Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմս Կանն եմ ուղարկելու»

Հունվար 17,2008 00:00

Հայտարարում է երիտասարդ ռեժիսորը

Քսանամյա Դավիթ Էնֆենջյանը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող է: Իր նոր՝ «Վթար» ֆիլմով երիտասարդը ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ: Նա կարծում է, որ հավակնոտ լինելը երիտասարդ արվեստագետի պարագայում պարտադիր է:

– Ամեն տարի ռեժիսորի մասնագիտացմամբ շուրջ 50 շրջանավարտ է տալիս ձեր բուհը: Արդյո՞ք դիպլոմը ռեժիսոր լինելու հավաստիք է:

– Իհարկե՝ ոչ: Ռեժիսուրան ինձ համար ոչ թե սոսկ մասնագիտություն է, այլ ինքնաարտահայտման ձեւ ու հայրենիքին ծառայելու միջոց: Շատերն աջ ու ձախ հայտարարում են՝ պայքարո՜ւմ ենք, ստեղծո՜ւմ, իսկ ո՞ւր է նրանց արարածը…Լավ գումարով մի քանի ժամվա մեջ ընդամենը «կլիպ» են նկարում, որը չի կարող մեծ գաղափարների համար լինել: Օրինակ՝ իմ նկարահանած առաջին ֆիլմը կոչվում էր «Մեցցո»: Այն անպատասխան սիրո պատմություն է, որի հերոսը միայնությունը «կիսում» է ճանճի հետ, եւ իր տեղը չգտնելով կյանքում՝ ի վերջո «վերածվում» ճանճի… Այդ ժամանակ ես 17 տարեկան էի, հերոսս էլ ոչ ավել, ոչ պակաս՝ ճանճն էր: Հիմա ուզում եմ ավելի ուժեղ գործ նկարել, որը գուցե դրսի կինոշուկային էլ կհետաքրքրի:

– Առջեւում նախագահական ընտրություններ են: Եթե սպասելիքներդ չարդարանան՝ ինչի՞ ես պատրաստ՝ որպես ռեժիսոր:

– Հայաստանում կատարվող ցանկացած երեւույթի հանդեպ անտարբեր չեմ կարող լինել՝ որպես ՀՀ քաղաքացի: Այժմ նոր ֆիլմի պատրաստություն եմ տեսնում: Եթե իմ սպասածը տեղի չունենա, հենց իմ նոր ժապավենով կարտահայտեմ իմ բողոքը …

– Ցանկացած ֆիլմի ծնունդ ենթադրում է միջոցներ, դրանք որտեղի՞ց ես հայթայթում:

– Իմ կողքին կա մի թիմ, որ բաղկացած է համալսարանական ընկերներիցս: Նրանք աջակցում են ինձ եւ ոչ միայն տեխնիկապես: Համոզվել եմ, որ նյութականի ետեւից շատ չպետք է ընկնել, կարեւորը մտահղացումն է, որի մեջ դնում ես ոգի ու նպատակասլաց առաջ շարժվում: Դառնալով առաջին ֆիլմիս, ասեմ, որ ես այնտեղ ամեն ինչ եմ՝ ռեժիսոր, օպերատոր, դերասան: Պատահել է, որ որեւէ գաղափար այնքան է մեջս եփվել ու հասունացել, որ նկարահանելու կարիք այլեւս չեմ զգացել: Նշեմ, որ մեկ տարի է, ինչ արվեստանոց ունեմ: Անգամ լուսամփոփներն են իմ պատրաստածը՝ դրանք աղբամաններից եմ «կերտել»:

– Անցյալ տարի Ազգային կինոկենտրոնի կողմից քո սցենարով ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստացար: Խոսքը «Վթար» նկարի մասին է: Դրանով մասնակցելո՞ւ ես որեւէ փառատոնի:

– Շատերն են հիվանդագին ձեւով ցանկանում հերոս լինել, քչերը՝ իսկապես հերոսանում: Ոմանք ուզում են հայտնի դառնալ՝ իրենց հնարավորություններն ի չարս գործադրելով: Ասվածի արտահայտությունն է ԱՄՆ-ի 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որին զոհ գնացին հազարավոր անմեղ մարդիկ: Այդ մասին է նաեւ իմ «Վթարը» ֆիլմը, որի մոնտաժային աշխատանքները կավարտվեն մեկ ամսից: Երիտասարդ ստեղծագործողների շատ մրցույթների եմ մասնակցել, սկսել եմ «Ես եմ» կինոփառատոնից: Գրանցել եմ որոշ հաջողություններ: Կարծում եմ, որ արվեստագետը՝ թե՛ Հայաստանում, թե՛ «դրսում», հենց սկզբից իր համար պետք է բարձր «նշաձող» սահմանի: Կարճ ասած՝ «Վթար» ֆիլմս անպայման կներկայացնեմ փառատոնի, հնարավոր է նաեւ Կանն ուղարկեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել