Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական լծակները գործո՞ւմ են

Հունվար 16,2008 00:00

Կուսակցությունների ներկայացուցիչները պատմում են Լոռիում ստեղծված նախընտրական իրավիճակի մասին

Թե ինչպես է Լոռու մարզում նախընտրական իրավիճակը՝ քաղաքական տարբեր ուժերի մարզային կառույցների ղեկավարներ տարբեր գնահատականներ են տալիս: Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Խաչիկ Հարությունյանի. «Մարզային իշխանությունները, ունենալով իրենց թեկնածուն, ամեն ինչ անում են՝ ապահովելու նրա հաղթանակը, եւ միջոցների առաջ կանգ չեն առնում: Օգտագործում են բոլոր վարչական լծակները: Անուղղակի ճնշումներ կան կուսակցության ակտիվի վրա: Դրանք թաքնված բնույթ են կրում: Բայց ասեմ, որ այդ ճնշումների արդյունքում մեզ լքողներ չկան, կուսակիցները, պարզապես, փորձում են գործել գաղտնի, չզրկվելով իրենց աշխատանքից, որով կերակրում են ընտանիքները»: Պարոն Հարությունյանը վստահեցնում է, որ «Օրինաց երկիրը» Վանաձորում ունի ուժեղ, մարտական կառույց, ինչի մասին, ըստ պարոն Հարությունյանի, վկայում է այն իրողությունը, որ վերջին ընտրություններից շատերում ընտրության անաչառությունը հնարավորինս պահպանվում էր հենց իրենց կուսակցության անդավաճան ու անաչառ անդամների շնորհիվ: Նա հույս հայտնեց նաեւ, որ քաղաքական տարբեր կառույցների հետ համագործակցելով, կկարողանան «պահել» նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում ստացած ձայները:

Մարզում տիրող նախընտրական իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ ՀՅԴ Լոռու մարզային կառույցի ղեկավարի հետ: Սակայն թե ով է իրավասու պատասխանել մեր հարցերին, երկար բանակցելուց հետո հեռախոսով մեզ ասացին, որ իրենց կառույցը ղեկավար չունի, այլ բաղկացած է ընկերներից։ Իսկ հարցին, թե «ընկերների» հետ ինչպես եւ երբ կարող ենք հանդիպել, պատասխանեցին, որ ծանր շրջան ենք զանգել, իրենք խիստ զբաղված են եւ չգիտեն, թե երբ ազատ կլինեն: ՀՀՇ Լոռու մարզային խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանի գնահատմամբ, մարզում կա ներքին լարվածություն, քանի որ իշխանությունները գործի են դրել իրենց վարչական լծակները եւ հատուկ քարտերի միջոցով հավաքում են մարդկանց տվյալները՝ հասցե, ծննդյան թիվ, անձնագրի համար եւ այլն: Դրանք, բնականաբար, կարող է օգտագործվել ընտրակեղծիքների նպատակով, բացի այդ՝ քաղաքացիների մի մասի վրա տվյալների հավաքագրումը կարող են ունենալ հոգեբանական ազդեցություն: Ըստ «Այլընտրանքի» Լոռու մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանի, իրենց վրա եղել են ճնշումների փորձեր՝ մարզային տարբեր կառույցների ու պաշտոնյաների կողմից: «Սակայն տեսնելով, թե ինչ ուժի եւ ինչ կամքի տեր մարդկանց հետ գործ ունեն, այդ ճնշումները արդեն չկան»,- հավաստիացնում է պարոն Սարգսյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արամ Ռեւազյանը մարզի նախընտրական իրավիճակը գնահատեց. «Առայժմ խաղաղ է: Մարդիկ դեռ տոնական տրամադրության մեջ են: Բայց, կարծում եմ, 21-ից հետո կաշխուժանա»: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է պարոն Ռեւազյանը վերաբերվում հասարակության մեջ արմատավորված այն կարծիքին, թե տարբեր կուսակցություններ ընտրությունների ժամանակ վաճառում են հանձնաժողովի իրենց անդամների տեղերը, ինչը նկատելի է հատկապես մարզերում, կառույցի ղեկավարը պատասխանեց. «Մեր դեպքում դա բացառված է: Կարծեմ «Առավոտ» օրաթերթը այդ մասին գրել է, եւ Վիկտոր Դալլաքյանն էր հայտարարել այդ մասին, մենք իր հետ խոսեցինք հեռախոսով, որ հանձնաժողովի անդամները մեր կուսակցության ակտիվի ընտանիքի անդամներն են եղել: Մենք ունենք նրանց ցուցակները: «Ազգային միաբանությունը» երբեք իր տեղերը չի վաճառել: Եթե անդամը հանձնաժողովում լավ չի աշխատել, դա այլ խնդիր է»:

Թե «Այլընտրանքի», թե ՀՀՇ-ի մարզային կառույցների ղեկավարները հավաստում են, թե մարզում գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը համագործակցում են իրենց հետ: ՀՀՇ-ական Աշոտ Ռեւազյանը նույնիսկ ասաց. «Ազգային միաբանությունից» շատ շատերը, թեեւ որոշակի վախի զգացողությամբ եւ զգուշավորությամբ, գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Այդ առնչությամբ, ԱՄ-ի վանաձորյան կառույցի ղեկավարը պատասխանեց. «Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «թաքուն սատարել»: Ո՞րն է դրա իմաստը: Նման բան չկա: Մենք ունենք մեր թեկնածուն եւ բացեիբաց սատարում ենք մեր թեկնածուին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել