ ես կցանկանայի նշել մի քանի գործոն: Առաջին՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի ակնհայտ աջակցությունը Վրաստանի գործող իշխանություններին, պայմանավորված էր նաեւ Սահակաշվիլու կողմից Վրաստանը դեպի ՆԱՏՕ տանելու հստակ նպատակով, իսկ Ռուսաստանի փոքր-ինչ մեղմացած վերաբերմունքը պայմանավորվեց Սահակաշվիլու հրապարակային ու պաշտոնական պատրաստակամությամբ՝ վերանայել իր կոշտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Երկրորդ խնդիրը՝ Վրաստանում նախագահական ընտրությունների արդյունքների ակնհայտ ուշ հրապարակումն էր եւ ձայների նվազագույն առավելությունը, որը պահանջվում էր երկրորդ փուլի համար: Ընդամենը 3 տոկոսով գերազանցելով նախատեսված 50 տոկոսանոց շեմը եւ արդյունքների ուշ հրապարակումը, ըստ էության, մեծացրին կատարված կեղծիքների նկատմամբ առկա կասկածները: Եվ, վերջապես, 3-րդը՝ Սահակաշվիլու առաջարկը, ձեւավորել կոալիցիոն կառավարություն ընդդիմության հետ, նույնպես մերժվեց ընդդիմության կողմից, որի ներկայացուցիչներն արդեն ծրագրում են շարունակել հանրահավաքային պայքարը Վրաստանում: Նույնիսկ Սահակաշվիլու կողմից ընդդիմությանն արված առաջարկի ընդունումը հանրային հեռուստառադիոընկերության կազմը փոխելու առումով, չփոխեց իրավիճակը: Ավելին, երեկ հնչեց Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեի կոչը Սահակաշվիլուն՝ կազմակերպել ընտրությունների երկրորդ փուլ: Հայաստանում այսօր ստեղծված նախընտրական իրավիճակը ե՛ւ նման է, ե՛ւ տարբերվում է Վրաստանից: Մեր քաղաքական շփումները ցույց են տալիս, որ աշխարհի բոլոր երեք ուժային կենտրոնների շահերը կարող են Հայաստանում համընկնել միայն լեգիտիմ նախագահական ընտրությունների պարագայում, որը կնշանակի Հայաստանի արդար ընտրված նախագահի հետ աշխատելու փոխվստահություն եւ ընդունված որոշումների բացարձակ լեգիտիմություն: Այս մոտեցումը, առավել եւս, հիմնավորվում է նրանով, որ Հայաստանում առաջադրված առանցքային թեկնածուների մոտ չկան ո՛չ հակառուսական, ո՛չ հակաեվրոպական, ո՛չ հակաամերիկյան տրամադրություններ: Այնպես որ՝ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է: Համենայնդեպս, կարելի է եզրակացնել, որ Վրաստանի իրադարձությունները, եթե ոչ վճռորոշ, ապա հաստա՛տ որոշակի անդրադարձ կունենան նաեւ Հայաստանի վրա: