Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Հունվար 15,2008 00:00

\"\"Պետական սահմանի վրա կատարված հանցագործություններն ամփոփվել են

Անցյալ տարվա վերջին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, ուր զեկուցումով հանդես է եկել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը: Նա անդրադարձել է 2005-2007թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում կատարված սպանությունների, սպանության փորձերի եւ մարմնական վնասվածքների դեպքերի վերաբերյալ հաղորդումների նկատմամբ դատախազական վերահսկողությանը, մասնավորապես՝ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը: Նիստի ավարտին կայացվել է հետագա միջոցառումների մասին որոշում, հանձնարարվել է քննարկման մանրամասները մինչեւ հունվարի 15-ը ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին:

Ըստ զինդատախազի զեկուցման, շփման գծում տեղի ունեցած հանցագործություններն իրենց բացատրությունն ունեն. «Հերթապահություն կատարող մեր զինծառայողները հակառակորդի կողմից սպանվում կամ վիրավորվում են խրամախորշից դիտարկումներ կատարելու, հակառակորդի կողմից խոցելի տարածքներով՝ ծառայական նպատակներով, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով տեղաշարժվելու ժամանակ: Այս դեպքերի պատճառը մի կողմից մեր զիվորների ինքնավստահությունն է, որոնք մարտական դիրքերում չարդարացված ձեւով իրենց ազատ են զգում, իսկ մյուս կողմից՝ ավագների ու պատասխանատու սպաների թույլ հսկողությունը նրանց նկատմամբ»: Ի դեպ, նրա բերած օրինակների մեջ կար մեկը, որը կապված է «Հրամանատարի ազատ զգալու» արդյունքում զինվորի մահվան հետ:

2006թ. հոկտեմբերի 4-ին պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր զինվորական ծառայող, շարքային Ալեքսանդր Փափախչյանը ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցից թիկունքին ստացել էր հրազենային ծանր վնասվածք ու տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Սակայն նրան փրկել չէր հաջողվել: Հարուցվել էր քրեական գործ եւ նախաքննության ժամանակ պարզվել էր, որ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Հովակիմյանն ինժեներական աշխատանքներն արագ կատարելու, ըստ զինդատախազ Ա. Խաչատուրյանի գնահատման՝ «վերադաս հրամանատարության խրախուսանքին արժանանալու նպատակով», խախտել է պետական սահմանի մարտական դիրքերում հերթապահություն կատարելու եւ անցկացնելու մասին սահմանված կարգը, ինժեներական աշխատանքների մեջ ներգրավել անգամ մարտական հերթապահության զինվորներին: Խոցելի հատվածում շինաշխատանքներ են կատարվել ցերեկային ժամերին, հակառակորդի համար տեսանելիության պայմաններում: Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, նրանից բացի, պատժվել է նաեւ զորամասի հրամանատարը՝ Նվեր Սարգսյանը:

2006-ին ստացվել է 105 հաղորդում, ինչը 12 դեպքով պակաս էր 2005-ի համեմատ: 2006-ին սպանությունների վերաբերյալ եղել է 13 հաղորդում՝ 14 զինվորի մահվան ելքով: Դրանցից 7-ը տեղի է ունեցել հակառակորդի արձակած կրակոցների արդյունքում, իսկ 6-ը՝ մեր զինվորների: Միայն մարմնական վնասվածքների մասին 77 հաղորդում է եղել, որոնք կատարվել են մեր զինծառայողների կողմից:

Դիտակետի հողաթմբին հակառակորդին ավելի լավ տեսնելու հետեւանքը եղել է այն, որ կրծքավանդակին հրազենային վնասվածք է ստացել ՊՆ զորամասերից մեկի շարքային Գուրգեն Չոբանյանը, որի կյանքը հաջողվել է փրկել: Կամ՝ հակառակորդին տեսանելի տարածքում լվացվելու ժամանակ նրա կողմից վիրավորվել էր զինծառայող Արման Բաղդասարյանը: Նրան նույնպես բժիշկները կարողացել են փրկել:

Տեղեկացնենք, որ այսուհետեւ զինվորական գործերով քննությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունում ստեղծված քննչական վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել