Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԺԻՄԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՈՒԺԻՆ

Հունվար 18,2008 00:00

\"\"Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Իզվեստիա» թերթին

– 1998թ. հրաժարականից հետո թվում էր, թե Դուք ընդմիշտ լքել եք քաղաքականությունը: Վերջերս Դուք ծավալուն աշխատանք եք հրապարակել խաչակիրների եւ հայերի փոխհարաբերությունների պատմության մասին: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշում ընդունվեց դադարեցնել գիտական ուսումնասիրությունները եւ վերադառնալ մեծ քաղաքականություն տասը տարվա լռությունից հետո:

– Դա դժվար որոշում էր: Ես ինքնաբավ մարդ եմ եւ լիակատար բավարարվածություն եմ ստանում իմ սիրելի գիտությամբ զբաղվելով, իմ հոյակապ այգին մշակելով, ընտանիքիս, թոռներիս, ընկերներիս հետ շփվելով: Իմ բոլոր հավակնությունները բավարարված են: Քաղաքականություն վերադառնալու որոշումը թելադրված է պարտքի զգացողությամբ՝ ես չեմ կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Իմ կարծիքով՝ տասը տարվա ընթացքում այստեղ ձեւավորվել է կլեպտոկրատական (քանի որ խոսքը գնում է կազմակերպված խմբի մասին, ես կասեի՝ ավազակապետական) ռեժիմ, որի նպատակները, ինչպես ես եմ համարում, ոչ մի առնչություն չունեն պետական շահի հետ: Դա ոչ թե առանձին կոռումպացված անձինք են, այլ լավ կազմակերպված, հստակ կառուցված համակարգ, որտեղ ստեղծված են կոռուպցիոն ֆինանսական հոսքեր, եւ գործում են հանցագործ աշխարհի օրենքները: Առանց այդ մոնոլիտ բուրգի կազմաքանդման եւ օրինականության վերականգնման Հայաստանը ոչ մի ապագա չունի: Ես զգում եմ պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկին հայտնվելու մեջ իմ դերակատարության համար, եւ, ինձ թվում է, ես պետք է ներողություն խնդրեմ դրա համար ողջ ազգից:

– Դուք բավականին լուրջ մեղադրանքներ եք առաջ քաշել իշխանությունների դեմ: Կա՞ արդյոք դրանց մեջ որեւէ կոնկրետություն:

– Ես հրապարակել եմ փաստեր վեց տարվա ընթացքում մոտ 3 մլն տոննա բենզինի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության կոծկման, ինչպես նաեւ՝ ռուսական եւ ղազախական գազի հետ կապված ճչացող խարդախությունների մասին, որոնց արդյունքում համապատասխանաբար 148 միլիոն եւ 158 միլիոն դոլար միայն 2006 թվականի ընթացքում մնացին չհաշվառված եւ հայտնվեցին պետական աճպարարների գրպաններում եւ այլ նման բացահայտումներ: Այդ մեղադրանքներից եւ ոչ մեկին նույնիսկ փորձ չարեցին պատասխանել: Բուռն արձագանքելով իմ բոլոր ելույթներին՝ ռեժիմը պարզապես լռեց իմ այս աննախադեպ մեղադրանքների առթիվ: Դրա միակ բացատրությունն այն է, որ այդ ամենը լիակատար ճշմարտություն է: Կամ վերցնենք մեկ այլ փաստ. Հայաստանի բյուջեն կազմում է ՀՆԱ-ի միայն 14%-ը: Մինչդեռ աշխարհի այլ երկրներում այդ ցուցանիշը, որպես օրենք, 30-45% է: Ուրեմն կա՛մ ՀՆԱ-ի ցուցանիշները Հայաստանում չափազանցված են, կա՛մ թաքցնում են բյուջեի իրական եկամուտները, կա՛մ թե մեկը եւ թե մյուսը: Ես կարծում եմ, որ դա պետական մասշտաբով տնտեսական անգրագիտության հրեշավոր դրսեւորում է: Իսկ իրականությունը հետեւյալն է. ՀՀ-ում ձեւավորվում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնական, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնված, ընդ որում, դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն առաջինից անհամեմատ մեծ է:

– Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում պայքարել կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ:

– Նախ, մենք պետք է քննենք այն բոլոր չարաշահումները, որոնք տեղի են ունեցել գործող ռեժիմի ժամանակ: Հատուկ ուշադրություն է դարձվելու նախկինում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ քաղաքական սպանությունների, գազի եւ բենզինի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման ոլորտում խախտումների բացահայտմանը: Այնուհետեւ առաջնահերթություն է դառնալու այն ռազմականացված ավազակախմբերի զինաթափումը, որոնք այսօր, օրը ցերեկով, անպատիժ քրեական հաշվեհարդարներ են անում եւ սպանում են պատահական անցորդներին: Այս ամենաթողությանը վերջ է տրվելու, այդ թվում նաեւ՝ օրենսդրության խստացման միջոցով: Այլ ուղղություն կստանա սեփականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտոնագրերի տրամադրման եւ շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովումը: Կոռուպցիայի, նեպոտիզմի, հովանավորչության, վիճակագրական կեղծարարության, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ անհաշտ պայքարին զուգահեռ՝ մենք կկրճատենք պետական ապարատը, կտրուկ կբարձրացնենք ոստիկանության, պետանվտանգության ծառայության, դատախազության, հարկային տեսչության, մաքսային վարչության աշխատակիցների եւ դատավորների աշխատավարձերը: Ազնիվ եւ արդյունավետ բյուրոկրատիան բավականին թանկ հաճույք է, բայց դա պետք է համարել ազգի ապագայի մեջ անհրաժեշտ ներդրում:

– Ձեր ելույթներում Դուք բարձրացնում եք նաեւ հայկական տնտեսության մենաշնորհացման թեման: Ի՞նչ եք Դուք պատրաստվում անել գոյություն ունեցող մենաշնորհների հետ:

– Իրոք, Հայաստանի տնտեսության համար առավել կործանարար արատ է լիակատար մենաշնորհացումը, որի արդյունքում երկրի հարստությունների ավելի քան կեսը կենտրոնացել է շուրջ 40 ընտանիքների ձեռքը: Ընդ որում, մենաշնորհացումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ՝ իշխանությունների կողմից գիտակցված եւ շահամոլ ձեւով ամենաթափանց հովանավորչության եւ ձեռներեցների համար անհավասար պայմանների ռեժիմի արդյունքում: Այդ երեւույթը, բացի տնտեսականից, ունի նաեւ քաղաքական նշանակություն, որովհետեւ 40 գերհարուստ ընտանիքները կարող են որոշել ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Քանի որ առավել հեշտ ձեւով ռեժիմի կողմից վերահսկվում են ներքին սպառման շուկաները, մենաշնորհային դիրքերով օժտված են հիմնականում ներկրող ձեռներեցները: Նրանք հայկական փոխարժեքի՝ դրամի կուրսի արհեստական բարձրացման շնորհիվ, փաստորեն ոչ մի ջանքեր չգործադրելով, գերշահույթներ են ստանում: Այդ եկամուտների առյուծի բաժինը նրանք, բնականաբար, հատկացնում են իրենց հովանավորող իշխանությունների ներկայացուցիչներին: Մինչդեռ դրամի կուրսի արհեստական բարձրացումը խեղդում է արտադրությունը եւ արտահանող ձեռներեցներին: Այն խթանում է նաեւ արտագաղթը, քանի որ արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց ավելի հեշտ է պահել իրենց ընտանիքները արտասահմանում, քան՝ Հայաստանում: Իմ կարծիքով, իշխանությունների արատավոր տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ խախտել է շուկայական տնտեսության երեք կարեւորագույն սկզբունքները՝ հավասար պայմանների տրամադրում, բարձր մրցունակության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիություն: Ընտրվելով ՀՀ նախագահ՝ ես մտադիր եմ շարունակել հետեւողականորեն կիրառել հակամենաշնորհային քաղաքականությունը, որը թույլ չի տալիս շուկայում ներկրվող ապրանքների քվոտավորում եւ մենաշնորհային դիրքերի առաջացում, ինչպես նաեւ նախատեսում է խիստ միջոցների կիրառում անբարեխիղճ մրցակցության նկատմամբ: Ոչ ոք այլեւս արտոնություններ չի ունենա, եւ ձեռներեցների ճակատագիրը որոշելու է միայն կոշտ եւ ազնիվ մրցակցությունը:

– «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի կարծիքով, Հայաստանում հատուկ դժգոհություն է առաջացնում պաշտոնատար անձերի եւ պետական չինովնիկների հարստացումը անօրինական սեփականաշնորհման արդյունքում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս խնդրին եւ լուծման ինչպիսի՞ ուղիներ կարող եք առաջարկել:

– Իմ նախընտրական ծրագիրը նախատեսում է ժողովրդից գողացած պետական բյուջեի միջոցների վերադարձին ուղղված հետեւողական աշխատանք: Ընդ որում, վերադարձված միջոցները հիմնականում ուղղվելու են բնակչության սոցիալական կարիքների լուծմանը: Առավել անողոք ենք լինելու այն պաշտոնատար անձանց եւ պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր չարաշահել են իշխանությունը եւ պաշտոնեական դիրքը՝ հարստանալու նպատակով: Բոլոր նրանք, ովքեր փայ են մտել ձեռներեցների հետ, մասնակցել են սեփականաշնորհման աճուրդներին կամ օգտագործել են պաշտոնը՝ սեփականությունը բարեկամներին փոխանցելու համար, պատժվելու են դատական կարգով:

– Արդյոք դա չի՞ բերի սեփականության վերաբաշխման:

– Ես երաշխավորում եմ լիակատար օրինականություն տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում, «վհուկների որսի» եւ սեփականության վերաբաշխման ձգտման իսպառ բացառում: Սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը բարենպաստ ներդրումային կլիմայի ստեղծման հիմք է: Մենք պատժելու ենք նրանց, ովքեր չարաշահել են պետական իշխանությունը, ոչ թե ձեռներեցներին: Բայց նաեւ ձեռներեցներին են փոփոխություններ սպասվում: Բոլորը, այդ թվում նրանք, ովքեր առայսօր օգտվում էին օլիգարխի անձեռնմխելի կարգավիճակից, պարտավոր կլինեն բոլորի հետ հավասար հիմունքներով մտնել իրավական եւ հարկային դաշտ եւ փոխհատուցել պետական գանձարանին հասցրած վնասը, որն առաջացել է ավելի վաղ իրենց անձեռնմխելիության պատճառով հարկերի չվճարման արդյունքում: Այդ ամենը պետք է դաս լինի երկրի պետական եւ տնտեսական վերնախավի համար եւ բացառի նրա քրեականացումը հետագայում:

– Ինչպիսի՞ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ եք Դուք պատրաստվում անցկացնել:

– Իմ ծրագիրն, ըստ էության, ՀՀ քաղաքական եւ տնտեսական արդիականացումն է: Ներկայիս ավազակապետության փոխարեն մենք ուզում ենք կառուցել մերիտոկրատիկ հասարակություն, որտեղ օրենքները գործում են, բոլորի համար ապահովված են հավասար հնարավորություններ, եւ պաշտոնյայի տեղը պետական աստիճանակարգում որոշվում է նրա ընդունակություններով, կրթությամբ եւ օրենքի նկատմամբ հարգանքով: Քաղաքական ոլորտում դա նշանակում է ներկայիս բրգաձեւ համակարգի կազմաքանդում, լիարժեք ժողովրդավարության հաստատում, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավասարության ապահովում, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում, որպեսզի այդ ինստիտուտը դառնա պետական կառույցների, մասնավորապես՝ իրավապահ մարմինների իրական եւ արդյունավետ հակակշիռ: Տնտեսական ոլորտում դա դեպի արտահանում կողմնորոշված արտադրության խթանումն է, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության պետական աջակցությունը, մասնավորապես՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցման ոլորտներում, գյուղական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, բանկային օրենսդրության կատարելագործում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում: Իմ ծրագիրը, որը ստեղծվել եւ հաշվարկվել է Հայաստանի առավել արհեստավարժ տնտեսագետների իմ թիմի օգնությամբ, թույլ կտա 2008-2012թթ. կրկնապատկել երկրի ներքին համախառն արդյունքը, եռապատկել պետական բյուջեն եւ միջին աշխատավարձը, քառապատկել միջին թոշակը:

– Դուք նշում էիք, որ նախագահի պաշտոնին ընտրվելու դեպքում Դուք այն կթողնեք երեք տարուց:

– Այո, ես առաջարկել եմ ընդդիմության մնացած թեկնածուներին՝ միանալ մեր շարժմանն այն պայմանով, որ ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝ ես ուղիղ երեք տարի հետո ընդմիշտ կհեռանամ քաղաքականությունից, հնարավորություն տալով նրանց լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով հանրապետության նոր նախագահ ընտրել: Այս երեք տարին ինձ անհրաժեշտ է «ավգյան ախոռները» մաքրելու եւ պետությունը ճիշտ հիմքի վրա դնելու համար: Ես արել եմ այդ առաջարկությունը, որպեսզի հասնեմ իշխանության թեկնածուի դեմ ընդդիմության լիակատար միավորմանը: Եթե դա տեղի չունենա, ապա, բնականաբար, անվավեր կլինի նաեւ իմ նշած պայմանական եռամյա ժամկետը:

– Ինչպիսի՞ն է Ձեր արտաքին քաղաքականության դոկտրինան:

– Նախեւառաջ, անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդում ու խորացում: Մենք նաեւ ձգտելու ենք մեր մյուս երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերի իրականացմանը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարմանը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի մասնակցության մակարդակի բարձրացում:

– 1997թ. ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքվել է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը: Դուք այսօր համագործակցության ո՞ր ուղղությունների վրա հատուկ շեշտադրում կանեիք:

– Ես հպարտ եմ, որ ես ճարտարապետներից մեկն էի այն պետաիրավական բազայի, որի հիման վրա կառուցվեցին հայ-ռուսական հարաբերությունները: Մեր արտաքին քաղաքականության մեջ ութ տարիների ընթացքում՝ 1990-98թթ., ամենակոռեկտ, արժանապատիվ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները եղել են հե՛նց Ռուսաստանի հետ: Դրանից շահել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը: Անկեղծ, կոռեկտ հարաբերություններ լինում են միայն այն դեպքում, երբ դրանից շահում են երկու կողմերը: Դա մեր սկզբունքն էր, եւ ես դույզն- իսկ չեմ կասկածում, որ իշխանության հնարավոր գալու դեպքում այդ ավանդույթը ոչ միայն կշարունակվի, այլեւ կխորանա: Ես վստահ եմ, որ անվտանգության, տնտեսական հարաբերությունների եւ հաղորդակցությունների զարգացման ոլորտում մեր համագործակցությունը միայն կընդլայնվի: Միանգամայն հնարավոր եմ համարում ռուսաստանյան կողմի հետ համապատասխան խորհրդակցություններից հետո կատարելագործել այդ պայմանագիրը ժամանակի պահանջներին համաձայն:

– Ինչպե՞ս է Ձեր կարծիքով հնարավոր առավել արդյունավետ կերպով լուծել ՀՀ եւ ՌԴ միջեւ տրանսպորտային միջանցքի խնդիրը:

– Ակնհայտ է, որ տնտեսական համագործակցությանը առավել մեծ խթան կտար ՌԴ եւ ՀՀ միջեւ ուղիղ երկաթգծային հաղորդակցության վերականգնումը: Քիչ հավանական է, որ առանց ԼՂ կոնֆլիկտի կարգավորման վերականգնվի երկաթգծային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով, կամ որ առանց վրաց-աբխազական կոնֆլիկտի լուծման կաշխատի աբխազական երկաթգիծը: Բայց միաժամանակ ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը պիտի հասկանան, որ երկարատեւ կտրվածքով իրենց շահերին չի համապատասխանում այդ ճանապարհները փակ պահելը: Իսկ առայժմ պետք է կենտրոնանալ Սեւ եւ Կասպից ծովերի (օգտագործելով իրանական նավահանգիստները) միջոցով լաստանավային հաղորդակցության, Վերին Լարսով ավտոմոբիլային հաղորդակցության եւ օդային փոխադրումների ինտենսիֆիկացման վրա:

– Ի՞նչ կարող են սպասել Ռուսաստանի հայերը Ձեր ընտրությունից:

– Այն հայերը Ռուսաստանում, որոնք Հայաստանի հետ կապերը չեն խզել, հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում: Նրանցից տասնյակ հազարավորները կցանկանային վերադառնալ Հայաստան, սակայն պարզապես ստիպված են արտասահմանում աշխատանք փնտրել: Շատ խոշոր գործարարներ ուղղակի վախենում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ անձնական հարաբերություններ չունենալով իշխանության ներկայացուցիչների հետ: Իհարկե, նման իրավիճակը նրանց համար պարզապես ստորացուցիչ է: Մենք կստեղծենք այնպիսի պայմաններ, երբ իշխանավորների հետ անձնական հարաբերությունները որեւէ դեր չեն խաղա: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց համար գարշելի է կլեպտոկրատական մաֆիոզ ռեժիմի հետ որեւէ հարաբերություններ ունենալու միտքը, կվերադառնան, գործնական կապեր կհաստատեն Հայաստանի հետ կամ ներդրումներ կանեն այստեղ, երբ այդ ռեժիմն այլեւս չի լինի: Ռուսաստանի հայերը մեր երկու երկրներն իրար կապող կարեւորագույն կամուրջ են: Նրանք շահագրգռված են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմամբ եւ ամրապնդմամբ: Այդ հսկայական ներուժը կբացահայտվի միայն մեր երկրում իրավիճակի նորմալացումից հետո:

– Ձեզ չի՞ վախեցնում, որ Ձեր հակառակորդները փորձում են Ձեր անունը ասոցացնել անցումային շրջանի դժվարությունների հետ:

– Մեր կառավարության վրա վարչահրամայական համակարգից դեպի շուկայական տնտեսություն անցնելու ցավագին բարեփոխումների համար պատասխանատվության ծանր բեռ ընկավ: 1990-ականներին մենք անցկացրեցինք հետխորհրդային տարածաշրջանում առավել արմատական ազատական բարեփոխումները: Առաջինը սեփականաշնորհեցինք հողը, բնակտարածքները, ձեռնարկությունները եւ այլն: Կարծես թե շուկայական տնտեսությանն անցնելու շոկը քիչ էր, դրան գումարվեցին խորհրդային տնտեսական համակարգի, ռուբլու գոտու փլուզումը, ինչպես նաեւ՝ պատերազմը եւ շրջափակումը: Պարզ է, թե ինչպիսի ծանր գին է վճարել մեր ժողովուրդը, որը հերոսաբար տարավ այդ փորձությունները: Մյուս կողմից, ե՛ւ պատերազմը շահեցինք, ե՛ւ ժամանակին անցկացված առաջին սերնդի ռեֆորմների շնորհիվ մեզ հաջողվեց սկսել տնտեսական վերելքը: Համաշխարհային բանկի մասնագետների կարծիքով, այսօրվա տնտեսական աճը հենց մե՛ր կողմից անցկացված առաջին սերնդի բարեփոխումների հետեւանք է: Ցավոք, 1998թ.-ից հետո ոչ մի արմատական բարեփոխում չի անցկացվել: Ես այդ ամենը բացատրեցի ժողովրդին, ներողություն խնդրեցի նրանից՝ հանուն Ղարաբաղի ազատության՝ ազատագրական պայքարի պատճառով կրած զրկանքների համար: Եվ կարծում եմ՝ դարձյալ ձեռք բերեցի նրա ըմբռնումը:

– Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել՝ այն պայմաններում, երբ հեռուստատեսությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:

– Հայաստանի այսօրվա ղեկավարները չեն հասկանում, որ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների դարում նրանք չեն կարող ժողովրդին անտեղյակության մեջ պահել: Երեւանում բազմահազարանոց հանրահավաքներում իմ ելույթները, որոնք արհամարհվել են հեռուստատեսության կողմից, տեսագրվել են DVD-սկավառակների վրա, բազմացվել են հարյուր-հազարավոր օրինակներով եւ բաժանվել բնակչությանը: Դա հսկայական էֆեկտ ունեցավ: Ժողովուրդը զանգվածաբար դիտում է այդ վիզուալ «սամիզդատը», որին հավատում է անհամեմատ ավելի շատ, քան իշխանության կողմից վերահսկվող հեռուստատեսությանը: Իմ կողմնակիցները դա կոչեցին «DVD-հեղափոխություն»:

– Արդյոք պրոբլեմնե՞ր են առաջանում ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված: Հավանաբար դժվար է իշխանությունների հետ համեմատվել ֆինանսական հնարավորությունների տեսակետից:

– Իհարկե, փորձում են տարբեր ձեւերով, այդ թվում նաեւ՝ որոշ պետական հաստատությունների միջոցով, վախեցնել այն գործարարներին, որոնք պատրաստ են ֆինանսավորել իմ ընտրարշավը: Եվ դա վերաբերում է ոչ միայն ձեռներեցներին, այլեւ բոլոր ակտիվիստներին: Սակայն մեր ուժը 17 կուսակցություններ, տասնյակ հասարակական կազմակերպություններ, մտավորականության խոշորագույն ներկայացուցիչներ, պատերազմի հազարավոր վետերաններ ընդգրկող ժողովրդական շարժման էներգիայի մեջ է: Մենք այսօր անց ենք կացնում նույնքան զանգվածային հանրահավաքներ, ինչպիսին 88 թվականին էին: Մեզ համակրում են եւ ղեկավարության միջին օղակներում, եւ պետական որոշ կառույցներում: Նրանք այլեւս չեն ցանկանում կատարել իշխող ռեժիմի հրամանները, որոնք չեն համապատասխանում ժողովրդի շահերին: Մեր ուժը նախեւառաջ մեր ասածների ճշմարտացիության մեջ է: Ժողովրդական շարժումն օրեցօր ամրապնդվում է, մեզ միանում են նորանոր քաղաքական ուժեր, եւ շուտով դուք կտեսնեք, որ ռեժիմը եւ նրա ռեպրեսիվ մեքենան կսկսեն համատարած ճաքեր տալ:

– Ինչպիսի՞ն կլինեն Ձեր գործողությունները՝ ընտրությունները կեղծելու փաստերի դեպքում:

– Մենք հաստատ ցանկապատներ չենք քանդի, կառավարական շենքեր չենք գրոհի, ավերածություններ եւ բախումներ չենք հրահրի: Մեզ բացարձակապես պետք չէ ապակայունացումը: Մենք հոյակապ գիտենք մեր ժողովրդավարական իրավունքները եւ կօգտագործենք Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պայքարի բոլոր միջոցները, որպեսզի ժողովրդի դեմոկրատական կամքը հաղթի: Ինձ թվում է, որ իրեն վարկաբեկած, մինչեւ ուղնուծուծը կոռումպացված ռեժիմը պարզապես չի կարողանա դիմակայել ժողովրդական շարժման ուժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել