Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Հունվար 16,2008 00:00

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը:

Երեկ հայտարարված հանգստյան օրվանից առաջ կայացած յոթ խաղափուլերում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Նա տարել է հինգ հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ իր անվան դիմաց գրանցել 6,0: Ութերորդ տուրից առաջ առաջնության 13 մասնակիցները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Տիգրան Լ. Պետրոսյան 6,0 միավոր, Սմբատ Լպուտյան-4,5, Արտաշես Մինասյան-4,0, Սամվել Տեր-Սահակյան-4,0, Արա Մինասյան-3,5, Աշոտ Անաստասյան-3,5, Տիգրան Քոթանջյան-3,0, Արման Փաշիկյան-3,0, Զավեն Անդրիասյան-3,0, Կարեն Ասրյան- 2,5, Լեւոն Բաբուջյան-2,0, Տիգրան Նալբանդյան-1,0, Արսեն Եղիազարյան-1,0

Առաջնության կազմակերպիչները մասնակիցների համար սահմանել են մեր չափանիշներով բավականին պատկառելի մրցանակային ֆոնդ, որը բաշխվելու է հետեւյալ կերպ:

1-ին տեղ՝ 1 մլն 500 հազար դրամ,

2-րդ տեղ՝ 900 հազար,

3-րդ տեղ՝ 500 հազար,

4-րդ տեղ՝ 300 հազար,

5-րդ տեղ՝ 200 հազար:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում պարգեւատրման գումարը շախմատիստների միջեւ կբաժանվի հավասարաչափ:

6-13-րդ տեղերը գրավող շախմատիստները վաստակած յուրաքանչյուր միավորի համար կպարգեւատրվեն 10-հազարական դրամով:

Տղամարդկանց առաջնությանը զուգահեռ, մեկնարկել է նաեւ հանրապետության կանանց բարձրագույն խմբի 62-րդ առաջնությունը, որում չեմպիոնուհու կոչումը վիճարկում են 10 շախմատիստուհիներ (մեր երկու առաջատարները՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը չեն մասնակցում: Նրանք նախապատրաստվում են միջազգային հեղինակավոր մրցաշարերի):

Ուրախալի է, որ կանանց մրցաշարում հանդես են գալիս նաեւ հանրապետության մարզերի եւ քաղաքների ներկայացուցիչները: Նրանք են. Սիրանուշ Անդրիասյան (Արմավիր), Մարիաննա Գասպարյան (Գյումրի), Նարինե Գասպարյան, Լիա Մարտիրոսյան, Լիանա Աղաբեկյան, Անահիտ Խառատյան (բոլորն էլ՝ Վանաձոր), Լուսինե Կարապետյան (Սիսիան), Նաիրա Մովսիսյան (Աբովյան), Նելլի Աղինյան, Լիլիթ Գալոյան (երկուսն էլ՝ Երեւան):

Խաղացված երկու տուրերում հարյուր տոկոսանոց արդյունք էր ցույց տվել միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը: Լիանա Աղաբեկյանը 1,5 միավորով երկրորդն էր: Մեկական միավորով 3-8-րդ տեղերը բաժանում էին Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը, Նարինե Գասպարյանը, Մարիաննա Գասպարյանը, Լիա Մարտիրոսյանը, Լուսինե Կարապետյանը: Նաիրա Մովսիսյանը կես միավորով նախավերջին տեղում էր, իսկ Անահիտ Խառատյանը առանց միավորի եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Երեկ երրորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել