Լրահոս
Օրվա լրահոսը

Բացիկներից եւ թռուցիկներից ավելին

Հունվար 18,2008 00:00

Արման Մելիքյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

«Ֆինանսական խնդիր, իհարկե, կա: Բայց համոզմունք ունեցող մարդկանց աշխատանքը շատ ավելին է, քան բացիկները, թռուցիկները եւ այլն»,- հայտարարեց նա: «Առավոտի»՝ ովքե՞ր են ֆինանսավորելու ձեր քարոզարշավը հարցին էլ պատասխանեց. «Ես մեծ մուտքերի ակնկալիք չունեմ եւ մեծ ծախսեր էլ չունեմ անելու: Այնպես որ, այս հարցն ինձ համար առաջնային չէ»: Նա եւս սոցիոլոգիական հարցումներին չի վստահում եւ գտնում է, որ հասարակության անվստահությունը այդ հարցումների նկատմամբ բխում է իշխանության նկատմամբ ունեցած անվստահությունից: Հայաստանի արտաքին հարաբերությունների կոնտեքստում տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իր վերլուծություններում թեկնածուն հանգում է հետեւյալին. «Իրականում այս խաչմերուկում Եվրամիության ծրագրերին խանգարողը ԼՂՀ հակամարտության առկայությունն է: Այս է պատճառը, որ ԵՄ-ն չի մտածում հարցի արդարացի, իրավական լուծման մասին, այլ մտածում է պարզապես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին, որպեսզի բացվեն հաղորդակցության ուղիները եւ հետագայում չվտանգվեն: Սա ես համարում եմ մեր ռազմավարական շահերի համար լուրջ վտանգ, քանի որ այսօրվա բանակցային գործընթացը չի ներառում մարդու իրավունքների հիմնական գաղափարներից ու սկզբունքներից բխող տարրեր: Ես նկատի ունեմ հատկապես ադրբեջանահայության շահերը եւ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու խնդիրը»:

Ի պատասխան համանախագահների վերջին հայտարարությունների, թե 2008-ին եթե ոչ գրավոր, ապա բանավոր համաձայնության կողմերը պետք է հանգեն, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասում է. «Տարիներ շարունակ նույն բանն ենք լսում: Ուղղակի հիմա գրավոր համաձայնությունը փոխվել է բանավորի: Հետո՝ ո՞ւմ եւ ո՞ւմ միջեւ պետք է այդ համաձայնությունը լինի. Հայաստանում նախագահ է փոխվելու եւ ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ նախագահը ԼՂՀ հարցում ինչ քաղաքականություն կորդեգրի»: Ինչպես հայտնի է, իր նախագահ ընտրվելու դեպքում Ա. Մելիքյանը ասում է, որ փորձելու է հարցի տրամաբանությունը բերել 1988 թվական եւ լուծումը գտնել մարդու իրավունքների տեսանկյունից: «Առավոտի» հարցին՝ անընդհատ խոսում եք հայ փախստականների իրավունքների մասին, ի՞նչ եք մտածում ադրբեջանցի փախստականների մասով, Ա. Մելիքյանն ասաց. «Փախստականը՝ փախստական է. բայց ադրբեջանցիների մասով պետք է մտածել, թե նրանց ո՞ր հատվածը կարելի է փախստական համարել: Հայերը սկսեցին Ադրբեջանում բռնությունների ենթարկվել ու վտարվել սումգայիթյան դեպքերից ի վեր, ադրբեջանցիների նկատմամբ Հայաստանում սկսեցին բռնարարքներ գրանցվել 1988-ի վերջերում: Բայց նրանց մեծ մասը հեռացավ Հայաստանից շատ ավելի վաղ, ընդ որում՝ իրենց համար շահավետ պայմաններով. այստեղի իրենց խղճուկ ունեցվածքը փոխանակեցին Բաքվի, Կիրովաբադի բավականին լավ բնակարանների հետ: Բացի այդ, նրանք ստացան նաեւ փոխհատուցում Հայաստանի կառավարության կողմից, կարծեմ՝ 110 միլիոն դոլարի չափով: Այսինքն՝ ո՞ւր է հայ փախստականների 500 000-անոց «բանակը», ո՞ւր՝ Հայաստանում բնակվող 160 000 ադրբեջանական համայնքի 1/5-ի խնդիրը»: Իր այս մոտեցումը ԼՂՀ արտգործնախարար եղած ժամանակից ի վեր Ա. Մելիքյանը բարձրաձայնել է միջազգային ատյաններում: Բայց տեսակետն անարձագանք է մնացել, որովհետեւ՝ «այս հարցի պատասխանն իրենք չունեն եւ չեն պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն այն պաշտոնապես չի բարձրացրել»,- ասում է Ա. Մելիքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել