Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձը՝ 207 հազար դրա՞մ

Հունվար 18,2008 00:00

Շիրակի մարզի գյուղապետերը, հնարավոր է, դառնան ուսուցիչ

Երեկ Շիրակի մարզպետարանում գյուղապետերին ու մարզպետարանի աշխատակիցներին ներկայացվեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որի պատասխանատուներն այնպիսի գայթակղիչ խոստումներ տվեցին, որ դժվար թե իրականանար: Օրինակ, ասացին, որ մինչեւ 2012-ը ուսուցիչների աշխատավարձը հասնելու է 207 հազար դրամի: Սրան ի պատասխան՝ քննարկմանը ներկա գյուղապետերից ոմանք կատակեցին. «Չթողնե՞նք պաշտոններս ու գնանք ուսուցիչ աշխատենք»: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանի տվյալներով՝ մյուս մարզերի համեմատ Շիրակում աղքատությունը 2 անգամ բարձր է՝ 42,5%: Սա այն դեպքում, երբ հանրապետական միջին ցուցանիշը 29,8% է. «Սա շատ վատ ցուցանիշ է, մենք չենք լուծել արժանավայել զբաղվածության խնդիրը, ներկայումս զբաղված ազգաբնակչության 22%-ը դեռ աղքատ է, այսինքն, մարդիկ, լինելով զբաղված, չեն կարող իրենց հարցերը հոգալ»:

Գյուղապետերը Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ներդրողներին տուրքերից ու հարկերից չեն ազատում, որպեսզի նրանք ցանկություն ունենան Շիրակի մարզը ծաղկեցնել: Բացի այդ, գյուղապետերը դժգոհեցին, որ իրենց հողերի դիմաց վարկեր չեն տրամադրվում: «Ո՞րն է գյուղին ձեր տված խերը, գնում ենք վարկ վերցնելու, ասում են՝ ձեր հողը ո՞ւմ է պետք, սա՞ է աղքատության հաղթահարումը, ո՞վ պետք է վերջապես մտածի քայքայվող գյուղերի մասին, մինչեւ ծրագիրը գյուղ հասնի՝ գյուղը կմարի»,- բորբոքվեց Քարաբերդի գյուղապետը: Աղին գյուղի գյուղապետն էլ «Առավոտին» բողոքեց, որ աղքատությունը գյուղում փոքր-ինչ մեղմանում է արտագնա աշխատանքի հաշվին, սակայն պետական աջակցության եւ աշխատատեղեր չլինելու պատճառով գյուղում գրեթե մարդ չի մնացել:

Ի դեպ, դժգոհություն հնչեց, որ կենսաթոշակները մայրաքաղաքի հետ համեմատած Շիրակի մարզ ավելի ուշ են հասնում: Ըստ գյուղապետերի, թոշակների ավելացման հետ միաժամանակ փոստատարների «հախն» է թանկացել: Որպես կանոն, կոնկրետ Գյումրիում յուրաքանչյուր թոշակառուից փոստատարը պահում է 300-500 դրամ, նախկին 200 դրամի փոխարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել