Ընտրությունները կազմակերպելու եւ վերահսկելու կոչված մարմնի՝ ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ իրազեկության մասին հարցադրումները սոսկ հռետորական են:
Երեկ Մամուլի ազգային ակումբի կազմակերպած «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրությունների օրինականության ու թափանցիկության ապահովումը» քննարկման ընթացքում ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը մի այսպիսի փաստ հրապարակեց. «Հայրս 7 տարի է՝ մահացած է: Եվ ամեն տարի ընտրությունից առաջ ես գնում եմ ոստիկանություն ու հանում նրա անունը: Բայց ամեն ընտրության ժամանակ գնում ու տեսնում եմ՝ նրա անունն էլի ցուցակում է»:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյանն այս փաստի հրապարակումից առաջ էր մի շարք հարցեր ուղղել ընտրացուցակների մատչելիության եւ թափանցիկության վերաբերյալ՝ նշելով, թե չունի պատասխանի ակնկալիք: «Տեղյա՞կ է արդյոք ԿԸՀ-ն, որ նախորդ՝ մայիսին կայացած ընտրությունների ժամանակահատվածում ՕԵԿ-ը շուրջ 1500 անճշտությունների վերաբերյալ դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ հրավերների վարչություն՝ ուղղումներ կատարելու ակնկալիքով: Եվ ստացել էինք ընդամենը մի քանի տասնյակ առաջարկությունների վերաբերյալ պատասխաններ,- հարցրեց Արտաշես Ավոյանը:- Տեղյա՞կ է արդյոք ԿԸՀ-ն, որ տեղամասային կենտրոններում փակցված նախնական ընտրացուցակներին բազմահազար քաղաքացիներ այսօր հնարավորություն չունեն ծանոթանալու եւ ճշգրտումներ կատարելու, այն պատճառով, որ դրանք հիմնականում կրթական հաստատություններում են փակցված՝ դպրոցներում, եւ այս օրերին, արձակուրդների պատճառով, այդ դպրոցները փակ են»: Ըստ նրա՝ ԿԸՀ-ի կայքէջն էլ մի քանի օր չաշխատեց, որի միջոցով հնարավոր կլիներ պարզել ընտրացուցակներում անճշտությունները: ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը քիչ անց պարզաբանեց կայքէջի չգործելու պատճառը՝ փոփոխություններ են արվում, որոնք հնարավորություն կընձեռեն քվեարկության օրը real-time ռեժիմով հետեւել արդյունքների մուտքագրմանը:
Սակայն փոխանցենք Արտաշես Ավոյանի եւս մի հարց. «Տեղյա՞կ է արդյոք ԿԸՀ-ն, որ այսօր ընդդիմադիր թեկնածուները եւ մասնավորապես Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը գովազդային ցուցանակների ձեռքբերման խնդիր ունեն: Մասնավոր տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ գործունեությամբ՝ արդեն խոչընդոտներ են ստեղծում այդ ցուցանակները ձեռք բերելու հարցում»:
Այս հռետորական հարցադրումներին ԿԸՀ քարտուղարն այնուամենայնիվ արձագանքեց՝ պատասխան հարց ներկայացնելով. «Տեղյա՞կ է արդյոք Արտաշես Ավոյանը, որ ՕԵԿ-ը ներկայացված է ընտրական հանձնաժողովների ամբողջ եռաստիճան համակարգում եւ «Ընտրական օրենսգրքի» համապատասխան՝ պատասխանատվություն է կրում ընտրական գործընթացների համար»:
Այս քննարկման բազմաթիվ մասնակիցներ արձանագրեցին, թե թեկնածուներից շատերի համար այսօր արդեն իսկ սկսվել է քարոզարշավը, ինչն օրենքով արգելվում է, եւ այդ առնչությամբ ԿԸՀ-ն քայլեր չի ձեռնարկում: Այս կապակցությամբ էլ «Առավոտը» մի հարց ուղղեց Աբրահամ Բախչագուլյանին, թե տեղյա՞կ է՝ ինչո՞ւ է «Ընտրական օրենսգրքով» հստակ սահմանվել նախընտրական քարոզարշավի ժամանակահատված, եթե այնուամենայնիվ՝ արդեն իսկ քարոզչություն է իրականացվում, եւ ԿԸՀ-ն այդ ամենին չի արձագանքում՝ պատասխանելով, թե իրենք վերահսկելու լիազորություն ունեն միայն քարոզարշավի շրջանում: «Քարոզչության սահմանում եւ քարոզչության վերաբերյալ դրույթներ «Ընտրական օրենսգիրքը» չունի: Եվ ԿԸՀ-ն պարտավորված է իրականացնել այնպիսի լիազորություններ, որոնք վերապահված են իրեն օրենքով,- պատասխանեց ԿԸՀ քարտուղարը:- Ինչ վերաբերում է քարոզչություն հասկացությունը հավասար կամ անհավասար հնարավորությունների համատեքստում դիտարկմանը, ապա «Ընտրական օրենսգիրքը» հավասարությունը սահմանել է նախընտրական քարոզչության համար: Իսկ ցանկացած քարոզչություն, իմ կարծիքով, սկսվում է, ընտրության հաջորդ օրվանից: Եվ ցանկացած միջոցառում կարելի է որակել իբրեւ քարոզչություն կամ տեղեկատվության մատուցում: Համագումար անելը՝ քարոզչություն է: Հանրահավաք անելը՝ քարոզչություն է: Երթ անելը քարոզչություն է: Թերթ տպելը՝ քարոզչություն է: Այլ կերպ՝ այս ամենը կարելի է մեկնաբանել նաեւ որպես տեղեկատվության մատուցում, կարծիք ու դիրքորոշում հայտնել: Այսինքն, այստեղ երկակիություն կա: Եվ սահմանումների բացակայության պայմաններում՝ մնում է որպես սուբյեկտիվ մեկնաբանությունների առարկա»: Մեր հարցին՝ արդյոք այնուամենայնիվ ուղղակի քարոզչություն չե՞ն «Մեր քվեն՝ Սերժ Սարգսյանին» մակագրությամբ բաճկոնները՝ պրն Բախչագուլյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, թե դրանք քարոզչություն չեն»:
Հ. Գ. Մի հարց էլ մեր զրույցի ընթացքում ԿԸՀ-ին ուղղեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը. «Տեղյա՞կ են արդյոք, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պիտի քարոզարշավի ընթացքում արձակուրդ գնա՝ որպես վարչապետ: Եվ տեղյա՞կ են արդյոք, թե ո՞վ է նրան փոխարինելու, եթե փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս զբաղվելու է քարոզչությամբ՝ ղեկավարելով Սերժ Սարգսյանի շտաբը»: