Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի իմ գրպանից՝ ուրիշ տեղ չեմ մտել»

Հունվար 18,2008 00:00

\"\"Հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ նրա նախընտրական պատրաստություններն ու կանխատեսումները: Տիգրան Կարապետիչը նշեց, որ իր նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հունվարի 21-ին, իսկ վստահված անձինք էլ արդեն ցուցակագրվում են. «Մեր վստահված անձերը մեզ բավարար են, ծածկում են բոլոր տեղամասային ընտրատարածքները»: Բանախոսը նաեւ հայտնեց, որ հունվարի 16-ին Երեւան-Սոչի աերովթարից տուժածների հիշատակը հավերժացնող արձան էր փորձել տեղադրել Գյումրիում, սակայն «չգիտեմ ինչ-ինչ պատճառներով Գյումրիի քաղաքապետը չթույլատրեց: Նա համարեց, որ արձանն իր 2,5 մետրանոց չափսերով փոքր է եւ պետք է լիներ 4,5 մետր: Արձանը պատվիրել էի քանդակագործ Ֆերդինանտի մոտ ու ոչ թե իմ, այլ քաղաքապետարանի նախագծով: Ցավոք, արձանը չկանգնեցրինք, բայց գոնե մոմեր վառեցինք, քահանան էլ աղոթք կարդաց: Նշեմ, որ այդ քայլս նախընտրական բնույթ չէր կրում»:

Խոսելով բանավեճերից, ԺԿ նախագահը հայտնեց. «Եթե Արտաշես Գեղամյանն ասում է, որ ինքը բանավեճի կգնա միայն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ես ոչ մի խնդիր չունեմ ու պատրաստ եմ բանավիճել բոլորի հետ: Օրինակ, Արթուր Բաղդասարյանը, չգիտեմ ինչու, խուսափում է ինձ հետ բանավիճելուց»: Հարցին, թե ո՞ւմ կսատարի Տիգրան Կարապետյանը, եթե լինի երկրորդ փուլ, իսկ այդ փուլում էլ՝ ընդդիմության եւ իշխանության թեկնածուները, բանախոսը պատասխանեց. «Պոլոզ Մուկուչին»: Նա նաեւ նշեց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է պայքարել կոնկրետ իր ձայների համար, որպեսզի այն անգամ փողով չխլվի իր ընտրազանգվածից. «Եթե գյուղերում տեր կանգնեն արդարությանը, ամեն ինչ նորմալ կընթանա: Կան գյուղեր, որոնց վրա թիվ է դրված լինում, վերջիններս էլ ստիպված են նկարում այդ թվերը»:

Տ. Կարապետյանը երեկ նաեւ հայտնեց, որ շուտով «ԱԼՄ»-ի եթերում շաբաթական 5 հաղորդում է լինելու. «Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, այնպես էլ նախագահի մյուս թեկնածուները հրավիրվելու են: Չնայած կասկածում եմ՝ գուցե Սերժ Սարգսյանը չգա… բայց եթե գա՝ շատ լավ կլինի: Ես նույնպես անպայման մյուս TV-ների եթերներում լինելու եմ»: Լրագրողի հարցին՝ Տ. Կարապետյանը արդյոք գիտի՞, թե այս պահին ինքը որքան ձայների է տիրապետում, նախագահի թեկնածուն պատասխանեց. «Դա հարցրեք Սուտիբեկյանին», նկատի ունենալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: Հաջորդ հարցին էլ՝ մտավախություն չունի՞, որ ընտրությունների թեժ պայքարի ժամանակ, իշխանություններն ու ընդդիմությունը տեսնելով, որ Կարապետիչի շանսերը մեծ են, սկսեն դուրս բերել արխիվներ կամ հայտարարեն, որ նախագահի թեկնածուն նախկինում գրպանահատության համար դատապարտված է եղել, ԺԿ նախագահը պատասխանեց. «Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էլ Արտաշես Գեղամյանը ասում էր, թե մարդասպան է… Ինչ վերաբերում է ինձ, ես, բացի իմ գրպանից, ուրիշ տեղ չեմ մտել: Անբարոյական է այդպիսի բան ասել մի մարդու, ով 7 մլն իր սեփական եկամտից ծախսել է ժողովրդի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել