Դեռ անցյալ տարեվերջին, նաեւ երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարել է Արցախյան ազատամարտի մասնակիցների մի ստվար հատված:
Այն, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամներ եւ ՀՀ ՔՕ 301 հոդվածով՝ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր», դատապարտված Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում պաշտպանելու են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ հայտնի դարձավ դեռ անցյալ տարեվերջին:
Բայց «Հայ կամավորականների համախմբման» համակարգող խորհուրդը միայն երեկ է պաշտոնապես հայտարարել Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու իր որոշման մասին: Խորհրդի երեկ տարածած հայտարարություն-կոչում մասնավորապես ասված է, որ «հետեւելով ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 2007թ. սեպտեմբերի 21-ից հետո կատարած քայլերին՝ մենք համոզվեցինք, որ նա ասպարեզ է եկել նոր շնչով ու երկրի ցավերով մտահոգ նոր խոհեմությամբ: Նրա խոսքում կա ճշմարտությունն ասելու խիզախություն, համոզիչ վճռականություն եւ իմաստնություն: Ակնհայտ է, որ առաջին նախագահը դարձել է իշխանական հրեշավոր ռեժիմի լուծը թոթափելու նպատակով հայ հանրության տարբեր շերտերի անհրաժեշտ համախմբման կարեւորագույն եւ միակ գործոնը»: Խորհուրդը «մեր երկրի նվիրյալ զավակներին» կոչ է արել՝ «մի կողմ դնել գաղափարական, քաղաքական տարաձայնությունները եւ գործը հաղթական ավարտին հասցնելու համար համախմբվել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի շուրջը եւ ակտիվորեն մասնակցել նրա առաջնորդած համաժողովրդական շարժմանը»:
Ի դեպ, սա Արցախյան ազատամարտին մասնակցած հայ կամավորների կամ երկրապահների կողմից ՀՀ առաջին նախագահ եւ այդ պատերազմի տարիներին բանակի գլխավոր հրամանատար Տեր-Պետրոսյանի աջակցության մասին արված միակ հայտարարությունը չէ:
Ավելի վաղ՝ դեռ անցյալ տարվա վերջերին, համանման հայտարարությամբ հանդես էին եկել նաեւ «Արծափ» ջոկատի թվով 24 ազատամարտիկներ՝ ջոկատի հրամանատար Յաշա Մելքոնյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզի «Արագածավան» ջոկատի ազատամարտիկներ՝ թվով 30 հոգի: «Առաջին գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած քաղաքական նախաձեռնություն, այդ թվում՝ նրա առաջադրումը որպես երկրի նախագահի թեկնածուի» պաշտպանելու մասին հայտարարել էին նաեւ Տավուշի մարզի Բերդի ենթաշրջանի մի խումբ ազատամարտիկներ՝ 12 հոգի, ի դեմս Չառլի մականունով հայտնի Հրաչիկ Աթոյանի, Ռուբիկ Գասպարյանի, Վարդան Սահակյանի, Ռուդիկ Պետրոսյանի եւ այլոց, Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների թվով 28 ազատամարտիկներ, Զովունիի ջոկատի անդամները, Նաիրիի շրջանի թվով 45 եւ Բյուրեղավանի ջոկատի թվով 15 երկրապահներ, «Սասուն» ջոկատի հրամանատար Լենդրուշ Տոնոյանն ու նրա զինակիցները, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը եւ ջոկատի մյուս անդամները:
Իհարկե, ասել, թե հայաստանցի եւ արցախցի բացառապես բոլոր ազատամարտիկներն են պաշտպանելու Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը՝ ճիշտ չի լինի, առավել եւս, երբ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին դեռ անցյալ դեկտեմբերին պաշտոնապես հայտարարել է «Ազատամարտի վետերանների միությունը»՝ իր անդամների չնչին բացառությամբ:
Այսօրվա դրությամբ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում հստակ է նաեւ ԵԿՄ վարչության դիրքորոշումը: Այս կազմակերպությունը, որի վարչության անդամների թվում էլ կան ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի աջակիցներ, դեռ դեկտեմբերի 15-ին իր ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԵԿՄ-ն պաշտպանելու է ժողովրդի ընտրությունը եւ իրենից կախվածն անելու է, որպեսզի նախագահ դառնա հենց այն թեկնածուն, որի օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները: Իհարկե, ԵԿՄ վարչության անդամներից երկուսը՝ գեներալ-լեյտենանտներ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն ու բանակային կորպուսի հրամանատար Արշալույս Փայտյանը արդեն հստակ կողմնորոշում ունեն դեպի Սերժ Սարգսյանը: Դա հայտնի դարձավ 2007-ի դեկտեմբերի 22-ին, երբ վերջիններս մասնակցում էին «Սյունյաց արծիվներ» հ/կ-ի կազմակերպած միջոցառմանը, որտեղ էլ հայտարարվեց ՀՀ վարչապետի թեկնածությունը սատարելու մասին:
Միաժամանակ, «Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում ՀՀ առաջին նախագահի թեկնածությունը սատարելու մասին կհայտարարեն նաեւ արցախցի ազատամարտիկներն ու Դաշտային հրամանատարների խորհուրդը, այդ թվում՝ Ղարաբաղի վետերանների միության նախագահ Արկադի Կարապետյանը՝ «Ագո», «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը, Արցախի գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանը: Երեկ մեզ հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, արցախցի Արարատը, ով մինչեւ 2004թ.-ն ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում Սերժ Սարգսյանի աշխատած տարիներին եղել է նրա օգնականը, հաստատեց մեր այս տեղեկությունը՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանին սատարելու մասին կհայտարարեն արցախցի բոլոր ազատամարտիկները, իր ասելով՝ երեւի «բացի սուտի կռվածներից»: