Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԷԻ ՈՒԶԵՆԱ, ՈՐ ԱՅԴ «ՓՈՐՁԱՆՔԸ» ԿՐԿՆՎԵՐ»

Հունվար 19,2008 00:00

\"\"Նկատի ունենալով, բնականաբար, Տեր-Պետրոսյանին, ասում է նախկին կոմունիստ, նախկին ՕԵԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Սերժ Սարգսյանի կողմնակից Մեխակ Մխիթարյանը:

– Պարոն Մխիթարյան, այսօր չե՞ք ափսոսում, որ դուրս եք եկել ՕԵԿ-ից, չէ՞ որ, ըստ որոշ սոցհարցումների, Արթուր Բաղդասարյանը նախագահի ինը թեկնածուներից երկրորդն է:

– Վերադառնալը բացառում եմ, եւ դա իմ նկարագրին հարիր չէ: Ժամանակին հենց ձեզ տված հարցազրույցում ասել եմ, թե ինչու եմ դուրս եկել ՕԵԿ-ից, պատճառը սկզբունքային է՝ ես չեմ ուզում լինել ընդդիմադիր, քանի որ իմ գործունեության ընթացքում ինձ երբեք չեմ պատկերացրել ընդդիմադիրի դերում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի երկրորդը լինելուն, թող լինի, եւ այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ երկրորդը լինել չի նշանակում ընտրվել նախագահ:

– Ուզում եք ասել՝ ընտրությունների ընթացքը եւ ելքը պատկերացնո՞ւմ եք:

– Ես ունեմ իմ կարծիքը, եւ այն բխում է կոնկրետ փաստերից: Ես միանշանակ վստահ եմ, որ Հանրապետական կուսակցության նախագահը, ՀՀ նախագահի թեկնածուն այսօր միակ թեկնածուն է, ով արժանի է դառնալ նախագահ: Նախագահի թեկնածուները կարող էին լինել ոչ թե ինը, այլ՝ տասնինը, դա ոչինչ չէր փոխի, քանի որ կա մեկը, որն ամենից ավելի հնարավորություններ եւ իրավունք ունի ընտրվելու երկրի նախագահ: Սա իմ անձնական, սուբյեկտիվ տեսակետն է, եւ այդպես կարծելու համար ես բազմաթիվ հիմնավորումներ ունեմ: Ես ճանաչում եմ Սերժ Սարգսյանին եւ ճանաչում եմ մյուս բոլոր թեկնածուներին: Իմ կենսափորձը ինձ իրավունք է տալիս ասել, որ այս իրավիճակում երկրի որդեգրած քաղաքական կուրսի շարունակականությունն ապահովելու, տնտեսական զարգացումը առանց լարվածության առաջ տանելու համար միակ ճիշտ ընտրությունը վարչապետ Սերժ Սարգսյանն է: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով, փորձառությամբ, ղեկավարելու հմտություններով, նաեւ՝ իր ներկայացրած ծրագրով ի զորու է պահպանել երկրի կայունությունը, արագացնել զարգացման ընթացքը եւ երկիրը տանել առաջ: Չմոռանանք ժողովրդական իմաստնությունը՝ չի կարելի փորձած թանը փոխել անփորձ մածունով:

– Սակայն մենք արդեն մեկ այլ «փորձած թան», ինչպես դուք եք արտահայտվում, ունեցել ենք, եւ նա եւս նախագահի ինը թեկնածուներից մեկն է՝ նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նրան սատարողներն էլ նույն կերպ իրենց թեկնածուին ֆավորիտ են համարում:

– Ես սպասում էի, որ դուք նման հակադարձում կանեիք, բայց ուզում եմ հատուկ շեշտել եւ մարդկանց հիշեցնել, թեպետ վստահ եմ՝ մեր հասարակությունը չի էլ մոռացել, որ այդ ձեր նշած «փորձը» փորձանք է եղել մեր ժողովրդի գլխին, եւ ես չէի ուզենա, որ այդ «փորձանքը» կրկնվեր: Մեկ անգամ արդեն մենք դա տեսել ենք եւ այլեւս բավական է: Ինքս անձամբ իմ մաշկի վրա եմ զգացել այդ «փորձի» հետեւանքները, չէի ուզենա, որ նորից կրկնվեր: Ինձ համար այլընտրանք գոյություն չունի: Ես վստահ եմ, որ միակ ճիշտ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, նրան ինքս աջակցում եմ հնարավորություններիս սահմաններում, իմ ընկեր-բարեկամների հետ ամեն ինչ անելու եմ, որ Արմավիրի մարզում բոլոր ընտրողները համոզված լինեն, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Նրանից լավ թեկնածու չեմ տեսնում, նաեւ կա մարդկային բարոյականության խնդիր, եւ այսօր էլ ես նույնպիսի սրտացավությամբ պատրաստ եմ կանգնելու նրա կողքին:

– Այդ սրտացավության դիմաց դուք ինչ-որ պաշտո՞ն եք ակնկալում:

– Ես խոսում եմ բարոյականությունից, իսկ դուք ի՞նչ հարց եք տալիս: Ես 30 տարի ղեկավարել եմ տարբեր օղակներ, եղել եմ գործկոմի նախագահ, եղել եմ մարզպետի տեղակալ եւ կոմկուսի շրջանային կոմիտեի բաժնի վարիչ, այդ ընթացքում էլ երկու անգամ մեծամասնականով ընտրվել եմ պատգամավոր, այնպես որ՝ իմ ընտրությունը սկզբունքային է: Երկրի զարգացման հեռանկարը, մյուս թեկնածուներին չնսեմացնելով, ես միայն այս թեկնածուի հետ եմ կապում, քանի որ վստահ եմ՝ այլ պարագայում կարող են լինել շատ եւ շատ անցանկալի հետեւանքներ:

– Դուք ասում եք, որ չեք ուզում նսեմացնել թեկնածուներից որեւէ մեկին, բայց հենց հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին որոշ բաներ ասացիք:

– Այդպես խոսելու հիմքեր ունեմ, քանի որ շատ լավ գիտեմ ՀՀՇ-ի «խոհանոցը», քանի որ դեռ 90 թվականից որպես կոմունիստ պատգամավոր եմ եղել եւ գործկոմի նախագահ: Դեռ 90-ից սկսած, ես տեսել եմ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի էվոլյուցիան, նրանց կադրային քաղաքականությունը, երբ հրապարակավ էլ հայտարարում էին՝ «Թեկուզ պոլի փետ լինի, բայց մեր թիմի անդամը լինի»: Անձամբ իմ դեմ քաղաքական տեռոր է իրականացվել հենց Տեր-Պետրոսյանի օրոք: Օրը ցերեկով մարդկանց ստիպում էին պաշտոնը թողնել, եթե այդ մարդկանց իրենց թիմից չէին համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել