Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ «ՀԵՌԱՑԱԾԸ»՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Հունվար 16,2008 00:00

\"\"Երգիչ Մուրադ Ամիրխանյանը հաջողություններ է գրանցում արտերկրում

Որոշ մասնագետներ փորձում են ինչ-ինչ «պարզաբանումներով» սեւացնել դրսում ստեղծագործողների գործունեությունը: Օրինակ, երբ մեր թերթն առաջինը լուսաբանեց (2.11.2004թ.) գերմանաբնակ, այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած երեւանյան առաջին համերգը, հաջորդ օրը Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվներից մեկի տնօրենը կապվեց մեզ հետ, ասելով, թե ի՞նչ կարիք կա անդրադառնալ «ժամանակին հայրենիքից հեռացած, եվրոպաներում իբր տարբեր մրցույթների մասնակցած ու անուն հանած ամեն մեկին»: Ի վերջո, կարեւոր չէ, թե հայաստանցի երաժիշտը նվագում է «Քարնեգի հոլլում», հանդես գալիս «Գրանդ օպերայում», մասնակցում ազգային նշանակություն ունեցող որեւէ ձեռնարկի, կարեւորն այն է, որ արվեստագետը գուցե եւ ստեղծագործական բավարարվածություն չունենալով հայրենիքում, ձգտում է դրսում իրեն «իրացնել»՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր ազգային մշակույթին ու արտերկրում ունեցած ճանաչմանը:

2007թ. նոյեմբերին Երեւանում առաջին անգամ հանդես եկավ 2000-ից Փարիզում հաստատված բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը: Երգիչը վերջերս Ամանորի առիթով եւս հայրենիքում էր եւ սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Տեղեկացնենք, որ նա 1998-2000 թթ. հանդիսացել է Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, իբրեւ մենակատար հանդես եկել Ա. Ղարաբեկյանի, Զ. Վարդանյանի ղեկավարած կամերային նվագախմբերի հետ, իսկ օպերային թատրոնում Մարկիզի դերերգով բեմ է բարձրացել միայն Վերդիի «Տրավիատայի» համերգային կատարմամբ (Օհան Դուրյանի ղեկավարությամբ):

Մ. Ամիրխանյանը պատմեց, որ 2000թ. մեկնել է Ֆրանսիա, կատարելագործվել Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Կարոլին Դյումայի դասարանում, վարպետության դասեր ստացել աշխարհահռչակ բարիտոններ Ժոզե Վան Դամից եւ Ֆրանսուա Լը Ռուից: Երգիչը հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով ապագայում Լը Ռուին Երեւանի պետկոնսերվատորիայում կանցկացնի վարպետության դասեր: Մ. Ամիրխանյանը Ֆրանսիայում 2003 եւ 2004թթ. մասնակցել է վոկալիստների հեղինակավոր միջազգային մրցույթներին՝ «UFAM» եւ «De Vive Voix», շահելով առաջին մրցանակ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում իր գործունեության մի ստվար հատված «նվիրված» է երեխաներին. «2007թ. աշխարհահռչակ թավջութակահար Դոմինիկ Վիլիանկուղի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ունեցա համերգաշար, որի հասույթը փոխանցվեց Սպիտակի տարածաշրջանի Գեղասար գյուղի երեխաներին: Աշխարհահռչակ թավջութակահարը հիմնել է ընկերություն, որը օգնում է նշածս գյուղի երեխաներին՝ սկսած գրենական պիտույքներից մինչեւ համակարգիչներ: Բարեգործական ակցիաներով հանդես եմ եկել նաեւ Ֆրանսիայի հայ կաթոլիկ եղեկեցու կազմակերպած միջոցառումներին: 2008թ. մարտին էլ իմ մասնակցությամբ համերգներ են նախատեսված, որոնց հասույթը կուղղվի աֆրիկացի երեխաների կարիքները բավարարելուն»:

Խնդրեցինք ներկայացնել իր գործունեությունը Ֆրանսիայի օպերային բեմերում, մանավանդ որ, «Կուլտուրա» TV-ից մեզ հայտնի էին հայ երգչի մասնակցությամբ՝ ռեժիսոր Կորինա Վան Էյքի նկարահանած Վերդիի «Ռիգոլետտո» եւ Սեն Սանսի «Սամսոն եւ Դալիլա» ֆիլմ-օպերաները: «2008-ին նույն ռեժիսորի կողմից ունեմ հրավեր՝ նկարահանվելու նաեւ Վերդիի «Ֆալստաֆում»: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում որպես օպերային երգչի իմ գործունեությանը, իհարկե, հեղինակավոր բեմերում հանդես գալու ցանկությունս մեծ է, բայց առայժմ «Գրանդ» կամ «Բաստիլ» օպերային բեմեր դուրս չեմ եկել: Այն դերերգերը, որ իմ ձայնի համար են, պահանջում են ավելի հասուն տարիք, իսկ, օրինակ, շրջիկ օպերային թատերախմբի հետ (իսկ նման խմբերն արեւմուտքում մեծ տարածում ունեն) կատարել եմ Դոն Պասկուալեի դերերգը՝ Դոնիցետիի համանուն օպերայում»,- տեղեկացրեց երգիչը: Նա ասաց նաեւ, որ հայրենիք այցելելուց առաջ Կարիբյան կղզիներում դուետներով հանդես է եկել աշխարհահռչակ կոլորատուրային սոպրանո Ան Շառլոտ Մանյուի հետ, որը, ի դեպ, տարված է Անուշի դերերգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել