Լրահոս
Օրվա լրահոսը

2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հունվար 17,2008 00:00

շարունակություն

կանը՝ ամեն բան միանշանակորեն ու ամբողջովին ՀՅԴ-ի վրա բարդելը։ Տվյալ դարաշրջանում (եւ ո՛չ թե այսօր) Հ. Յ. Դաշնակցությունը նեղ ըմբռնումով կուսակցություն չէր, այլ Ալեքսանդր Շիրվանզադեի իմաստուն բնորոշմամբ, հայ ժողովրդի հարազատ զավակն էր՝ իր առավելություններով ու թերություններով հանդերձ:

6. Արդյո՞ք որպես քաղաքակրթություն՝ է՛լ ավելի խոցելի չենք

Անիի թագավորության կործանումից հետո զանգվածաբար Հայաստան ներխուժած օտար նվաճողների ու նրանց ներկա ժառանգների կողմից պետություններ կառուցելու արդյունքում դեռեւս Հայաստանի առաջին Հանրապետության գոյության շրջանում արձանագրել ենք մեր արժեքային-քաղաքակրթական կողմնորոշումների եւ աշխարհաքաղաքական դիրքի ու նրանից բխող մարտահրավերների անհամապատասխանության փաստը, որը չկար վաղ միջնադարում: Որպես քրիստոնյաներ, արժեքայնորեն՝ մենք հակված ենք դեպի համամարդկայինը, սակայն որպես որոշակի աշխարհագրական տարածք զբաղեցնող հանրույթի, մեզ անընդհատ պարտադրվում են քաղաքական խաղի գայլային կանոններ:

1918թ. հունվարի 15-ին, երբ Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը դեռեւս չէր էլ հռչակվել, հրավիրվում է հայ-թաթարական կամ ադրբեջանական մի կոնֆերանս, որին նախագահելու համար կողմերը հետաքրքիր զուգադիպությամբ ընտրում են ապագա անկախ Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետներին՝ Հովհաննես Քաջազնունուն եւ Ալի Մարդան բեկ Թոփչիբաշեւին։ Եվ ահա, կոնֆերանսի նիստերից մեկի ժամանակ, խոսելով մի վիճելի հարցի մասին, Հ. Քաջազնունին ազնվորեն հայտարարում է, որ ՀՅԴ-ն թերեւս կարող է համաձայնվել Մուսավաթ կուսակցության առաջարկին, բայց մյուս հայկական կուսակցությունները՝ կընդդիմանան: Սույն Թոփչիբաշեւն այստեղ բորբոքվում է եւ հայկական կողմին մեղադրում՝ իրենց խաբելու մեջ: Նա իսկապես չէր հավատում, որ հայերի մեջ, բացի ազգայնական ՀՅԴ-ից, այլ ուղղություններ ու կուսակցություններ գոյություն ունեն. «Ի՞նչ պէտք կայ այդ խաղին, զոր դուք կը խաղաք, իբրեւ թէ բոլորդ ալ իրապէս Դաշնակներ չէք: Մենք գէթ բոլորս ալ Մուսաւաթի հետ ենք։ Ճիշդ է, երբ յեղափոխութիւնը պայթեցաւ, մենք ալ ձեզի պէս ռուսերու իւրաքանչիւր կուսակցութեան մէջ մեր մարդիկը մտցուցինք ձեւի համար: Մէկը դարձաւ Սոցիալիստ-Յեղափոխական, միւսը՝ Սոցիալ-Դեմոկրատ, երրորդը՝ Կադէտ (Ժողովրդական), բայց բոլորն ալ իրապէս Մուսաւաթական են: Մենք վստահ ենք, որ դուք ալ մեզմէ տարբեր չէք, դուք ալ մեզի պէս ռուսական յեղափոխութիւն կը խաղաք»: (Ռուբեն Դարբինեան, Երկեր, հատ. Ա., Կեանքիս գրքէն, Պէյրութ, 1972, էջ 232):

«Ռուսական հեղափոխություն խաղացող» Մուսավաթի պարագլուխը այդպես էլ չհավատաց, որ հայերի մեջ կան տարբեր գաղափարներ դավանող ու տարբեր քաղաքական ուժերին ծառայող անհատներ, որովհետեւ այդ ամենը անհասկանալի ու խորթ էր՝ թուրք-ադրբեջանական մտածողությանն ու էությանը: Բնական է, որ նման դիմակայության մեջ հաղթելու ավելի մեծ շանս ուներ այն քաղաքակրթությունը, որը ժամանակին՝ 1918-1921թթ. հավասարապես ի վիճակի էր «ռուսական հեղափոխություն» խաղալ՝ ռուսների հետ, եւ հակառուսական պատնեշ դառնալ անգլիացիների համար, իսկ այսօր էլ՝ Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության տարիներին նույն հաջողությամբ փորձում է «եվրոպական դեմոկրատիա» խաղալ՝ եվրոպացիների հետ եւ հակառուսական պատնեշ դառնալ՝ ամերիկյան ծրագրերում: Կարող էր (եւ կարողացավ) մուսավաթական Ն. Նարիմանովին «գործուղել» բոլշեւիկների շարքերը, նրան դարձնել Խորհրդային Ադրբեջանի ղեկավար եւ 1920թ. ապրիլյան մեկ գիշերվա ընթացքում փոխել սեփական գույնը եւ ուրիշի ձեռքերով՝ Կարմիր բանակի միջոցով, հետ բերել ռազմի դաշտում արդեն տանուլ տված Ղարաբաղը:

Հայկական քաղաքակրթությունը իր հարեւանների համեմատ ներքնապես ավելի խոցելի է, որովհետեւ այն իր հիմքում եվրոպական է, մինչդեռ շրջապատող միջավայրը՝ գերազանցապես կենտրոնական-ասիական, հորդայական:

Սկզբունքորեն նույն պայմաններն ու միջավայրը, որն առկա է նաեւ Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջը, անցած 16 տարիների ընթացքում պարբերաբար առաջ է բերում մեր արժեքային կողմնորոշումների ու արտաքին միջավայրի լրջագույն հակասությունը:

7. Վարչակարգից՝ պետություն դառնալու ճանապարհը

Նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», 13 դեկտեմբերի 2007թ. ) արդեն արձանագրել ենք Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ներկա հանգրվանում՝ նախագահական ընտրությունների նախօրեին, մեզանում ի հայտ եկող հակասությունների այն նույն թնջուկի հիմնական ուրվագծերը, որոնք ներկա հրապարակման մեջ մենք փորձեցինք ներկայացնել պատմական կտրվածքով: Անցյալում եւ մեր օրերում նկատվող այս երեւույթը նույնական է իր երեք հիմնական բաղադրիչներով.

առաջին. հատվածականություն՝ Հայաստանի առանձին երկրամասերի տարբերությունների ու առանձնահատկությունների հիմքի վրա, երկրորդ. արժեքներ, որոնք բխում են այդ տարբերություններից ու տվյալ հատվածներին շրջապատող միջավայրից, երրորդ. արտաքին կողմնորոշում, որն ի մի է բերում աշխարհագրական-հատվածական ու արժեքային-գաղափարական տարբերությունները, խորացնում է դրանք՝ վերածելով քաղաքական լուրջ դիմակայության:

Այս երեք իրողությունների առկայությունը՝ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, ակնհայտ ու անժխտելի է: Սակայն, դրանց պատճառները ու հաղթահարման ուղիները փնտրելու փոխարեն, մեր քաղաքական միտքը մինչ օրս այդպես էլ չի կարողանում մեզ բացատրել, թե հարեւաններից զարգացման ավելի բարձր մակարդակ ունենալու փաստը ինչո՞ւ է մեզանում պարբերաբար վերածվում մի յուրահատուկ՝ թերարժեքության բարդույթի, ներքնապես էլ ավելի խոցելի դարձնելով հայկական քաղաքակրթությունը։ Չէ՞ որ համաշխարհային պատմությունը բազմիցս ապացուցել է, որ զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող ազգերը մրցակցության մեջ հաղթում են ավելի հետամնացներին: Քանի որ մեր պարագայում հաճախ ճիշտ հակառակ օրինաչափությունն է արձանագրվել, ուրեմն՝ զարգացման որոշակի հանգրվանում շեղվել ենք մեր բնականոն ուղուց, որն ուղղակի անհնար է նորից որդեգրել՝ առանց պետություն եւ ոչ թե սովորական վարչակարգ ստեղծելու խնդրի լուծման:

Հիշենք, թե ինչպես սկսեցին մեր մեծերը՝ 301 թվականին, երբ մեր ժամանակի չափանիշներով չունենալով ֆունդամենտալ գիտելիքներ՝ պետության էության ու ֆունկցիաների մասին, Տրդատ 3-րդն ու Գրիգոր Լուսավորիչը որպես թագավոր եւ նոր «քուրմ» հստակորեն տարանջատեցին պետության կառավարման վարչական ու հոգեմտավոր ֆունկցիաները եւ ժողովրդի հետ հարաբերությունների հարթության վրա հաստատեցին հստակ եռամիասնություն: Նրանք ստեղծեցին ներկայումս առկա բոլոր կենսունակ պետությունների գործառնության հիմնական մեխանիզմների այն նախնական սաղմը, որն այսօր՝ 21-րդ դարում անգամ, մենք չունենք: Մինչդեռ, ժամանակակից աշխարհում ոչ թե կամ ոչ այնքան՝ ժողովրդավարությամբ կամ ավտորիտարիզմով հատկանշվող վարչակարգերը, այլ պետականության հիմքը կազմող արժեքներն ու նրանց իրացման գործառնական մեխանիզմներն են պայմանավորում ազգ-պետությունների կենսունակությունը։ Նման արժեքներ ու մեխանիզմներ ունեցող երկրների ներսում բացառվում է որեւէ երկատում, անկախ նրանից, թե ինչպիսի հզորության մուրճի ու սալի արանքում են նրանք հայտնվում:

Արժեքային տարբեր կողմնորոշումների վրա հիմնվող քաղաքական հակադիր բեւեռների ձեւավորումը եւ արտաքին ուժերի կողմից դրանց կործանարար օգտագործումը կանխելու միակ գործուն տարբերակը սեփական արժեհամակարգի գեներատորի՝ հին աշխարհում՝ քրմական, միջնադարում՝ հոգեւորական, նոր ու նորագույն ժամանակներում՝ մտավորական դասի լիարժեք ներկայությունն է պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի կրողի դերում:

Մեզանում վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը այս կարեւոր գործառույթը փորձել են իրականացնել միայն առանձին մեծ անհատները: Հայոց պետականության կործանման նշված դարաշրջաններից յուրաքանչյուրում մենք հանդիպում ենք պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի իրականացման միայն ու միայն անհատական փորձերի, այսինքն՝ պետականությունը վարչակարգից տարբերակող անհատների: Երբ 428 թվականին՝ Հայաստանի արեւելյան մասում, վերացվում էր Արշակունիների թագավորությունը՝ արքայից-արքա Վռամի մոտ Արտաշես 3-րդ թագավորի դեմ բողոքող հայ նախարարների միջոցով, մեծն Սահակ Պարթեւն էր միակը, որն ընդդիմացավ եւ դրա համար զրկվեց կաթողիկոսությունից: Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ Սահակ Պարթեւը հոգեւոր հովիվ լինելով հանդերձ, դեմ էր անբարոյական կյանքով ապրող հայոց Արտաշես 3-րդ (Խորենացու մոտ՝ Արտաշիր) թագավորի դեմ օտարին բողոքելու ձեռնարկին, որովհետեւ «Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 306):

Նրան Տիզբոն կանչեցին, բայց այստեղ էլ Հայոց մեծ հովվապետը հայտարարեց. «Ինձանից համենայն դեպս դուք ոչինչ չեք լսի» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 307) ու մնաց հավատարիմ՝ թեկուզ թույլ ու անբարոյական, բայց այնուամենայնիվ՝ Հայոց թագավորին:

Անիի Բագրատունիների թագավորության կործանման շրջանում էլ մենք հանդիպում ենք Վահրամ Պահլավունի սպարապետի նման պետական մտածողության տեր անհատի, որը ծառս եղավ Գագիկ Երկրորդին խաբեությամբ Կոստանդնուպոլիս ուղարկելու միջոցով Բյուզանդական կայսրին ծառայություններ մատուցող՝ Պետրոս Գետադարձի եւ Վեստ Սարգսի նման գործիչների դեմ, փորձեց կանխել նախապատրաստվող դավադրությունը:

Այս դերակատարության բարձրությանը 1918-ին լիարժեքորեն համապատասխանում էր ՀՅԴ-ի գործիչներից թերեւս միայն մեկը՝ Ռոստոմը (Ստեփան Զորյան), ինչը նա ապացուցեց Պետերբուրգում՝ Վ. Լենինի, Բաքվում՝ Ստ. Շահումյանի, իսկ քիչ անց նաեւ անգլիացիների հետ համագործակցության փաստով՝ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը եւ Հայաստանի Հանրապետությանը օգնության հասնելու խնդիրը գերադասելով բոլոր անցողիկ «իզմ»-երից:

Քանի որ այս բացառությունները միայն ու միայն հաստատում են հստակ օրինաչափության առկայությունը, ուրեմն՝ բացահայտման կարիք են զգում եւս երկու հարցեր.

առաջին. ինչո՞վ են տարբերվում՝ կայացած պետությունները այն բազմաթիվ չկայացած վարչակարգերից, որոնցից մեկը 1920-ին կործանված Հայաստանի առաջին Հանրապետությունն էր, իսկ մյուսը՝ դժբախտաբար, ներկա՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունը,

երկրորդ. ներկա հանգրվանում որո՞նք են վարչակարգից՝ պետություն դառնալու ճանապահը բացող բանալիները։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարցերի պատասխանները պարունակող ֆունդամենտալ լուծումները փորձել ենք պեղել եւ այս կամ այն չափով ի հայտ բերել մեր պատմության խորքերում: Հայոց պատմության դասերը մեզ հուշում են, որ իր պետականության զարգացման ներկա հանգրվանում, երբ Հայաստանը նորից կանգնել է դարավոր մուրճի ու սալի արանքում հայտնվելու վտանգի առաջ, հրատապ անհրաժեշտություն է դարձել անցողիկ վարչակարգերը պետությունից ու պետականությունից տարբերակելու խնդրի լուծումը, որը հնարավոր է իրականացնել միայն մեզանում այսօր էլ բացակայող՝ պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի վերականգնման միջոցով: Այդ ֆունկցիան պետք է իրականացվի ոչ թե անհատական մակարդակով, այլ ցանկացած կենսունակ պետության ողնաշարը կազմող՝ մտավորական- ինտելեկտուալների կառավարող շերտի ձեւավորման միջոցով: Ուրեմն՝ առաջիկայում պետք է քննենք արդիականության պայմաններում այս հարցի լուծման առավել կայացած օրինակները, ինչպես նաեւ բացահայտենք դրանք «պատճենելու» եւ «տեղայնացնելու» այն համառ փորձերը, որոնք այսօր արդեն ձեռնարկվում են մեր բոլոր հարեւանների կողմից, որպեսզի որոշենք, թե ո՞րն է այն լավագույն բնորդը, որը Հայաստանին թույլ կտա խուսափել հերթական անգամ մուրճի ու սալի արանքում ճզմվելու հեռանկարից: Բայց այդ մասին՝ հաջորդիվ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել