Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ ԳՈՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հունվար 18,2008 00:00

\"\"Նա երեկ հայտարարեց, որ ՀՅԴ-ից ակնկալիք չունի եւ ժամանակին տվել է այդ կուսակցությանն իր ողջ ունեցածը

Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում տեղի ունեցավ գրող Ռազմիկ Դավոյանի մամուլի ասուլիսը: Հանդիպման առիթը նրա հեղինակած «Թորոս Ռոսլին» գրքի անգլերեն հրատարակումն էր:

«Այն ենթավերնագրված է կինովիպակ, բայց ոչ թե այն պատճառով, որ ցանկացել եմ ռեժիսորների ուշադրությունը գրավել, որ ֆիլմ նկարեն, այլ դա եղել է Յուրի Երզնկյանի առաջարկը: Նա էր ուզում ֆիլմ նկարել Թորոս Ռոսլինի մասին: Երզնկյանի պատկերացմամբ, դա պիտի մի բանաստեղծական ֆիլմ լիներ, որի սցենարը հավանաբար ես պիտի գրեի»,- մանրամասնեց Ռ. Դավոյանը: Հետո էլ պատմեց, թե նա այնպիսի մանրանկարիչ է եղել, որ Լեոնարդո դա Վինչին խոստովանել է, թե իր արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել հայ մանրանկարչությունը: Գիրքը առաջին անգամ հրատարակվել է հայերեն՝ 1986-ին, հետո այն հրատարակվել է ԱՄՆ-ում: Ռ. Դավոյանն ասաց, որ շարունակ ֆինանսական եւ այլ պատճառներով ձախողվել է «Թորոս Ռոսլին» գրքի հիման վրա ֆիլմ նկարելը, այժմ կինովիպակով հետաքրքրված են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում. «Հուսով եմ, որ մի օր անպայման այդ ֆիլմը կնկարահանվի, եւ քանի դեռ կենդանի եմ՝ կկարողանամ հսկել նկարահանումները: Դրա համար մոտավոր հաշվարկներով նվազագույնը երկու միլիոն դոլար կպահանջվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ֆիլմ նկարահանելու հարցով Ռ. Դավոյանը չի՞ դիմել արդյոք Հանրայինին: «Իսկ Հանրայինը այդքան փող ունի՞»,- հարցին հարցով պատասխանեց Ռ. Դավոյանը: Նա նաեւ իր մտահոգությունը հայտնեց ներկայումս տեղի ունեցող, իր ձեւակերպմամբ՝ «շոուհանդեսային» հաղորդումների մասին. «Դրանք ոչինչ չեն տալիս պետությանը: Դա ակնթարթային բան է: Օրինակ՝ վերջերս Հայաստան բերեցին Ջոյսի ցուցահանդեսը: Դրա շնորհիվ պարզապես մի քանիսը ճանաչեցին նրան, մյուսները տների պատկերներից հաճույք ստացան»:

«Առավոտը» Ռ. Դավոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանին սատարելու պատճառով են իրեն հեռացրել Դաշնակցությունից: Նա դիվանագիտորեն պատասխանեց. «Ես խոսել եմ ներքաղաքական զարգացումներից, այդ խոսակցության ժամանակ հարցը չի դրվել այնպես՝ ես Սերժ Սարգսյանի՞ն եմ սատարում, թե՞ Վահան Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում եմ, թե ոչ, դա միայն ես գիտեմ, թե ում եմ «կողմ» քվեարկելու, դարձյալ միայն ես կարող եմ իմանալ»: Հետո էլ հավելեց. «Ես դաշնակցությունից ոչինչ չեմ ակնկալել, փոխարենն ինչ ունեցել եմ՝ իրենց եմ տվել: Եթե այսօր նրանք գտնում են, որ ինձնից ոչինչ չունեն ստանալու, դա իրենց գիտենալիքն է: Դրանից ոչ նեղացած եմ, ոչ էլ նեղված»: Ռ. Դավոյանը իր խոսքի վերջում հավաստիացրեց. «Թեկնածուներից նա, ով ավելի շատ է բացված ժողովրդի առաջ, ում գործով ժողովուրդը ավելի շատ է ճանաչում, նրան էլ պիտի ընտրեն: Իսկ ժողովուրդը գործով ամենից շատ ճանաչում է Սերժ Սարգսյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել