Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղուկ գազ չի ներկրվում

Հունվար 16,2008 00:00

Մայրաքաղաքի հեղուկ գազի բազմաթիվ լցակայաններ այս օրերին չեն աշխատում՝ գազ չունենալու պատճառով:

Մոտ մեկ ամիս է՝ հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է: Չեն գործում նաեւ գազի առաքման ծառայությունները: Այս օրերին մայրաքաղաքի գազի լիցքավորման բազմաթիվ կայաններից աշխատում էին միայն մի քանիսը՝ «Կանազ» գործարանի հարեւանությամբ եւ «ՏԷՑ-ի կրուգում» գտնվող լցակայանները, որոնք, սակայն, նույնպես դադարեցին գործել: Քաղաքացիների ներկայացմամբ, լիցքավորման այդ կետերում էլ այնքան հերթեր էին գոյանում, որ մարդիկ ստիպված էին լինում այս ցրտի պայմաններում ժամերով հերթ կանգնել: Գազի բացակայության պատճառով բազմաթիվ սպառողներ ստիպված են մի քանի անգամ ավելի գումար ծախսել՝ գազի փոխարեն էլեկտրականություն օգտագործելու համար:

Մայրաքաղաքում տեղակայված գազի սպասարկման կենտրոնների աշխատակիցներն «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ մատակարարները գազի ներկրման հետ կապված ինչ-ինչ դժվարություններ ունեն: Հայաստանում հեղուկ գազի շուկայում գործում են տասնյակ ընկերություններ: Դրանցից իրացման ծավալներով առավել խոշորներն են «Գոշ գազը», «Գազ Կոմֆորտը», «Մուլտի Լեոնը» եւ «Դիդի գրուպը»: Թե ինչու ժամանակին գազը չի ներկրվել հանրապետություն, «Դիդի գրուպի» տնօրեն Գառնիկ Խալաթյանն «Առավոտին» պարզաբանեց, որ որեւէ լուրջ պատճառ չկա, այն կապված է միայն եղանակային վատ պայմանների հետ: Նրա խոսքերով. «Մայրաքաղաքի մեր լցակայաններում հիմա գազ չկա: Մեզ Իրանից գազ մատակարարողը դա պայմանավորում է նրանով, որ իրենց մոտ առատ ձյուն է եկել եւ այդ պատճառով էլ ներկրման հետ կապված ժամանակավորապես խնդիր է առաջացել»:

Նկատենք, որ «ՀայՌուսգազարդի» բաժանորդների թիվը գնալով ավելանում է, այսինքն՝ մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ արդեն օգտվում են բնական գազից: Թերեւս հնարավոր է, որ հեղուկ գազ չներկրելու պատճառներից մեկն էլ այն է, որ ներկրող ընկերությունները վնասներ են կրում, քանի որ հեղուկ գազից օգտվողները գնալով պակասում են:

Նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ 1 կիլոգրամ գազի գինը բարձրացավ ավելի քան 70 դրամով՝ 370-ից դառնալով 440 դրամ: Գազի գնաճը, ըստ Գ. Խալաթյանի, շատ տրամաբանական է, քանի որ, որպես կանոն, ձմռան ամիսներին վառելիքի գները բարձրանում են: Սակայն պայմանավորված դեֆիցիտով, ձմռան ընթացքում գազի գինը օրերս բարձրացավ երկրորդ անգամ: Որոշ ներկրողներ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրենց պահուստային գազը վաճառել են անհամեմատ բարձր գնով: Հեղուկ գազի սպառողների հավաստմամբ՝ նախորդ շաբաթ գազի 1 կիլոգրամն իրենք գնել են 500-600 դրամով: Թե որքանով է հանրապետությունում առկա հեղուկ գազի դեֆիցիտի պարագայում արդարացված նման գնաճը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանն «Առավոտին» պարզաբանեց. «Հեղուկ գազը եւս մտնում է այն ապրանքային շուկաների ցանկի մեջ, որը դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ը հանձնաժողովի կողմից ենթարկվել է մոնիտորինգի: Արդյունքները կամփոփվեն առաջիկայում, որից հետո միայն հնարավոր կլինի գնահատել, թե մրցակցային օրենսդրության խախտում կա, թե՝ ոչ»:

Նկատենք, որ բացի տնային տնտեսություններից, մայրաքաղաքում գործող հարյուրավոր տաքսի ծառայություններն ու նաեւ անհատ վարորդներն իրենց մեքենաները շահագործում են հեղուկ գազով: Նրանք դժգոհում են, որ բենզինով մեքենաները շահագործելը եռակի թանկ է նստում: Բացի այդ, նրանք հարյուրավոր դոլարների ծախս են արել, որպեսզի կարողանան իրենց մեքենաները գազով շահագործել, հիմա էլ ստիպված են հսկայական փողեր վատնել՝ դրանք նորից բենզինով աշխատեցնելու համար:

Իսկ «Գոշ գազ», «Գազ Կոմֆորտ» եւ հեղուկ գազ ներկրող այլ ընկերությունների լցակայանները, գազ չունենալու պատճառով, մեկ շաբաթից ավելի է՝ չեն աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել