Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ

Հունվար 17,2008 00:00

Իրական մշակույթի փրկության իրենց «դեղատոմսերն» են առաջարկում ստեղծագործական միությունների ղեկավարները:

Շատ է խոսվում մարտահրավերներից՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական… Իսկ ինչպիսի՞ մարտահրավերների առջեւ է կանգնած մեր մշակույթը եւ որո՞նք են դրանց դիմակայելու ճանապարհները:

Ըստ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի, մեր մշակույթը տարրալուծված է, այն մասսայական կուլտուրայի ինքնահոս ընթացքի ներքո դարձել է տարերային, շուկայական, վաճառքի նյութ եւ ծառայում է ժամանակավոր կրքերի բավարարմանը: «Այսօր մշակութային նոր գիտակցության խնդիր կա ծառացած՝ պարզ պատճառով. վերջին տարիների մասսայական կուլտուրան մեզ շեղեց ազգային դիմանկարից: Մյուս կողմից, միգուցե դա հասկանալի է, որովհետեւ մշակույթը կղզիացած ապրել չի կարող եւ այն կախված է նաեւ ոչ միայն սոցիալական, տնտեսական, քաղաքական, այլեւ աշխարհում կատարվող վայրիվերումներից: Օրինակ, այսօր մշակույթի միջոցով հայրենասիրություն դաստիարակելը համարյա անհնար է: Հայրենասիրության համար ցանկացած մարդու հոգու մեջ տեղ կա, ինչն այսօր, ցավոք, կորցրել ենք: Ի վերջո, պետք է հասկանալ, որ մարդիկ կշտացած աստղային պատմություններից, ուզում են ռեալ մշակութային պատմություն… Մեզ հասած ժառանգությունում եւ ոչ մի փայլատակող աստղ չկա, քանզի իրական մշակույթը հանդարտ, արժանապատվությամբ լեցուն է: Միանշանակ չեմ կարող ասել, որ մշակույթը կորցնելու ճանապարհին ենք, քանի որ վերջին մեկ տարում որոշ շարժ կա»,- ասաց պրն Ամիրխանյանը:

«Քաղաքական, սոցիալական, տնտեսական փոփոխությունների հետ կապված, մենք՝ մասնավորապես ճարտարապետներս, հայտնվել ենք մարտահրավերների որոգայթում: Եթե նախկինում պետությունն էր միայն պատվիրատուն, այսօր արդեն այդ դերում հանդես են գալիս սեփականատերերը, որոնք իրենց ճաշակն ու խնդիրներն են թելադրում: Այս առումով մենք ենք սկսում բացատրական աշխատանքներ տանել պատվիրատուի հետ»,- հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Շեշտը դնելով ճարտարապետների համալսարանական կրթության որակի վրա, նա փաստեց, որ ժամանակին ճարտարապետ-ուսանողները փորձ էին ձեռք բերում այնպիսի արվեստագետների արվեստանոցներում, ինչպիսիք են Ջիմ Թորոսյանը, Ռաֆայել Իսրայելյանը եւ մյուսները: Մ. Մինասյանը վստահեցրեց, որ այդ ավանդույթը պետք է վերականգնվի, քանի որ բուհն ավարտելուց հետո ճարտարապետների կողմից թույլ տված սխալների տոկոսային հավանականությունը մեծ է. «Մի խոսքով, մարտահրավերներին կդիմակայենք առաջին հերթին կրթական բարձր մակարդակով»:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարծում է, որ մեր մշակութային դաշտի առանցքային եւ տագնապալի խնդիրը երիտասարդ սերնդի ազգային արժեքների հիմնախնդիրն է, որը կապվում է արեւմտյան սպառողական արժեքների հախուռն խաչակրաց արշավանքների հետ՝ ի հաշիվ մեր ազգային ավանդույթների: «Կտրուկ անկում է նկատվում ինտելեկտուալ ներուժի ասպարեզում: Ազգային ինքնությունը Սփյուռքում աղետալի վիճակում է, կորցնում ենք հայի տեսակը: Մեզ համար կարեւոր քայլը մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ պետք է լինի ազգային ինքնության քարոզումը: Նոր սերնդին պետք է դաստիարակել ազգային հատկանիշներով: Վստահ եմ՝ մարտահրավերներին դիմակայելը՝ պետության, հասարակության, մասնավորապես՝ մտավորականության միաբանվելն է»,- խոսքը ավարտեց պարոն Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել