Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի քաղաքական կյանքը վերջին շրջանում չի դասավորվում
Չնայած նա դեռ երկու տարի առաջ հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց անգամ դա նրան չօգնեց: Ի դեպ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը կուսակցությունը, այսպես ասած, «պաշտոնական» տեսքի է բերել դեռեւս դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում՝ համագումարի որոշմամբ, բայց պարզվում է, որ թեկնածուի շտաբում այդ մասին անտեղյակ են: «Առավոտի» հարցին, թե հատկապես ինչո՞վ է ինքը զբաղվելու Սերժ Սարգսյանի շտաբում, Տիգրան Ուրիխանյանը հարցով պատասխանեց՝ «Իսկ ես շտաբում կա՞մ»: Ապա նեղսրտած պատմեց մի զավեշտալի դեպք. մի քանի օր առաջ ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը եւ Մկրտիչ Մինասյանը իրեն հարցրել են, թե չի՞ ցանկանում «պաշտոնականացնել» վարչապետին սատարելը: «Գոնե ձեզ ուղարկված հրավիրատոմսերից պետք է այդ մասին իմանայիք»,- ասել է նա: Այս ամբողջ իրավիճակից մեր զրուցակցի մեջ վերջնականապես ձեւավորվել է մի կարծիք. «Հայաստանում կայունության, խաղաղության, աստիճանական զարգացման կողմնակից, այն էլ իշխանության հիմնական թեկնածուին ըստ օրենքի պահանջի սատարող մի քաղաքական կուսակցության գործունեությունը կարող է դառնալ անէական իրադարձություն: Հիմա ես չգիտեմ՝ տվյալ թեկնածուի շտաբի հետ որեւէ կերպ համագործակցո՞ւմ ենք, թե՞ ոչ»:
Կուսակցությունում նեղված են նաեւ իրենց այդքան բախտորոշ համագումարի հանդեպ լրատվամիջոցների «բացարձակ, շեշտակի, արհամարհական բլոկադայից»: Հիշեցնենք, որ այդ միջոցառումը լուսաբանեցին երկու թերթ, մեկ հեռուստաընկերություն եւ մեկ ռադիոընկերություն: «Էդ ովքե՞ր են եւ ո՞ւմ է ձեռնտու: Եթե իմ մեքենայի վթարը կամ կուսակցական խմորումները կարող է ուշադրության արժանի չէին, բայց էդ տեսակ համագումարը «փակել» հանրության համա՞ր… Էն էլ համագումարը տեղի է ունենում կառավարության նիստերի դահլիճում, մասնակցում է 500 մարդ, ովքեր վարչական լծակի տակ չէ, որ եկել էին, ֆինանսական կապերով կապված չեն, մարզերից մեր համակիրներն են: Ակնհայտորեն ինչ-որ մեկին ձեռնտու չէ»,-ասում է Տիգրան Ուրիխանյանը: Նաեւ բացահայտում է, որ կառավարությունում իրեն իբր առաջարկվող պաշտոնից հրաժարվելուց հետո «հայտարարվեց, որ «cancel» եմ անում իշխանության հետ իմ պայմանավորվածությունները: Բայց ես Հայաստանում որեւէ իշխանության հետ որեւէ պայմանավորվածություն չեմ ունեցել, եւ երբ հրաժարվել եմ այդ պաշտոնից՝ այդպես էլ չգիտեմ՝ ինչի մասին էր խոսքը»: Անուններ՝ մեր զրուցակիցը չի հրապարակում, սակայն հնարավոր է համարում, որ դա էլ կարող էր լինել թյուրըմբռնում եւ իրենց «այսօրվա վիճակի» պատճառ: «Առավոտի»՝ գուցե ձեզ պարզապես լուրջ չեն վերաբերվում դիտարկմանն էլ ասում է. «Նախագահական ընտրություններից առաջ, հայաստանյան իրականության համար, դա լո՞ւրջ է, թե՞ լուրջ չէ: Արդեն երկար ժամանակ է՝ ինձ զգում եմ ընդդիմադիր գործչի կարգավիճակում: Միգուցե պետք է վերանայե՞լ մեր գործունեությունը»: Ամեն դեպքում, թեկնածուին սատարելը Տ. Ուրիխանյանը անձնական հարաբերություններով չի պայմանավորում եւ ասում է, որ իր ու իր կուսակիցների համոզմունքը կհասնի տրամաբանական ավարտին: