Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավախքը թշնամացած է ընդդիմության հետ»

Հունվար 16,2008 00:00

Ասում է Ախալքալաքում Դավիթ Գաբրելիձեի շտաբի ղեկավար Արմեն Ֆարմանյանը

Վրաստանի նախագահական ընտրություններն իսկական քաոս առաջացրին ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության շրջաններում: Մինչ այդ «միջազգային չափանիշներին» համապատասխանող ընտրություններն այսօր արդեն որակվում են կեղծված:

Ջավախքում էլ այս հարցի առնչությամբ խառնաշփոթ է տիրում: Բոլորովին տարբեր են հակառակ կողմերի մեկնաբանությունները: Նախագահական ընտրությունների ընթացքի, ջավախահայերի մասնակցության եւ քվեարկության հետ կապված իր տեսակետն ունի Ախալքալաքում Դավիթ Գաբրելիձեի շտաբի ղեկավար Արմեն Ֆարմանյանը:

– Մեր նախնական հարցազրույցի ընթացքում տեղեկացա, որ Թբիլիսիից երեկ եք վերադարձել: Ի՞նչ է ծրագրել ընդդիմությունը:

– Ընդդիմության ձեռքում կան փաստ- ապացույցներ՝ կեղծված արձանագրությունների վերաբերյալ, այսինքն՝ տեղամասերից ստացված տվյալներն ու կենտրոնական հանձնաժողովինը չեն համապատասխանում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մի արձանագրության մեջ, օրինակ՝ 13 հոգի ստորագրում են, որ ընդդիմության օգտին 50 անձ է քվեարկել, բայց Կենտրոնական հանձնաժողովի արձանագրության մեջ այդ նույն 13 հոգին նշում են, թե 25-ն է քվեարկել: Պարզվեց, որ ընտրությունների ընթացքում այս մասին բողոքարկվել է Կենտրոնական հանձնաժողովին, բայց՝ անօգուտ: Վրաստանի որոշ շրջաններում ընդհանրապես չեն էլ քվեարկել Սահակաշվիլու օգտին, ու այս փաստերի հիման վրա էլ ընդդիմությունը պնդում է, որ նա չէր կարող ստանալ ձայների գերակշիռ մասը:

– Ջավախահայերի ընդամենը 10 տոկոսն էր քվեարկել ընդդիմության օգտին: Ըստ ձեզ, այս տարածաշրջանում նույնպե՞ս ընտրակեղծիք է եղել, թե՞ այլ պատճառ կա:

– Նախ ասեմ, որ իրենք ոչ մի ադմինիստրատիվ ռեսուրսի պակաս չեն զգացել: Մեզ բլոկադայի մեջ էին գցել, ուժային մարմիններ կային, որոնք ընդդիմության դեմ էին գործում: Ժողովուրդը վախից չէր այցելում մեր հավաքներին: Զգուշացրել էին ուսուցիչներին, բուժաշխատողներին, որոնց պետությունն է աշխատավարձ տրամադրում, քվեարկել Սահակաշվիլու օգտին: Բայց ընտրակեղծիք էլ է եղել… Վատ եղանակի պատճառով բոլոր ընտրողները չեն քվեարկել եւ նրանց փոխարեն… Ու նաեւ 17-20 տարի առաջ մահացած մարդկանց անուններ են եղել ցուցակներում, իսկ նրանց անվան դիմաց՝ ստորագրություններ: Այդ փաստերը կան: Ինչպե՞ս կարող էին այդքանը նրա օգտին քվեարկել, եթե մեր ժողովրդի մեծ մասը Ռուսաստանում էր փող վաստակում, իսկ Սահակաշվիլին վատթարացրեց հարաբերությունները ռուսների հետ, եւ Ջավախքի ողջ բնակչությունը մնաց հայրենիքում՝ առանց աշխատանքի: Ես բանկի տնօրեն եմ եղել, այդ ժամանակ տարեկան շուրջ 12 մլն դոլար միայն իմ բանկի միջոցով էին ջավախահայերը փոխանցում իրենց հարազատներին… Ռուսական զինակայանը հանելու ժամանակ Սահակաշվիլին խոստացավ նոր աշխատատեղեր տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր աշխատում էին այդտեղ: Բայց չարեց: Նրա օժանդակությանբ, այո, վերանորոգվեցին դպրոցները, բայց աշխատողները մինչ օրս իրենց աշխատավարձը չեն ստացել: Ու երբ հարցնում ես, թե ինչու չեք տվել, ասում են, որ բրիգադիրը փողերը յուրացնելու համար ձերբակալված է…

– Շատ ընտրողներ պնդում են, որ ծանոթ չէին եղել ընդդիմության ծրագրերին:

– Այդ ինչո՞ւ: Չէ՞ որ երբ Գաչեչիլաձեն ուզում էր Ախալքալաք գալ, իր շտաբի ներկայացուցիչներին պրովոկացիայի ենթարկեցին, նա էլ մեզ մոտ չեկավ՝ մտածելով, որ լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել:

Գաբրելիձեի այցի ժամանակ հարգվեց մեր մշակույթը. նա հայկական եկեղեցի այցելեց, մենք էլ փոխադարձաբար՝ վրացական եկեղեցի: Բայց ոչ Սահակաշվիլին, ոչ էլ որեւէ այլ քաղաքական գործիչ հաշվի չեն առնում մեր մշակույթը…

– Լավ, իսկ որքանո՞վ ջավախահայ ընտրողը համոզված լիներ, որ ընդդիմությունն իր ծրագրերը իրականացնելու էր…

– Չէ՞ որ 17 տարի Ախալքալաքի գյուղատնտեսությունը փլուզված է եւ մինչ այսօր մի քար չի դրվել քարի վրա: Մի քանի տրակտոր է բերվել ու բոլորին ցուցադրում են, թե տրակտորներ ունենք: Նինոծմինդայի տրակտորները ընտրությունից հետո տարան Թբիլիսի, երեւի մի քանի օր հետո էլ Ախալքալաքից կտանեն: Մեր աչքին թոզ է փչում այս կառավարությունը, մենք էլ նրան ծափ ենք տալիս:

– Լուրեր են պտտվում, որ նախագահական ընտրությունների հետ կապված, վրացիները սկսել են վատ աչքով նայել ջավախահայերին…

– Այո, Ջավախքը թշնամացած կարելի է համարել ընդդիմության հետ: Եվ ոչ միայն… Երբ Թբիլիսիում որեւէ ջավախահայ, ասենք՝ սննդամթերք է վաճառում, ասում են՝ գնացեք ձեր Ախալքալաքում վաճառեք: Եթե ձեր նախագահը Սահակաշվիլին է, իրեն էլ ձեզ հետ տարեք, թող այնտեղ կառավարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել