Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱն

Հունվար 17,2008 00:00

\"\"2. Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ի Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Պատմաբանի հայացք

(Սկիզբը՝ տե՛ս «Առավոտ», 13 դեկտեմբերի 2007թ.)

Հայոց պատմության նորովի իմաստավորումն անհրաժեշտ է այն պահերին, երբ սուր կերպով զգում ենք անցյալում տեղի ունեցած զարգացումների կրկնության վտանգը։ Սույն հրապարակման առաջին մասում հանրապետության քաղաքական կյանքում արձանագրել էինք այնպիսի վտանգավոր երեւույթներ, որոնք ի հայտ են եկել նաեւ 1920 թվականին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկման շրջանում: Սակայն այդ ախտանշանների ավելի խոր եւ ամբողջական քննությունը ցույց տվեց, որ դրանք իրենց առավել ցցուն, անգամ՝ դասական տեսքով դրսեւորվել են նաեւ միջնադարում՝ Արշակունյաց ու Բագրատունյաց թագավորությունների անկման շրջանում: Սկզբում թվում էր, թե այս տիպական օրինակների քննության արդյունքում անհարկի կերպով «ձգելով» անցյալը ներկայից բաժանող իրադարձությունների շղթան, կարող ենք կտրել պատմությունը քաղաքականության հետ կապող անտեսանելի թելը: Բայց իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ անցյալը ներկայից բաժանող մեծ հեռավորությունից ավելի հստակորեն ուրվագծվեցին մեր օրերին առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: Անցյալը երբեմն ավելի արդիական է՝ իր հստակ ու ավարտուն տեսքով, քան հեղհեղուկ ու որոգայթներով լի արդիականությունը:

1. Հարցեր՝ նախորդ սերունդներին

Որքան ավելի ենք խորանում դարերի ընթացքում մեր ժողովրդի ստեղծած մեծ ու փոքր պետությունների ձեւավորման եւ անկման բարդ ընթացքի քննության մեջ, այնքան ներքուստ համոզվում ենք, որ այդ ամենի իրական պատճառները մինչ օրս գրեթե անհայտ են մնացել: Անգամ՝ մեզանից 90 տարի առաջ ձեւավորված Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, որոշ իմաստով, դեռեւս պատված է անորոշության թանձր շղարշով՝ չխոսելով արդեն միջնադարում Հայաստանի տարածքում ստեղծված պետական կազմավորումների կործանման խորքային պատճառների մասին:

Ուստի, մեր կողմից նախորդ սերունդներին ուղղվող՝

առաջին հարցը վերաբերում է Հայաստանին պարբերաբար բաժին ընկնող տխուր իրողության՝ արտաքին-քաղաքական ու արժեքային հզորագույն ազդակների եւ երկրի ներսում դրանք մարմնավորող ուժերի՝ մուրճի ու սալի արանքում հայտնվելու, ժամկետների հստակեցմանը: Ի վերջո, մենք որպես պետություն ու ժողովուրդ մի՞շտ ենք եղել այս բարդ իրավիճակում, թե՞ այդ ամենը սկիզբ է առել որոշակի ու կոնկրետ դարաշրջանում:

Երկրորդ հարցը վերաբերում է սրանից 90 տարի առաջ ձեւավորված, սակայն հերթական անգամ արտաքին ուժերի ու ներքին ազդակների մուրճի ու սալի արանքում հայտնված՝ Հայաստանի առաջին Հանրապետության կործանման էական նրբերանգներին, որոնք այսօր խիստ արդիական են: Որովհետեւ որպես անկախ պետություն Հայաստանի երրորդ Հանրապետության անմիջական նախորդի պատմությունը մեր ներկան անցյալի հետ կապող միակ շոշափելի օղակն է, որի դառը փորձի անտեսումը կարող է լինել ոչ թե պարզապես պատմության թերիմացության, այլ քաղաքական անհեռատեսության դրսեւորում:

Տարաբնույթ սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից եկել ենք այն համոզմանը, որ ինչպես դեպի միջնադար, այնպես էլ նոր ժամանակներ ուղղվող այս հարցերի քաղաքական պատասխանները մինչ օրս ամբողջական ու հստակ կերպով փաստորեն չեն տրվել՝ ոչ թե համապատասխան փաստերի բացակայության կամ էլ՝ մասնագետների անկարողության, այլ գերազանցապես՝ ընտրված քաղաքական դիտանկյունի անորոշության պատճառով: Ազգային-պետական հայեցակետի վրա հիմնվող՝ Հայոց պետականության պատմությունը դեռեւս կարոտ է լուրջ ու համակողմանի ուսումնասիրության: Նկատվում է նաեւ մեր գիտական ու քաղաքական մտքի մեկուսացվածությունը պետականագիտության՝ եւ ընդհանրապես՝ պետական մտածողության չափորոշիչներից: Մինչդեռ, առանց պետության էության ու ֆունկցիաների մասին հիմնարար գիտելիքների, հնարավոր չէ հասկանալ ո՛չ միջնադարում մեր թագավորությունների անկման եւ ո՛չ էլ նոր ժամանակներում ունեցած առաջին ցավալի կորստի՝ Հայաստանի առաջին Հանրապետության կործանման պատճառները:

Փաստորեն, մինչ օրս հիմնականում գրվել է ոչ թե Հայաստան պետության, այլ Հայաստանում իրար հաջորդած քաղաքական վարչակարգերի եւ նրանց սպասարկող աշխարհիկ կամ կրոնական զանազան խմբավորումների պատմությունը: Հատկանշական է, որ այսօր էլ «Ֆրանսիայի պատմություն» կամ «Ռուսաստանի պատմություն» հասկացություններին զուգահեռ, մենք, չգիտես ինչու, գրեթե մեխանիկորեն արտաբերում ենք՝ «Հայ ժողովրդի պատմություն» եզրույթը:

Այդ պատճառով, որքան էլ դա ցավալի լինի, այսօր էլ ոմանք Արշակունյաց ու Բագրատունյաց թագավորությունների եւ Հայաստանի առաջին Հանրապետության կործանման պատճառների քննության ընթացքում հաճախ օգտագործում են գնահատման գրեթե նույն չափորոշիչները, այն դեպքում, երբ այդ իրադարձությունները տեղի են ունեցել մի կողմից՝ մոտ 1500 կամ 1000, իսկ մյուս կողմից՝ ընդամենը 88 տարի առաջ:

Քանի որ միջնադարում իշխող գաղափարախոսության կրողը եկեղեցին էր, ուստի մեր պատմության այդ ժամանակահատվածի վերաբերյալ մոտ 1500 տարի առաջ ձեւավորվել ու մինչ օրս պահպանվել են երկու տրամագծորեն հակադիր հայեցակետեր, որոնցից առաջինը պայմանականորեն կարելի է անվանել եկեղեցակենտրոն, իսկ երկրորդը արդեն նոր ժամանակներում ձեւավորված՝ աշխարհիկ-հակաեկեղեցական: Եվ պատահական չէ, որ մեր միջնադարի առավել հայտնի այն գործիչները, որոնց ժամանակին եկեղեցին ու նրա համակիր պատմիչները որպես կանոն՝ դավաճանի պիտակ են կպցրել, նոր ու նորագույն շրջանի ուսումնասիրողների գրչի տակ հաճախ արդարացվել են եւ անգամ՝ հերոսացվել՝ ճիշտ այնպես, ինչպես խորհրդային շրջանում դավաճանի պիտակը կրող դաշնակցական գործիչներն են այժմ հերոսացվում, իսկ ժամանակին հերոսացված բոլշեւիկները՝ դավաճան դառնում:

Ու քանի դեռ իր համապարփակ գնահատականը չի ստացել նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը պետականության գաղափարի բարձրությունից քննելու առաջադրանքը, ամենեւին էլ չպետք է զարմանալ, որ միջնադարյան մեր պատմիչների ընկալումներում, ի վերջո, ամեն ինչ հանգում է Վարդանի ու Վասակի դիմակայության ծանոթ սխեմային: Ի վերջո, ինչո՞վ են նրանք «պակաս» Հայաստանի նախկին կոմունիստ ղեկավարներից, ովքեր 70 տարի շարունակ պնդում էին, որ առաջին հանրապետության իշխող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, 1920 թվականին ապաշնորհ ու դավաճան գտնվեց, կամ Սփյուռքում հաստատված ՀՅԴ-ի առաջնորդներից, որոնք էլ հայտարարում էին հակառակը՝ Հայաստանը բոլշեւիկյան մուրճի եւ թուրքական սալի արանքում հայտնվեց հենց իրենց՝ հայ բոլշեւիկների դավաճանության ու ապաշնորհության պատճառով:

Բայց մի՞թե ներկա սերունդը, որը կանգնած է հզոր եւ մրցունակ պետություն կառուցելու խնդրի առջեւ, սա է ցանկանում իմանալ մեր պատմությունից, երբ նրա համար ավելի քան ակնհայտ է, որ այս բոլոր հարցադրումների հեղինակները բովանդակային առումով փաստորեն նույն տեսակետն են զարգացնում՝ քաղաքական հակադիր ելակետերից: Այսինքն՝ զբաղվում են յուրաքանչյուր քաղաքական վարչակարգին բնորոշ՝ անցողիկ, իրավիճակային գործառույթներով. այն է՝ պատասխանատվության սեփական բաժինը քաղաքական հակառակորդի ուսերին տեղափոխելու գործով:

Ավելին, կարծում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահի տեսանկյունից ժամանակին գործող ուժերից յուրաքանչյուրի պատասխանատվության չափի ճշտումն այնքան կարեւոր չէ, որքան պարբերաբար կրկնվող ձախողումների իրական, խորքային պատճառների բացահայտումը: Մանավանդ այսօր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարող են հայտնվել նույնատիպ հիմնախնդիրների առջեւ, անցյալում տեղի ունեցածը Վարդան-Վասակի կամ դաշնակ-բոլշեւիկի դիմակայության պարզունակ սխեմաներով դիտարկելու կարիքը չունենք, ուստի մեր նախնիներին ուղղվող եւ, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացող հարցերին ինքներս պետք է փորձենք պատասխաններ գտնել:

2. Ե՞րբ հայտնվեցինք մուրճի եւ սալի արանքում

Հայաստանի ներսում ձեւավորվող եւ արտաքին միջավայրի հետ արագորեն «կոնտակտի» մեջ մտնող ներքին բեւեռների ինքնաոչնչացնող դիմակայության ֆենոմենի գոյությունը հստակորեն արձանագրվել է առնվազն՝ 301 թվականից, երբ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունելու միջոցով, արմատական հեղափոխություն իրականացրինք մեր կյանքի հիմնական ոլորտներում։ «Մեղավորն» այդտեղ ո՛չ նոր հավատն էր, որը շուտով դարձավ հայոց ինքնության բաղադրիչներից մեկը, եւ ո՛չ էլ արտաքին միջավայրը, որն ընդհուպ մինչեւ 11-13-րդ դարերը՝ թուրք-սելջուկյան ու մոնղոլ-թաթարական արշավանքները, ընդհանուր առմամբ, դեռեւս բարենպաստ էր Հայաստանի համար:

Անշուշտ, մինչ 301 թվականն էլ Հայաստանը հայտնվել է արտաքին ուժերի դիմակայության կիզակետում, սակայն այն չի ընդունել երկրի ներսում ձեւավորվող արժեքային-քաղաքակրթական բեւեռների դիմակայության տեսք։ Ավելին, երբեմն եղել է նաեւ հակառակը. օրինակ՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին հաջորդած՝ հելլենիզմի հաղթարշավի դարաշրջանում արտաքին հզորագույն ազդակների բախումը ոչ թե թուլացրել ու կազմալուծել է մեր երկիրը, այլ նպաստել է նոր եւ շատ ավելի հզոր հելլենիստական Հայաստանի ձեւավորմանը՝ Արեւմուտքի ու Արեւելքի արժեհամակարգերի սինթեզի միջոցով:

Հայաստանի շուրջը եւ նրա ներսում քաղաքակրթությունների բախման սկիզբը Հայոց Մեծ Դարձի տարեթիվն էր՝ 301 թվականը, որը մեզ բերեց նոր հավատի լույսը եւ դարձավ մեկնակետ՝ հետագա դարերում որդեգրված քաղաքակրթական ու քաղաքական արեւելումների համար։ Սակայն այդ լույսը ճառագեց ոչ թե երկինք բարձրացող արեգակի հանդարտությամբ, այլ վերեւից՝ պետության երկու առանցքային դեմքերի՝ Տրդատ 3-րդի ու Գրիգոր Լուսավորչի կողմից իրականացված արմատական հեղափոխության միջոցով Շրջանառվող տեսակետներից մեկի համաձայն, պարթեւական ծագում ունեցող Տրդատ 3-րդ Արշակունին ու Անակի որդի Գրիգորը նոր հավատի միջոցով ամրապնդվող Հայաստանից փորձում էին կռել այն հզոր ուժը, որն ի վիճակի էր համախմբել Սասանյան Իրանը շրջապատող Արշակունիների տարբեր թագավորությունները Սակայն շատ չանցած՝ Հռոմի կողմից քրիստոնեության ընդունման ու Հայաստանի թուլացման հետեւանքով, մեր երկիրը փաստորեն վերածվեց պատնեշ-պետության՝ առաջին անգամ հայտնվելով հռոմեա-բյուզանդական սալի ու Սասանյան Իրանի մուրճի արանքում Սակայն տվյալ դարաշրջանում Հայոց բանակը, մանավանդ՝ Հայոց այրուձին լուրջ տարածաշրջանային գործոններ էին, որոնք եթե բավարար չէին հարձակողական պատերազմներ վարելու համար, ապա գոնե՝ ի վիճակի էին ապահովել երկրի անվտանգությունը, ինչը նրանք բազմիցս ապացուցեցին 4-րդ դարում տեղի ունեցած մի շարք դաժան ճակատամարտերում Ուրեմն՝ Հայաստանը այդ ժամանակ դեռեւս ի վիճակի էր իրեն պաշտպանել, քանի որ երկու աշխարհակալներից՝ Պարսկաստանից եւ Բյուզանդիայից եւ ո՛չ մեկը՝ առանձին վերցրած, չէր կարող իր գերակշռող ուժերը ամբողջովին կենտրոնացնել մեծաթիվ զորք ունեցող Հայաստանի դեմ՝ անպաշտպան թողնելով սեփական կայսրությունը

Հարց է առաջանում. ինչո՞ւ քրիստոնեության ընդունման միջոցով ժամանակավորապես ամրապնդված Հայաստանը, Տրդատ 3-րդի ու Գրիգոր Լուսավորչի հաջորդների օրոք պատմական կարճ ժամանակամիջոցում արագորեն վերածվեց ներքին սուր դիմակայության եւ նրան ուղեկցող՝ հերոսների ու դավաճանների պայքարի՝ արյունոտ թատերաբեմի եւ արդեն 387 թվականին բաժանվեց իր հարեւանների միջեւ, իսկ 428-ին վերջնականապես կործանվեց երկրի արեւելյան մասում պահպանված՝ Արշակունյաց թագավորությունը

Բավական է արձանագրել միայն այն իրողությունը, որ այդ համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Հայաստանում սրախողխող կամ խեղդամահ արվեցին, կուրացվեցին, բանտարկվեցին, գահընկեց կամ կարգալույծ եղան շուրջ 12 թագավորներ ու կաթողիկոսներ։ Տրդատ 3-րդին հաջորդած հայոց թագավորներից նման ճակատագրի արժանացան Տիրանը, Արշակ Բ-ն, Պապը, Վարազդատը, Խոսրով Գ.-ն., Արտաշես Գ.-ն, իսկ Գրիգոր Լուսավորչին հաջորդած կաթողիկոսներից՝ Հուսիկը, Արիստակեսը, Դանիել Ասորին, Ներսես Մեծը, Զավեն Մանազկերտցին, Սահակ Պարթեւը: Այդ ընթացքում բնաջնջվեցին նաեւ նախարարական առանձին տներ, որոնց ներկայացուցիչներն ըմբոստացել էին թագավորի դեմ, ավերվեցին տասնյակ քաղաքներ ու հարյուրավոր գյուղեր։ Այս ողբերգական ու արյունոտ իրադարձությունների զոհերի պարզ թվարկումն անգամ բավական է եզրակացնելու համար, որ Հայոց Մեծ Դարձի երկու ճարտարապետները՝ Տրդատ 3-րդն ու Գրիգոր Լուսավորիչը կամ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէին կառուցել, կամ էլ պատմական կարճ ժամանակամիջոցում նրանց ստեղծած համակարգը դեֆորմացվել էր՝ խարխլելով պետականության շենքի ամրությունը:

3. Ինչո՞ւ խարխլվեցին Հայոց պետականության հիմքերը

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անցումը տոհմացեղային հասարակությունից պետական կենսաձեւին՝ հաստատել է դարերի իմաստնությամբ ամրագրված այն սկզբունքը, որ բռնության միջոցով իրականացվող՝ կառավարման վարչական ֆունկցիայով լիարժեք պետություն չի կառուցվում, կամ էլ՝ այդ ճանապարհով ստեղծված պետությունը լինում է չափազանց խախուտ: Դեռեւս տոհմացեղային հասարակությունից պետական կեցությանն անցնելու վաղ շրջանում, երբ մտավոր աշխատանքը սկսել է տարանջատվել ֆիզիկականից, գոյություն է ունեցել եւ մինչ օրս պահպանվել է պետություն ստեղծելու եւ ամրապնդելու համար պարտադիր կերպով անհրաժեշտ երկրորդ՝ հոգեմտավոր ֆունկցիան: Դրա կրողներն են դարձել ժամանակակից տերմինաբանությամբ՝ մտավորականները, ինտելիգենցիան, որոնց առաջին ներկայացուցիչը եղել է քրմական դասը։ Թագավորն ու քուրմը ի սկզբանե հանդես են եկել որպես երկու տարբեր ֆունկցիաների կրողներ, ուստի թեեւ Հայոց առաջին թագավորները, մասնավորապես՝ Երվանդունիները, հաճախ մեկ անձի մեջ են մեկտեղել այս երկու ֆունկցիաները, բայց դրանից նրանց ստանձնած քաղաքական դերակատարության երկմիասնականությունը չի փոխվել: Պատճառն այն է, որ համաշխարհային պատմությանը հայտնի նույնիսկ ամենանախնական, ամենապարզունակ բռնապետություններն անգամ միշտ էլ ունեցել են կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի իրականացման կարիք՝ հեթանոսության շրջանում՝ քրմերի, քրիստոնեության դարաշրջանում՝ հոգեւորականության, իսկ նոր ու նորագույն ժամանակներում՝ ազգի հոգեմտավոր ընտրանուն համախմբող տարաբնույթ կառույցների միջոցով: Սա եղել է անգամ մի քանի հազարամյակ առաջ՝ Հին Եգիպտոսում, որտեղ՝ ինչպես «Փարավոն» վեպի հեղինակ Բոլեսլավ Պրուսն է ժամանակին արձանագրել, պետությունը բարգավաճում էր, երբ «Ժողովուրդն աշխատում էր, փարավոնը՝ կառավարում, իսկ քրմերը՝ պլաններ էին կազմում»:

301 թվականի արմատական հեղափոխության արդյունքում թեեւ տեղի ունեցավ պետության կառավարման զույգ հիմքերից մեկի՝ քրմական դասի ոչնչացումը, բայց նրան արագորեն փոխարինեց հայ հոգեւորականությունը: Հայկական քաղաքակրթության նոր ծաղկմամբ նշանավորված 5-րդ ոսկեդարը ցույց տվեց, որ մշակութային հարուստ ավանդույթները եւս հիմնավորապես չեն խախտվել։ Բայց որքան մեծ էր ժամանակին Տրդատ 3-րդի եւ Գրիգոր Լուսավորչի կողմից իրականացված հեղափոխության դրական արդյունքը, նրա հիմքում դրված որոշակի անհամամասնությունների հետեւանքով, որոշ ժամանակ անց, մենք շեղվեցինք պետականության կառուցման ճշմարիտ ուղուց: Տրդատ 3-րդի ու Գրիգոր Լուսավորչի ժամանակ Հայաստանը դարձավ լիարժեք պետություն, որովհետեւ թագավորն ու նոր «քուրմը» յուրաքանչյուրը զուգահեռաբար իրականացնում էին իրենց գործառույթները: Սակայն, ինչպես Գրիգոր Լուսավորչի, այնպես էլ նրա ժառանգների օրոք մեծ արագությամբ հզորացած Եկեղեցու հովվապետերը շարունակեցին իրենց համարել ոչ միայն պետականությանն անհրաժեշտ երկու ֆունկցիաներից մեկի կրողները, այլեւ թագավորին հավասար սուբյեկտները, ինչպես Սահակ Պարթեւն էր բնորոշում՝ թագավորի «ընկերը» (տես՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 306):

Եթե Տրդատ 3-րդին Դարձի բերած Գրիգոր Լուսավորչի պարագայում սա հասկանալի էր, ապա նրա հաջորդների դեպքում՝ ո՛չ։ Խիստ ընդարձակ կալվածքներ ձեռք բերած ու հարստացած Եկեղեցին թափանցեց նաեւ երկրի կառավարման ոլորտը, որի հետեւանքով թագավոր-քուրմ ֆունկցիաների տարանջատված երկմիասնությանը սկսեց փոխարինել երկրի աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների պայքարը։ Իրենց հերթին՝ երբեմն հեթանոսի բարքերով ապրող Արշակունյաց վերջին թագավորները խիստ դաժան գտնվեցին հոգեւոր իշխանության հանդեպ: Վերջինս էլ Ներսես Մեծի բերանով անեծք դրեց Արշակունիների վրա՝ կանխագուշակելով նրանց թագավորության կործանումը եւ նույն Ներսեսին այցելած Տեսիլքի միջոցով գուշակեց նաեւ հայերի հազարամյա ողբերգությունը՝ Արեւելքից ներխուժած «նետողաց» դաժան ցեղի տիրապետության տակ, եւ ապա փրկությունը, քրիստոնյա եղբայրների՝ ֆրանկների ձեռքով:

Այսպիսով, Արշակունյաց թագավորության ներսում խախտվեց յուրաքանչյուր պետության համար պարտադիր՝ կառավարման ու հոգեմտավոր ֆունկցիաների տարանջատումը, դրանց կրողները բախվեցին իրար, իսկ պետությունը սկսեց թուլանալ։ Նման պայմաններում, երբ թագավորին ենթարկվելու հարցում Եկեղեցին՝ ինքը, ոչ միշտ հետեւողական եղավ, նրա խոսքը, որը կենտրոնախույս նախարարներին զսպելու կարեւորագույն պայմանն էր, փաստորեն կորցրեց իր ազդեցությունը։ Մինչդեռ, հարեւան Բյուզանդիայում պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի կրող հոգեւորականությունը ընդհակառակը՝ աստվածացրեց կայսրին:

Նույն ողբերգությունը փաստորեն կրկնվեց նաեւ Բագրատունյաց թագավորության անկման շրջանում: Այս անգամ էլ նույն հոգեւոր իշխանությունն էր ի դեմս Պետրոս Գետադարձ կաթողիկոսի, որը համոզեց պատանի Գագիկ 2-րդ թագավորին հավատալ բյուզանդական կայսրի կողմից որպես երաշխիքներ Հայաստան ուղարկված Քրիստոսի Ավետարանին եւ Քրիստոսի Սուրբ Խաչի նշանին եւ մեկնել Կոստանդնուպոլիս: Մատթեոս Ուռհայեցին վկայում է, որ այդ նպատակով «…Աստծո որդու մարմնի եւ արյան սուրբ խորհուրդը բերեցին եւ կենարար արյան մեջ գրիչը թաթախելով հայրապետը եւ հայոց բոլոր իշխանները երդման գիր շարադրեցին։ Դրա վրա հայոց Գագիկ թագավորը գնաց Կոստանդնուպոլիս՝ Մոնոմախ կայսեր մոտ» (Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երեւան, 1973, էջ 63):

Անին հանձնելով Բյուզանդիային, հայոց հովվապետն ու նրա մերձավորները հույս ունեին, որ կայսրը նրանց համար կապահովի ոչ միայն հոգեմտավոր, այլեւ կառավարման գործառույթներ, որովհետեւ ինչպես վկայում է Արիստակես Լաստիվերտցին, «… յոյժ գանձուց սիրօղ էր Պետրոս…» (Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցիոյ, Երեւան, 1963, էջ 82)։ Փոխարենը, ընդամենը՝ 4-5 տարի անց, թուրք-սելջուկներն ասպատակեցին անպաշտպան մնացած երկիրը։ Դրանից հետո պարզ դարձան պետության կառավարման հոգեմտավոր գործառույթների իրականացման փոխարեն՝ հարստության ու իշխանության ձգտող եպիսկոպոսաց դասի իրական «ձեռքբերումները»։ Հարուստ Արծն քաղաքը սրի քաշած Իբրահիմի (Աբրեիմի) զինվորները իրենց աչքերին չէին հավատում, քանզի միայն Դավթուկ քորեպիսկոպոսի «…գանձատունը, որն Աբրեիմի ձեռքն անցավ, քառասուն ուղտի վրա բարձեցին» (Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երեւան, 1973, էջ 68):

Ուսումնասիրողների մի մասը հիմնվելով պատմիչների տեղեկությունների վրա, հետագայում Հայոց պետականության կործանման մեջ մեղադրել են մեր թագավորներին ու նախարարներին՝ իրենց «անառակ» վարք ու բարքի համար, իսկ ավելի ուշ շրջանի հեղինակները՝ դրանում փնտրել են իշխանության ու հարստության ձեռքբերման ցանկությամբ տարված Եկեղեցու սպասավորների մեղքը։ Մենք գիտակցում ենք նման տեսակետների միակողմանիությունը, քանզի պետություն ստեղծում են այն ազգերը, որոնք առաջնորդվում են «Աստծունն՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին» սկզբունքով, այսինքն՝ ապահովում են կառավարման վարչական եւ հոգեմտավոր ֆունկցիաների տարանջատումն ու միեւնույն ժամանակ, դրանց միասնականությունը, երրորդ սուբյեկտի՝ ժողովրդի հետ հարաբերությունների դաշտում:

Միջնադարից հայտնի բոլոր հզոր քրիստոնեական կայսրությունները ձեւավորվել են ոչ թե իրենց նախնական մեծ ներուժի, այլ թագավորի ու եկեղեցու ֆունկցիաների հստակ տարանջատման շնորհիվ, երբ Եկեղեցին երկրի վրա Աստծո ներկայացուցիչն է համարել թագավորին կամ կայսրին, իսկ վերջինս հավատարիմ է մնացել Տիրոջ պատգամներին: Մեզանում այդ ամենը խախտվեց եւ՛ Արշակունյաց, եւ՛ Բագրատունյաց թագավորությունների շրջանում, որոնց արդյունքում թագավորն ու հովվապետը միասնական ճակատով հանդես չեկան ֆեոդալական մասնատվածության միտումները զսպելու եւ արտաքին վտանգներին դիմակայելու հարցում:

Այսպիսով, եւ՛ Արշակունյաց, եւ՛ Բագրատունյաց թագավորությունները նախ խարխլվեցին ներսից, որպես ֆունկցիոնալ առումով անկատար կառույցներ, որից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ արտաքին նվաճողներին ու հայտնվեց նրանց տիրապետության տակ: Արտաքին աշխարհում ուրվագծվող սպառնալիքների՝ մուրճի ու սալի առկայության պայմաններում նախ եւ առաջ՝ չգործեց դրանց հակազդելու գիտակցություն ու կամք ձեւավորող՝ պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիան:

4. Թագավորությունները կործանվեցին, իսկ առաջին հանրապետությունը՝ չկայացավ

Անիի թագավորության կործանումից մոտ 900 տարի անց ստեղծված Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը՝ միջնադարից հայտնի հերոսներ-դավաճաններ սխեմայով քննելու փորձերը, ինչպես նաեւ՝ որոշ ծանրակշիռ մասնագետների եզրակացությունները՝ 1920թ. հայ-թուրքական պատերազմում Հայաստանի Հանրապետության պարտության եւ հայոց անկախ պետականության կործանման արտաքին պատճառների կամ ազդակների բացարձակ գերակայության մասին, նույնպես չեն պատասխանում մեր կողմից առաջադրված հարցերին: Գաղտնիք չէ, որ 1920թ. աշնան նախօրեին Հայաստանի Հանրապետության շուրջը, իսկապես, գնալով առարկայանում էր առաջացող Խորհրդային Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի ուժերի գերակշռությունը: Ակնհայտ էր նաեւ Հայաստանին աջակցելու հարցում Անտանտի երկրների որդեգրած վերապահ մոտեցումը: Սակայն, եթե դա էր Հայաստանի առաջին Հանրապետության այդքան արագ կործանման սկզբնապատճառը (հայկական բանակը Մ. Քեմալի հորդաներին լրջորեն դիմադրեց փաստորեն 1 ամիս 1 շաբաթ՝ մինչեւ 1920թ. հոկտեմբերի 30-ը), ապա պետք է, որ այդ գերակշռությունը կերպավորվեր Հայաստանի ուժերին ո՛չ համարժեք՝ ռազմական, քաղաքական կամ այլ լծակների տեսքով: Մինչդեռ, փաստերը վկայում են, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը իր դեմ նետված ուժերի հարվածներից ընկրկեց: Այսինքն՝ նրա կործանումը ոչ այնքան հակառակորդի անհամաչափ ներգործության, այլ նրա հետ «թույլ շփման» արդյունքն էր:

Փաստերի ճնշմանը չեն դիմանում 1920 թ. աշնանը Հայաստանի իբր՝ զուտ ռազմական պարտություն կրելու մասին զինվորական նախարար Ռուբենի (Մինաս Տեր-Մինասյան) առաջ քաշած վարկածը, ինչպես նաեւ հետագայում միայն ուռճացված՝ բոլշեւիկների դավաճանության մասին պնդումը: Չեն դիմանում ոչ թե այն պատճառով, որ նման կոնկրետ փաստեր չեն արձանագրվել, այլ որովհետեւ դրա՛նք չեն եղել նոր ժամանակներում մեր առաջին անկախ պետության ձախողման խորքային պատճառները: Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել