Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵ՞Ր ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Հունվար 17,2008 00:00

\"\"Ուսանողները բողոքում են, որ քննություններին պատրաստվելու փոխարեն՝ ճոխ սեղաններ գցելու, մաղարիչների եւ դիպլոմի գումարի մասին են մտածում:

Որքան էլ կրթության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ կոռուպցիան, դրամահավաքությունը եւ մաղարիչները կրթական հաստատություններում նվազել են, սակայն ամեն տարի թե դպրոցներում, թե բուհերում ավարտական դասարաններն ու կուրսերը հունվարից սկսած գումարներ են սկսում հավաքել: Շրջանավարտները քննություններին պատրաստվելու փոխարեն մտածում են տարբեր տեսակի մաղարիչների, քննություններին ճոխ սեղան գցելու եւ այլ կողմնակի հարցերի մասին, որպեսզի այդ ամենի տակից «պատվով» դուրս գան:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողները մյուս բուհերի ավարտական կուրսերի ուսանողների նման ստիպված են 15-20 հազար դրամ նախատեսել տարեվերջի քննությունների հետ կապված ծախսերը հոգալու համար: Օրերս «Առավոտին» դիմած ուսանողները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ասացին, որ դեկանատից իրենց արդեն տեղյակ են պահել, թե ինչ «մասշտաբի» սեղան գցեն, որպեսզի քննող դասախոսները գոհ մնան եւ ուսանողների «քթից չբերեն»: Ուսանողներին անգամ «բլյուդաներն» են թվարկել՝ խորոված, քյաբաբ եւ հավի գրիլ: Ուսանողների հաշվարկներով, միայն սեղանն իրենց վրա կնստի մոտ 15 հազար դրամ, քանի որ նրանք առնվազն երեք քննություն պետք է հանձնեն:

Շրջանավարտների ներկայացմամբ, իրենցից 7 հազար դրամ էլ պահանջել են դիպլոմի կազմի համար: Նրանց խոսքերով, արդեն իսկ շատ դասախոսներ ակնարկներ են անում, որ՝ «եթե իրենց լավ նայենք՝ քննություններին լավ գնահատականներ կստանանք»:

Սրան ի պատասխան, «Առավոտի» հետ զրույցում, Մանկավարժական համալսարանի ուսումնական եւ գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ Ալեքսանդր Ղուշչյանը վրդովված ասաց. «Ուսանողներն էլ թող աչքերները լավ բացեն ու ուշադիր նայեն այդ դասախոսին: Ո՞վ է այդպիսի բան ասել, դասախոսների անուններն ասեք»:

Մեր այն դիտարկմանը, թե ոչ մի դասախոս էլ վարչության պետի ներկայությամբ չի հաստատի, որ լսարանում այդպիսի բան է ասել, պարոն Ղուշչյանը պատասխանեց. «Ես չեմ հաստատում, որ բոլոր դասախոսները ազնիվ մարդիկ են, սակայն հնարավոր չէ, որ բոլոր դասախոսներն այդպիսի բան ասեն»:

Ուսանողների պատմելով, այս օրերին իրենց ստիպում են ողջ տարվա վարձը մուծել, չնայած պայմանագրով ուսանողն իրավունք ունի այն մարել կիսամյակ առ կիսամյակ: Ամբողջ վարձը միանգամից պահանջելը ռեկտորատից ուսանողներին պատճառաբանել են հարկայինի հետ առաջացած խնդիրներով: Հոգեբանության ֆակուլտետի դեկան Սրբուհի Գեւորգյանն էլ այս առնչությամբ կրկին պահանջեց, որ դասախոսների անունները հայտնենք եւ հարցը տեղում լուծենք. «Դուք վիրավորում եք ինձ, այն անձանց, որոնց հետ ես աշխատում եմ եւ վստահում եմ: Անհեթեթություն է, որ դասախոսը դեռ ավարտական քննությունները չսկսած՝ արդեն կաշառքների մասին խոսի: Այստեղ աշխատում են պրոֆեսորներ, շատ լավ մասնագետներ, ինչպե՞ս կարող են իրենց թույլ տալ ուսանողից կաշառք վերցնել»: Նա հերքեց նաեւ այն փաստը, որ հոգեբանության ֆակուլտետի ուսանողները դիպլոմի համար 7 հազար դրամ են տվել կամ տալու: Նա մեզ ներկայացրեց արդեն գործնական պրակտիկայի գնացող ուսանողների ցուցակը, որոնք բուհ են վերադառնալու պետական քննությունների ժամանակ, ուստի դիպլոմի համար գանձվող գումարը մուծել են վաղօրոք: Այդ փաստաթղթի վրա ամեն ուսանողի անվան դիմաց գրված էր 2000 դրամ եւ ուսանողի ստորագրությունը: Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է ֆակուլտետում աշխատող որեւէ մեկը ուսանողից վերցնի 7 հազար դրամ, իսկ մեզ ներկայացված փաստաթղթի վրա գրի 2000, տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Դա անհեթեթություն է, ուղղակի հնարավոր չէ, ո՞ր ուսանողը կստորագրի նման փաստաթուղթը»:

Ինչ վերաբերում է ուսման վարձը միանգամից մարելուն, Ա. Ղուշչյանն ասաց. «Ըստ այդ պայմանագրի, ուսանողները վարձը մարում են կիսամյակ առ կիսամյակ: Եթե ինչ-որ պրոբլեմ էլ կա, մենք ընդառաջում ու երկարաձգում ենք ժամանակացույցը: Ինչ վերաբերում է պրոբլեմներին, մենք ոչ մի պրոբլեմ էլ չունենք հարկայինի հետ կապված»: Տիկին Գեւորգյանն էլ ավելացրեց, որ, ամենայն հավանականությամբ, այս թյուրիմացությունը ծագել է նրանից, որ ավարտական կուրսերից շատերը այս քննաշրջանից հետո գնում են գործնական պրակտիկայի, ուստի ստիպված են 2-րդ կիսամյակի ուսման վարձը մուծել ավելի վաղ, քան մյուս կուրսերում:

Քննություններին ճոխ սեղաններ գցելու առնչությամբ էլ Ս. Գեւորգյանն ասաց. «Քանի որ սեղանը գցում են ուսանողները, ոչ մի դեկանատի աշխատող չի կարող միջամտել դրան, իրենք են որոշում, թե ինչ են հյուրասիրելու: Ես դեմ եմ, բայց ուսանողներն իրենք են որոշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել