Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՌՈՒՅՑԸ» ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է

Հունվար 17,2008 00:00

Արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող հայ ուսանողներով սկսել են հետաքրքրվել

2007թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպելով ՀՀ քաղաքացի ուսանողների հետ, վարչապետ Սերժ Սարգսյանը նրանց տունդարձի կոչ էր արել՝ հավաստիացնելով, որ Հայաստանի զարգացման համար խնդիրը ոչ այնքան շրջափակումն է կամ ղարաբաղյան թնջուկը, որքան բարձրակարգ կադրերի պակասը: «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդներին հուզող հարցերին, որոնք սկսվում են հոգեբանականով, ավարտվում՝ սոցիալականով: Բարձրագույն կրթություն ստանալով դրսում, հայ երիտասարդները աշխատանքի միջազգային շուկայում ընտրության լայն հնարավորություն են ունենում եւ կանգնում երկընտրանքի առաջ՝ աշխատել արտասահմանո՞ւմ, ինչը կարող է ապահովել բարեկեցիկ կյանք, թե՞ վերադառնալ Հայաստան, որտեղ միշտ չէ, որ պրոֆեսիոնալիզմն է գնահատվում: Իսկ եթե դրան գումարենք նաեւ այն, որ չկար պետական հատուկ քաղաքականություն, որը ե՛ւ կխրախուսեր հայ երիտասարդների կրթությունը աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերում, ե՛ւ կնպաստեր նրանց վերադարձին հայրենիք, պատկերն ավելի պարզ կդառնա:

Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ աշնանը հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ ՀՀ առաջին դեմքերին առաջարկելով դրսի հեղինակավոր բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստումը դիտել որպես մեր պետության կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ եւ իրականացնել դրանից բխող համապատասխան քայլեր: Վերջիններիս մեջ մտնում էր արտերկրում սովորողներին վերաբերող իրավական դաշտի կարգավորումը, նրանց համար տարեկան 50 մրցութային կրթաթոշակի, իսկ շրջանավարտների համար՝ տարեկան 10 մրցութային գրանտի սահմանումը՝ հանրապետությունում կոնկրետ, նպատակային աշխատանք կատարելու համար պատկան մարմինների կողմից սահմանված ուղղություններով… ՀՀ վարչապետին նամակներ էին ուղարկել նաեւ արտերկրի բուհերի հայ ուսանողներն ու հայտնել, որ լիովին աջակցում են Ա. Իշխանյանի նախաձեռնությանը. «Նախաձեռնությամբ առաջարկվող ուսանողական մրցութային կրթաթոշակները խիստ կարեւոր օժանդակություն կհանդիսանան մեզ համար, իսկ մրցութային՝ «շրջանավարտների» գրանտները նշանակալի դեր կխաղան ապագայում հանրապետություն վերադառնալու եւ մեր ներուժը ներդնելու գործում»: «Նախաձեռնությունը համարում ենք չափազանց կարեւոր, որոշ իմաստով վճռորոշ, քանզի այն թույլ կտա լուծել բավական լուրջ իրավական, կազմակերպչական, կոորդինացիոն բնույթի, ֆինանսական, նաեւ անձնական ու պետական հեռանկարային խնդիրներ, որոնք մեզ հուզում են՝ որպես հայ ուսանողներ եւ ՀՀ քաղաքացիներ: Հավաստում ենք, որ նման խնդիրներ բազմիցս ծագել ու ծագում են մեր ուսման ընթացքում՝ երբեմն բերելով լուրջ դժվարությունների, ուսման ընդհատումների, ինչը հետեւանք է իրավական բարդացումների գործընթացների, անհամաձայնեցվածության ու ֆինանսների հայթայթման հետ կապված խնդիրների: Պակաս կարեւոր չէ, որ համապատասխան դաշտի բացակայությունը խոչընդոտում է գիտելիքների երկարաժամկետ ներդրումը ՀՀ-ում: Ուսանողները ստիպված են լինում անձնական հեռանկարային ուղղությունները գերադասել անորոշ եւ պետության կողմից չաջակցվող, սակայն ակնհայտորեն գերակա ուղղություններից»,- ասվում է ՀՀ վարչապետին հղած ուսանողների մեկ այլ նամակում:

Ա. Իշխանյանն էլ գրավոր դիմել էր վարչապետին նաեւ հետեւյալ հարցով՝ առաջարկված ծրագիրը որպես Բոլոնիայի գործընթացին միացած երկիր՝ Հայաստանի համար կարեւոր է եվրաինտեգրման տեսակետից. նախաձեռնության նպատակներից մեկը նաեւ հայ ուսանողների շարժունակությանն աջակցելն է:

Նշենք, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի է ունեցել կրթաթոշակային հիմնադրամի եւ ընդհանուր ծրագրի մշակման աշխատանքային խմբի առաջին նիստը: Քննարկվել են այն սկզբունքները, թե ինչ կարգով եւ հատկապես որ ուսանողներին պետք է պետական կրթաթոշակներ հատկացվեն: Նախաձեռնության հեղինակները փորձում են ապացուցել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է իր գիտական ներուժով եւ պատրաստ է տեր կանգնել այն կադրերին, որոնք ինքնուրույն, սեփական գիտելիքների շնորհիվ եւ առանց «պապաների» աջակցության են հայտնվել արտերկրի բարձրակարգ բուհերում: Հիշեցնենք, որ մեր հարեւան Ադրբեջանը մեծ գումարներով աջակցում է արտերկրում սովորող իր ուսանողներին, իսկ Ղազախստանի նախագահի անմիջական հսկողությամբ արդեն քանի տարի գործում է «Բոլոշակ» հիմնադրամը: Ի դեպ, վերջինս թարգմանաբար նշանակում է… ապագա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել