Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հունվար 15,2008 00:00

 (Շարունակություն)

հաշվի առնել շրջակա միջավայրի պահպանության կարեւորությունը, քանի որ դրա տերը ոչ միայն ներկա, այլեւ ապագա սերունդներն են:

Բնապահպանական քաղաքականությունը հիմնականում պետք է նպատակաուղղված լինի էկոլոգիապես մաքուր միջավայրում քաղաքացիների կենսագործունեության իրավունքի ապահովմանը: Անհրաժեշտ է բացառել տնտեսական ռեֆորմների բացասական հետեւանքները շրջակա միջավայրի վրա, բնակչության գիտակցության մեջ ձեւավորել եւ արմատավորել բնապահպանական աշխարհայացք:

Բնապահպանական քաղաքականության երկարաժամկետ ուղղություններ եմ համարում.

– էկոնոմիկայի վերակողմնորոշումը՝ չվերականգնվող բնական պաշարների օգտագործումից դեպի վերականգնվող պաշարներ,

– Սեւանա լճի փրկության ազգային ծրագրի հետեւողական իրագործումը,

– էրոզիայի ենթարկված հողերի բնապահպանական վերականգնման ծրագրի մշակումը եւ իրականացումը, դրանց վերամշակումը հողօգտագործողների կողմից, աղտոտված տարածքների մաքրման, վերականգնողական աշխատանքների կազմակերպումը,

– այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց պարագայում տնտեսության կառուցվածքային վերակառուցումը կարող է տալ բնապահպանական իրական, շոշափելի արդյունք:

Կարեւորագույն խնդիր եմ համարում բնապահպանական անվտանգության, օդի, ջրի, հողերի, անտառների պահպանության ոլորտները կարգավորող օրենքների ընդունումը:

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:

Վերջին տարիները բնութագրվում են սոցիալական լարվածության շարունակականությամբ, որը մեծապես պայմանավորված է Հայաստանի քաղաքացիների կենսաապահովման համար նվազագույն պահանջների բավարարման զգալի թանկացումով: Եթե 2005 թ. ամսական պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմում էր 18308 դրամ, իսկ սպառողական նվազագույն զամբյուղինը՝ 29843 դրամ, ապա 2006 թ. նվազագույն պարենային զամբյուղի միջին ամսական արժեքը կազմում էր 20436.9 դրամ, իսկ սպառողական զամբյուղինը՝ 31677.1 դրամ: Ինչպես վերը նշեցի, այդ միտումը շարունակվել է նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին. նվազագույն պարենային զամբյուղի արժեքը կազմել է 21377 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով՝ 33145 դրամ: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2006 թ. ընթացքում ազգային փոխարժեքի «թանկացման» աճի տեմպը կազմել է 110%, ընդ որում նվազագույն պարենային զամբյուղի արժեքի աճը 2006 թվականին 2005 թվականի համեմատ կազմել է 111.6 %, սպառողական զամբյուղինը՝ 106.1%: Այսպիսով, 2006 թ., հաշվի առնելով նաեւ դրամի «թանկացումը», ապրուստի արժեքը Հայաստանում աճել է մոտավորապես 20-25 տոկոսով, ինչն ի չիք է դարձրել կառավարության կողմից հայտարարված բնակչության մեկ շնչին ընկած միջին եկամուտների բարձրացումը: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ 2007 թ. հունվար-սեպտեմբերին ազգային փոխարժեքի «թանկացման» աճի տեմպը 2006 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 122,8%, նվազագույն սպառողական եւ պարենային զամբյուղների աճի տեմպերը 2006-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել են համապատասխանաբար 112,7% եւ 118,5%, ապա, ինքնին հասկանալի է, որ ապրուստի արժեքի առաջանցիկ թանկացումը բնակչության միջին եկամուտների բարձրացման համեմատ շարունակվել է նաեւ 2007 թվականին:

Հասարակության մեջ զգալիորեն աճել են, մեծապես սոցիալական լարվածությամբ պայմանավորված, մտահոգիչ այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են ինքնասպանություններն ու ինքնասպանությունների փորձերը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները, կատարված հանցագործություններն ընդհանրապես: Այսպես, 2006 թվականին (2005 թվականի համեմատությամբ) գրանցված հանցագործություններն աճել են 9.9 տոկոսով եւ կազմել 9757 դեպք: Միջին ծանրության հանցագործությունները (2774 դեպք) աճել են 85.3 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ 15 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 23 տոկոսով: 2006 թ. գրանցվել է սպանության 75 դեպք (աճը 2005 թվականի համեմատ կազմել է 36.4 %), խուլիգանության 402 դեպք (աճը՝ 35.4 %), թմրանյութերի հետ կապված հանցագործությունների 957 դեպք (աճը՝ 29.9 %), անձնական ունեցվածքի գողության 354 դեպք (աճը՝ 20.4 %): Տագնապ է հարուցում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի աճը. 2006 թ. գրանցվել է ինքնասպանության 244 եւ ինքնասպանության փորձի 221 դեպք (2005 թ. համապատասխանաբար՝ 199 եւ 200 դեպք): Այս ոլորտում առկա ծանր վիճակը շարունակվել է նաեւ 2007 թվականին. հունվար-սեպտեմբերին գրանցվել է 6510 հանցագործություն, 651 բնակարանային գողություն (աճի տեմպը 2006 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 11,9%), 8,8%-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կազմելով 136 դեպք: Խիստ մտահոգություն է հարուցում այն, որ 25%-ով աճել են սպանություն կատարելու փորձերը, իսկ սպանությունների թիվը կազմել է 51 դեպք (2005 թ. նույն ժամանակահատվածի 38-ի, 2006թ.՝ 54-ի դիմաց):

Հանրապետությունում ծայրահեղ անբարենպաստ սոցիալական իրավիճակի հետեւանք է սոցիալական այնպիսի հիվանդությունների բարձր տեսակարար կշիռը, ինչպիսիք են սուր աղիքային հիվանդությունները, շնչառական օրգանների տուբերկուլյոզը, պեդիկուլյոզը (ոջլոտություն): Այսպես, 2006 թ. գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 5330 դեպք կամ գրանցված հիվանդությունների ընդհանուր թվի 5.2 տոկոսը, շնչառական օրգանների տուբերկուլյոզի 1216 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 1.17 տոկոսը, ոջլոտության 4877 դեպք կամ հիվանդությունների ընդհանուր թվի 4.7 տոկոսը: Այսպիսով՝ հանրապետությունում գրանցված հիվանդությունների ավելի քան 11 տոկոսը պատկանում է, այսպես կոչված, «սոցիալականների» թվին: Վիճակը գրեթե չի բարելավվել 2007 թ. հունվար-սեպտեմբերին. մասնավորապես աճել են սալմանելոզային ինֆեկցիաների գրանցված դեպքերը՝ 232, բրուցելյոզի՝ 192 դեպք: Այս պայմաններում անթույլատրելի եմ համարում, երբ շուրջ կես միլիոն կենսաթոշակառուների ամսական միջին թոշակները շարունակում են 1,5 անգամ ցածր մնալ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքից, իսկ մեկ շնչին ընկնող ամսական միջին եկամուտները ներկայումս Հայաստանում կազմում են սպառողական նվազագույն զամբյուղի շուրջ երեք քառորդը:

Աներկբա է, որ Հայաստանի գլխավոր հարստությունը մարդն է: Որպեսզի յուրաքանչյուր ոք նպաստի հանրապետության ծաղկմանը, անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել նպատակաուղղված պետական սոցիալական քաղաքականություն: Դրա ելակետային նախադրյալը պետք է լինի ցանկացած մարդու համար հնարավորությունների ստեղծումը՝ իրականացնել աշխատանք ունենալու իր սահմանադրական իրավունքը, որի արդյունքներով նա ի զորու կլինի արժանապատվորեն պահել իր ընտանիքը: Վերջին տարիներին ազգային վերածննդի եւ միաբանության գաղափարները վարկաբեկող պատճառներից մեկն էլ հանդիսացավ բնակչության, պետության հիմքը ծառայող հայկական ընտանիքի կենսամակարդակի կտրուկ անկումը:

Աշխատատեղերի սուր դեֆիցիտի պայմաններում կամ էլ դրանց առկայության դեպքում՝ աշխատանքի ցածր վարձատրության պարագայում ակնհայտ է, որ հանրապետությունում գործող գներն ու սակագները չարդարացված բարձր են, եւ դրանց իջեցումը կամ փոխհատուցումը համարում եմ սոցիալական քաղաքականության բնագավառում իմ կարեւորագույն խնդիրներից մեկը: Պետությունը պարտավոր է մարդկանց ապահովել աշխատանքով եւ պատշաճ աշխատավարձով: Հայկական ընտանիքը պետք է կրկին հնարավորություն ստանա ապրել արժանապատիվ, եւ դա հարկ է ամրապնդել նյութապես՝ առաջին հերթին աշխատանքով ապահովելով ընտանիքի գլխավորին: Նման մոտեցումը օբյեկտիվորեն առաջին պլան է մղում երկու կարեւորագույն խնդիրների լուծում, որոնք պետք է ապահովի պետությունը. նոր աշխատատեղերի ստեղծում եւ բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում:

«Արարման ծրագրի» սոցիալական քաղաքականության հիմքում ընկած է դեպի ներկան եւ ապագան ուղղված սոցիալական կողմնորոշում ունեցող տնտեսական քաղաքականությունը, որը պետք է ունենա կանխարգելիչ բնույթ եւ զուգորդի շահութաբերությունն ու մարդասիրությունը՝ խոչընդոտելով աղքատության եւ սոցիալական չարիքի առաջացմանը: Սոցիալական քաղաքականության մեջ ես ելնում եմ այն նախապայմանից, ըստ որի ամեն մի անհատ պետք է ունենա պարտավորություններ եւ պատասխանատվություն կրի հասարակության, պետության առջեւ, ինչպես եւ հասարակությունը, պետությունը՝ անհատի առջեւ:

Իմ կողմից հռչակված հիմնական արժեքները հաստատվում են սոցիալական հետեւողական քաղաքականության իրականացմամբ, որը միտված է հետեւյալ նպատակների կենսագործմանը.

– Հայաստանի քաղաքացիները պետք է ապահովվեն սոցիալական անվտանգության երաշխիքներով՝ իշխանության բոլոր ինստիտուտների կողմից մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանման հիման վրա: Պետության առջեւ դրված առաջնային խնդիրն է կերակրել եւ հագցնել մարդկանց, մեծահասակներին ապահովել արժանապատիվ աշխատանքով, նախադպրոցական տարիքի երեխաներին՝ լիարժեք սննդով եւ անվճար բուժսպասարկմամբ, դպրոցականներին՝ անվճար դասագրքերով ու նախաճաշով, կենսաթոշակառուներին՝ մատչելի դեղորայքով եւ արտոնություններով, որոնք կապահովեն նվազագույն կենսապայմաններ, պետական հոգածություն եւ պաշտպանվածություն,

– ընտանիքի ամրապնդում, մայրության եւ մանկության պահպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն, նրանց աշխատանքի եւ կենցաղային պայմանների բարելավում, բազմանդամ ընտանիքների աջակցում, ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համազգային ծրագրի ընդունում, երիտասարդության պետական աջակցություն,

– պետական վերահսկողական լծակների օգտագործման միջոցով անհրաժեշտ է մեղմել բնակչության կենսամակարդակի եւ եկամուտների ծայրահեղ բեւեռացումը հասարակության մեջ: Այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն փոխօգնության սկզբունքները. ուժեղն օգնում է թույլին, առողջը՝ հիվանդին, հարուստը՝ աղքատին,

– անհրաժեշտ է աշխատանքի վարձատրության, կենսաթոշակի ամենացածր մակարդակը կտրուկ մոտեցնել սպառողական նվազագույն զամբյուղի չափերին, բարձրացնել անաշխատունակների, հատկապես հաշմանդամների եւ երեխաների սոցիալական ապահովվածության երաշխիքների մակարդակը:

Մեծապես կարեւորում եմ նաեւ փախստականների հետ տարվող աշխատանքները եւ ունեմ նրանց տնտեսական ու հասարակական կյանքում ներգրավելու համապատասխան ծրագիր:

Համոզված եմ, որ հասարակության համար խիստ վտանգավոր են կեղծավորությունը եւ բարգավաճման պոպուլիստական խոստումները՝ առանց բացատրությունների, թե ինչի՞ հաշվին դա կարելի է իրականացնել:

ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իմ գործունեությամբ ձգտելու եմ հասնել այն բանին, որ ազատական տնտեսությունը մեկ ամբողջի մեջ միավորի շուկայական հարաբերություններն ու սոցիալական ապահովության համակարգը:

4. ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Կրթության ոլորտում իմ առջեւ դրած խնդիրները ձեւավորվել են՝ հաշվի առնելով XXI դարում ինովացիոն հասարակություններին ներհատուկ մարտահրավերները: Ես ելնում եմ նրանից, որ կրթությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի հիմքն է: Երրորդ հազարամյակում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական աճը պայմանավորված է պետության ընդունակությունով՝ ապահովել հասարակության բոլոր անդամների կրթությունը, որպեսզի յուրաքանչյուր մարդ հնարավորություն ստանա հաջողության հասնել արագընթաց փոփոխվող աշխարհում: Պետության կարեւորագույն խնդիրն եմ համարում երեք տարրերի կամ «գիտությունների եռանկյունու»՝ կրթության, հետազոտությունների եւ ինովացիաների զարգացումն ու ինտեգրումը: Այդ հիմնահարցերի լուծումը հնարավոր է մարդկային ռեսուրսներին ուղղված խոշորածավալ ներդրումներ իրականացնելով, մարդկանց մասնագիտական հմտությունները զարգացնելով, գիտական հետազոտություններ կատարելու համար պայմաններ ստեղծելով: Նշված խնդիրները կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է կրթության համակարգի արդիականացման պետական աջակցությունը, որպեսզի այն առավելագույնս համապատասխանի գլոբալ էկոնոմիկայի պահանջներին:

Գտնում եմ, որ գլոբալիզացիայի մարտահրավերների պայմաններում հայկական քաղաքակրթության գոյատեւումը հնարավոր է միայն գիտելիքների վրա հիմնված էկոնոմիկայի պարագայում: Ընդսմին, իմ աշխատանքում առաջնահերթ եմ համարում որակյալ կրթություն ապահովող ազգային նախագծի մշակումն ու կենսագործումը: «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի հիմքում դրվելու է դրույթ կրթության ժամանակակից, արդյունավետ համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կհամապատասխանի գլոբալ, ինովացիոն հասարակության պահանջներին եւ յուրաքանչյուր մարդու հնարավորություն կտա լիարժեքորեն մասնակցելու դրան: Ազգային նախագիծը նպատակաուղղված է լինելու կրթության ոլորտում ներդրումային քաղաքականության խրախուսմանը, ինչը կնպաստի արդյունավետ, կայուն եւ բարձրակարգ կրթություն ապահովող, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը: Այդ քաղաքականությունը կխրախուսի շարունակական ու անընդհատ կրթության ներդրման գաղափարը: Նշեմ, որ «Ութի խմբի» (աշխարհի առավել զարգացած ութ երկրների մասին է խոսքը) Քյոլնյան գագաթաժողովի հռչակագրի սկզբունքների հիման վրա ուսուցման նպատակ ու խնդիրներ են ճանաչվել՝ մարդկանց հնարավորություն տալ հարմարվելու աշխարհում կատարվող արագընթաց փոփոխություններին, առավելագույնս խորացնելու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաեւ ակտիվ դեր խաղալու հասարակական ու մասնագիտական գործունեության մեջ: Սկզբունքորեն կարեւոր եմ համարում կրթական համակարգի եւ մասնավոր հատվածի համագործակցության պետական կարգավորումն ու աջակցությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել գիտական հետազոտությունների ցանցը՝ գիտելիքների կուտակման, ինովացիաների խրախուսման, Հայաստանի տնտեսությունում նոր, բարձր տեխնոլոգիաների արագ ներդրման նպատակով: Ազգային նախագծի համար կարեւոր բաղադրիչ պետք է հանդիսանա բարձր չափանիշների ներդրմանն աջակցությունը, հատկապես մաթեմատիկայի, բնական գիտությունների, տեխնիկական ու կիրառական գիտությունների եւ օտար լեզուների ոլորտներում՝ կրթության բոլոր մակարդակների վրա: Կարեւորում եմ նաեւ բարձրորակ դասախոսներին գործուն աջակցություն ցուցաբերելը՝ արդիական այդ բնագավառներում հետագայում նրանց հաստատուն տեղն ամրապնդելու համար:

«Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կենսագործման կարեւոր նախապայման եմ համարում աշխարհի առաջատար երկրների («Ութի խմբի») աջակցությունը: Նշենք, որ վերջիններս 2006 թ. հուլիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում ընդունեցին «Կրթությունը XXI դարի ինովացիոն հասարակությունների համար» հռչակագիրը: Համոզված եմ, որ իմ կողմից առաջարկվող «Կրթությունը XXI դարում» ազգային նախագիծը աջակցություն կստանա «Ութի խմբի» երկրների կողմից, քանի որ դրանում ամրագրված նպատակներն ու խնդիրներն ամբողջովին համահունչ են ընդունված հիշատակածս հռչակագրի բուն գաղափարին, որի կենսագործմանը օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել աշխարհի առաջատար պետությունները:

Կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառում ընթացիկ խնդիրների լուծումը պահանջում է ինչպես հեռանկարային համապատասխան ծրագրի բազայի ստեղծում, այնպես էլ դրանք իրականացնելու համար գործուն միջոցների ձեռնարկում:

Այս ամենը հաշվի առնելով՝ իմ գործունեության մեջ առաջնորդվելու եմ այն իրողությամբ, որ կրթությունը՝ որպես գիտելիքների, վարպետության եւ ավանդույթների փոխանցման համակարգ, այսօր կանխորոշում է ցանկացած ազգի ճակատագիրը ու նրա պատմական հաջողությունը: Հայաստանի Հանրապետությունը կարող է արժանապատիվ ապագա ունենալ միայն իր քաղաքացիների կրթական մակարդակը պահպանելու եւ անշեղորեն բարձրացնելու ճանապարհով: Կրթությունը պետք է զարգանա՝ դրա բարձր պահանջարկն ունենալու օբյեկտիվ պայմաններում: Այն պետք է դառնա ազգային գերակայություններից կարեւորագույնը:

Հանրակրթական դպրոցի առջեւ ծառացած հիմնական խնդիրներ եմ համարում.

– կրթական ողջ համակարգի գերակա (նախապատվելի) ֆինանսավորումը,

– պարտադիր սկզբնական կրթությունը, լրիվ միջնակարգ կրթության բարձր մասնաբաժինը, մարզպետարանների ղեկավարության գործունեության գնահատման ժամանակ բնակչության կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված նրանց կատարած աշխատանքի հաշվի առնելը,

– կրթության բնագավառում կապիտալ շինարարությունը, դպրոցական կցակառույցներին եւ ուսուցիչների համար կացարաններ կառուցելուն նպատակաուղղված պետական ֆինանսավորումը, պետպատվերի հիման վրա դպրոցական մանկավարժների եւ նախակրթարանների դաստիարակների պատրաստման ապահովումը,

– ուսուցիչների, կրթության բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացումը,

– պետական աջակցությունը հեռավոր եւ մերձավոր արտասահմանի հայկական հանրակրթական դպրոցներին, Սփյուռքում հայկական դպրոցի դերի բարձրացումը, նրա հեղինակության ապահովումը:

Ե՛վ պետական, եւ՛ մասնավոր կրթության հիմքում պետք է դրվի ազատության ու պատասխանատվության ոգով դաստիարակությունը, մատաղ սերնդի մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման համար հավասար ու արդար պայմանների ստեղծումը: Անհրաժեշտ է կատարելագործել պետպատվերի եւ վճարովի ուսուցման համակարգերը: Միաժամանակ, հարկ է կիրառել մասնավոր բուհերի ատեստավորման եւ արտոնագրման ավելի խիստ պահանջներ:

Գտնում եմ, որ գիտությունը, գիտական դպրոցները, ազգի գիտական ինտելեկտը եւ դրա օպտիմալ օգտագործումը կարեւոր նախապայման են XXI դարում Հայաստանի գոյատեւման համար:

Գիտության ոլորտում կարեւորագույն հիմնախնդիրներ եմ համարում.

– Հայաստանի տնտեսական, քաղաքական, հոգեւոր վերածննդին նպաստող գիտական հետազոտությունների աջակցության պետական ծրագրի մշակումն ու իրագործումը,

– արդիականություն ունեցող գիտական ծրագրերի ու նախագծերի առաջնահերթ ֆինանսավորումը եւ այդ խնդրի լուծմանն ուղղված պետական դրամաշնորհների համակարգի զարգացումը, այլ ոչ թե աջակցությունը կարծրացած բյուրոկրատական կառուցվածքներով գիտական հիմնարկներին,

– Հայաստանում գիտության հեռանկարային ուղղությունների զարգացման գերակայությունների ճշգրտումը, հայագիտությանն ու ֆունդամենտալ գիտություններին պետական ֆինանսավորման մակարդակի ավելացումը:

Համոզված եմ, որ մեր ազգային մշակույթի պահպանումը, վերածնունդը եւ զարգացումը պարտադիր պայման են կյանքի մյուս բոլոր բնագավառներում հաջողության հասնելու համար: Այն ազգի համախմբման կարեւորագույն միջոց է: Գտնում եմ, որ այսօր, հայոց պետականության կայացման ներկայիս ծանր ժամանակներում, միայն մշակույթը կարող է ապահովել ազգի ինքնատիպությունը, պետության եւ հասարակության սոցիալական, բարոյական, հոգեբանական բնութագրերի կայունությունը:

Մշակույթի բնագավառում իմ առաջնահերթ խնդիրն է լինելու աջակցել մշակույթի գործիչներին՝ նրանց ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, տաղանդների բացահայտմանը եւ ինքնադրսեւորմանը, մշակույթի պետական հովանավորության ապահովմանը: Այս հարցում կարեւորում եմ, որ մշակույթի գործիչների բարոյական եւ նյութական խրախուսումը պայմանավորված լինի բացառապես գեղագիտական նկրտումներով, ելնի զուտ գեղարվեստական ընկալումներից՝ անկախ մնալով քաղաքական կոնյունկտուրայից:

5. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Երիտասարդության հետ տարվող իմ աշխատանքների հիմքում դնելու եմ «Կրթությունը XXI դարում» ազգային նախագծի կյանքում իրականացումը, ինչպես նաեւ «Գլոբալիզացիայի դարաշրջանում երիտասարդության հարմարեցման (ադապտացիայի)» ազգային ծրագրի մշակումն ու դրա կենսագործումն ապահովող պետական աջակցությունը, «Հայաստանի տարածաշրջաններում հավասարակշռված զարգացման» պետական ծրագիրը եւ այլն: Ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի լուծման ժամանակ ելնելու եմ նրանից, որ երիտասարդությունը հասարակության ամենադինամիկ ու առաջավոր մասն է, եւ որ նրա գործունեությամբ, դավանած գաղափարներով, ակտիվ դիրքորոշմամբ են պայմանավորված մեր առաջընթացն ու երկրի հետագա զարգացումը:

Արագորեն գլոբալիզացվող աշխարհի պայմաններում երիտասարդության հետ իմ աշխատանքներում կարեւորում եմ.

– գիտելիքների ծառայեցումը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնական ազատությունների, քաղաքացիական հասարակարգի ձեւավորման ու զարգացման գործին, եւ առողջ ազգային ու համազգային առաջադեմ գաղափարների ոգով աճող սերնդի դաստիարակության ապահովումը,

– երիտասարդությանը հաղորդակից դարձնել XXI դարի ինովացիոն հասարակության նոր մարտահրավերներին: Կեցության ստեղծված պայմաններին, գիտական նոր տեսություններին եւ դրանց վրա հիմնված բարձր տեխնոլոգիաների տիրապետման հարցում նրանց օգնություն ցուցաբերելը,

– երիտասարդության հայրենասիրական, ֆիզիկական ու մշակութային-քաղաքակրթական դաստիարակության կազմակերպումը՝ հայրենիքի եւ քրիստոնեական հնագույն քաղաքակրթության պատկանելու համար հպարտության ոգի սերմանելը,

– երիտասարդ ընտանիքներին բազմակողմանի աջակցության ապահովումը:

Մինչեւ պետական մակարդակով երիտասարդության ազգային ծրագրի ընդունումը, կարեւոր եմ համարում գործուն քայլեր ձեռնարկել, որոնք համահունչ կլինեն հասարակության զարգացման միջազգային առկա միտումներին եւ կհամապատասխանեն առաջիկա տասնամյակում երիտասարդությանը ներկայացվող գլոբալիզացիայի նոր մարտահրավերների պահանջներին:

Երիտասարդության հետ տարվող քաղաքականության մեջ առաջնահերթ եմ համարում նրանց բնավորության այնպիսի գծերի ու մտածելակերպի ձեւավորումը, որոնք պահանջված կլինեն քաղաքակրթության զարգացման վաղվա օրվա մարտահրավերների տեսանկյունից եւ որոնք դրականորեն կազդեն հասարակության տնտեսական ու սոցիալական զարգացումների վրա: Այս առումով եմ դիտարկում երիտասարդությանը՝ որպես հիմնական ուժ, որն ունակ է հայկական լճացող հասարակությունը փոխակերպել հետինդուստրիալով, իսկ այնուհետեւ կարճ ժամանակում նոր՝ XXI դարի ինովացիոն հասարակությունով:

Գտնում եմ, որ երիտասարդության հետ տարվող քաղաքականության հիմքում պետք է դրվեն արտադրական եւ միջանձնային նոր հարաբերություններ: Կարեւորում եմ, որ երիտասարդությունը հնարավորինս արագ կարողանա ադապտացվել եւ դիմակայել գլոբալիզացվող աշխարհի մարտահրավերներին, կենսագործունեության ապահովման շարժիչ ուժ դառնալ երկրի զարգացման ճանապարհին: Նպատակը մեկն է. կարճ ժամանակահատվածում ձեւավորել երիտասարդ սերունդ, որն ընդունակ կլինի ինքնուրույն գործողությունների, արագորեն կընկալի առաջատարն ու նորը, եւ որին հատուկ կլինեն խիզախությունը, ձեռներեցությունը, հնարամտությունը:

Նոր քաղաքականության ձեւավորման պայմաններում ավելի մեծ տեղ կհատկացվի երիտասարդության տնտեսական, արտադրական գործունեությանը, բիզնեսի արդիական՝ էլեկտրոնային, ինֆորմացիոն, ինովացիոն եւ այլ բարձր տեխնոլոգիաներով հագեցված ոլորտներում նրանց ներգրավմանը: Հետեւաբար, պատանիներն ու աղջիկները պետք է դեռեւս վաղ տարիքից լայնորեն դառնան ընտանեկան բիզնեսի մասնակիցը, իրենք էլ կարողանան ապահովել ընտանիքի եկամուտը: Այս ամենն արդիական կդարձնի երիտասարդության ազգային նախագծում առավել ընդգրկուն արտացոլելու խնդրո առարկա ռազմավարական մոտեցումները, որոնք թե՛ հոգեբանորեն եւ թե՛ մասնագիտորեն կնախապատրաստեն երիտասարդներին ու մեծահասակներին ժամանակի մարտահրավերների արժանապատիվ հաղթահարման համար:

Հատուկ նշանակություն եմ տալիս երրորդ հազարամյակի՝ տեղեկատվական եւ տեխնոլոգիական հեղափոխությունների դարաշրջանի նոր անձի ձեւավորմանը: XXI դար Հայաստանի սահուն մուտքի կարեւորագույն պայման է հանդիսանում ինտերնետ կապի միջոցով դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների, ինժեներատեխնիկական աշխատողների հաղորդակցումը համաշխարհային գիտության, տեխնիկայի եւ մշակույթի նորություններին:

Նոր մարդու ձեւավորման գործում կարեւոր նշանակություն եմ տալիս երիտասարդների՝ սեփական ուժերի վրա հենվելու, նոր պայմաններին հարմարվելու, դժվարությունները հաղթահարելու, հմտություններ ձեռք բերելու ընդունակությունների ձեւավորմանը: Միաժամանակ հրատապ եմ համարում երիտասարդության գիտակցության մեջ այն գաղափարի արմատավորումը, որ լավ սովորելով, գիտելիքներ եւ մասնագիտություն ձեռք բերելով, սկսած գործը ավարտին հասցնելու հաստատակամությունով է պայմանավորված ինքնուրույն կյանք մտնող մարդու վաղվա հաջողությունը, որի նախապայմանն է միջակության, անտարբերության, կյանքի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մերժումը:

Դպրոցական, ուսանողական եւ գիտական երիտասարդության միջավայրերում անհրաժեշտ է ապահովել.

– հանրակրթական համակարգի արտոնյալ ֆինանսավորում, մանկավարժական երիտասարդ կադրերի բարեկեցության երաշխիքների ստեղծում, կրթական ծրագրերի հարստացում նորերով, որոնք կնպաստեն ժամանակակից գիտելիքների յուրացմանը, երրորդ հազարամյակի մարդու, անձի եւ քաղաքացու ձեւավորմանը,

– շուկայական հարաբերություններին, տնտեսական, սոցիալական եւ քաղաքական պայմաններին համապատասխանող դաստիարակչական ծրագրերի մշակում, գործնական գիտելիքներ ապահովող, նոր կենսապայմաններին հարմարվելու ունակություն ձեւավորող առարկաների ուսուցում,

– ուսումնական ծրագրերի մեջ հոգեւոր ու հայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումների մշակում եւ ներդրում,

– բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկի ընդգրկում, ինչպես նաեւ մասնագիտական կրթության կողմնորոշում դեպի համաշխարհային շուկայի պահանջները եւ Հայաստանի հնարավոր տեղը աշխատանքի միջազգային բաժանման մեջ,

– բուհական եւ դպրոցական լաբորատորիաների արդիականացում ժամանակակից սարքերով ու սարքավորումներով, աուդիովիզուալ ձեռնարկներով, գրադարանային ֆոնդերի համալրում, էլեկտրոնային գրադարանների ստեղծում եւ ապահովում ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական եւ համակարգչային տեխնիկայով, պարտադիր ինտերնետ կապով,

– ապագա մասնագետներին ինովացիոն գործունեությանը նախապատրաստող, գիտահետազոտական աշխատանքներում ուսանողներին ներգրավելու ծրագրերի մշակում եւ իրագործում,

– գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացում, երիտասարդության գիտական գործունեությանը հետեւողական աջակցության ցուցաբերում,

– ուսման եւ գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների ու անվանական թոշակների համակարգի ընդլայնում, ուսման վարձավճարների չափերի եւ պետական ու այլ միջոցներով ուսման վարձի փոխհատուցման հստակ սահմանում՝ ապահովելով դրանց կիրառման թափանցիկությունը, ներդնելով պարտադիր արտոնություններ անապահով ուսանողների եւ գերազանցիկների համար, կիրառելով կրթություն ստանալու նպատակով պետական վարկավորման համակարգ,

– ուսանողների կյանքի եւ առողջության պահպանման ծրագրի մշակում ու հետեւողական իրականացում, ուսանողական հանրակացարանների վերանորոգում, դրանցում բնակկենցաղային պայմանների բարելավում:

Բանվոր, ծառայող, գյուղաբնակ եւ գործազուրկ երիտասարդության միջավայրում անհրաժեշտ է.

– զարգացնել մասնագիտական (արհեստակցական) սկզբնական կրթությունը, այդ հաստատություններում մշակել եւ իրականացնել հանրակրթական ծրագիր,

– ապահովել երիտասարդ ձեռներեցների, նրանց բիզնեսի եւ նախաձեռնությունների համար մշտական աջակցություն, որն ուղղված կլինի տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը,

– բյուջետային աջակցության ապահովում երիտասարդ ուսուցիչների, բժիշկների եւ այլ մասնագետների համար, հատկապես՝ գյուղերում եւ սահմանամերձ բնակավայրերում,

– կազմակերպել գործազուրկ երիտասարդության մասնագիտական վերապատրաստում, ապահովել նրանց՝ ժամանակակից մասնագիտությունների տիրապետումը, ստեղծել երիտասարդական զբաղվածության մարզային կենտրոններ,

– պետության լայն աջակցությամբ կարգավորել գյուղական երիտասարդության զբաղվածության խնդիրները, եւ առաջին հերթին՝ սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերում, հանրապետության գյուղական վայրերում կազմակերպել մշակութային կենտրոնների, մարզահրապարակների վերանորոգում ու նորերի կառուցում:

6. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ներկա իրավիճակը:

Հայաստանի բնակչության առողջության վիճակը բնութագրվում է ցածր ծնելիությամբ (11,7 ծնունդ՝ 1000 բնակչի հաշվարկով), մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության բարձր մակարդակով (13,8 դեպք՝ 1000 նորածնի հաշվարկով): Ավելին, 2006 թ. նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության աճ՝ 13,0%-ով: Իրավիճակը գրեթե չի փոխվել նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին. ծնելիությունը 1000 բնակչի հաշվով կազմել է 12 երեխա, մահացածներից մինչեւ 1 տարեկան երեխաներ են եղել 11,4%-ը:

2006 թ. Հայաստանի բնակչության շրջանում արձանագրվել են 103127 տարբեր հիվանդություններ, որոնցից հիմնականներն են, ինչպես արդեն նշել եմ, սուր աղիքային վարակներ՝ 5330 դեպք, շնչառական օրգանների սուր վարակներ՝ 87285 դեպք, գրիպ՝ 1985 դեպք, շնչառական օրգանների տուբերկուլյոզ՝ 1216 դեպք եւ ոջլոտություն՝ 4877 դեպք: Դրությունը էականորեն չի բարելավվել նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ արձանագրվել է 67614 հիվանդության դեպք. գրանցվել են 4160 սուր աղիքային հիվանդություններ, 56560 վերին շնչուղիների սուր ինֆեկցիաներ, շնչառական օրգանների տուբերկուլյոզի 878 դեպք, ոջլոտության 2554 դեպք:

Ազգաբնակչության շրջանում առողջապահության գործում առկա չլուծված խնդիրները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի միջին տեւողության վրա. 2006 թ. այն կանանց մոտ կազմել է 71-72, տղամարդկանց մոտ՝ 68-70 տարեկան:

Հայրենական առողջապահական համակարգի խնդիրներից հարկ է նշել հետեւյալները.

– բժշկական սարքավորումների, սանիտարական ավտոտրանսպորտային փոխադրամիջոցների մաշվածություն,

– բժշկական հաստատությունների (հատկապես՝ մարզերում) անբավարար հագեցվածություն ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով,

– թանկարժեք, բարձր տեխնոլոգիական տեսակների բժշկական օգնություն ստանալու հարցում բնակչության պահանջների ծայրահեղ ցածր բավարարում:

Ավելին, արմատական բարելավման կարիք ունի հիվանդությունների կանխարգելման համակարգը:

Իմ գործունեության ծրագրային հիմնական խնդիրներից մեկը համարում եմ աջակցությունը՝ ժամանակակից առողջապահական համակարգ ստեղծելուն, որը հետապնդում է հետեւյալ նպատակները.

– ամրապնդել Հայաստանի բնակչության առողջությունը, իջեցնել հիվանդացության, հաշմանդամության, մահացության մակարդակները,

– բարձրացնել բժշկական օգնության մատչելիությունն ու որակը,

– ամրապնդել առողջապահության առաջնային օղակը, պայմաններ ստեղծել նախահոսպիտալային փուլում արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար,

– զարգացնել առողջապահության կանխարգելիչ ուղղվածությունը,

– բավարարել բնակչության պահանջարկը բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակներում,

– լուծել պետական սոցիալական աջակցության կարոտ քաղաքացիների խնդիրները՝ բուժսպասարկման մասով:

Ժողովրդի առողջությունը համարում եմ ժամանակակից կայացած հասարակության ու զորեղ պետության եւ՛ պայմանը, եւ՛ նպատակը: Ըստ այդմ, առողջապահական արդիական համակարգի ստեղծումը լինելու է իմ գործունեության կարեւորագույն գերակայություններից մեկը: Այս մոտեցումը պետք է դրվի առողջապահության ոլորտում պետության քաղաքականության հիմքում, որն ուղղված կլինի մարդկանց առողջության պահպանության ապահովմանը: Գիտակցելով, որ ներկա փուլում առողջապահության գնահատման նախկին չափորոշիչները չեն գործում, անհրաժեշտ է որոշել բուժօգնության այն օպտիմալ հնարավորությունները, որոնք պարտավոր է երաշխավորել պետությունը:

Այս գործում կարեւոր պայման է բժշկական ծառայությունների ստանդարտացման անհրաժեշտությունը, պետական եւ ապահովագրական բժշկությունների համամասնության օպտիմալացումը, ինչը ենթադրում է.

– առողջապահության զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունների որոշում,

– առողջապահության հիմնական սկզբունքների եւ զարգացման խնդիրների որոշում, Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել