Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ

Հունվար 18,2008 00:00

ՀՅԴ-ի առաջարկը՝ ստեղծել նախագահական ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, ընդունելի է բոլորի համար, բայց շտաբը դեռ չի ձեւավորվել:

Հայաստանյան բոլոր ընտրություններից առաջ իշխանություններն ու ընդդիմությունը կարեւորում են առանց կեղծիքների՝ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, նաեւ խոստանում, որ սպասվող ընտրություններում պայքարելու են ընտրակեղծիքների դեմ: Խոստանում են, բայց ստացվում է, ինչպես միշտ, «վիճելի» ընտրություն:

2007-ի ԱԺ ընտրություններից առաջ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր առաջարկում, որ մասնավորապես ընդդիմադիր ուժերը ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար համակարգող խորհուրդ ստեղծեն, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Անցյալ տարվա նոյեմբերին էլ քաղաքական բոլոր ուժերին ուղղված համանման առաջարկով հանդես եկավ ՀՅԴ-ն: Ու թեեւ այն ժամանակ այդ խնդրի շուրջ բանակցում էին ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, «Դաշինքն» ու «Ժառանգությունը», այդուհանդերձ, առաջարկն այդպես էլ մնաց իբրեւ առաջարկ: Այն երեկ եւս մեկ անգամ պնդեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա առաջարկում է «ընտրական գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել միասնական ջանքերով»՝ բոլոր թեկնածուների հետ միասին վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակել, ստեղծել վերահսկման մի միասնական շտաբ՝ տեղերից խախտումների վերաբերյալ ահազանգերն արձանագրելու, ճշտելու եւ անգամ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար:

ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում տեղյակ են ՀՅԴ-ի այդ առաջարկությանը, բայց, ինչպես նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց՝ կոնկրետ բանակցություններ իրենց եւ ՀՅԴ-ի միջեւ այդ հարցով չեն եղել: «Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է իր ներդրումն ունենա՝ բացառելու համար ընտրակեղծիքները, ինչի համար առաջին հերթին իշխանություններն են պատասխանատու: Բայց քանի որ մենք պաշտոնական առաջարկ չենք ստացել, ուստի՝ ավելի առարկայական խոսել չենք կարող, թեեւ պատրաստ ենք համագործակցության»,- հավաստիացրեց Ա. Մուսինյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի պետ Սամվել Շահինյանն ասաց, որ իրենք համաձայն են ՀՅԴ-ի առաջարկին եւ պատրաստ են միասնական այդ շտաբում աշխատելու համար երկու հոգի տրամադրել: «Մենք դա ասել ենք բանավոր: Մեզ այդ առաջարկությամբ դիմել էր նաեւ «Զրուցակից» ամսագրի աշխատակազմը: Մենք նրանց հետ էլ էինք համաձայնել»,- ասաց Ս. Շահինյանը՝ տարօրինակ համարելով, որ համանման առաջարկությամբ հանդես են գալիս 5-6 քաղաքական եւ հասարակական գործիչներ: «Տարօրինակ է, որովհետեւ մի տեղից չի առաջարկը, եւ ամեն մեկն ուզում է ինքը դրա հեղինակը լինել, թեեւ ես համաձայն եմ հինգ տեղում էլ մարդ ուղարկել, որովհետեւ սկզբունքորեն համաձայն եմ այդ առաջարկին: Բայց լավ կլիներ, որ իրենք իրար հետ համաձայնության գային եւ մի ընդհանուր կենտրոն ստեղծեին: Ինձ ցանկացած պահին պետք է միայն ասել այն կենտրոնի գտնվելու վայրը, որտեղ լինելու է շտաբը, եւ ես երկու հոգի ուղարկում եմ»,- վստահեցրեց շտաբի պետը:

Ս. Շահինյանը այդ հարցում եւ միեւնույն շտաբում պատրաստ է աշխատել նաեւ ՀՀՇ-ի հետ. «Կարող է՝ ՀՀՇ-ն էլ է դարձի գալիս: Անհավանական է, բայց հնարավոր է, ի՞նչ է եղել: Նման առաջարկություններին մենք պատրաստ ենք օժանդակել»: Նրա կարծիքով, ազատ ու արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը թողնել պետությանն ու իշխանություններին՝ իմաստ չունի: «Պետությունը դա, հասկանալի է, չի անի: Եթե նման նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է, նշանակում է՝ պետությունը դա չի կարող անել»:

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ փաստացի դեմ չէր այդ հարցում քաղաքական որեւէ ուժի հետ համագործակցությանը: Բացի այն, որ նա կարեւորեց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համախմբումը նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու շուրջ, նաեւ հավելեց. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ շտաբը կողմնակից է արդար, նորմալ ընտրությունների եւ դատապարտելու է օրինախախտման ցանկացած ոտնահարում: Պարզապես կարելի է քննարկել այդ շտաբի արդյունավետության մասին: ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը մշտապես բաց է եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության համար, առավել եւս՝ օրինախախտումների դեմ: Թե այդ համագործակցության ձեւաչափն ինչպիսին կլինի՝ շտա՞բ կլինի, թե՞ ջենտլմենական համաձայնագիր կամ քաղաքական կամքի դրսեւորում, թե՞ ամեն մեկն իր մասով կվերահսկի ընտրությունների օրինականությունը, էական չէ»:

Մեր այն հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է այդ հարցում ՀՅԴ-ի կողմից առաջարկվող շտաբում կամ այլ ձեւաչափով համագործակցել նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի թիմի հետ, Էդ. Շարմազանովը պատասխանեց. «Մենք չենք գործում ընդդեմ ինչ-որ մեկի եւ պատրաստ ենք համագործակցել այդ պրոցեսում քաղաքական բոլոր առողջ ուժերի հետ, որոնք ցանկանում են, որ Հայաստանում լինեն ժողովրդավարական ընտրություններ: ՀՀԿ-ն կողմ է, որ Հայաստանում լինի միասնականության, հանդուրժողականության եւ հարգանքի, ինչու չէ՝ ժողովրդավարության մթնոլորտ: Ով էլ որ ընտրվի նախագահ՝ նա պետք է լինի մեր ողջ հասարակության նախագահը, կյանքը փետրվարի 19-ից հետո պետք է շարունակվի»:

Ու եթե քաղաքական բոլոր ուժերն են, ըստ էության, համաձայն ՀՅԴ-ի առաջարկին, ուստի՝ թերեւս, գործնական քայլեր անելու համար ՀՅԴ-ն էլ ստիպված լինի «Ժառանգություն» կուսակցության օրինակով իր առաջարկը գրավոր ներկայացնել գործընկերներին եւ ստանալ գրավոր համաձայնություն կամ մերժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել