(Շարունակություն)
– առողջապահության համակարգի պետականորեն պահպանման ապահովում,
– առաջին բուժօգնություն ցուցաբերող սկզբնական օղակի գերակայության ապահովում,
– բժշկական գիտության զարգացման երաշխիքների ապահովում,
– առողջապահության օպտիմիլացմանը միտված միջոցառումների ապահովում,
– բնակչության բոլոր խավերի համար բժշկական օգնության մատչելիություն,
– ընտանեկան բժշկության ինստիտուտի եւ ցերեկային ստացիոնարների ցանցի հետագա զարգացման, բնակչության դիսպանսերիզացման ապահովում,
– բուժհիմնարկների սեփականաշնորհման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովում,
– մոր եւ մանկան առողջության, սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունների գործունեության կտրուկ բարելավմանն ուղղված միջոցառումների ապահովում,
– բժշկական ապահովագրության օրենսդրական հիմքերի սահմանում եւ երաշխիքների ստեղծում,
– բնակչության առաջին անհրաժեշտության բուժօգնության անվճար կազմակերպում:
Գտնում եմ, որ ժամանակակից առողջապահության պետական համակարգը պետք է նպատակաուղղված լինի հետեւյալ խնդիրների իրականացմանը.
– հասնել բուժական եւ սանիտարահիգիենիկ միջոցառումների համակարգմանը՝ ապահովելով կանխարգելիչ եւ բուժական բժշկության սինթեզը, օգտագործելով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակների բոլոր հնարավորությունները, ժամանակին կազմակերպելով բնակչության դիսպանսերիզացումը,
– բժշկական հիմնարկների ցանցի օպտիմալացման հիման վրա ապահովել դրանց մատչելիությունը,
– վերականգնել գյուղական առողջապահությունը,
– ապահովել հիվանդանոցներին կից ցերեկային ստացիոնարների գործունեությունը,
– ստացիոնար ծառայության օղակում զարգացնել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ բազմապրոֆիլ հիվանդությունների բուժմանն ուղղված պայմանների ապահովումը,
– ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնել սրտանոթային, հոգեկան, նարկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների կանխարգելմանը եւ բուժմանը,
– զարգացնել եւ եվրոպական չափանիշներին հասցնել ատամնաբուժական, մաշկավեներական, վիրաբուժական, թերապեւտիկ եւ մյուս ծառայությունները,
– վերականգնել եւ խորհրդային վերջին տարիների մակարդակին հասցնել մոր ու մանկան առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիր կազմակերպումը,
– ապահովել շտապբուժօգնության մատչե լիությունը՝ ծառայությունը համալրելով բարձրակարգ մասնագետներով,
– ընդլայնել անվճար բուժօգնության ցուցաբերումը որոշակի հիվանդությունների դեպքում (սրտանոթային համակարգի, սուր վիրաբուժական, հոգեկան, նարկոլոգիական, վեներական, վարակիչ, չարորակ նորագոյացությունների, տուբերկուլյոզի, վնասվածքների, երիկամների), ինչպես նաեւ որոշակի ծառայությունների մատուցման ժամանակ (մոր ու մանկան, շտապօգնության, դիսպանսերիզացման, սանիտարահիգիենիկ, ամբուլատոր): Այդ ծառայությունների մատուցումը օրենսդրորեն ամրագրել Մեծ հայրենական, աֆղանական, ղարաբաղյան պատերազմների հաշմանդամների, մինչեւ 15 տարեկան երեխաների, միայնակ մայրերի, թոշակառուների եւ սպառողական նվազագույն զամբյուղից ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար,
– քաղաքացիների վերը նշված խմբերին ապահովել անվճար դեղորայքով,
– բազմակողմանիորեն զարգացնել բժշկական գիտությունը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գիտական նվաճումները բժշկական պրակտիկայում ներդնելու համար,
– գործող ենթակառուցվածքներին համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, բուժկանխարգելիչ սպասարկումը:
Առողջապահության ոլորտում ռազմավարական հիմնական ուղղությունները համարում եմ.
– բնակչության առողջության պահպանումը, խնդիր, որը պետք է դառնա պետության ամենօրյա հոգածության առարկան, եւ որի լուծումը կպահանջի նախարարությունների, գերատեսչությունների ու հասարակության գործունեության համակարգում,
– բնակչության անվճար բուժօգնության ծավալների զգալի աճ: Որոշակի հերթականությամբ՝ մշակված ծրագրերին համապատասխան, աստիճանական անցում ապահովագրական բժշկությանը,
– սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին,
– Հայաստանի բնակչությանն ընդգրկել համընդհանուր դիսպանսերիզացման ոլորտ:
Վերը թվարկված հիմնախնդիրների իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Առողջապահությունը շահութաբեր կառույց չէ եւ առանց պետական ֆինանսավորման ու արտաբյուջետային աղբյուրների աջակցության չի կարող գոյատեւել: Առողջապահության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետք է լինեն.
– առողջապահության բյուջեն, որը պետք է ֆինանսավորի պետպատվերը,
– բուժհիմնարկների հարկային բեռի թեթեւացումից առաջացած միջոցները,
– առողջապահության երկարաժամկետ զարգացման հիմնավոր ծրագրերի կենսագործմանն ուղղված նպատակային ներդրումները,
– ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի ակցիզային հարկերի, ինչպես նաեւ դեղորայքի վաճառքից ստացված ավելացված արժեքի հարկի որոշակի միջոցների ուղղումը առողջապահության բյուջե,
– վճարովի բժշկական ծառայություններից մուտքագրվող միջոցների մի մասը,
– մարդասիրական օգնությունը,
– ներքին ռեզերվների արդյունավետ օգտագործումը:
Առողջապահության բնագավառում ձեռնարկվող քայլերը պետք է նախատեսեն պետպատվերի շրջանակներում անվճար բուժման ենթակա հիվանդությունների ցանկի ընդլայնում, ինչը ենթադրում է առողջապահության տարեկան բյուջեի զգալի աճ:
Առողջապահության ոլորտում անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել բժշկական հիմնարկների հարկային բեռի թեթեւացում, ինչը հզոր խթան կդառնա սեփական եկամուտներ ստեղծելու գործում:
7. ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանում ազգամիջյան հարաբերությունների բնագավառում վարվելիք քաղաքականության մեջ ղեկավարվելու եմ հետեւյալ սկզբունքով. կանխել առանձին անհատների, խմբավորումների, կուսակցությունների կողմից ազգային-մշակութային հնարավորությունների օգտագործումը՝ ի վնաս ազգային փոքրամասնությունների, հասարակության եւ այլ անձանց շահերի:
Ազգային քաղաքականության առաջնահերթ խնդիրներ եմ համարում.
– ճանաչել Հայաստանի Հանրապետության էթնոմշակութային բազմազանությունը, որը, որպես հասարակության սեփականություն, ենթակա է պետական պաշտպանության,
– տնտեսական վերափոխումներ կատարելիս հաշվի առնել էթնիկ փոքրամասնությունների (ռուսներ, քրդեր, եզդիներ, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ) տնտեսավարման ավանդական առանձնահատկությունները,
– խստիվ արգելել ու պատժել ազգային խտրականության դրսեւորումները, ճիշտ նույն կերպ՝ բացառել արտոնություններ՝ ըստ ազգային հատկանիշների,
– անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների լեզվի, կրոնի եւ մշակույթի պահպանման ու հետագա զարգացման համար:
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Իմ ծրագրային խնդիրներն իրագործելիս հենվելու եմ ազգային գաղափարախոսության վրա:
Ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման եւ վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլեւ անցյալի ու ապագայի համար: Այն կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները՝ դրանց կրկնությունը կանխելու համար:
Ազգային գաղափարախոսությունն ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանն է, հավաքական գոյատեւման երաշխիքը:
Ազգային գաղափարախոսությունը հայերիս համար կենսական անհրաժեշտություն է, այն պանթուրքիզմի գաղափարական հակակշիռն է, մի գաղափարախոսություն, որը պարբերաբար ճգնաժամային իրավիճակներ է ստեղծում մեր ժողովրդի համար՝ վերջնական նպատակ ունենալով ոչնչացնել հայկական պետականությունը: Այս իրողությունը չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր ժխտում են ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը՝ այն նենգափոխելով պատեհապաշտ կոչերով, կոսմոպոլիտիզմի քարոզչությամբ, դրսից պարտադրված փորձարարական ծրագրերով:
Ազգային գաղափարախոսության հիմքը համարում եմ համազգային հավաքականությունը, որը պահանջում է մշտական պայքար պառակտման ամեն մի դրսեւորման դեմ: Ազգային գաղափարախոսությունը պետք է վեր լինի բոլոր խավերից եւ կուսակցություններից, ելնի համազգային շահերից, քանզի ազգի կորուստը չի կարող կորուստ չլինել նաեւ նրանց համար:
Ազգային գաղափարախոսությունը հասարակական կյանքի բոլոր պրոցեսները գնահատում է ազգի համախմբման, ազգային դիմագծի, բարոյականության եւ ոգու պահպանման տեսակետից:
Ազգային գաղափարախոսությունը իրականացնելիս հատուկ տեղ եմ հատկացնելու Սփյուռքին: Առանց Հայրենիքի չկա Սփյուռքի ազգային կեցությունը եւ, ընդհակառակը, առանց Սփյուռքի քաղաքական, նյութական, բարոյական եւ մշակութային օժանդակության անհնար է հայոց պետականության ամբողջական առաջընթացի զարգացման ապահովումը:
Ազգային գաղափարախոսությունը պետության եւ ժողովրդի համար վճռական, պատմության բեկումային ժամանակահատվածներում իշխանությունների, կուսակցությունների, լիդերների գործունեությունը արժեւորում է կորուստները նվազագույնի հասցնելու, դրանց համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդավարությունը զարգացնելու նրանց կարողության տեսակետից, ինչպես նաեւ գլոբալիզացմանը հատուկ պրոցեսների մեջ ներդաշնակ ընդգրկվելու, աշխատանքի համաշխարհային բաժանման գործում սեփական երկրի արժանապատիվ դերակատարությունն ապահովելու ընդունակությամբ:
ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում ես ձգտելու եմ ազգային գաղափարախոսությունը դարձնել հայոց պետականության հոգեւոր հիմքը՝ հետեւողականորեն աշխատելով, որ ազգային գաղափարախոսությունն իր դրոշի ներքո միավորի հայ հասարակության ազգային բոլոր ուժերը՝ հասնելով համայն հայության ընդհանուր նպատակի իրականացմանը, Ազգ-Պետության ստեղծմանը:
Ազգային գաղափարախոսության առանցքն եմ համարում՝
– ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, ազգային անկախ պետականության, ազգային մշակույթի, կրոնի եւ եկեղեցու հիմնադրույթների ապահովությունը,
– իրավական եւ կազմակերպական համապատասխան այնպիսի կառուցվածքների ձեւավորումը, որոնք աշխարհասփյուռ հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ՝ համազգային խնդիրները լուծելու ճանապարհին:
Գտնում եմ, որ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է դրված լինի սոցիալական արդարությունը, վերջինիս բացակայությունն անհնար է դարձնում հասարակական համաձայնությունը: Ազգային գաղափարախոսությունը մերժում է ծայրահեղականությունը, սոցիալական խիստ բեւեռացումը, երբ դեռեւս ամբողջովին չձեւավորված միջին դասը փորձում են կապող օղակ դարձնել ազգի միավորման, ազգային կայուն համաձայնության եւ համերաշխության համար: Ազգային գաղափարախոսությունը վնասակար ու անընդունելի է համարում ամեն մի վերափոխություն եւ գործողություն, որոնք, թեկուզ ժամանակավորապես, թուլացնում են միջին դասը, քանի որ դրանում դիտարկում եմ համազգային ուժի ամլացում:
Ազգային գաղափարախոսությունը կտրուկ սահմանափակում է իշխանությունների սխալ գործելու հնարավորությունները: Ոչ ոք, ոչ մի խումբ, ոչ մի կուսակցություն չպետք է իրավունք ունենա արդարացնելու սեփական սխալները, որոնք խարխլում են մի ամբողջ ժողովրդի անվտանգությունը, նրանց, ովքեր խաբված են:
Ազգային գաղափարախոսությունը տնտեսության ոլորտում առաջնային նշանակություն է տալիս արդյունաբերության եւ գյուղատնտեսության այն ճյուղերին, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայրենիքում մեծ թվով մարդկանց ապրուստի համար, նպաստում են մարզերի, հատկապես փոքր քաղաքների եւ գյուղական վայրերի համաչափ զարգացմանը, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:
Ազգային գաղափարախոսությունը հատուկ ուշադրություն է պահանջում գիտության այն բնագավառների նկատմամբ, որոնց զարգացման կենտրոնը օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետությունն է, իսկ կրողը՝ հայկական էթնոսը: Քանի որ կրթությունը, գիտությունը եւ մշակույթը բնութագրում են ազգի ինքնատիպությունը, որոշում նրա տեղը աշխարհում, ազգային գաղափարախոսությունն անթույլատրելի է համարում նահանջը՝ կենսագործունեության այդ ոլորտներում ձեռք բերած մակարդակից:
Ազգային գաղափարախոսությունը լեզվական եւ մշակութային ընդհանրության (հայկական էթնոսի) պահպանման պարտադիր պայման է համարում պետական լեզվամշակութային հետեւողական քաղաքականության իրականացումը, քաղաքականություն, որը պետք է համախմբի ազգը:
Այսպիսով, ազգային գաղափարախոսության գերակայությունն եմ համարում ազգային բոլոր ուժերի միավորումը մեկ գերխնդրի՝ Ազգ-Պետության ձեւավորման շուրջ, միաժամանակ պահպանելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական եւ կազմակերպչական կառուցվածքները, որոնք համայն հայության համար կապահովեն անհրաժեշտ պայմաններ՝ գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու եւ XXI դարում համազգային խնդիրները լուծելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ողջ հայության առջեւ ծառանում են նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր զարգացումները՝ համազգային համերաշխության եւ միասնության ոգով: Այս կտրվածքով էլ ներկայացնեմ հարցի մասին իմ մոտեցումները:
1. Հարկ է կարճ ժամանակում ստեղծել ոչ կառավարական կարգավիճակ ունեցող հեղինակավոր մի մարմին, որը կկանոնակարգի պետության տարբեր օղակների հարաբերությունները Սփյուռքի հետ: Հենց այդ մարմնի գործուն մասնակցությամբ եւ ազգային գաղափարախոսության հիման վրա պետք է մշակվեն Հայաստան-Սփյուռք միասնացմանն առնչվող բոլոր հարցերը՝ տնտեսական, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ այլն: Դրանք պետք է դրվեն պետական հոգածության ներքո:
2. Հայաստան-Սփյուռք ինտեգրացիայի նախապայմանը պետք է լինի վերջինիս միասնության ապահովումը թե՛ առանձին գաղթօջախներում, թե՛ համասփյուռքյան միասնական ղեկավար մարմիններ ստեղծելու միջոցով: Այսօր Սփյուռքում, կարծում եմ, միասնության հնարավորությունը հայտնի չափով կախված է նաեւ Հայ առաքելական եկեղեցու միաբանությունից:
3. Հարկ է գիտակցել, որ առանց Հայաստանի Հանրապետության գոյության՝ կդադարի Սփյուռքը: Ուստի, Հայաստանի գոյության ու զարգացման պատասխանատվությունը պետք է բաժանել բոլոր հայերի վրա՝ անկախ նրանց բնակության վայրից:
4. Հայաստան-Սփյուռք միասնականացումը հնարավոր է ապահովել միայն քաղաքական պատասխանատվության բարձր գիտակցումով: Պետք է մշակվեն մեխանիզմներ, որոնցով սփյուռքահայությունը կմասնակցի երկրի քաղաքականության գերակա հարցերի լուծմանը եւ քաղաքական որոշակի պատասխանատվություն կվերցնի իր վրա: Մեխանիզմներ, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով ընձեռված հնարավորություններից, եւ որոնք կկանոնակարգվեն Սահմանադրությանը չհակասող օրենքներով:
5. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակի բարձրացման արդիական հիմնահարցը հայկական գաղթօջախներ ունեցող երկրների հետ տնտեսական ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Սփյուռքահայերի դրամագլխի ներդրումները խրախուսող օրենքների ընդունմանը եւ դրանց պաշտպանվածության ապահովմանը զուգընթաց, երբ կապահովվի սփյուռքահայի սեփականատիրական իրավունքը, այդ թվում եւ հողի նկատմամբ, կսկսվի տնտեսական լիակատար միասնականացման գործընթացը:
6. Հայրենիքում սփյուռքահայի համար արտոնություններ նախատեսող օրենսդրական որոշակի դաշտի ստեղծումը միասնականացման պայմաններից մեկն է:
7. Հայ ժողովուրդն ունի համազգային քարոզչական կենտրոնացված մարմնի ստեղծման կարիք, որը կկարողանա համակարգել եւ ուղղություն տալ աշխարհասփյուռ հայության քաղաքական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքներին: Նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը պետք է ստանձնի պետությունը:
8. Պետք է էլ ավելի աշխուժացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ մշակութային համագործակցության, երաժշտական, թատերական խմբերի հյուրախաղերի, նկարչական ցուցահանդեսների փոխանակման, մարզական միջոցառումների կազմակերպման գործը:
9. Հարկ է ընդլայնել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունները, նոր թափ հաղորդել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման պարբերական դասընթացներին:
Արտաքին
քաղաքականություն
Միջազգային ներկա իրադրությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների եւ դրա ռեսուրսային հնարավորությունների որոշման ու ապահովման վերաիմաստավորում եւ վերագնահատում:
ՀՀ արտաքին քաղաքականության ուղեգծի առաջնային գերակայությունը պետք է լինի անձի, հասարակության եւ պետության անվտանգության ու շահերի պաշտպանությունը: Անվտանգություն ասելով՝ պետք է ելնենք այն բանից, թե ինչ իմաստ ենք դնում այդ հասկացության մեջ: Դա, նախեւառաջ, ազգային էկոնոմիկայի կայուն գործունեության ապահովումն է, աղքատության հաղթահարումը, միջքաղաքակրթական երկխոսության նախաձեռնումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այդ գործընթացների շրջանակներում գլխավոր ջանքերը պետք է ուղղված լինեն հետեւյալ հիմնական նպատակների իրագործմանը.
– տարածքային ամբողջականության եւ երկրի ինքնիշխանության ամրապնդում ու պահպանում,
– սահմանադրական կարգի հիմքերի ամրապնդում, ժողովրդավարական բարեփոխումների հաջող իրագործում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, Հայաստանի առաջընթաց զարգացման, տնտեսության վերելքի, մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծում,
– Հայաստանի Հանրապետությանը հարակից տարածաշրջաններում լարվածության եւ կոնֆլիկտների պոտենցիալ օջախների առաջացումը կանխելու ու եղածների վերացմանը ցույց տրվող աջակցություն, հայկական սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ձեւավորում,
– Հայաստանի Հանրապետության ազգային գերակայությունները որոշելիս արտասահմանյան երկրների ու միջպետական միավորումների հետ խնդիրների լուծման գործառույթներում համաձայնության եւ ընդհանուր շահերի որոնում,
– Հայաստանի քաղաքացիների եւ Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների ու շահերի համակողմանի պաշտպանություն:
Հայաստանի Հանրապետության շահերը շաղկապված են նաեւ այլ գործոնների հետ, այդ թվում՝
– համաշխարհային տնտեսության գլոբալացում, ընդսմին, մարդկային փոխառնչությունների ընդլայնման, սոցիալ-տնտեսական առաջընթացի լրացուցիչ հնարավորությունների հետ կապված գլոբալիզացումը միաժամանակ բերում է եւ նոր վտանգներ հատկապես տնտեսապես թույլ պետությունների համար,
– համաշխարհային էկոնոմիկայում եւ քաղաքականության մեջ միջազգային ինստիտուտների դերի ու կիրառվող մեխանիզմների ուժեղացում, որը պայմանավորված է երկրների փոխկապվածության բնականոն աճով, միջազգային համակարգի կառավարելիության ապահովման անհրաժեշտությամբ,
– տարածաշրջանային պետությունների ռազմաքաղաքական մրցակցություն (Հարավային Կովկասի տարածաշրջան):
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը վտանգավոր փակուղուց դուրս բերելու կարեւորագույն նախապայման եմ համարում նախագահական առաջիկա ընտրությունների ազատ, արդար, ժողովրդավարական պահանջներին հարիր անցկացումը: Վերստին հաստատում եմ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների հիմքում դրված անժխտելի հետեւյալ իրողությունների ընդունումը.
– Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը պետք է կայանա ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների պահպանման գերակայության ճանաչման շրջանակներում,
– հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը,
– հիմնահարցի խաղաղ կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման եւ ոչ մի պայմանավորվածություն չի կարող լեգիտիմ համարվել առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների լիարժեք մասնակցության եւ հավանության,
– փոխզիջումների հիմքում պետք է դրվեն հակամարտող կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունները,
– Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ,
– Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող բանակցային գործընթացի ընդունելի համակարգող է շարունակում մնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Վերը շարադրված սկզբունքների եւ իրողությունների ընդունումը, կարծում եմ, կարագացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ողջ գործընթացը՝ նպաստելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
Համոզված եմ, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունն ու զարգացումը պետք է մեծապես ամրապնդվի ոչ թե ի հաշիվ մյուս կողմի թուլացման, այլ ընդհակառակը՝ այդ կողմի անվտանգության զուգահեռ ամրապնդման ու զարգացման:
Տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնարար սկզբունք պետք է դառնա՝ յուրաքանչյուր երկրի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է կարգախոսը, իսկ դրա հիմքում էլ պետք է դրվի՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հայտնի արտահայտությունը. «Որտեղ էլ որ խախտվի խաղաղությունը, աշխարհն ամենուր է վտանգված դառնում»: Հարավային Կովկասի երկրների անվտանգությունը ներառում է ոչ միայն պաշտպանությունը արտաքին վտանգներից, այլ նաեւ անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի քաղաքական, տնտեսական եւ հումանիտար զարգացումը:
Վերջին տարիներին ակնհայտ է հարեւան երկրների (Թուրքիա եւ Ադրբեջան) կողմից վարվող քաղաքականության ուղղվածությունը, որի առանցքն է Հայաստանի Հանրապետության դուրսմղումը հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող տնտեսական խոշորածավալ ծրագրերից: Խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման ու շահագործման մասին է: Դրան զուգահեռ, արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ինտեգրումը վերափոխվում է ռազմավարական նշանակության ռազմաքաղաքական դաշինքի: Ստեղծված այս նոր իրավիճակում մեր պետության հնարավորությունները հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու գործում օբյեկտիվորեն սահմանափակվում են: Դա էլ իր հերթին հրամայական է դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայությունների հստակեցումը: Առաջնությունը պետք է տրվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը եւ հարստացմանը՝ ռազմավարական գործընկերության սկզբունքով՝ Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագիր Կազմակերպության շրջանակներում: Այս գործում կարեւոր կռվան է երկու երկրների տնտեսական ինտեգրացիան եւ միասնական տնտեսական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը, որը ենթադրում է հարկային ու մաքսային օրենսդրության փոխհամապատասխանեցում: Դրա հետ մեկտեղ, չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման առանցքը պետք է լինեն միայն եւ բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Մյուս շահագրգիռ պետությունները կարող են ներգրավվել Կովկասում առկա վիճահարույց հարցերի կառուցողական, խաղաղ կարգավորման պրոցեսի մեջ՝ չհավակնելով, սակայն, թելադրել իրենց կամքը: Այս հիմքի վրա կարելի է եւ պետք է էլ ավելի խորացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաեւ երկխոսություն վարել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:
Հարավային Կովկասի տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությամբ շահագրգռված ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կարող են մեծապես նպաստել համագործակցության եւ շահավետ փոխգործողությունների, տնտեսական բարեփոխումների անցկացմանը, ժողովրդավարության զարգացման եւ ժողովրդավարական արժեքների ընդհանուր սկզբունքների հաստատմանը: Այդ գործում նրանց դերը եւ տեղը դժվար է գերագնահատել:
Առանձնահատուկ նշանակություն կտրվի այն երկրներին, որտեղ կան հայկական գաղթօջախներ՝ սփյուռքահայության իրավունքների պաշտպանությունը համարելով հայոց պետականության արտաքին քաղաքական առաջնահերթ խնդիրներից մեկը:
Արտաքին քաղաքականության մեջ լրջագույն քայլեր պետք է կատարել հատկապես ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերի, հումքի եւ սպառման շուկաների վերականգնման ուղղությամբ: Կարեւորում ենք նաեւ Հայաստանի ներգրավումը տարածաշրջանում միջազգային տնտեսական նոր ծրագրերի մշակման գործում՝ այդ նպատակով լիարժեք օգտագործելով Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված ռուսական կապիտալի ներկայությունը՝ ի դեմս «Գազպրոմ»-ի, «ՌԱՕ-ԵԷՍ»-ի եւ «Վիմպելկոմ»-ի:
Հարավային Կովկասում ստեղծված արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում հայկական պետության համար խիստ անհրաժեշտություն է դառնում պատմության տված դասերի արագ յուրացումը, ի հաստատումն այն բանի, որ ազգային ինքնիշխանությունը պետք է գնահատել որպես ժողովրդի համար բարձրագույն նվաճում, աշխարհաքաղաքական խաղաղ միջավայրի հաստատմանն աջակցում՝ որպես մեզ համար կենսականորեն կարեւոր ազգային շահ, ինչպես նաեւ բոլոր պետությունների հետ կապերի հաստատում եւ զարգացում՝ որպես ազգային անվտանգությանը նպաստող առավել արդյունավետ միջոց:
Կարեւորում եմ նաեւ եվրոպական կառույցներին ինտեգրման ոլորտում խոսքից գործի անցնելը, ԱՄՆ-ի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում փոխշահավետ կապերի աշխուժացումը:
Միաժամանակ կարեւոր է, որ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը բարյացակամության մթնոլորտում սկսեն իրենց տարաձայնությունների կարգավորման գործընթացը՝ ելնելով առկա իրողություններից: Հայաստանի քաղաքացիները պետք է սթափ գիտակցեն, որ Հայ դատի արդարացի լուծումը պետք է ընթանա խաղաղ միջոցներով՝ հենվելով պատմական իրողությունների եւ համընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Ներկայումս հրատապ է դառնում վերոնշյալ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի իրագործումը, որը բաժանվում է բազմաթիվ բաղադրատարրերի եւ ուղղված է համընդհանուր ձեւով լուծելու այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են՝ Ցեղասպանության ժառանգությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը եւ տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միացյալ համակարգի ստեղծումն ու դրա գործունեությանը կողմերի հնարավոր մասնակցությունը: Նշված երկրների փոխադարձ անվտանգության ապահովման համար պայմանավորվածությունների ձեռքբերման լավագույն կռվան պետք է լինեն վիճահարույց հարցերի համալիր լուծման վրա հիմնված գործընկերային դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, այլ ոչ թե դեկլարատիվ հայտարարությունները դրանք կարգավորելու վերաբերյալ:
Համոզված եմ, որ ահա այսպիսին պետք է լինի Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական ընտրությունն առաջիկա տարիներին:
Նման ընտրությունը կախված կլինի գավառամիտ մտածելակերպի հրաժարումից եւ իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության մեջ տիրող անվստահության մթնոլորտի հաղթահարումից, պետության մեջ ազնվության, պատասխանատվության մթնոլորտի հաստատումից ու ներքին համաձայնությունից՝ ազգի մարդկային բոլոր ռեսուրսները ժամանակակից շրջափուլում միաբանելու նպատակով: Դա հայ ժողովրդի միակ հնարավորությունն է իր կենսունակությունն ապացուցելու, երկար սպասված եւ ամբողջական անկախությունը ձեռք բերելու, ապագա զարգացման ամուր հիմքերը դնելու համար:
Ամփոփում
«Արարման ծրագիրը» կյանքում իրագործելիս առաջնորդվելու եմ «Ազատություն, Արդարություն, Համերաշխություն» կարգախոսով: Իմ ըմբռնմամբ Ազատություն նշանակում է ազատ լինել պարտադրված կախվածությունից, որը մարդուն, հասարակությանը, երկիրը զրկում է ստեղծարար ուղիներ, կենսակերպ ընտրելու հնարավորությունից, ոտնահարում է անձնական եւ ազգային արժանապատվությունը:
Ձգտելու եմ, որպեսզի Հայաստանում Ազատությունը հասարակական իրողություն դառնա, երբ հանրապետության բոլոր քաղաքացիներին կընձեռվեն տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային ազատ զարգացման փաստացի հնարավորություններ:
Ձգտելու եմ Արդարության, որը օրենքի ուժով ամեն մի քաղաքացու հասարակության մեջ կերաշխավորի հավասար իրավունքներ եւ կենսագործունեության ոլորտում համարժեք հնարավորություններ՝ անկախ նրա զորությունից, իշխանությունից, դիրքից:
Ձգտելու եմ հասարակության մեջ հաստատել Համերաշխության սկզբունքը, որին հետեւելով՝ դարեր ի վեր պետականությունից զրկված հայ ժողովուրդը կարողացել է տոկալ ու գոյատեւել: Գլոբալիզացման մարտահրավերների պայմաններում հասարակության անդամները կարող են մարդավայել ապրել, համագործակցել միայն այն դեպքում, երբ պատասխանատվություն կզգան իրենց եւ այլոց համար ու կօգնեն միմյանց:
Համերաշխությունը, իբրեւ այդպիսին, ապահովվում է այն դեպքում, երբ այդ սկզբունքը գործում է նաեւ ուժով անհավասարների, հակառակ շահեր հետապնդող մրցակիցների միջեւ: Բնավ չնշանակելով նահանջ հայացքներից ու սկզբունքներից, նման հայեցակարգը պարտադրում է ուժեղին՝ սատարել թույլերին, իսկ ամենքիս՝ համատեղ ջանքեր գործադրել՝ ի շահ յուրաքանչյուր մարդու, ի շահ ազգի, ի շահ Հայրենիքի:
* * *
Ի մի բերենք ներկայացված Ծրագրի հիմնական դրույթները.
Ծրագրի նշանաբանն է «Հանուն ազգային միաբանության», իսկ նպատակն է համազգային համաձայնության կայացումը, կենսականորեն անհրաժեշտ այն հարցերի արձանագրումը, որոնք հուզում են համայն հայությանը, Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացու, հասարակության բոլոր խավերին: Փորձ է արվել պարզ ու հստակ ներկայացնել, թե ինչպիսի տագնապահարույց վիճակում է հայտնվել երկիրը, գլոբալ ինչպիսի մարտահրավերներ են ծառացած Հայաստանի առջեւ մեր օրերում: Ծրագրում առաջարկվում են հայոց պետականության հիմքերը ճարակած ճգնաժամից դուրս գալու կոնկրետ, համակարգված ուղիներ:
Մեզ հարկավոր է կենսունակ եւ հզոր Հայաստան, որն ի զորու կլինի դիմակայել մարտահրավերներին, այլ ոչ թե տկար ու հիվանդոտ հասարակական մի մարմին: Սեփական պատասխանատվության գիտակցումով հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար՝ ի լուր ամենքի հայտարարում եմ, որ հանուն համազգային առաջընթացի՝ պատրաստ եմ համագործակցել ազգային շահերը պաշտպանող բոլոր ուժերի հետ՝ հասարակության համախմբման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար պատմականորեն բախտորոշ ներկա փուլն այսուհետ անկորուստ անցնելու, XXI դարի քաղաքակիրթ ազգերի շարքում իր արժանի տեղն ապահովելու համար: