Լրահոս
Օրվա լրահոսը

90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒՄ ԷԻՆ ՄԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ

Հունվար 16,2008 00:00

\"\"Հիշեցնում է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը

«Գելափի» համակարգմամբ 2006-ից անցկացվող արդեն 7 հարցումների ընթացքում կայուն բարձր տոկոս է արձանագրվում այն հարցին ի պատասխան, թե արդյոք վախենո՞ւմ են Հայաստանի բնակիչները բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները: Ասենք, վերջին՝ դեկտեմբերի 1-9-ի հարցման ժամանակ այս հարցին 25%-ը պատասխանել էր. «Մեծամասնությունը վախենում է», եւս 30%-ը՝ «շատերն են վախենում», իսկ 25%-ը նշել էին. «Ոմանք են վախենում»: Արդյոք կարելի՞ է արժանահավատ համարել ու վստահել վախի նման պայմաններում մարդկանց տված պատասխաններին՝ որոշակի քաղաքական ուժի կամ գործչի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, որոնց հիման վրա էլ «Գելափը» կազմում է վարկանիշների սանդղակ: Այս հարցին ի պատասխան՝ «Գելափի» նախապատրաստած ու համակարգած հարցումներն անցկացնողը՝ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Այդ տվյալները չեն նշանակում, թե հասարակական կարծիք գոյություն չունի, եւ սոցիոլոգիան Հայաստանում պետք է արգելել, փակել ու հրապարակված ոչ մի տվյալի չվստահել: Փաստորեն, դա էլ է, չէ՞, տվյալ, որը ստացվել է սոցիոլոգիական հարցման միջոցով: Եթե մենք չենք վստահում սոցիոլոգներին, ապա այն, որ քաղաքացիները խուսափում են բաց արտահայտվել՝ սա էլ պետք է հարցական դիտվի: Եվ ընդհանրապես՝ զավեշտալի իրավիճակ կստեղծվի. կպարզվի, որ ի տարբերություն, ասենք, աֆրիկյան երկրների՝ Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություններ հնարավոր չէ անցկացնել, քանի որ քաղաքացիները վախենում են ու չեն վստահում»:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասուլիսում բացահայտել էր, թե «Գելափի» հարցումները տեղի են ունենում մարդկանց բնակարաններում. «Հիմա դուք պատկերացրեք, գնում են մարդկանց տները, որոնց շուրջ 60 տոկոսը վախեցած է, եւ հարցնում, թե ո՞ւմ ձայն կտաս: Բնականաբար շատ շատերը չեն կարող արտահայտել շիտակ դիրքորոշում»: Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, «Գելափի» հարցումները չեն կարող լինել հավաստի, քանի որ չի երաշխավորվում դրանց գաղտնիությունը: Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեկտեմբերի 28-ի հայտարարության մեջ նշել էր. «Հասարակական հարցման ընթացքում հարցվող անձի ինքնությունը չբացահայտելու եւ անկողմնակալությունը ապահովելու նպատակով «Baltic Surveys Ltd./Gallup» կազմակերպությունը կիրառում է պատահական հարցվողների մեթոդաբանություն»: Ինչպե՞ս են անցկացվում այդ հարցումները՝ բնակարաններո՞ւմ, թե՞ պատահական ընտրանքով՝ այս հարցին ի պատասխան Գեւորգ Պողոսյանը պարզաբանեց. «Անկախ նրանից՝ բնակարանո՞ւմ ենք անցկացնում, փողոցո՞ւմ, սրճարանո՞ւմ, թե՞ կուսակցության գրասենյակում՝ հարցվողի ինքնությունը պետք է ամեն դեպքում մնա գաղտնի, այսինքն՝ չտպագրվի նրա ո՛չ անուն-ազգանունը, ո՛չ հասցեն, ո՛չ էլ հեռախոսահամարը: Գաղտնիությունն ապահովված է ամեն դեպքում: Մենք հարցումներ ենք իրականացնում այնպես, ինչպես անում են աշխարհի մնացած բոլոր երկրներում, այսինքն՝ մարդկանց տներում: Սա հարցումների ամենաճիշտ ձեւն է»:

Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավարին հիշեցրինք, թե շատերն են այժմ պնդում, թե մեր երկրում սոցիոլոգիան գիտությունից վերածվել է քարոզչության միջոցի՝ քաղաքական PR-ի մի ձեւի, եւ առանձին սոցիոլոգներ անգամ չեն էլ թաքցնում, որ նախապատվություն են տալիս իշխանության թեկնածուին: Հարցին, թե իր կարծիքով՝ հանիրավի՞ են այս կշտամբանքները, պրն Պողոսյանը պատասխանեց. «Նախ, իրենք պետք է նշեն, թե կոնկրետ ո՛ւմ նկատի ունեն, քանի որ Հայաստանում սոցիոլոգները բազմաթիվ են եւ ամեն մեկն ունի իր սեփական պահվածքը: Ասենք, մեր կազմակերպությունն այն կարծիքին է, որ սոցիոլոգիան գիտություն է, ու մեր հետազոտությունները գիտական բնույթ ունեն՝ ոչ քաղաքական: Եվ մենք աշխատում ենք չանել նման ոչ մի քաղաքական հայտարարություն: Ի դեպ, Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից առաջ իրենց բոլոր սոցիոլոգիական կազմակերպությունները միացել էին եւ մի հուշագիր ստորագրել՝ ԶԼՄ-ների հետ համատեղ, որում հաստատել էին էթիկայի որոշակի նորմեր, թե որ հարցման մասին ինչպիսի տեղեկություն պիտի տրվի, ինչ ծավալի, որ քաղաքացիները վստահելի աղբյուր համարեն այդ հետազոտությունը: Լավ կլիներ, որ Հայաստանում էլ նման բան արվեր»:

Հայտնի է, որ «Գելափի» այս հարցում ների պատվիրատուն՝ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը, փետրվարի 19-ի քվեարկության ընթացքում նախատեսում է անցկացնել exit poll: Մինչդեռ արդեն նախագահի 3 թեկնածուների ներկայացուցիչներ այս նախաձեռնությանը չհավատալու մասին են հայտարարել «Ազատություն» ռ/կ-ին՝ նկատի ունենալով, որ exit poll-ն էլ կարող է անցկացնել Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան: Այսպես, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Մենք չենք հավատում Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիային»: Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը նշել է. «Ավելի ճիշտ կլիներ, որ ամերիկացիներն իրենք անցկացնեին exit poll-ը, քան Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի միջոցով, որի անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը մեզ քաջ հայտնի է»: Իսկ Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանն էլ նշել էր, թե exit poll-ն արժեք կունենա, եթե «այն հայաստանյան որեւէ ընկերության մասնակցությամբ չանցկացվի: Մենք չենք կարող դրանց հավատ ընծայել, եթե անցկացվեն միեւնույն ֆորմատով, ինչ նախորդ հարցումները»: Այս մասին հիշեցմանն ի պատասխան՝ Գեւորգ Պողոսյանն արձագանքեց 3-ից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի դիտարկմանը. «Դե, գիտեք ինչ կա, երբ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան հետազոտություններ էր անցկացնում 90-ական թվականներին՝ ՀՀՇ-ականները, չգիտես ինչու, շատ լուրջ վստահում էին մեր տվյալներին: Հիմա իրենց վարկանիշը ցածր է՝ սկսել են չվստահել: Սա նորմալ երեւույթ է: Իրենք կարող են սեփական exit poll-եր անցկացնել եւ վստահել միայն իրենց կողմից անցկացված exit poll-երին: Ցանկացած մեկը դրա իրավունքն ունի, եւ ոչ ոք չի կարող դա արգելել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել