Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ ՉՊԱՏԱՍԽԱՆԵ՞ՆՔ»

Հունվար 17,2008 00:00

\"\"«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը երեկ ասաց, որ չի խոսելու Տեր-Պետրոսյանի մասին:

«Առավոտի» տեղեկություններով, Երեւան ի Դավիթաշեն համայնքում տարածքների սեփականատերերը նույնիսկ չափազանց բարձր վճարների դիմաց հրաժարվում են նախընտրական շտաբի համար վարձակալական տարածքներ տրամադրել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին (քանի որ զգուշացվել են դրա հետեւանքների մասին): Փոխարենը նույն համայնքում, բավականին աչքի ընկնող տարածքում (հայտնի «սպիտակ խանութ») իր նախընտրական շտաբն է բացել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը: Դավիթաշենցիներին տարիներ շարունակ հայտնի է, որ այդ «սպիտակ խանութի» տերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Եվ քանի որ ուղղակի անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս է լինում, որ ընդդիմադիր մի թեկնածուին մերժում են տարածք տալ, իսկ մյուսին տարածք են տալիս ամենից երեւացող տեղում, «Առավոտը» «Հայելի» ակումբում երեկ հյուրընկալված ԱՄ փոխնախագահ, Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսան Կարապետյանին հարցրեց, թե այդ կարգի զուգադիպությունները ինչպե՞ս են ստացվում: Նախ ցանկացանք հասկանալ՝ արդյոք «Ազգային միաբանությունը» դժվարություններ ունենո՞ւմ է տարածքների վարձակալման հարցում: Ի պատասխան մեր հարցի, պարոն Կարապետյանը ասաց, որ իրենք շտաբներ արդեն 2-3 տարի ունեն եւ նոր տարածքներ չեն վերցրել, իսկ բացվելիք ենթաշտաբները «լինելու են համակիրների բնակարաններում, այսինքն՝ արդեն առկա պայմաններում են»: Ալեքսան Կարապետյանը հերքեց մեր տեղեկությունները, որ այդ «սպիտակ խանութը» Սամվել Ալեքսանյանինն է. «Դա Սամվել Ալեքսանյանինը չէ, դա մեր կուսակցության անդամինն է եւ ոչ մի կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ»: Ավելի ուշ պարոն Կարապետյանը ասաց, որ եթե հարկ կա, ինքը պատրաստ է ծանոթացնել այդ տարածքի տերերի հետ:

Ի դեպ, Ալեքսան Կարապետյանին ուղղված հարցերի գերակշիռ մասը նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Լրագրողները ուզում էին հասկանալ, թե ինչո՞ւ են «Ազգային միաբանության» թեկնածուն եւ նրա կուսակիցները ավելի շատ խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, քան իրենց ծրագրերի, թե ինչո՞ւ ԱՄ-ականները առիթը բաց չեն թողնում «քլնգելու» նախկին նախագահին եւ այլն: Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի պետը բոլոր այս հարցերը ուշադրությամբ եւ համբերատար լսելով՝ «պրովոկացիաների» չենթարկվեց եւ գրեթե ոչ մի խոսք չասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին. «Լրագրողները պրովոկացիաներ են անում եւ չես կարողանում դրանց չպատասխանել: Իսկ երբ պատասխանում ես, առաջին մասը հանում են, թողնում են միայն վերջին մասը: Ես հիմա չեմ ուզում խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին եւ նրան վերաբերող ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել, ես ուզում եմ ներկայացնել, թե ինչով է «Ազգային միաբանությունը» գնում դեպի նախագահական ընտրություններ»: Ալեքսան Կարապետյանը հայտարարեց, որ իրենք «ի սկզբանե» չեն պայքարել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ. «Եվ դա է վկայում այն փաստը, որ Արտաշես Գեղամյանը՝ առաջիններից մեկը, հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպել»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին «Ազգային միաբանությունը» սկսեց պատասխանել այն ժամանակ, երբ «նա ասեց, որ ով իրեն չի միանում, ուրեմն ազգի թշնամի է, այս իշխանությունների դրածոն է եւ այլն: Եվ դա մեզ վիրավորեց: Յոթը տարի է՝ մենք քաղաքականության մեջ ենք, նա տասը տարի… էլ չեմ ուզում խոսել այդ մասին: Իսկ ինչո՞ւ պիտի մենք միանայինք նրան, սկսենք հենց դրանից: Մենք չենք գտնում, որ նա այն թեկնածուն է, որին մեր ժողովուրդը սպասում է, որը կտանի երկիրն այն ուղղությամբ, որը մենք ցանկանում ենք եւ մեր թեկնածուի ծրագրով էլ ձգտում ենք: Եվ եթե նա (Տեր-Պետրոսյանը- Մ. Ե.) սկսում է ցեխ շպրտել մեր լիդերի հասցեին՝ բա չպատասխանե՞նք: Չպատասխանենք՝ կասեն բան չունեն ասելու, պատասխանում ենք, ասում են՝ իրենց ծրագիրը թողած, Տեր-Պետրոսյանից են խոսում»: ԱՄ փոխնախագահն ասաց նաեւ, որ իրենց նպատակը ազգի միաբանությունն է, եւ եթե գտնվեն մարդիկ, «ովքեր կուզենան այդ միաբանության դեմն առնել, խանգարել եւ անկայունություն ստեղծել մեր երկրում, որ մեր դարավոր «բարեկամները»՝ ադրբեջանցիները եւ թուրքերը ուրախանան, մենք չենք թողնի, մենք հակահարված կտանք այդ մարդկանց եւ չենք թողնի մեր ժողովրդին խաբեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել