Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատել են

Հունվար 17,2008 00:00

Նախկին բնապահպանն այլեւս գործազուրկ է

«Առավոտին» է դիմել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հենրիկ Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից:

2006 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարի 442-Ա հրամանով եւ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ՝ նրան զրկել են քաղծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պարտականություններից եւ իրավունքներից:

Ըստ նախկին բնապահպանի, նախարարության աշխատակազմն ու տեսչությունը երեք տարի է, ինչ իրեն ենթարկում են հետապնդումների եւ ճնշումների: Նախարարի հրամանից հետո ստացել է մի քանի կարգապահական տույժեր: Մարտիրոսյանին չեն վճարել իր գործուղումների ծախսերը, որոնք, ըստ նրա, կազմել են 400 000 դրամ: Չի վճարվել նաեւ իրենց բաժնի զբաղեցրած տարածքի վարձը, որը կազմում է 500 000 դրամ: «Իմ նկատմամբ հերթական ոտնձգությունը կատարվեց անցյալ տարվա հոկտեմբերին: Մարտի 20-ից ինձ մեկուսացրին հանձնարարված պարտականությունների կատարումից, որով պարտավոր էի ընդունել, ստուգել, ամփոփել եւ գրանցել երրորդ եռամսյակի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունները՝ մասնակից դարձնելով ոլորտների բաժնի աշխատակիցներին: Արդյունքում, այս կարեւոր գործընթացը ընթացավ սահմանված կարգի եւ նորմատիվ ակտերի խախտումներով»,- նշում է Հ. Մարտիրոսյանը:

Նախկին բնապահպանը զարմացած է քաղծառայության խորհրդի անտարբերությունից. «Շարքային քաղծառայողներից շահերը պաշտպանելու փոխարեն՝ զարմանալիորեն այն դառնում է նախարարության կամակատարը»:

Նշվում է, թե ինչպես է աշխատանքից ազատվելու համաձայնություն տվել բնապահպանության նախարարության աշխատակազմը, սակայն ծառայողական քննության ժամանակ նկատողություն տալու հիմքեր էլ չեն գտնվել: Մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին ազատել են Մարտիրոսյանին «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ոչ պատշաճ կատարելու եւ վերազանցելու համար»: Ըստ այդ հրամանն արձակողների, նրանք տեղյակ էլ չեն, որ 2006 թ. դեկտեմբերից դիմումատուն լիազորություններ չի ունեցել: Բնապահպանն ունի երկու դպրոցահասակ եւ մեկ ուսանող երեխաներ: Ընտանիքի միակ կերակրողն է եւ գտնում է, որ իր իրավունքները խախտված են:

«Առավոտը» պատրաստակամ է տպագրել նաեւ հակառակ կողմի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել