Իրենց մրցակիցներին այս կոչը երեկ ուղղեց ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ՀՅԴ-ն արդյոք անսալո՞ւ է Երեւանի քաղաքապետարանի նախօրեին տարածած կոչին՝ հաշվի առնելով երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով՝ «ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից», ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չե՛նք անսալու այդ կոչին: Ի՞նչ է նշանակում՝ անսանք կոչին ու երթեր չանենք: Եկեք անսանք այս կամ այն կոչին ու քարոզչություն էլ չանենք: Նախընտրական պայքարը բա էլ ո՞նց է ձեւավորվում: Չեմ կարծում, թե սա կոռեկտ կոչ է՝ այն պարագայում, երբ Հայաստանը մտնում է նախընտրական փուլի մեջ: Պետք է բոլոր պաշտոնյաները պարզապես շատ հստակ գիտակցեն, որ քաղաքական ուժերը պիտի կարողանան լիարժեք օգտագործել օրենսդրությամբ, սահմանադրությամբ իրենց համար նախատեսված ու տրամադրված դաշտը: Քաղաքական ուժի հնարամտությունը, իսկապես ծանրակշիռ լինելը հենց դրանով է երեւում, թե որքանով է կարողանում լիարժեք օգտագործել եղած հնարավորությունները: Առանց այդ էլ այդ հնարավորություններն այդքան մեծ չեն ընդդիմության համար: Դրանցից մեկն էլ այդ երթերն են: Բայց ասում են՝ այդ երթերն էլ մի արեք: Այդ տրամաբանությունը մեզ լավ չի տեղ տանում»: Ավելի՛ն. նշեց, թե ՀՅԴ-ն կոչ է անելու մնացած բոլոր ուժերին, որ իրենց գործունեությամբ նպաստեն ընտրողների ակտիվացմանը:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե ընտրապայքարում ՀՅԴ-ն խրախուսելու է գաղափարական-քաղաքական բանավեճերը: Հիշեցրինք, որ մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն ինքն ասում էր, թե ՀՅԴ-ն կողջունի առաջին նախագահի վերադարձը. «Եվ եթե Տեր-Պետրոսյանը մտնի այս պայքարի մեջ, ես վստահ եմ, որ պայքարը կդառնա շատ ավելի գաղափարական»: Մեր հարցին՝ արդյոք համարում է, թե դրանից հետո պայքարն այնուամենայնիվ գաղափարակա՞ն չէ, պատասխանեց. «Այո՛, մենք համարում ենք, որ Հայաստանում բանավեճերը դեռ անհրաժեշտ մակարդակի չեն: Լավ է, որ այդ մասին արդեն սկսել են խոսել, արծարծել այդ թեզը, թե պետք են բանավեճեր: Ոմանք պատրաստ են այդ բանավեճերին, ու շատ լավ է: Մրցակցելը հենց դա է՝ բանավիճելը ու ոչ թե վիճաբանելը: Այ, այդպիսի բանավեճն օգտակար է ժողովրդի համար, քանի որ դրա ժամանակ կհղկվեն մոտեցումներն ու տեսակետները: Եվ, այո՛, ես համարում եմ, որ բոլոր այն քաղաքական գործիչներն ու ուժերը, որոնք քաղաքական օրակարգով են մտնում պայքարի մեջ՝ նպաստում են քաղաքական բանավեճերի կայացմանը»: ՀՅԴ կողմից վստահեցրեց, թե պատրաստ են բանավիճել բոլոր նրանց հետ, ովքեր ունեն քաղաքական օրակարգ, որը տարբերվում է իրենց մոտեցումներից:
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հունվարի 16-ին հայտարարել էր, թե նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ-ն շատ ավելի օգտակար գործ կանի, եթե դառնա խորհրդարանական ընդդիմություն: Արձագանքելով այս յուրօրինակ հորդորին՝ հեռանալ իշխանությունից, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք մինչ այս էլ ենք ընդդիմություն եղել եւ օգտակար գործ ենք արել: ՀՅԴ-ն երկու դաշտում էլ եղել է՝ այստեղ որեւէ խնդիր մենք չունենք: Դաշտը փոխելիս մեր սկզբունքներն ու գաղափարները չենք փոխում, այլ ընդհակառակը՝ մեթոդներն են փոխվում համապատասխան ձեւով աշխատելու»:
Դատելով Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետի մի հայտարարությունից՝ ՀՀԿ-ին փետրվարի 19-ին ընտրական հանձնաժողովներում լուրջ պայքար է սպասվում: Արմեն Ռուստամյանն ընդունելով, որ ժամանակին եղել են չարաշահումներ, արձանագրություններ են փոխվել կամ առնվազն բողոքներ ու կասկածներ են եղել սրա վերաբերյալ, ասաց. «Մենք հստակ հրահանգ ենք տվել հանձնաժողովների մեր բոլոր անդամներին ու վստահված անձանց, որ դուրս չգան հանձնաժողովից՝ առանց արձանագրությունն իրենց ձեռքին ունենալու: Այսինքն՝ մեր շտաբը պետք է ունենա մոտ 2 հազար ընտրատեղամասերի արձանագրություններ իր ձեռքի տակ: Եվ դա մենք զուգահեռաբար, ստանալուն պես՝ անպայման տալու ենք հեռուստաալիքներին, որ նաեւ զուգահեռ հաշվարկ գնա»:
Հ. Գ. Ըստ Արմեն Ռուստամյանի՝ իրենց հայտնի է դարձել. «Որոշ պաշտոնատար անձինք իրենց դիրքերը չարաշահում են: Անձինք, որոնք իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, մտած են այս գործընթացի մեջ: Եվ այս առումով՝ մենք ավելի շատ տեղեկատվություն հավաքելուց հետո՝ կոնկրետ տեղերով, կոնկրետ հանդիպման օրերով, ժամերով կտեղեկացնենք, եթե այս գործընթացը շարունակվեց»: Այդ պաշտոնյայի անունը թեեւ չտվեց, բայց դատելով կոչից՝ «չոտնահարել մեր իսկ ընդունած Սահմանադրությունը», խոսքն իրավապահ համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի մասին է: