Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականս նորընտիր նախագահից կախված չի լինի

Հունվար 15,2008 00:00

Երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը

«Իմ պաշտոնավարման ընթացքում սրանք հերթական համապետական ընտրություններն են: Վերջին երկու ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները Հ1-ի եւ Հանրային ռադիոյի աշխատանքը դրական են գնահատել: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որ այդ դրական գնահատականը ունենանք նաեւ այս ընտրություններին: Գործելու ենք ոչ միայն օրենքի շրջանակներում, այլեւ այն պարտավորությունների, որ ունենք միջազգային կազմակերպությունների առջեւ»,- երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում հայտարարեց Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա նաեւ ասաց, որ իրենք բանակցել են մի շարք միջազգային ընկերությունների հետ, փորձել որեւէ հեղինակավոր կազմակերպության հրավիրել, որը «էկզիտ փոլ» կիրականացնի Հայաստանում, չնայած մարդիկ հայկական կազմակերպությունների սոցհարցումներին թերահավատորեն են վերաբերվում, սակայն մեզանում եւս կան պրոֆեսիոնալներ: Ըստ Ա. Հարությունյանի, նախընտրական քարոզարշավի ժամանակ օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր թեկնածու Հ1-ի եթերով կարող է հանդես գալ 60 րոպե անվճար, 120 րոպե վճարովի հիմունքներով, իսկ Հանրային ռադիոյով՝ 120 րոպե անվճար եւ 180՝ վճարովի: ՀՀՌԽ նախագահի համոզմամբ, եթե լինի երկրորդ փուլ, ապա ինչպես 2003 թ., այնպես էլ այս անգամ Հ1-ի եթերում հնարավոր են բանավեճեր: «Միշտ հարց է առաջանում, թե որ ժամը տրամադրել թեկնածուներին: Այս անգամ նախատեսել ենք, որ Հ1-ի եթերում նրանք կլինեն ժամը 17-21-ը, իսկ ռադիոյում՝ 13:30-ից սկսած: Սա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ուսումնասիրության արդյունք, որովհետեւ Հայաստանում տարբեր կազմակերպություններ, նաեւ ամերիկյանը՝ անցկացնում է հեռուստատեսային վարկանիշներ, որտեղ որոշվում է ոչ միայն TV-ների վարկանիշը, այլեւ այն, թե տվյալ ժամին տվյալ TV-ին քանի մարդ է դիտում: Պարզվել է, որ ժամը 17-21-ն ընկած ծամանակահատվածը ավելի շատ են դիտում»,- ասաց բանախոսը ու խոստացավ, որ ժամը 21-ի «Հայլուր» ծրագրով էլ կցուցադրվի բոլոր թեկնածուների գործունեության չեզոք լուսաբանումը:

«Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ ընտրվելուց հետո ՀՀՌԽ նախագահը հրաժարական տա, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Կա նախագահի ինը թեկնածու, ինչո՞ւ եք այդ երկուսին առանձնացնում: Եվ հետո, ես հրաժարական կարող եմ տալ ինչպես այսօր, այնպես էլ հինգ տարի հետո, ու դա ամենեւին կախված չէ նրանից, թե ով կդառնա ՀՀ նախագահ: Բացի այդ, իմ պաշտոնավարման ժամկետին դեռեւս 5 տարի կա, այսինքն՝ այնքան, ինչքան նորընտիր նախագահը կպաշտոնավարի»: «ՉԻ»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում Ա. Հարությունյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոստմանը, որ վերընտրվելուց հետո ինքը բացահայտելու է «հոկտեմբերի 27»-ի գործը, որտեղ Ա. Հարությունյանը եւս ունեցել է իր մասնակցությունը, բանախոսն ասաց. «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ես ոչ մի կարեւոր դերակատարություն չեմ ունեցել: Թե ինչքանով եմ առնչվել այդ գործին, դա բոլորն էլ գիտեն: Իսկ թե ով ինչ է պատրաստվում անել կամ ինչ է լինելու հետո, դա այսօրվա զրույցի թեման չէ: Կարծում եմ, որ ցանկացած անգամ «հոկտեմբերի 27»-ի շահարկումը ում կողմից էլ որ կատարվի՝ անբարոյականություն է»: Ա. Հարությունյանը անդրադարձավ նաեւ «ԳԱԼԱ» TV-ի խնդրին. «Ես այս լրատվամիջոցի շուրջ ստեղծված աղմուկի մեջ մեծ արհեստականություն եմ տեսնում: Միգուցե դա լավ առիթ էր, որ Հայաստանի բնակիչները իմանային այդ TV-ի մասին»: Խոսելով Հ1-ի այս տարվա ծրագրերից, Ա. Հարությունյանը հայտնեց, որ նկարահանվելու են մի շարք ֆիլմեր ու սերիալներ, որոնցից մեկը «Առաջին սիրո երգը» ֆիլմի նորացված տարբերակն է: Հ1-ի նկարահանած «Ոչինչ չի մնա» ֆիլմի մասին էլ ասաց, որ չնայած ինքը տարաբնույթ կարծիքներ է լսել, բայց դա մեծ կոմերցիոն եկամուտ բերած աշխատանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել