Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 18,2008 00:00

ՑՈՒՐՏԸ ԵՎ ՀԵԳԵԼԸ

Ինչը որ վերեւում է, նույնն էլ ներքեւում է, քանի որ ներքեւը վերեւի արտացոլանքն է, չնայած որ ներքեւն է ընտրում վերեւին, բայց ընտրում է նրան, ում արտացոլանքն արդեն իր ներսում է ու ճանաչում է եւ’ գործը, եւ խոսքը, եւ’ պատկերը: Հետաքրքիր է, չէ՞, որ Աստված, ստեղծելով աշխարհը եւ մարդուն իր պատկերով ու նմանությամբ, Ադամի հետնորդներին թերեւս չի ներշնչել փիլիսոփայական որեւէ միտք, քանզի Ինքը վեր է մտքից, եւ միտքը հողեղեն, մարդկային ծնունդ է, եւ որը, մեզ օգնելով անվերջ ձգտել Աստծուն, անընդհատ հեռացնում է Նրանից. այնինչ եռամիասնությունը եղել է, կա եւ մնում է մեկը՝ հույս, հավատ, սեր: Այսինքն թե՝ ցուրտ է, թե շոգ, անձրեւ է, թե կարկուտ, աշխարհում ապրող մարդու կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան Հեգելն ինքնին կամ որեւէ այլ փիլիսոփա, որոնք փորձում են քննել հայտնիի եւ անհայտի սահմանը: Այսինքն թե՝ Աստված ի սկզբանե մարդուն տվել է Սուրբ երրորդության ոսկե կանոնը եւ մեր բոլոր քննություններն՝ աշխարհն ու մեզ հասկանալու, դուրս չեն կարող գալ եռամիասնության սահմաններից: Իսկ եթե երեւելի մտածողներն իրենց փնտրտուքների հետեւանքով շեղվում կամ հաճախ դուրս են գալիս՝ որոնելով չորրորդ չափումը, այսինքն թե՝ արդարությունը, տարօրինակ օրինաչափությամբ մի օր նորից ետ են վերադառնում դեպի Սրբազան եռամիասնություն՝ դեպի տուն…Եվ այսպես, քայլելով երեւանյան սահմռկեցուցիչ երեկոյի ցրտի միջով ու նայելով ցրտից ասես նիհարած անցորդներին, հատկապես կանանց, որոնց հույսը տղամարդկանց տաք հիշողության մեջ ապրելն է, զգացի, թե ինչպես երկինքներից իջա ներքեւ եւ մտածում էի. ահա նրանք՝ ցրտահալած արտացոլանքը վերեւների, եւ ահա նրանք, որ վաղը ընտրելու են մեր պետության նոր եկող վերեւինին, եւ զարմանալիորեն ցրտի վարագույրը ասես քաշվեց մի կողմ, եւ ես հասկացա, որ նրանք եւ ես իրենց հետ միասին պիտի ընտրենք մի մարդու, ով խոնարh է եռամիասնության առջեւ, տվյալ դեպքում՝ պետական եռամիասնության՝ օրեսդիր, գործադիր եւ դատական իշխանության միասնության առջեւ, եւ որն էլ ժողովրդավարությունն է, մեր պետության եկող գարունը, չէ՞ որ օրերն արդեն սկսել են երկարել:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել