Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հունվար 15,2008 00:00

(Շարունակություն)

այնպիսի վիճակ, երբ անձի պաշտոնեական եւ մասնագիտական առաջխաղացման համար պարտադիր պայմաններ դարձան կաշառատվությունը, խաբեությունը, անբարոյականությունը: Ազգաբնակչության զգալի մասը ամեն օր ստիպված է լինում «ընտրություն» կատարել իր ընտանիքի համար գոյապայքարի եւ հայրենիքի միջեւ: Կամ կանգնել ժողովրդի, հասարակության շահերի պաշտպանության դիրքերում, կամ էլ իր ընտանիքի ապրուստի նվազագույն չափն ապահովելու համար հրաժարվել պետական շահը պաշտպանելու սուրբ առաքելությունից: Ահա նման երկընտրանքի առաջ է կանգնած մեր քաղաքացիների մեծամասնությունը: Մարդկանց որոշակի զանգված վերածվել է այս աշխարհում ամեն սուրբ բան աստիճանաբար կորցնող խաբեբաների: Արմատախիլ են արվում հոգեւոր եւ բարոյական արժեքները, Հայաստանում արդար ու ազնիվ աշխատանքով ապրելու հնարավորության հավատը: Ահա, սա է հենց ամենամեծ կորուստը,

– վարվող քաղաքականությունը առավել հարուստ փոքրամասնության շահերի պաշտպանությանն է ստորադասել հասարակության կայունության հիմքը հանդիսացող միջին խավ ձեւավորելու անհրաժեշտությունը: Դա բերել է սոցիալական վտանգավոր շերտավորման եւ եկամուտների մակարդակով երկբեւեռ, պայթյունավտանգ հասարակության ձեւավորմանը: Սա ազգաբնակչության մեծամասնության աղքատացման գլխավոր պատճառներից մեկն է: Երեւույթ, որը էապես կասեցնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Երրորդ. պետականության գլխավոր հիմքերը կազմող գործոնները մոտեցել են վտանգավոր սահմանագծի. պետությունն այլեւս ի վիճակի չէ իրականացնել իր գործառնությունները պատշաճ մակարդակով, ասել է, թե ապահովել ազգաբնակչության առողջության վերարտադրությունն ու պահպանումը, բանակի մարտունակությունը, գիտության, կրթության եւ արտադրական ենթակառուցվածքների կանոնավոր գործունեությունը:

Չորրորդ. նախագահական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները չեն կարողացել համախմբել հասարակությանը, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայության պարագայում խավերի, կուսակցությունների, անհատականությունների շահերը եւ առաջնորդների ձգտումները նպատակաուղղվեին երկրի կողմից գլոբալիզացիայի մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամությանը: Դրա փոխարեն ունենք կուսակցությունների ու խմբավորումների, տեղական եւ գյուղական հայրենակցական միավորումների, եկեղեցական ու կրոնական համայնքների, աղանդների աննախադեպ աճ: Խորանում է ազգի պառակտումը: Դեռ ավելին. կան կուսակցություններ, որոնք, արհամարհելով ոչ հեռավոր անցյալի պատմական դասերը, իրենց համարում են հասարակության առանցք եւ միմիայն սեփական անձերի մեջ են տեսնում համազգային առաջնորդություն իրականացնելու իրավունքը: Սպառնալի չափերի է հասել պետական իշխանության տարբեր մակարդակի մարմինների, դրանց ղեկավարների, կուսակցությունների հանդեպ քաղաքացիների վստահության անկումը:

Հինգերորդ. երկիրը հայտնվել է հոգեւոր խորը ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է ազգային մշակույթի, գիտության եւ կրթության անկումով: Մշակույթի ու կենցաղի ոլորտում շարունակվում են արմատավորվել հայ ժողովրդին խորթ ավանդույթներ ու սովորույթներ: Ժողովրդի լայն խավերի համար դեռեւս մատչելի չեն առողջապահությունն ու կրթությունը: Սպառնագին չափերի են հասել պոռնկությունը, թմրամոլությունը եւ աղանդավորությունը:

Վեցերորդ. երկրում ձեւավորվել է մեկուսախմբային տնտեսություն: Իշխանության մարմիններում խորապես արմատակալած կոռուպցիան, կաշառակերությունը, պետական միջոցների շարունակվող թալանը հասել է վտանգավոր չափերի: Սասանվել է մարդկանց հավատը, խռովվել են նրանց հոգիները: Այս ամենը, վերջիվերջո, խոցելի է դարձրել մեր պետությունը արտաքին ոտնձգությունների համար:

Հայաստանի Հանրապետության հասարակությունը պառակտված է, անելանելիության զգացումը կաթվածահար է արել ժողովրդի հավաքական կամքը: Իշխանություններն անընդունակ եղան միավորել երկրի հայրենասիրական բոլոր ուժերը: Ազգային ինքնությունը վտանգող սպառնալիքը պահանջում է համաժողովրդական պայքար, պայքար, որ պիտի համախմբի հասարակության առողջ ուժերին:

Հայ ժողովրդի առջեւ ներկայումս ծառացել է կենսահույզ հետեւյալ հարցադրումը. ինչպե՞ս ապրել այսուհետ:

Հայաստանի

Հանրապետությունում ճգնաժամի

հաղթահարումը սկսվում է երկրի զարգացման

նպատակների առաջադրումից

Համընդհանուր մրցակցության պայմաններում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործնական կազմակերպման համար անհրաժեշտ է քաղաքական նոր դաս, որն ընդունակ կլինի երկրին եւ, առաջին հերթին, նրա երիտասարդությանը առաջարկել հեռանկար ու աշխատանք: Ըստ այդմ, հարկ է իշխանության նոր կազմակերպում, որը հստակ կսահմանի երկրի զարգացման ուղղությունը, կառաջադրի զարգացման նպատակները եւ կնպաստի հասարակության ու պետության համախմբմանը առկա բոլոր միջոցներով՝ դրա իրականացման համար: Այլ ճանապարհ հանրապետությունը չունի, քանի որ կայացած համակարգի սահմաններում մեր տնտեսությունը մոտեցել է իր զարգացման եզրագծին:

Հրամայական պահանջ է առաջիկա 10-15 տարիներին պետության զարգացման սեփական մոդելի ստեղծումը: Եվ երկրի համար ուրվագծվող ապագան անհրաժեշտ է, որ կապված լինի գործունեության նոր համակարգերի ստեղծման հետ, որոնք եւ ապահովելու են որակական աճ կյանքի բոլոր բնագավառներում:

ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իմ գործունեության մեջ գերակայություններ եմ հռչակելու ժամանակակից առողջապահական համակարգի ստեղծումը, «Հայաստանի տարածաշրջաններում հավասարակշռված զարգացման» պետական ծրագրի հաստատումը՝ բնական եւ աշխատանքային պաշարների առավել արդյունավետ օգտագործման հիման վրա (հաշվի առնելով Երեւանի ու հանրապետության մարզերի միջեւ սոցիալ-ժողովրդագրական հաշվեկշռի հավասարեցման արդիական անհրաժեշտությունը), դրա հետեւողական բարելավումը հատկապես՝ բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններում:

Պետական քաղաքականության կարեւոր ուղղություն եմ համարում հանրապետության բնակչության՝ ողջ կյանքի ընթացքում որակյալ ու անընդհատ կրթություն ստանալու վերաբերյալ ազգային նախագծի հաստատումը, երիտասարդության հարցերով՝ «Գլոբալացման դարաշրջանում երիտասարդության հարմարեցման (ադապտացիայի)» ազգային ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով հայկական կյանքի ներկա իրողությունները: Երիտասարդության հարցերով ազգային նախագծի շրջանակներում առաջնահերթ եմ համարում երիտասարդ ընտանիքներին հարմարավետ եւ մատչելի բնակարաններով ապահովելու համապետական միջոցառումների մշակումը:

Ազգային նախագծերի գերակայության պայմաններում դրանց անվիճելի կարեւորությունն այն է, որ իշխող քաղաքական դասի գործունեության հիմքում դրված լինի արարումը, այսինքն՝ նոր կազմավորվող առաջատար ինֆրակառուցվածքների եւ արտադրական համակարգերի ստեղծումը, հասարակության սոցիալական կառուցվածքի ղեկավարումը:

ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում իմ գործունեության հիմքում կդնեմ վերը շարադրված նպատակների կենսագործումը եւ քայլերս կուղղեմ համապետական ու ազգային նշանակություն ունեցող հենց այդ խնդիրների իրականացմանը:

Ընդ որում, ինձ հաշիվ եմ տալիս, որ առաջարկվող ազգային նախագծերի իրականացումը հնարավոր է միայն գործունեության նոր համակարգի հիման վրա: Այսպես, հնարավոր չէ գոնե կանգնեցնել երկրի ժողովրդագրական անկումը՝ չստեղծելով մարդկանց ապահով կյանքի եւ նրանց հարմարավետ տեղաբաշխման նոր ձեւեր, որոնք, մասնավորապես, նկատի կունենան բազմազավակ ընտանիքներին (նվազագույնը երեք երեխայից բաղկացած): Հնարավոր չէ կյանքը վերադարձնել գյուղ, կանգնեցնել գյուղից աշխատունակ բնակչության արտագաղթի հոսքը, հատկապես՝ երիտասարդության, առանց տարածաշրջանային զարգացման կազմակերպման եւ ժամանակակից ինֆրակառուցվածքների ու արդյունաբերության ստեղծման, որոնք հնարավորություն կտան լիարժեք եւ արժանապատվորեն ապրել ու արարել գյուղում: Եվ, վերջապես, չի կարելի «կացարանային խնդիրը» լուծել բացառապես տնտեսական ու իրավական միջոցներով՝ առանց պետության կողմից երաշխավորված երիտասարդ ընտանիքների երկարաժամկետ ու մատչելի վարկավորման, ապագային միտված հեռանկար ունեցող ծրագրերի իրականացման, առանց քաղաքաշինական եւ տնաշինական համակարգերի արմատական, համալիր վերափոխման:

Պետության կողմից հասարակության զարգացման ղեկավարումը որակապես նոր մակարդակի բարձրացնելու նպատակով անհրաժեշտ եմ համարում նաեւ ստորեւ մատնանշել ընթացիկ խնդիրներն ու պետության դերը շուկայական տնտեսության մեջ: Հասունացած հիմնահարցերի ընդհանրացումը եւ դրանց փոխակերպումը նպատակների ու խնդիրների, որոնք թույլ կտան առարկայորեն եւ տեխնոլոգիապես լուծել նշված գերակայությունները՝ ահա սա է լինելու իմ քաղաքականությունն առաջիկա տարիներին:

Երկրում առաջընթաց զարգացման

ապահովման

գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը

Երկրի առաջընթաց զարգացումն ապահովելու համար, նախեւառաջ, անհրաժեշտ է ձերբազատվել միստիկայից եւ «բարեփոխումներ» կոչվող հասկացությանն առնչվող խոսելախտից: Իսկ դա նշանակում է.

առաջին. երկրում իրականացվող բոլոր բարեփոխումները, տնտեսական վերափոխությունները հարկավոր է հարաբերակցել եւ ներդաշնակեցնել ազգային անվտանգության շահերի հետ: Հիմնականը պիտի լինի այն, թե ի՛նչ են, ի վերջո, տալիս այդ նորամուծությունները հայոց պետականության ամրապնդման, մրցունակ արտադրության վերստեղծման, ինքնիշխանության եւ ազգաբնակչության բարեկեցության աճի համար:

Երկրորդ. երկրի ու ժողովրդի շահերը, ազգային անվտանգության ապահովումը պետք չէ պայմանավորել սեփականության այս կամ այն ձեւով, պետական հատվածում պետք չէ քանդել այն, ինչը դեռ կա եւ որը մոտակա ժամանակներում չի լինի մասնավոր սեփականության ոլորտում: Խոսքը վարչահրամայական համակարգի վերականգնման մասին չէ, այլ չսեփականաշնորհված ձեռնարկությունների կառավարումը շուկայական համակարգի շրջանակների մեջ փոխադրելու մասին է:

Երրորդ. Հայաստանի տնտեսությունն ունի փոքր ու միջին մասնավոր ձեռնարկատիրության եւ ագարակատիրության պետական հովանավորության քաղաքականության կարիք: Այդ քաղաքականությունը պետք է հենվի շուկայական տնտեսության երեք կարեւորագույն սկզբունքների վրա՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում: Ու այդ ամենը օրենսդրական հիմքերի ստեղծման վրա: Այս բնագավառում վարվող քաղաքականությունը պետք է նպաստի ինչպես խոշոր բիզնեսի գործունեությանը, այնպես էլ գանձապետական (ֆիսկալ) համապատասխան լծակների միջոցով խրախուսի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ու ագարակային տնտեսությունների զարգացումը: Այդօրինակ մոտեցման դեպքում հնարավոր կլինի ստեղծել հազարավոր աշխատատեղեր եւ էապես բարձրացնել ազգաբնակչության կենսամակարդակը:

Չորրորդ. հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիտության զարգացման վրա եւ ձգտել ապահովելու փոխշահավետ ու բեղմնավոր գործակցություն գիտության եւ բիզնեսի ամենատարբեր բնագավառների միջեւ: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան (օրենսդրական, ինստիտուցիոնալ, մտավոր, կազմակերպական) նախադրյալներ եւ պայմաններ, որպեսզի տնտեսական աճը պայմանավորված լինի ինովացիոն գործունեության առաջատար դերով, որը թույլ կտա ներդնել եւ՛ նորույթներ, եւ՛ նրա արդյունքը, որպեսզի գաղափարը, մշակումը եւ տեխնոլոգիան ներդրվեն շուկայական համատեքստի մեջ ու բավարարեն հանապազօր պահանջմունքները: Հարկավոր է, գործնական նորամուծությունների միջոցով, հասնել իրենց հատկանիշներով ու հատկություններով բարձրորակ ապրանքների, մթերքների, ծառայությունների ու տեխնոլոգիաների ստեղծմանը: Վարվող տնտեսական քաղաքականության հիմքում պետք է դրվի նոր հնարավորությունների, տեխնոլոգիաների ու գաղափարների շահագրգիռ որոնումը, որոնք գործնականում կապահովեն աշխատունակ ազգաբնակչության առավել գործուն մասի համար մտավոր ու ստեղծագործական գործունեության լավագույն պայմաններ:

Հինգերորդ. մեր ազգաբնակչությունն ունի հայրենական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների, մատչելի ծառայությունների, բարձր որակավորում չպահանջող նոր աշխատատեղերի կարիք: Դա հրատապ է դարձնում ներքին շուկայի զարգացման խնդիրը՝ բնակչության գնողունակության աճի, դեպի հայրենական արտադրություն մարդկանց վերակողմնորոշելու հիման վրա: Խիստ կարեւոր ենք համարում նաեւ արտադրական եւ գյուղատնտեսական հատվածների ուժերի միավորումն ու սերտ համագործակցությունը:

Վեցերորդ. հարկավոր է բացառել գործերի այնպիսի վիճակի հնարավորությունը, երբ բնակչությանը հուզող, հրատապ հարցերի լուծումը պետությունը փոխանցում է օլիգարխիկ կառույցներին՝ մի բան, որն անխուսափելիորեն հանգեցնում է պետական ինստիտուտների էրոզիային, դրանց դերի ամլացմանը, երկրի ապաարդիականացմանը եւ սոցիալական անկմանը:

Այն գլխավոր հարցերը, որոնց պատասխանները իշխանությունից սպասում է հասարակությունը, առաջին հերթին վերաբերում են աղքատության հաղթահարման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ վերաբերում են աշխատունակ ազգաբնակչության մեծամասնությանը, անվճար կրթություն, բժշկական օգնություն ստանալու, սոցիալական երաշխիքներ հաստատելու հնարավորությանը, անհրաժեշտ հարմարություններով ապահովված, պաշտպանված մանկությանն ու ծերությանը:

Ապրանքային գործելակարգով ապրող մարդկային հասարակության մեջ գործում է համապատասխանության օրենքը, որի համաձայն՝ տնտեսությունը նորմալ է զարգանում միայն այն դեպքում, եթե հասարակության մեջ հաստատված արտադրական հարաբերությունները համապատասխանում են հասարակության արտադրողական ուժերի միաժամանակ երկու պարամետրերին՝ զարգացման մակարդակին եւ դրանց բնույթին: Այսինքն, երբ արտադրողի շահերը համընկնում են երկրի տնտեսական շահերին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է որոշել տնտեսական քաղաքականության գերակայությունները, դրանց հասնելու նպատակների ու միջոցների համապատասխանությունը: Հարկ է նաեւ առանձնացնել երկրի տնտեսական անվտանգությանը սպառնացող գործոններն ու մարտահրավերները, որոնցից գլխավորներն են.

– արտադրական հին հզորությունների՝ զանգվածաբար շարքից դուրս գալը եւ, արդյունքում, գիտաարտադրական ու պահուստային ներուժերի կտրուկ կրճատումը,

– տնտեսության կառուցվածքակազմիչ ճյուղերի նկատմամբ պետական եւ հասարակական հսկողության ու հոգածության լիակատար բացակայությունը,

– մտավոր ներուժի շարունակական քայքայումը,

– դրամական կանոնավոր շրջանառության արգելակումը:

Տնտեսական քաղաքականության մեջ, իբրեւ գործելակերպ, կարեւորում եմ հետեւյալ գերակայությունները.

1. գիտատար բարձր տեխնոլոգիական (տեղեկատվական, կենսաբանատեխնոլոգիաներ, գենային ճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ) արտադրությունների մեջ ներդրումների ծավալների զգալի (3 եւ ավելի անգամով) ավելացում, որը պարտադիր պայման է գիտաարտադրական առկա ներուժի պարզ վերարտադրության համար,

2. ինովացիոն ծրագրերի լայնածավալ ներդրման երաշխավորումը, ինովացիոն ներուժի վերածումը արտադրականի, այնուհետեւ՝ առեւտրայինի: Տնտեսության արդիականացումը՝ նոր տեխնոլոգիական հենքի հիման վրա, որն անհրաժեշտ է երկրի տնտեսությունը ճարակած կառուցվածքային ճգնաժամը հաղթահարելու եւ գլոբալ մրցակցության պայմաններում կայուն զարգացում երաշխավորելու համար: Այնպիսի պայմանների ապահովում, որ գիտելիքներն ու նոր տեխնոլոգիաները դառնան հիմնական տեխնոլոգիական ռեսուրս,

3. երկրի զարգացմանը միտված խնայողությունների ու ներդրումների միջեւ փոխշահավետ կապի վերականգնումը, բանկային համակարգի բնականոն, ներդրումային մթնոլորտ խրախուսող աշխատանքի կարգավորումը, հանրապետությունից կապիտալի ապօրինի դուրսբերման արգելումը,

4. գործուն միջոցների ձեռնարկումը՝ աշխատավարձի անհրաժեշտ չափի վերականգնման ու զանգվածային գործազրկություն առաջացնող պատճառների վերացման ուղղությամբ եւ երկրից բարձրորակ ու բարձրակիրթ կադրերի արտահոսքը դադարեցնելուն ուղղված պայմանների ստեղծումը,

5. դրամական շրջանառության, վճարումների ու հաշիվների համակարգի կանոնավորումը, արտադրական գործունեության վերաֆինանսավորման գործընթացի կարգավորումը,

6. մակրոտնտեսական բարենպաստ պայմանների ապահովումը՝ արտադրությունը զարգացնելու համար, ինովացիոն ու արտադրական ներուժի մակարդակի աճի խթանումը,

7. տնտեսության ապաքրեականացման ապահովումը, շուկայական մրցակցության մեխանիզմների գործողության երաշխիքների ստեղծումը, շուկայում մենաշնորհային դիրքով պայմանավորվող չարաշահումների հնարավորության բացառումը,

8. գլոբալ մրցակցության պայմաններում հայրենական տնտեսության համեմատական առավելությունները լիովին բացահայտելու, տեխնոլոգիական նորագույն դրվածքի հանգուցային բնագավառներում՝ համաշխարհային շուկայում միանգամայն մրցունակ արտադրատեխնիկական ու բարձր տեխնոլոգիական կառուցվածքների աճի «լոկոմոտիվներ» առաջ բերելու նախադրյալների հաստատումը,

9. բյուջետային եկամուտների կրկնապատկման ապահովումը՝ բյուջետային ռեսուրսների պակասը համալրելու նպատակով՝ խնդիր ունենալով հաղթահարել հանրապետության առաջ ծառացած եւ հրատապ լուծումներ պահանջող պրոբլեմները: Իրողություն, որը պայմանավորված է ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի աննշան տեսակարար կշռով, ինչն էլ հետեւանք է պետության՝ իր պարտավորությունները կատարելու անկարողության փաստով: Հարկ է նշել, որ այս հարցը փոքր-ինչ մեղմվել է 2008 թ. պետական բյուջեում, որտեղ հիմնականում ստվերի կրճատման արդյունքում նախատեսված է եկամուտների շուրջ 130% աճի տեմպի ապահովում: Անհրաժեշտ եմ համարում նաեւ բյուջետային ու վարչական ռեսուրսները կենտրոնացնել Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու համար. հենց այսօրինակ մոտեցումը պետք է դրվի երկրի տնտեսական ուղեգծի հիմքում: Դա երաշխիք է՝ միջոցները ինքնահոս, առանց շոշափելի դարձարդյունքի մսխելու դեմ, դա ներդրում է մարդկային գործոնի մեջ, ուստիեւ Հայաստանի ապագա զարգացման գործին,

10. կրթության, բնակատեղիի ու առողջապահության ոլորտի զարգացման արդիական ու առաջնային խնդիրների լուծումը: Որպես պետական կարեւորություն հռչակել այն հարցերի լուծման խնդրի հայտարարումը, որոնք անմիջականորեն ազդում են երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա եւ, որոնք անհրաժեշտ մեկնարկային պայմաններ են ստեղծում մարդկային կապիտալը զարգացնելու համար:

Պետության դերը

շուկայական տնտեսության մեջ

Պետության հիմնական գործառույթը շուկայական համակարգին համապատասխանող օրենսդրության մշակումն է, դրա անշեղորեն կենսագործման նպատակով համապատասխան պայմանների ապահովումը, շուկայական ինստիտուտների ձեւավորմանն աջակցելը: Պետության գործունեության կարեւորագույն ուղղություններից է նաեւ մրցակցային միջավայրի ստեղծումն ու խրախուսումը: Շուկայի բնականոն գործունեության համար դրանք զգալիորեն ավելի կարեւոր են, քան սեփականաշնորհումը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը եւ աճին նպատակաուղղված ակտիվ քաղաքականությունը:

Հատկապես պետք է իսպառ բացառել պետական չվճարումների հնարավորությունը, ներառյալ՝ որպես վճարման միջոց դրամական զանազան փոխարինիչների պարտադրումը: Կարեւոր է, որ ազգային շահերին համապատասխան կարգավորելով բնական ռեսուրսների օգտագործման ուղղությունները, պետության կողմից կիրառվող գործիքները չսասանեն շուկայական մեխանիզմների գործունեության հիմքերը:

Միջոցները կենտրոնացնելով պետբյուջեում՝ կառավարությունը հնարավորություն է ստանում ապրանքների եւ ծառայությունների պետական գնումների միջոցով ուղղակիորեն ազդել արտադրական հզորությունների տեղաբաշխման վրա: Պետությունն իր տրամադրության տակ ունի նաեւ անուղղակի այլեւայլ լծակներ՝ արտոնյալ հարկեր ու ակցիզներ, արտահանումը խրախուսելու միջոցառումներ, ներմուծումը սահմանափակող մաքսային տուրքեր: Դրանց շարքին կարելի է դասել եւ մրցունակ կառույցների ձեւավորման ու արտասահմանյան արտադրական ներարկումների՝ դեպի մեր երկիր հոսքի ապահովման խթանիչներ, անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ խիստ սահմանափակ մեր բնական ռեսուրսները մանրազնին ընտրված արտադրական ուղղությունների վրա կենտրոնացնելու համար: Այս ամենը կնպաստի, որ հանրապետությունում իրականացվի տեխնոլոգիական ճեղքում:

Պետությունը պետք է երաշխավորի շուկայական տնտեսության մեջ «կոշտ» օրենքների գործողությունը, ինչը թույլ կտա բացառել գործունեության շատ այնպիսի տեսակներ, որոնք տեղ չեն գտնի նախապատվելիների թվում:

«Արարման ծրագրի» հայեցակարգերի համակարգում կենտրոնական տեղ է գրավում ինստիտուցիոնալ (համակարգային) եւ կառուցվածքային բարեփոխումների համալիրը, որը ենթադրում է մակրոտնտեսական ընդհանուր ստաբիլիզացիայի խրախուսում, տրանսֆերտային եւ դրամական քաղաքականության կայունություն:

Հայաստանի Հանրապետության կողմից ներկայումս իրականացման կարոտ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարեւորագույն բաղադրիչներն են.

1. հարկային բարեփոխումներ եւ հարկային բեռի թեթեւացում,

2. բյուջետային համակարգի բարեփոխումներ: Խոսքը վերաբերում է ոչ թե բյուջետային ծախսերի ձեւական կրճատմանը, այլ բյուջետային սեկտորի (հատվածի) կառուցվածքային խորը բարեփոխումներ իրականացնելուն, ինչը կապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը,

3. տնտեսական գործունեության ապակարգավորում կամ, որ նույնն է, տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացում: Խոսքը շուկա մուտք գործելու արգելապատնեշները նվազեցնելու, մասնավոր ձեռներեցության գրանցման, արտոնագրման եւ ձեռնարկատիրության գործունեության վերահսկման համակարգերի ու ներարկումային նախագծերի իրագործման պարզեցման մասին է,

4. մասնավոր սեփականության՝ ներառյալ մտավոր, երաշխիքների ապահովում, պետական սեփականության օգտագործման արդյունավետության բարձրացում,

5. մաքսային դրույքաչափերի նվազեցում եւ միօրինականացում,

6. ֆինանսական շուկայի եւ ֆինանսական հաստատությունների զարգացում: Առանձնահատուկ խնդիր է բանկային համակարգի հուսալիության եւ արդյունավետության բարձրացումը,

7. բնական մենաշնորհների բարեփոխում, ինչը ենթադրում է դրանց ներդրումային գրավչության բարձրացում, մենաշնորհային եւ մրցակցային հատվածների բաժանում՝ մեծացնելով վերջիններիս գործունեության թափանցիկությունը եւ մրցակցության խթանման առավելագույն հնարավորությունը,

8. սոցիալական աջակցության համակարգի բարեփոխում՝ չքավորներին օգնելու նպատակով հանրապետությունում առկա պաշարների կենտրոնացման ուղղությամբ,

9. կենսաթոշակային համակարգի արդիականացում՝ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում կուտակման սկզբունքների կիրառմամբ:

Ներքին

քաղաքականության հիմնական

ուղղությունները

1. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկա իրավիճակը:

Միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն [«Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության 2006 թ. հրապարակած «Անցումային երկրները» զեկույց, «Գելափի» 2006 թ. կոռուպցիայի համաթիվ ուսումնասիրություն, 2006 թ. Համաշխարհային բանկի հրապարակած «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային տնտեսությամբ երկրներում (երկրորդ հաշվետվություն)]» արձանագրվել է, որ, չնայած 2003 թ. Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակմանը ու 2004 թ. Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդի ստեղծմանը, իրավիճակը Հայաստանում, կոռուպցիայի բազմաթիվ բաղադրիչների առումով, դարձել է ավելի վատ, քան 2002 թ.: Մասնավորապես, ինչպես վերն ասվեց, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից 2006 թ. անցկացված հարցման արդյունքներով (հարցումը ներառել է 1500 պատահականորեն ընտրված տնային տնտեսություն) ակնհայտ է դարձել, որ Հայաստանում կոռուպցիայի տարածմանը հիմնականում նպաստում են պետական պաշտոնյաները, եւ որ այն մեծապես առկա է երկրի կառավարման համակարգի բարձր մակարդակում: Հարցվածներն առավել կոռումպացված պետական ինստիտուտներ են ճանաչել ՀՀ նախագահի, կառավարության եւ նախարարների ինստիտուտները, շատ մտահոգիչ են դատախազական համակարգին տրված գնահատականները: Խոր տագնապ է հարուցում նաեւ այն, որ հարցվածների մեծ մասը որպես ամենակոռումպացված նշել է ընտրական համակարգը եւ հարկային ծառայությունը: Հարցումները, որն անցկացվել են ՀՀ-ում 2007 թ. դեկտեմբերի 1-ից 8-ը «Գելափի» վերլուծական-սոցիոլոգիական կենտրոնի մասնակցությամբ, վկայում են, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է խիստ մտահոգ լինել երկիրը ճարակած կոռուպցիայի, անօրինականությունների բազում դրսեւորումներով:

Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես համարել եւ համարում եմ ազգային անվտանգության ապահովման գլխավոր խնդիրներից մեկը: Պետական ապարատի կոռումպացվածությունը, իմ կարծիքով, իրական վտանգ է դառնում հայոց պետականության կենսունակության համար: Կոռումպացվածությունը հիմնականում հետեւանք է իշխանությունների քաղաքական կամքի բացակայության, ինչպես եւ վերջիններիս կոռուպցիայի աղբյուր լինելու հանգամանքով: Հասարակական այդ չարիքը մեծապես պայմանավորված է ընտրական ողջ համակարգի զանգվածային կոռումպացվածությունից, ընտրական համակարգ, որն էլ ձեւավորում է իշխանություն:

Գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ առաջին հերթին պայքար պետք է ծավալվի պետական ապարատում: Խորը մտահոգություն է առաջացնում եւ այն իրողությունը, որ տեղական իշխանությունները, կաշառելով շարքային քաղաքացիներին եւ դրանով իսկ վերջիններիս դարձնելով նույնպես կոռումպացված, նրանց զրկում են իրենց քաղաքացիական պարտքը ինքնուրույն կատարելու հնարավորությունից, այն է՝ սեփական համոզմունքներով մասնակցել ընտրություններին, մասնակից լինել պետական մարմինների ձեւավորմանը:

Երկրի դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկը համարում եմ լեգիտիմ ընտրված ՀՀ նախագահի կողմից հակակոռուպցիոն հետեւողական քաղաքականության իրականացումը: Դրա հիմքում պետք է դրվի պետության, հասարակության կողմից բազմակողմանի ու նպատակասլաց միջոցառումների մշակումը եւ իրականացումը՝ կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի պատճառների ու պայմանների նվազագույնի հասցման եւ վերացման նպատակով:

Հակակոռուպցիոն գործառույթի իրականացումը համարում եմ պետության առաջնային խնդիրներից մեկը: Դրա լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում նվազեցնել այդ չարիքի չափերը, մշակել եւ իրագործել հակակոռուպցիոն քաղաքականություն՝ որպես պետության մշտապես գործող կենսական նշանակություն ունեցող գործառույթներ:

Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները հետեւյալներն են.

– քրեածին տարրերի՝ Ազգային ժողով ներթափանցելուն նպաստող պայմանների հետեւողական վերացում, նրանց կողմից օրենքների ընդունման վրա ազդեցության զգալի սահմանափակում,

– օրենսդրական հիմքի ստեղծում՝ հասարակության կողմից գործադիր իշխանության մարմինների գործունեության վերահսկելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար,

– պետական եւ քաղաքացիական ծառայությունների սկզբունքների փոփոխություն՝ կատարողական գործառույթների եւ պաշտոնական կարգավիճակի հստակ սահմանում՝ նրանց գործունեության խիստ ու վերահսկելի պայմանների ստեղծման ճանապարհով: Պայմաններ, որոնք թույլ չեն տա պաշտոնատար անձանց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ իրենց պետական լիազորությունների կատարման ժամկետի ընթացքում,

– բյուջետային միջոցների բաշխման եւ ծախսման արդյունավետ վերահսկման համար թափանցիկ համակարգի ստեղծում,

– վարչական ու քրեական պատասխանատվության խստացում՝ հանցագործ ճանապարհով կուտակված եկամուտների քողարկման եւ լեգալացման համար,

– պատգամավորների եւ պետական ծառայողների սեփականության շարժընթացը վերահսկող օրենսդրական բազայի կատարելագործում,

– Հայաստանի քաղաքացիների շրջանում կրթության բոլոր համակարգերում հակակոռուպցիոն աշխարհայացքի ձեւավորում՝ այդ խնդրի լուծմանը լայնորեն ներգրավելով հեռուստատեսությունն ու ռադիոն,

– կյանքի տարբեր ոլորտներում, ամենօրյա գործունեության մեջ մեծապես ապահովել փոքր եւ միջին բիզնեսի ձեռներեցների ներգրավումը հակակոռուպցիոն ծրագրերի ու պետական հակակոռուպցիոն քաղաքականության մեջ:

2. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Ներկա իրավիճակը:

Վերջին տարիներին Հայաստանի էկոնոմիկայում նկատվում են անառողջ միտումներ: Այսպես, 2006 թ. արդյունքներով նվազել են արդյունաբերական արտադրության ծավալները (99,1%՝ 2005 թ. մակարդակից), էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները (94,1 %՝ 2005 թ. մակարդակից) եւ այլն: Այդ վտանգավոր միտումները շարունակվել են նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ արդյունաբերական արտադրանքի ծավալը առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման կազմել է 2006 թ. նույն ժամանակաշրջանի ընդամենը 101,4%-ը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 98,9%: Շինարարության աճի բարձր տեմպերը, որ գրանցվել էին 2005-2006 թթ. (համապատասխանաբար 134 եւ 139,8%), 2007 թ. հունվար-սեպտեմբերին կրճատվել են ավելի քան 4 անգամ: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ բնակարանային շինարարությունը, ըստ էության, ոչ միայն չի թեթեւացնում ազգաբնակչության բնակարանային խնդիրների լուծումը, այլեւ ավելի է սրում հասարակության մեջ սոցիալական լարվածությունը: Հայաստանի քաղաքացիները շատ հստակ պատկերացնում են, որ «ընտրյալների դասի» համար կատարվող բնակարանային այդ շինարարությունը որպես կանոն ունի ֆինանսավորման անօրեն աղբյուրներ, եւ որ բնակարանային շինարարությունը դարձել է ոչ այլ ինչ, քան «կեղտոտ» փողերի, անաշխատ եկամուտների քողածածկույթ:

Չի զարգանում գյուղատնտեսությունը, շարունակում է բնակչության արտահոսքը գյուղական, հատկապես հանրապետության սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջաններից: Այս գործընթացն ուղեկցվում է զգալի տարածքների եւ գյուղատնտեսական հանդերի անապատացմամբ:

Առանձնակի մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին առեւտրում: Այսպես, 2006 թ. առեւտրային բացասական հաշվեկշռի աճի տեմպը 2005 թ. նկատմամբ կազմել է 131,1%, ընդ որում, Հայաստանից ապրանքների արտահանումն այդ նույն ժամանակահատվածում նվազել է 21 մլրդ 187 մլն դրամով, իսկ ներմուծվող ապրանքների աճի տեմպը կազմել է 142,8%: Նման տագնապահարույց զարգացումներ են արձանագրվել նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին: Այսպես, առեւտրային բացասական հաշվեկշռի աճի տեմպը 2006 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 164,56%, ներմուծման աճի տեմպը 2007 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 145,7%:

Երկրի էկոնոմիկան զրկվել է զարգացման տեսանելի հեռանկարից: Տնտեսական ինֆրակառուցվածքի հետամնացության մասին է վկայում Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ծայրահեղ ցածր տեսակարար կշիռը:

Հաշվի առնելով տնտեսական իրողությունները եւ տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերից Հայաստանի ամբողջովին օտարումը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատար, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծ)՝ անհրաժեշտ եմ համարում նոր տնտեսական կուրսի մշակում, որը նպատակ կունենա մակրոտնտեսական բարենպաստ պայմաններ Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել