Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԴՄ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին

Հունվար 17,2008 00:00

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության քաղաքական խորհրդի մոտ չորս ժամ տեւած ընդլայնված նիստում որոշում է ընդունվել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նիստում հնչել է 16 ելույթ, որից 14-ը՝ հօգուտ գործող վարչապետի, մյուս երկուսը ձեռնպահ են եղել: Այդ մասին երեկ հայտարարեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ հիմնավորեց որոշման պատճառները. «Մենք հայտնվել ենք երկրորդ սերնդի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության առջեւ, որոնց արդյունքում՝ ներքին կյանքում պետք է անշրջելի երաշխիքներ ստեղծվեն՝ իրավունքի, օրենքի գերակայության, սոցիալական արդարության եւ տնտեսական ազատ մրցակցության, եկամուտների եւ ունեցվածքի արդար բաշխման, բեւեռացման, կոռուպցիայի, հովանավորչության նվազեցման: Այս բոլորը միաժամանակ կարող են իրականացվել, երբ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենանք կանխատեսելի, հասկանալի քաղաքական համակարգ եւ արդյունավետ գործող պետական իշխանություն»: Անվտանգության երաշխիքների առիթով էլ ասում է, որ էական են Հայաստանի եւ հարեւանների կայուն փոխհարաբերությունները: Փաստելով այս առաջնահերթությունները, ՔԴՄ-ում արձանագրում են, որ դրանք համընկնում են կառավարության ու ՀՀԿ-ի, հետեւաբար նաեւ՝ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մոտեցումներին: Բացի այդ՝ «Առաջադրված թեկնածուներից ամենից ավելի շատ քաղաքական եւ հասարակական ռեսուրս՝ իր առջեւ դրած ծրագրերը լուծելու, ունի Սերժ Սարգսյանը»,- ասում է ՔԴՄ նախագահը՝ իր եւ քաղխորհրդի կողմից կոչ անելով կուսակիցներին ու ՀՀ քաղաքացիներին անմիջական եւ ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացին: Կարեւորելով ընտրությունների օրինական ընթացքն էլ՝ ՔԴՄ-ն նաեւ կոչ է անում դրսեւորել քաղաքական ու քաղաքացիական վարքագիծ: Խ. Հարությունյանը հայտարարում է, որ այդ որոշումը որեւէ պայմանավորվածության արդյունք չէ, եւ Ս. Սարգսյանի ընտրվելու դեպքում ինքն ակնկալիքներ չունի:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, պարոն Հարությունյանն ասում է, որ իրենք համամիտ չեն հանրապետության առաջին նախագահի այն թեզին, որ Հայաստանը համաշխարհային ժամանակակից զարգացումների մայրուղուց շեղված է եւ այլեւս կորցրել է բարգավաճ զարգանալու որեւէ հեռանկար ու մի կերպ գոյատեւման ռեժիմում է: «Իհարկե, մենք խնդիրներ ունենք, բայց որեւէ մեկը դրանցից չի խուսափում: Եթե համաշխարհային մայրուղուց շեղվել ասելով նկատի է առնվում, որ եթե ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված լիներ՝ Հայաստանն ակտիվորեն ներգրավված կլիներ տարածաշրջանային ինտեգրացման գործընթացներում՝ թույլ տվեք նկատել, որ այսօր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերի հիմնական ճարտարապետը Թուրքիան է: Այդ ճարտարապետությունն իրականացնելու համար Թուրքիան օգտագործում է հայ-թուրքական սահմանի փակ լինելը: Սահմանը փակ լինելու երեք նախապայմաններից միայն մեկն է վերաբերում ԼՂՀ-ին: Այնպես որ, եթե անգամ ԼՂՀ հարցը լուծված լիներ, մենք քիչ հավանական ենք համարում Հայաստանի առավել ներգրավվածությունը: Մենք համոզված ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կհայտնվեն մեր քաղաքական օրակարգի առանցքային տեղում: Իսկ Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները պատմական ծանր բեռ են, որոնք նստած են մեր սերնդի ուսերին. սրանք մեկ անգամ լուծում են ստանալու՝ տասնյակ, միգուցե հարյուր տարիների համար: Հետեւաբար, շտապողականություն ցուցաբերել չարժե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել