Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերն ամեն ինչ յուրովի են մեկնաբանում

Հունվար 18,2008 00:00

«Հակամարտության յուրաքանչյուր կողմ, բնական պատճառներով, նախընտրում է խոսել քննարկվող սկզբունքների այն ասպեկտի շուրջ, ինչն իրեն ավելի հարմար է, եւ լռում է այն մասով, որն իրեն այնքան էլ չի գոհացնում»:

ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների մասնակցությամբ երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի հույժ դիվանագիտական հայտարարություն արեց ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը՝ պատասխանելով հարցին, թե ներկայումս ի՞նչ խնդիր է ներառված բանակցությունների օրակարգում՝ ԼՂ-ի կարգավիճակն ընդհանրապե՞ս, թե՞, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, ԼՂ-ի կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Մերզլյակովի խոսքերով, հենց նման մոտեցումն է պատճառը, որ ամեն անգամ, երբ մի կողմից արվում է ինչ-որ հայտարարություն, ապա մյուս կողմում գտնվում են դրան համարժեք հակադարձումներ: «Այ, երբ բոլոր հիմնական սկզբունքները հավանության արժանանան, այն ժամանակ պատկերը հստակ կլինի: Մադրիդյան փաստաթղթի նպատակը այդ սկզբունքների համակարգումն ու պաշտոնականացումն էր՝ անել այնպես, որ կողմերից ոչ մեկը կարգավորման հետագա փուլերից որեւէ մեկում չկարողանա ասել. «մենք դա առաջին անգամ ենք տեսնում, մենք դա չգիտենք, մենք դա չենք քննարկել»: Դուք դա ստացել եք պաշտոնապես համանախագահող երկրների արտգործնախարարների ձեռքերից, եւ դա այն է, ինչ քննարկվում է: Իհարկե, կարելի է վերադառնալ ինչ-որ մանրամասների, հարցերի առանձին դետալների»,- շարունակեց Յուրի Մերզլյակովը: Ըստ վերջինիս, հիմնական սկզբունքներն այժմ արդեն դարձել են պաշտոնական, քանի որ ավելի վաղ միջնորդներն ու կողմերն աշխատել են մի փաստաթղթի հետ, որը կոչվում էր ոչ պաշտոնական: «Երբ այդ սկզբունքները լիովին հավանության կարժանանան ու կհստակվեն, արդեն այս կամ այն կողմը չի կարող առանձին վրձնահարվածներ հասցնել ու իրենց համար նախընտրելի պահերի վրա կենտրոնացնել ուշադրությունը: Այնժամ արդեն այն, ինչ մոտիկից թվում է ինչ-որ անհասկանալի խզբզանք, նման կլինի նկարի, ասենք՝ Էդուարդ Մանեի նկարին»,- կատակով հավելեց միջնորդը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, նշեց, որ հիմնական սկզբունքների որոշմանն ուղղված աշխատանքը պայմանավորված էր երկու կողմերի հայեցակարգերին առավելագույնս մոտենալու անհրաժեշտությամբ: «Այն օրը, երբ երկու կողմերն ի վիճակի կլինեն հրապարակավ ներկայացնել բանակցությունների բովանդակությունը, մենք, հավանաբար, կհայտնվենք բեկման նախաշեմին»,- պատկերավորեց Բեռնար Ֆասիեն:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կրկնեց նախկինում արտահայտած իր այն միտքը, թե իրենք չէին ակնկալում, որ իրենց այս այցը համաձայնության գալու ճանապարհին կլիներ վերջինը: Նա նկատեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտ հիմնարար սկզբունքների հարցում կան ընդհանուր տեսակետներ: Չհամաձայնեցված տեսակետների մասին, սակայն, Բրայզան լռեց, նշելով միայն, թե հենց դրանք են բանակցությունների թեման: Ու քանի դեռ չկա համաձայնություն, այդ մասին խոսել չարժե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել