Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ «ԳԱԼԱ»-Ի ՊԱՇՏՊԱՆ

Հունվար 16,2008 00:00

\"\"Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերով՝ ինքը, որպես հոգեւորական, չի կարող լինել հալածողի կողմից:

Երեկ Գյումրիի «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը նշում էր իշխանություններին «դիմակայելու ու առճակատելու» երեք ամիսը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, իրենք չեն բավարարվելու ազատ խոսքը հալածող պաշտոնյաներին լռեցնելով: Սեփականատերը նկատի ունի Գյումրիի քաղաքապետին, հարկային տեսչության պետին: Վերջինիս դեմ «ԳԱԼԱ»-ն սկսել է ինքնատիպ պայքար: Հեռուստաընկերությունը հետաքննական նյութ է պատրաստում վերոհիշյալ պաշտոնյայի գործունեության մասին, օրինակ՝ ստուգում են, թե նրա՝ բանկերից վերցրած վարկերը նպատակայի՞ն են եղել, թե՝ ոչ: Մի քանի օր է՝ «ԳԱԼԱ»-ն կոչ է անում հարկային տեսչության պետի հետ երբեւէ գործ ունեցած գյումրեցիներին օգնել իրենց՝ Մարտին Զիլֆիմյանի աշխատանքային գործունեությանը նվիրված ֆիլմաշարը առավել հետաքրքիր դարձնելու համար: Վահան Խաչատրյանի ասելով՝ արդեն իսկ մեծ թվով գյումրեցիներ արձագանքել են իրենց խնդրանքին: Հեռուստաընկերության շուրջ կատարվող իրադարձություններին արձագանքում է նաեւ Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդը, որը, ի տարբերություն այլոց, հեռուստաընկերությանը ոչ թե հնազանդվելու ու լռելու ստրկամիտ կոչեր է անում, այլ համարձակորեն պաշտպանում է հալածվողին. «Ես ազատ խոսքի կողմնակից եմ ու շատ դրական եմ գնահատում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքը Շիրակի մարզում: Հուսով եմ, որ այն առաջիկայում էլ կաշխատի եւ իր օգտակարությունը կբերի: TV-ն ունի իր կարծիքը, մոտեցումները եւ իրոք ուզում է հավատարիմ լինել անկախ լրատվական ալիք լինելու կոչմանը: Մենք պետք է լավ զգանք սրանից: Մարդիկ ուզում են անկախ լինել, թող անկախ լինեն, ո՞ւմ է խանգարում իրենց անկախությունը: Ինձ չի խանգարում, այնպես որ, եթե կա հալածանք, եթե ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա հալածող եւ հալածվող, նույնիսկ պետք էլ չէ ենթադրել, թե սրբազանը ում կողմն է: Բնական է, որ սրբազանը պետք է լինի հալածվողի կողմը: Բայց, անշուշտ, այստեղ պարագաներ կան, որոնց հարցում ես դատավորի դեր չեմ կարող ստանձնել: Ես չեմ կարող ասել՝ 26 միլիոն դրամ պարտքը նկարած է, թե նկարած չէ, դա իմ գործը չէ: Ես չեմ կարող ասել, թե հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ինն է, քաղաքապետարանին չի պատկանում… Բայց, անշուշտ, դեպքերի զարգացումը ինձ մղում է այն համոզման, որ այս ամենը եթե կազմակերպված է, լավ չէ: Ինչո՞ւ հանկարծ հեռուստաաշտարակի հարկային պարտավորությունների մասին հիշեցին հիմա: Այս բոլորը, անշուշտ, չես կարող բացատրել զուտ օրինականության սահմաններից եւ պարզ է, որ այստեղ հարցեր կան, անդրկուլիսային խնդիրներ, որոնք մեզ տեսանելի չեն: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությանը, անշուշտ՝ եւ՛ քաղաքապետարանը, եւ՛ հարկային տեսչությունը, եւ՛ պետական մարմինները պետք է նպաստեն, որ հեռուստաընկերությունը աշխատի, ոչ թե խանգարեն: Ես այդպես եմ տեսնում պետական կառույցների դերը, եւ եթե նույնիսկ «ԳԱԼԱ»-ն ինչ-որ թերացումներ ունի, պետք է օժանդակել, որ այդ թերացումները սրբագրվեն եւ նա շարունակի իր աշխատանքը:

Եթե 26 միլիոն դրամը նկարված է, թող պարզեն, որ այդպես է եւ մարդկանց հանգիստ թողնեն: Եթե հեռուստաաշտարակը իրոք քաղաքապետարանինը չէ, եթե նույնիսկ քաղաքապետարանինն է, թող քաղաքապետարանը այն նվիրի «ԳԱԼԱ»-ին, որ գնա աշխատի, բայց նորից եմ կրկնում՝ բացարձակապես չեմ ուզում մտնել այն ասպարեզը, որը եկեղեցունը չէ»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե այսպիսի համարձակ կարծիք արտահայտելու համար չե՞ն ճնշում թեմի առաջնորդին: «Իմ հանդեպ երբեւէ որեւէ ճնշում որեւէ ատյանի կողմից չի եղել: Կարծում եմ՝ չի եղել ոչ թե նրա համար, որ իրենք հարգում են իմ ազատությունը, այլ երեւի հասկանում են, որ Շիրակի թեմի առաջնորդը էն մարդը չէ, որին կարող են սպառնալ: Ես ազատ մարդ եմ եւ ազատ եմ եղել միշտ: Խորհրդային տարիներին անգամ եղել եմ ազատ: Նախորդ անգամ, երբ նույն հարցով որոշ արտահայտություններ էի արել, շատ շատերին դրանք դուր չէին եկել, բայց որեւէ մեկը չհամարձակվեց որեւէ բան ասել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Եթե կա մի ատյան, որը պետք է չորրորդ իշխանությունից ավելի անկախ լինի, դա եկեղեցին է: Ես այս քաղաքի բնակիչ եմ, այստեղ ծնված եւ մեծացած մարդ, ինձ այստեղ ժամանակավոր բնակիչ չեմ համարում եւ եթե ես նույնիսկ առաջնորդ էլ չլինեմ, էլի գյումրեցի եմ մնում, հետեւաբար եւ Գյումրիի հետ կապված ցանկացած խնդիր ինձ որպես մարդ անհանգստացնում է ու անհատական կարծիք ունենալը իմ ազատ իրավունքն է: Եվ ընդհանրապես Շիրակի մարզի բնակչությունը, մանավանդ՝ գյումրեցիները, շատ ազատամիտ են: Ո՞վ չգիտի, որ Գյումրին միշտ իր օրենքներով է ղեկավարվում, Գյումրին չի ղեկավարվել ոչ Ռուսական կայսրության օրենքներով, ոչ Առաջին հանրապետության, ոչ Սովետական միության, ոչ էլ այսօրվա Հայաստանի Հանրապետության օրենքներով: Մյուս կողմից՝ ազատամիտ լինելով հանդերձ, գյումրեցիները, շիրակցիները միտինգային ժողովուրդ չեն: Յուրաքանչյուրն իր ազատամտությունը արտահայտում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում ու այն շատ դժվար է վերածել մասսայական ազատամտության: Գյումրեցուն հնարավոր չէ ահաբեկել, գյումրեցին ոչ մեկից չի վախենում, ոչ քաղաքապետից, ոչ մարզպետից, ոչ երկրի նախագահից, ոչ էլ նույնիսկ հոգեւոր առաջնորդից… Չեմ կարծում, թե ժամանակին Ստալինից էլ վախեցած լինեն»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել