Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԵՆԶԻՆ ՊԵՏՔ

Հունվար 18,2008 00:00

\"\"Կարծիքները տարբեր են

Սատարող ուժերի կոնգրեսում (12.12.2007) կայացած ելույթի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայիս իշխանություններին ներկայացրեց շատ լուրջ մեղադրանքներ:: Ելույթում նշվում է, որ դեռեւս 10 տարի առաջ՝ 1997 թվականի աշնանը, մեր հանրապետություն արդեն ներկրվում էր ամսական 30 հազար տոննա բենզին, մինչդեռ, սկսած 2002-ից, Հայաստան ներմուծվող բենզինի ամսական ծավալները կազմում են ընդամենը 12-15 հազար տոննա: Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաստմամբ՝ իրականում 2002 թվականից ի վեր Հայաստան է ներմուծվել ամսական ավելի քան 50-60 հազար տոննա բենզին, ինչը նշանակում է, որ 6 տարվա կտրվածքով պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ 3 միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից:Այս ծանրագույն մեղադրանքներին իշխանությունների ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն ու գնահատական առայժմ չտվեցին:

Առայժմ մեզ մնում է համադրել պաշտոնական տվյաները եւ հարցնել տնտեսագետների կարծիքները: ՀՀ մաքսային պետական կոմիտեի տրամադրած տվյալներով, վերջին տարիներին Հայաստան ներկրվող բենզինի ծավալները ամսական միջինը կազմել են իսկապես 12-15 հազար տոննա: Օրինակ, 2006-ին ներկրվել է ամսական 13,3 հազար տոննա բենզին: Մաքսայինի տրամադրած տվյալների համաձայն, վերջին տարիներին կտրուկ ավելացել է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակը: 2002-ին ներմուծվել է 9 հազար 995 մեքենա, 2003-ին՝ 16 հազար 201 ավտոմեքենա, իսկ արդեն 2006-ին ներկրվող ավտոմեքենաների քանակը հասել է 28 հազարի: Միայն անցյալ տարվա ընթացքում մեր երկիր է մտել 34 հազար մեքենա: Բնականաբար, այդ մեքենաները պետք է աշխատեն ինչ-որ տեսակի վառելիքով: Եթե ենթադրենք, որ մեր երկրում շահագործվող մեքենաների 50 տոկոսը, այսինքն՝ ուղիղ կեսը բնական գազով է աշխատում, 10 տոկոսը՝ հեղուկ գազով, դարձյալ 13 հազար տոննա ներկրված բենզինի ծավալները, հավանաբար, պետք է որ քչություն անեին:Հանրապետությունում պետք է բենզինի դեֆիցիտ դիտվեր, ինչը չկա: Բացի այդ, նույն մաքսայինի տվյալներով, տարեցտարի ավելի շատ ներկրվում են արտասահմանյան մակնիշի մեքենաներ: «Ջիփերը» եւ արտասահմանյան թանկարժեք մեքենաները նախատեսված են հենց բենզինով աշխատելու համար եւ գազով աշխատելու դեպքում շարժիչը լուրջ վնաս է կրում, ինչը բոլոր վարորդներն էլ գիտեն: Բնականաբար, թանկարժեք մեքենաները հիմնականում տնօրինում են հարուստները, որոնց համար բենզինի ու գազի գնի միջեւ տարբերությունը փող չէ, ու նրանք հաստատ իրենց մեքենան չեն վնասի՝ դրամ տնտեսելու համար:

Խնդրի վերաբերյալ տնտեսագետները տարբեր կարծիքներ ունեն: Օրինակ, Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ, այնուամենայնիվ, 1998-ին պետք է ավելի շատ բենզին սպառվեր, քան հիմա, որովհետեւ Հայաստանում երթեւեկող մեքենաների զգալի մասը լիցքավորվում է գազով. «Այդ երեւույթը, մեղմ ասած, այնքան էլ բնորոշ չէր, եթե չասենք՝ գրեթե բացակայում էր մինչ 1998-ը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում նշված փաստերը Թաթուլ Մանասերյանի համար հիմնավոր չեն. «Հետաքրքիր է տեղեկանալ, թե այն մարդիկ, որոնք մասնագիտանում են բենզինի ներկրման հարցերով եւ նման գնահատականներ են տալիս, 1998-ից ի վե՞ր են զբաղվում բենզինի ներկրման վերահսկողությամբ, թե՞ այդ հարցը նրանց մտահոգել է նաեւ դրան նախորդող շրջանում: Կարո՞ղ են անաչառորեն պնդել, որ մինչ 1998-ը ոչ մի լիտր բենզին չի հատել սահմանն առանց մաքսազերծման, եւ այդ մասին ունեն հավաստի տվյալներ»:

«Առավոտի» հետ զրույցում Էդուարդ Աղաջանովն այն համոզմունքը հայտնեց, որ բենզինի շուկայում վերջին տարիներին ինչ-որ «խաղեր» են կատարվում, որից որոշ մարդիկ հսկայական գերշահույթներ են ստանում: Աղաջանովի կարծիքով՝ մեր պետության ստվերային տնտեսության ծավալներն ակնհայտ են. «Բենզին ներմուծողները նրանք են, ովքեր կանգնած են իշխանության մոտ, եւ պարզ է, որ նրանք պետք է գտնվեն արտոնյալ պայմաններում: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը բավականին ճիշտ է: Շատ պարզ հաշվարկ է՝ եթե Հայաստանում պետք է ամսական 30 հազար տոննա բենզին, բայց, ըստ էության, ներկրվում է դրա կեսը, ապա տարիների ընթացքում միլիոնավոր տոննա բենզին դուրս է մնում հարկման դաշտից: Եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր տոննա բենզինի միայն ներմուծման համար ներկրողը պետբյուջե պետք է մուծի 112 հազար դրամ հաստատագրված վճար, ապա պարզ է դառնում, թե միայն այդ հատվածից որքան գումար պետբյուջե չի մտել»:

Սակայն տնտեսագետների վերլուծությունները, որքան էլ հետաքրքիր լինեն, չեն կարող փոխարինել պաշտոնական տեսակետին: «Առավոտն» իր հույսը չի կորցրել՝ այդ պարզաբանումները ստանալու եւ պատրաստակամ է դրանք հրապարակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել