Լրահոս
Օրվա լրահոսը

Դալմայում կրկին ծառաջարդ էր

Հունվար 17,2008 00:00

Հողօգտագործողներն ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են փողատերերը իրենց տարիների մշակած այգիները ոչնչացնում:

Դալմայի այգիներում շարունակում են հողօգտագործողներին վտարել ու տարածքը տրամադրել մեծահարուստներին: Օրերս Դալմայի այգիների՝ Լենինգրադյան փողոցին հարող տարածքում հերթական անգամ հողին հավասարեցրին բնակիչներից մեկի՝ Սուսաննա Ներսիսյանի պտղատու այգին: Ընդ որում, կնոջից այդ հողատարածքը վերցրել են այն ժամանակահատվածում, երբ նա պետության հետ հողի վարձակալական պայմանագիր է ունեցել:

Քաղաքապետարանը Սուսաննային պատկանող տարածքը աճուրդով վաճառել է: Տարածքի ներկայիս սեփականատեր «Նեո Բիլդինգ» ընկերությունը բնակելի շենք է կառուցում եւ շինարարության ընթացքում արմատախիլ է արել Ս. Ներսիսյանի, ինչպես նաեւ եւս երկու այգեգործների մշակած տասնյակ մրգատու ծառեր:

Ս. Ներսիսյանի պատմելով՝ քաղաքապետարանը խախտել է հատակագիծը եւ 3 այգեգործների հողերից մի քանի հարյուր մետր մտցրել է աճուրդի տակ: Երբ մինչ աճուրդը այգեգործներն են դիմել քաղաքապետարան եւ Կադաստրի պետական կոմիտե՝ իրենց վարձակալությամբ հանձնված հողը գնելու համար, նրանց մերժել են՝ պատճառաբանելով, թե դրանք պատմամշակութային տարածքներ են եւ վաճառքի ենթակա չեն: Բոլոր դժգոհողներին քաղաքապետարանից խորհուրդ են տվել դիմել դատարան: Մինչ գործը կքննվեր, դատարանն արգելանք է դրել Սուսաննա Ներսիսյանի 0.42 հա հողամասի վրա, սակայն այդ ընթացքում, հաշվի չառնելով դատարանի որոշումը, քաղաքապետարանը հողատարածքի առքուվաճառք է սկսել իրականացնել ու Ս. Ներսիսյանի վարձակալած հողատարածքից որոշ հատված վաճառել է:

Ինչ վերաբերում է կառուցապատողին, որը, ըստ էության, բնակիչների նկատմամբ որեւէ պարտավորություն չունի, իր կողմից հողօգտագործողներին չնչին փոխհատուցում է առաջարկել, ինչից վերջիններս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ այդ փոխհատուցումը պետք է տա կառավարությունը, ընդ որում՝ բոլորին հավասարաչափ պայմաններով:

Դալմայի այգիների հողօգտագործողների ներկայացմամբ՝ տոներից առաջ քաղաքապետը հրամայել էր կասեցնել այդ տարածքներում շինարարությունները, ինչից հետո, իսկապես, որոշ հատվածներում այս պահին դադարեցված են աշխատանքները: «Մենք մինչ օրս հողի եւ ջրի վարձ ենք մուծում, բայց ուրիշներն արդեն տնօրինում են այդ տարածքը: Եթե նույնիսկ կառավարությունը այդ տարածքները վաճառել է, թող գոնե մեզ կամ գումարային, կամ էլ մեկ այլ տեղ որպես այգի փոխհատուցում տա»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին հողօգտագործողները:

Վերջերս կառավարության շենքի դիմաց հերթական ցույցի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը Դալմայի այգիների տուժածներին խոստացել էր, որ կառավարությունը որոշել է դրամական փոխհատուցում տալ. «Պարոն Վարդանյանն ասաց՝ ձեզ աչքալուսանք եմ բերել,1 քմ-ի դիմաց 10 դոլար են տալու, կարող եք հանգիստ տուն գնալ: Սակայն երբ մենք պահանջեցինք փաստաթղթերով եւ ստորագրություններով դա անել, որպեսզի մեր գլխի տակ հերթական փափուկ բարձը չդնեն, Վարդանյանը ոչ մի պատասխան չտվեց»: Հողօգտագործողների խոսքերով՝ բազմաթիվ անգամ դիմել են վարչապետ Սերժ Սարգսյանին, խնդրելով, որ իրենց օգտագործած հողերից գոնե որոշ հատված իրենց վաճառեն, սակայն մինչ օրս նա էլ որեւէ կերպ չի արձագանքել:

Երեկ Դալմայի այգիների հողօգտագործողները վարչապետին հերթական բաց նամակն են ուղարկել՝ կոչ անելով իրենց հարցը վերջնականապես լուծել եւ համապատասխան փոխհատուցում տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել