Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հունվար 15,2008 00:00

 (Շարունակություն)

ստեղծել հայրենական արտադրության մրցունակության զարգացման, հասարակական-հանրօգուտ խոշորածավալ աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար՝ հանրապետության բնակչության լայն շերտերի ներգրավմամբ (ճանապարհների, մատչելի կացարանների, բուժհիմնարկների, մշակութային նշանակության օբյեկտների շինարարություն, շահագործումից դուրս եկած գյուղատնտեսական հանդերի վերականգնում): Այդ քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը պետք է դառնա Հայաստան ապրանքների ներմուծումափոխարինման համար արտոնյալ պայմանների ստեղծումը, գիտատար եւ քիչ էներգատար արտադրությունների լայն ներդրումը: Ապրանքաշրջանառության մեջ տարեցտարի ավելացող ներմուծման մասնաբաժինը մեծապես պայմանավորված է նրանով, որ անկախության հռչակումից հետո Հայաստանում այս ոլորտում վարվել է սեփական ապրանքարտադրողի շահերն անտեսող արատավոր քաղաքականություն: Ազգային տնտեսական քաղաքականության բացակայության հետեւանք է տնտեսական եւ սոցիալական ծանր իրավիճակը, որում արդեն 17 տարի է, ինչ գտնվում է հանրապետությունը: Գլոբալիզացման պայմաններում բացառիկ արդիականություն է ստանում տնտեսական գերակայությունների եւ դրանց հիմքի վրա Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման հրամայականը:

Նոր տնտեսական քաղաքականության գլխավոր բաղադրիչները պետք է դառնան՝ գործող հարկային համակարգի արմատական վերափոխումը, հասարակական խիստ վերահսկողությունը բնական պաշարների օգտագործման եւ արտահանման նկատմամբ, ներքին պահանջարկի աճը եւ, որպես դրա հետեւանք, հայրենական արտադրության զարգացման խրախուսումը, տեղական արտադրողների համար ազատ եւ արդար մրցակցային միջավայր ապահովելու անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Նոր տնտեսական կուրսի իրականացման կարեւորագույն պայմաններից մեկը համարում եմ հասարակ մարդկանց եւ ձեռներեցների վստահության վերականգնումը պետական ինստիտուտների նկատմամբ: Դրան կարելի է հասնել կառավարության գործողությունների կանխատեսելիության, էկոնոմիկայի վիճակի անկողմնակալ գնահատման, իրական բյուջեի կազմման, պետության կողմից եղած պաշարների թափանցիկ օգտագործման, ներդրողների հետ ազնիվ եւ կայուն հարաբերությունների կառուցման ճանապարհով:

Նոր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

1. դրամավարկային քաղաքականության բնագավառում հրատապ լուծում պահանջող հիմնական խնդիրը համարում եմ դրամական զանգվածի եւ ՀՆԱ-ի այնպիսի բալանսը, որի պարագայում հնարավոր կլինի.

– զգալիորեն նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները եւ արտոնյալ պայմաններ ստեղծել էկոնոմիկայի իրական հատվածի վարկավորման, հատկապես պետության մասնակցությամբ ներմուծումը փոխարինող արտադրությունների զարգացման համար,

– ապահովել տնտեսության բնականոն գործունեության համար անհրաժեշտ դրամական զանգվածի քանակություն, որը կբացառի ինչպես նրա փոխարժեքի տնտեսապես չհիմնավորված բարձրացումը, այնպես էլ կերաշխավորի ազգային դրամի կայունությունն ու կանխատեսելիությունը: Դա բարենպաստ պայմաններ կստեղծի ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային որակական փոփոխությունների համար, աջակցություն ցույց կտա ագրարային եւ արդյունաբերական հատվածներին, հատկապես տնտեսության այն ճյուղերին, որոնք մասնագիտացած են ապրանքների արտահանման ոլորտում: Ես գիտակցում եմ, որ այդպիսի մոտեցումը ենթադրում է ֆիսկալ քաղաքականության մեղմացում, որը կարող է դառնալ գնաճի տեմպի բարձրացման պատճառ: Սակայն նշեմ, որ երբ համախառն ներքին արտադրանքի աճի տեմպը գերազանցում է դրամական զանգվածի աճի տեմպին, ինչպես նաեւ՝ ապրանքային զգալի զանգվածի ստվերից դուրս բերելու պայմաններում (մասնագետների կարծիքով՝ ստվերում է գտնվում ՀՆԱ-ի մինչեւ 40 %-ը) գնաճը եւ դրամի հնարավոր արժեզրկումն այս դեպքում դառնում է վերահսկելի ու վտանգավոր չէ:

Հավելեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը հաճախ չհիմնավորված դրամական զանգվածի զգալի սեղմման հիման վրա դրամավարկային կոշտ քաղաքականությունն արդարացնում է գնաճը կանգնեցնելու ձգտումով: Նման քաղաքականությունը հանգեցրել է էլ ավելի վտանգավոր երեւույթի՝ թաքնված ինֆլյացիայի, որը ծայրահեղորեն բացասաբար է անդրադառնում քաղաքացիների կենսամակարդակի վրա: Այս եզրակացությունը հաստատվում է 2006 թ. պարենային եւ սպառողական նվազագույն զամբյուղների արժեքների՝ 2005 թ. համեմատությամբ զգալի աճի փաստով (համապատասխանաբար՝ 111,6% եւ 106,1%): Այդ միտումը շարունակվել է նաեւ 2007թ. հունվար-սեպտեմբերին, երբ արձանագրվել է պարենային նվազագույն զամբյուղի 119,7%-ի, սպառողական նվազագույն զամբյուղի 103,7%-ի աճի տեմպ (2006թ. նույն ժամանակաշրջանի համեմատ), դա էլ այն պարագայում, երբ դրամը արժեւորվել է 122,8%-ով: Ստեղծված իրավիճակը հիմնովին հերքում է գնաճի, իբր, ցածր մակարդակի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները: Անհրաժեշտ է հատուկ նշել, որ քաղաքացիների կենսաապահովման նվազագույն զամբյուղների գների աճն արձանագրվել է դրամի փոխարժեքի, կրկնում եմ,122,8% աճի տեմպի պայմաններում: Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ գտնում եմ, որ արդիական խնդիր է դառնում մշակել եւ իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական բազմապատկչի (մուլտիպլիկատորի) էֆեկտ: Դրա իմաստն այն է, որ տնտեսապես հիմնավորված ներդրումների ժամանակ տնտեսության մեջ ներդրված ամեն մի դրամը կարճ ժամանակահատվածում երաշխավորում է գումարային արտահայտությամբ արտադրության այնպիսի աճի տեմպ, որը անգամներով (պայմանավորված բազմապատկչի մեծությամբ) գերազանցում է ներդրված գումարների ծավալը: Այդպիսի հաջողված օրինակներն աշխարհում բազմաթիվ են, հատկապես, եթե համահունչ ու սերտորեն փոխկապակցված են տնտեսության զարգացման ռազմավարական ընդհանուր ծրագրի եւ դրանում ներառված ենթահամակարգերի հետ:

2. Հարկային քաղաքականության բնագավառում անհրաժեշտ եմ համարում այնպիսի մոտեցումների ձեւավորումը, որոնց հիմքում դրված է արտահանվող արտադրանքի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ինովացիոն ձեռներեցության խրախուսման անհրաժեշտություն՝ հարկային բեռի հետեւողական նվազման, հարկային վարչարարության որակական բարելավման պարագայում:

Անհրաժեշտ է նաեւ հետեւողականորեն փոխել հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը՝ նկատի ունենալով հարկային բեռի տեղափոխումը անուղղակի հարկերից դեպի ուղիղ հարկեր: Անթույլատրելի եմ համարում, երբ ուղիղ հարկերի (շահութահարկ եւ եկամտահարկ) տեսակարար կշիռը 2006 թ. երկրի բյուջեում կազմել է հարկային եկամուտների 23 %-ը՝ զգալիորեն զիջելով անուղղակի հարկերի տեսակարար կշռին (օրինակ, 2006 թ. ավելացված արժեքի հարկի տեսակարար կշիռը կազմել է 37,7%): Այդ միտումները, ըստ էության, ամրագրվել են նաեւ 2008 թ. ՀՀ պետական բյուջեում, որի կատարման արդյունքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում կազմելու է 23,9%, ավելացված հարկի տեսակարար կշիռն էլ բյուջետային եկամուտներում կազմելու է 33,2%, ցուցանիշ, որը զգալիորեն գերազանցում է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը, ինչը եւ մտահոգիչ է:

Հարկային քաղաքականության այսպիսի վերակողմնորոշումը արդիական է դարձնում հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության չափորոշիչների մշակման խնդիրը՝ հաշվի առնելով ոչ միայն նրանց կողմից հարկեր ու մաքսային տուրքեր հավաքելու ծրագրերի կատարումը, այլ նաեւ հարկային ու մաքսային օրենսդրության պահպանման, հաշվարկների ճշգրտության, հարկերի եւ մաքսային տուրքերի ժամանակին վճարման վերահսկողության կատարման որակը: Այսպիսի մոտեցումը ենթադրում է նաեւ հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների նյութական խրախուսման ժամանակակից մեխանիզմների ներդրում, որոնք հաշվի կառնեն նրանց աշխատանքի համապատասխանությունը նշված չափորոշիչներին:

Որակապես նոր հարկային քաղաքականություն վարելու արդիականությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում վտանգավոր չափերի է հասնում տնտեսավարող սուբյեկտների զգալի մասի ստվերում գործելու հանգամանքը: Տնտեսավարող սուբյեկտները զանգվածաբար չեն կատարում փոխադարձաբար ստանձնած պարտավորությունները եւ, դրա հետ մեկտեղ, տարիներով շարունակում են հարկային օրենսդրությունը շրջանցող գործունեություն: Ստեղծված իրավիճակը հետեւանք է այն բանի, որ նրանց միջավայրում փաստացի ձեւավորված բարքերն ու մոտեցումները հիմնովին տարբերվում են գործող օրենքներից: Այսպես, միայն 2005-2006 թթ. պետական շահագրգիռ կառույցների հայցերով դատարանների վճիռներով պետբյուջե եւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ պետք է գանձվեր համապատասխանաբար 25 մլրդ 803 մլն եւ 18 մլրդ 715 մլն դրամ, որը, սակայն, վերականգնված չէ: Այդ միտումը փոքր-ինչ մեղմվել, սակայն շարունակվել է նաեւ 2007 թ. 9 ամիսների կտրվածքով, երբ բյուջեի օգտին չվերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 849 մլն դրամ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի օգտին՝ 422 մլն դրամ: Գործերի նման իրավիճակը համոզիչ վկայում է, որ Հայաստանում առկա հարկային համակարգը չի համապատասխանում տնտեսավարման ժամանակակից պահանջներին: Դրա ձեւավորման ժամանակ, կտրվելով ներկայիս իրողություններից, ելակետային նախադրյալ էր ընդունվել վճարման բարձր կարգապահության անվերապահ կատարումը, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների թափանցիկությունը եւ դրանց վերահսկողության պատշաճ մակարդակը հարկային մարմինների կողմից: Հանրապետությունում նշված նախադրյալների բացակայության պարագայում հարկային համակարգը, ըստ էության, դարձել է օրինապաշտ հարկատուների պատժման, իսկ «ստվերայինների» եւ «կլանականների» խրախուսման միջոց: Նկատի ունենալով դա՝ անհրաժեշտ է արմատապես թեթեւացնել հարկային բեռը, ինչը կխրախուսի տնտեսական աճը: Միաժամանակ հարկ է վարչատնտեսական անհետաձգելի միջոցներ ձեռնարկել էկոնոմիկայի զգալի մասը ստվերից հանելու համար, հակառակ դեպքում հարկային մուտքերը բյուջե զգալիորեն կնվազեն, որն էլ խիստ բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է ելնել այն նախադրյալներից, թե տնտեսավարող սուբյեկտի համար ինչն է ավելի իրատեսական: Վճարել, թե չվճարել հարկերը՝ անբարեխիղճ հարկատուն որոշելու է՝ ելնելով կիրառվող տույժի եւ օրենքով նախատեսված վճարելիք հարկերի չափի համամասնությունից: Օրինապաշտ հարկատուի ծախսերը՝ հարկային բարձր տոկոսադրույքների պատճառով չափազանց մեծ են, իսկ հարկերից խուսափողների համար հայտավորված տույժերը իրականում չունեն անհրաժեշտ ներգործություն, ինչը պայմանավորված է պատժամիջոցների կիրառման ցածր հավանականությամբ ու այս ոլորտում առկա կոռուպցիայի դրսեւորումներով:

Շահութահարկի տեսանկյունից տնտեսավարող սուբյեկտի համար կարեւոր է ոչ այնքան շահութահարկի դրույքաչափը, որքան իրավունքը՝ նվազեցնել հարկվող բազան ռեալ ներդրումային ծախսերի չափով: Ծախսերի կառուցվածքի ազատականացումը շահութահարկի հաշվարկման համար զգալիորեն կնպաստի Հայաստանի տնտեսությունում ներդրումային պայմանների բարելավմանը:

Եկամտահարկի մասով անհրաժեշտ է անցում կատարել դեպի եկամտահարկի միասնական դրույքաչափին, միաժամանակ մտցնելով բարձր չհարկվող նվազագույնը, որը վճարողներին թույլ կտա էապես իջեցնել հարկային վճարումների չափը: Այստեղ սկզբունքորեն կարեւոր է չմեծացնել շարքային հարկատուների հարկային բեռը:

Սոցիալական վճարումների մասով անհրաժեշտ է գործատուների հարկային դրույքաչափերը աստիճանաբար մոտեցնել աշխատողներից գանձվող դրույքաչափերին՝ նկատի առնելով ներկայիս իրողությունները, երբ որքան մեծ է եկամուտը, այնքան նրա ավելի շոշափելի մասն է գնում ստվերային ոլորտ եւ, համապատասխանաբար, ավելի պակաս է վճարվում հարկերի տեսքով: Անհրաժեշտ է նաեւ անցում կատարել բացառապես հասցեագրված սոցիալական վճարումներին, երբ աշխատողների անհատական կենսաթոշակային հաշվին պետք է նստի աշխատավարձի հարկվող դրույքի կեսից ոչ պակասը: Միայն այդ դեպքում դրանք կարող են դիտվել ոչ թե պետության կողմից դրված սոցիալական հարկեր, այլ որպես հենց իրենց՝ աշխատողների ապագա եկամուտներ: Դրանով, կարծում եմ, զգալիորեն կթուլանա «սեւ» աշխատավարձ ստանալու հիմնական պատճառներից մեկը: Իրավիճակն անհնար է ուղղել միայն պատժամիջոցներով, ընդսմին, առաջարկվում է այս մոտեցումը, որը կխրախուսի ստվերային ոլորտից օրինականին անցումը: Անհրաժեշտ եմ համարում տնտեսավարող սուբյեկտների համար տնտեսական եւ իրավական պայմանների ստեղծում՝ դրանց ստվերից հանելու նպատակով: Այս խնդրի լուծումը հնարավոր է հարկային համաներում հայտարարելու միջոցով, որի պարագայում տնտեսավարող սուբյեկտների համար հարկային վճարները չեն գերազանցի 15%-ը: Ստվերից դուրս գալը պետք է դառնա ավելի շահեկան, քան հարկային օրենքների շրջանցումը:

Կարեւոր բաղադրիչ եմ համարում երկարատեւ, հետեւողական կոշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացումը հարկերից խուսափողների նկատմամբ, որը պայմանավորված կլինի հարկային եւ իրավապահ մարմինների գործունեության ակտիվացմամբ: Նման ակտիվությունը կարող է բերել հարկահավաքության որոշակի աճի միայն այն դեպքում, եթե մասնավոր բիզնեսը համոզվի, որ դա մեկանգամյա գործողություն չէ: Այստեղ խոսքը ոչ թե գործարար որոշակի շրջանակների հետ հաշիվ մաքրելու մասին է, այլ պարբերաբար իրականացվող միջոցառումների: Ուստի, նման միջոցառումները, ի սկզբանե, պետք է վերաբերեն էկոնոմիկայի բոլոր ոլորտներին եւ քաղաքական տարբեր դիրքորոշման պատկանող անձանց:

Այսպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն ինչպես խոշոր բիզնեսի, որն ակտիվորեն օգտագործում է միջնորդական կառույցները գործարքների համար՝ նպատակ ունենալով խուսափել հարկերի վճարումից, յուրացնել արտահանման հատկացումները, դեպոզիտային-ապահովագրական զանազան ծրագրերը եւ այլն, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ, որոնք, ձգտելով խուսափել հարկերի վճարումից, օգտագործում են բացառապես չհաշվառված կանխիկ շրջանառությունը: Ընդսմին, չհաշվառված կանխիկ շրջանառության դեպքում հիմնական ուշադրությունը պետք է բեւեռել թե՛ հարկատու տնտեսավարող սուբյեկտների վերահսկողության, եւ թե՛ չհաշվառված կանխիկ շրջանառություն կազմակերպող բանկերի ու ֆինանսական ընկերությունների նմանօրինակ գործունեության կանխարգելման վրա:

Հարկերից խուսափողների հետ տարվող կանխարգելիչ աշխատանքն անհրաժեշտ է զուգակցել բոլոր մակարդակներում գտնվող պաշտոնատար անձանց շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Դա հատկապես հրատապ է, քանի որ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար կաշառքների չափերը երբեմն համադրելի են չվճարված հարկերի գումարների հետ: Պարզ է, որ եւ՛ կաշառքները, եւ՛ հարկեր վճարելու անհրաժեշտությունը կհանգեցնի վերջիններիս գործարար ակտիվության նվազեցմանը՝ այստեղից բխող տնտեսական եւ սոցիալական բնույթի նեգատիվ բոլոր հետեւանքներով:

Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հարկային ժամանակավոր արտոնությունների համակարգի ձեւավորման վրա՝ սեփականաշնորհվող եւ նոր կազմավորվող ձեռնարկությունների գործունեությունը խթանելու նպատակով, ուշադրությամբ եւ պետական հոգածությամբ շրջապատել ինովացիոն ուղղվածության նախագծերի կենսագործումը: Միաժամանակ պետք է ընդունվեն հարկային այնպիսի մեխանիզմներ, որոնք կպարտավորեցնեն սեփականաշնորհված ձեռնարկությունների սեփականատերերին գործարկել արտադրությունը կամ հրաժարվել տվյալ սեփականությունից՝ վաճառելու կամ պետությանը վերադարձնելու ճանապարհով: Խոսքն ամենից առաջ գույքահարկի եւ ժամանակի ընթացքում աճող հարկավորման մասին է: Քաջ հայտնի է, որ արդյունաբերական ոլորտի ձեռնարկություններից շատերի վերագործարկմանը մեծապես խանգարում են նաեւ նախորդ ժամանակաշրջաններում կուտակված մեծ պարտքերը: Խնդրի լուծումը պարտքերի վճարման հետաձգման մեջ է՝ դրանք որպես պետական երկարաժամկետ վարկ վերաձեւակերպելով, եթե ներկայացվի արտադրության թողարկման հստակ ծրագիր: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել կարեւորագույն մի շարք խնդիրներ. շոշափելիորեն կրճատել ստվերային տնտեսության ծավալները, գործարկել նոր հզորություններ եւ դրա հիման վրա զգալիորեն ավելացնել բյուջեի եկամտային մասը, շոշափելիորեն մեղմացնելով սոցիալական լարվածությունը՝ բնակչության անապահով եւ նվազ ապահով խավերի սոցիալական վիճակի բարելավմամբ: Դա, իր հերթին, դրական ազդեցություն կունենա հասարակության եւ հարկային մարմինների միջեւ բնականոն ու գործընկերային հարաբերություններ ստեղծելու վրա:

3. Ներդրումային քաղաքականության բնագավառում. տագնապալի եմ համարում հանրապետության էկոնոմիկայի մեջ ներդրումների կրճատման միտումը: Ինձ անհանգստացնում է, որ 2006 թ. 9 ամիսների ընթացքում ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 450 մլն դոլար, ինչը հավասար է Ադրբեջանի էկոնոմիկայի մեջ մեկուկես ամսվա ընթացքում իրականացվող ներդրումներին: Դրական համարելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում ՀՀ-ում իրականացված 235 մլն դոլարի ներդրումների ավարտը, հարկ եմ համարում համաշխարհային ֆինանսական կազմակերպություններին ներկայացնել հեռանկարային այնպիսի ծրագրեր, որոնց կատարումը խոստանում է կարճ ժամանակաշրջանում ծախսված գումարների հավելյալ փոխհատուցում: Հաշվի առնելով, որ առանց նպատակային ներդրումների անհնար է ակնկալել տնտեսական զգալի աճ, անհրաժեշտ է մշակել նաեւ օրենսդրական, ինստիտուցիոնալ, հարկային, իրավական միջոցառումների համակարգ՝ Հայաստանի տնտեսությանը ներդրումային գրավչություն հաղորդելու նպատակով: Անհրաժեշտ է իրականացնել վարկավորման դրույքաչափի մակարդակի հետեւողական նվազեցման քաղաքականություն, զուգահեռաբար խրախուսել գործարարների հետաքրքրությունը ստացված եկամուտներն արտադրության մեջ ներդնելու նպատակով: Դրա համար պետք է իրականացնել արդյունավետ սեփականատիրոջ ձեւավորմանն ուղղված պետական քաղաքականություն: Սեփականատեր, որը շահագրգռված կլինի իր ձեռնարկության հեռանկարային զարգացման մեջ: Հարկային օրենսդրությունը պետք է նպատակաուղղված լինի ներդրումների խրախուսմանը, հարկային արտոնությունների ներդրմանը, խոշոր ներդրողների համար կայունության երաշխիքների ապահովմանը, ընդ որում կարեւոր է առաջնահերթության կարգով խրախուսել տեղական ներդրողներին: Դրականորեն գնահատելով մրցակցային միջավայրի ստեղծումը (արտաքին ապրանքարտադրողների մասնակցությամբ) հայրենական արտադրողների համար՝ նաեւ անհրաժեշտ է, որ պետությունն իրականացնի հովանավորչական քաղաքականություն, ինչը ոչ միայն կկանգնեցնի հայրենական արտադրության կրճատման տագնապահարույց միտումները, այլեւ մեծապես կխրախուսի այն ու կհավասարակշռի վտանգավոր չափերի հասնող ներմուծումը: Առանձնահատուկ նշանակություն պետք է տրվի այն միջոցառումներին, որոնք խրախուսելու են հումք եւ կիսաֆաբրիկատներ արտադրող հայրենական ձեռներեցների անցումը վերջնական արտադրանքի թողարկման:

Հատուկ տեղ պետք է հատկացնել չափազանց ցավոտ հարցի՝ սեփականաշնորհման ընթացքում թույլ տրված սխալների եւ չարաշահումների ուղղման անհրաժեշտությանը: Հարց է առաջանում, ինչպե՞ս: Կարծում եմ, որ սեփականաշնորհված ձեռնարկությունների ազգայնացումը կհանգեցնի տնտեսական եւ սոցիալական էլ ավելի ծանր հետեւանքների, քան ներկայումս է: Խնդիրը պետք է լուծել ցածր հարկերի, չվճարումների հանգուցալուծման, փոխադարձ հաշվանցումների ծավալների կրճատման միջոցով: Դա պահանջում է անհատական մոտեցում ամեն մի առանձին արտադրության նկատմամբ: Սակայն հարցի էությունն այն է, որ եթե սեփականատերը չի կարողանում վարձատրել աշխատողներին, ապա տնտեսական եւ ֆինանսական առողջացման համար այդպիսի ձեռնարկության նկատմամբ պետք է կիրառել այնպիսի հայտնի լծակներ, ինչպիսիք են անվճարունակ ճանաչելու մեխանիզմի ներդրումը եւ սանացիան (առողջացումը), որոնց միջոցով կիրականացվի ձեռնարկության հանձնումը մեկ այլ սեփականտիրոջ, որը կկարողանա կազմակերպել տվյալ արտադրության աշխատանքը՝ վճարելով պետական հարկերը եւ աշխատավարձերը: Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա կարճ ժամկետներում շտկել հիմնական թերություններն ու փոխհատուցել այն կորուստները, որոնք կրել է հասարակությունը վերջին տարիներին:

4. Բյուջետային քաղաքականության բնագավառում. վերջին տարիներին բյուջետային ծախսերի բնագավառում երկրում իրականացվում է արատավոր քաղաքականություն, մասնավորապես.

– գործնականորեն նախատեսված չեն ֆինանսներ անվճարունակ ձեռնարկությունների վերակազմավորման, դրանց առողջացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար,

– իրական միջոցներ չեն ձեռնարկվում զանգվածային չվճարումները արմատախիլ անելու ուղղությամբ,

– հատկացումների կառուցվածքում դոտացիոն կարեւորագույն հատվածներում շարունակում են գերակայել աշխատավարձի ծախսերը, ինչպես նաեւ ձեռնարկությունների սոցիալական ինֆրակառուցվածքի պահպանմանն ուղղված դրամական միջոցները,

– մշակված չեն էկոնոմիկայի զարգացման ռազմավարական ուղղությունները եւ առաջնահերթությունները, որտեղ պետք է հաշվի առնված լինեն գլոբալիզացիայի մարտահրավերները, սահմանված չեն տնտեսական գերակայությունները եւ կարգավորված չէ առողջապահության, սոցիալական ոլորտի, կրթության, գիտության ու մշակույթի գերակա ֆինանսավորման համակարգը,

– դեռեւս աննշան է ինստիտուցիոնալ վերափոխումների հետ կապված բյուջետային ծախսերի տեսակարար կշիռը,

– լրիվ չափով չի ապահովվում բյուջեի ծախսային մասի կատարումը՝ առանձին հոդվածների գծով:

Բյուջետային քաղաքականության մեջ գլխավոր եւ առաջնահերթ խնդիրը համարում եմ մեր կողմից առաջարկվող ազգային ծրագրերի եւ պետական նախագծերում նշված ու առաջադրված խնդիրների լուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործը: Լուրջ վերանայման է կարոտ բյուջեի ծախսային մասի կառուցվածքը: Առաջնահերթ խնդիրներից մեկն է ապահովել բյուջետային այն ծախսերի եռապատկումը, որոնք կուղղորդվեն աղետի գոտու բնակարանային եւ սոցիալ-մշակութային կառույցների շինարարությանը: Բյուջետային ծախսերի ավելացումը պետք է կատարվի այն հոդվածներով, որոնք հետագայում ռեալ հատուցում կտան: Բյուջետային քաղաքականության գերակա ուղղությունները պետք է դառնան աջակցությունը փոքր եւ միջին ձեռներեցությանը, վնասով աշխատող այն ճյուղերին, որոնք ունեն տնտեսական առողջացման հիմնավորված ծրագիր: Այս աշխատանքներին զուգընթաց, հարկ է դադարեցնել ոչ շահութաբեր ձեռնարկությունների սնանկ ճանաչելու գործընթացների արհեստական զսպումը: Բյուջետային քաղաքականության կարեւոր բաղադրամաս պետք է դառնա նաեւ հակամենաշնորհային, պետական արդյունաբերական քաղաքականության ակտիվ իրականացումը, հայրենական մրցունակ արտադրանքի թողարկման խրախուսումը եւ այլն: Քանի որ բյուջետային եկամուտները եւ ծախսերը փոխկապակցված մեծություններ են, ծախսերի կրճատումն անխուսափելիորեն հանգեցնում է հարկվող բազայի կրճատմանը եւ հարկային եկամուտների հետագա նվազեցմանը: Հենց այդ պատճառով պետական ֆինանսների իրական, երկարաժամկետ, կայուն առողջացումը սերտորեն կապված է հանրապետության ողջ տնտեսության առողջացման հետ:

5. Ագրարային քաղաքականության բնագավառում. ընդհանուր առմամբ դրական գնահատելով հողի սեփականաշնորհման գաղափարը, հարկ է նշել, որ Հայաստանում հողի եւ գյուղատնտեսական մյուս հիմնական արտադրամիջոցների նկատմամբ սեփականատիրական կարգավիճակի փոփոխությունը կատարվեց հանցավոր հապճեպությամբ, այդ գործում թույլ տրվեցին կոպիտ սխալներ, որոնք բացասական ազդեցություն ունեցան երկրի ագրոարդյունաբերական եւ պարենային համալիրների վրա: Արդյունքում աղետալի չափերով նվազեցին գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրության ծավալները, փոշիացվեց ու թալանվեց գյուղատնտեսության տեխնիկական բազան, գյուղացին դեմ առ դեմ մնաց իր հոգսերի ու խնդիրների հետ:

Հողի սեփականության արմատավորված նոր ձեւերի պայմաններում գյուղացիական բազմաթիվ տնտեսություններ մինչ օրս չունեն իրենց գործունեությունն ուղղորդող, իրենց շահերն ու իրավունքները պաշտպանող մարմին: Իրավիճակը վատթարացնում է օժանդակ տեխնիկայի, մասնագիտացված կազմակերպությունների զգալի պակասը: Կազմակերպություններ, որոնք պետք է կոչված լինեին տնտեսություններին մատակարարել քիմիկատներ, պարարտանյութ, ապահովեին գյուղտեխնիկայի տեխնիկական վերանորոգումը, ստանձնեին դրանց լիզինգի կազմակերպումը: Կազմակերպական նշված բացթողումների հետեւանքով գրեթե աշխատանքներ չեն կատարվում հողերի ագրոտեխնիկական սպասարկման ուղղությամբ, ինքնահոսի են մատնված տոհմաբուծական, ընտրասերման, սերմնաբուծական, անասնաբուժական աշխատանքները: Շարունակում է բարձիթողի վիճակում մնալ ոռոգման համակարգի որոշակի հատվածը:

Լիարժեք ձեւավորված չեն շուկայական ենթակառուցվածքները, չկա ագրոհամալիր կատարվող ներդրումների արդյունավետ համակարգ, չի մշակվում հակամենաշնորհային օրենսդրություն, դեռեւս իրական գործառնություններ չեն ծավալել ֆերմերային տնտեսությունների կարիքներն ապահովող վարկաֆինանսային, հարկային եւ ապահովագրական հիմնադրամները, մշակված չեն բնագավառի կառավարումը, կադրերի ուսուցումը եւ որակավորման բարձրացումը, գիտատեխնիկական ապահովումը կարգավորող օրենսդրական ու նորմատիվ ակտերը:

Կարգավորված չեն գյուղմթերքներ արտադրողների եւ գնորդների միջեւ հարաբերությունները, չկան պարենամթերքների մեծածախ շուկաներ, չհաջողվեց ձեւավորել արտադրություն-վերամշակում-սպառում արդյունավետ շղթա, որի հետեւանքով ստացվող բերքի որոշակի մասն այդպես էլ չի իրացվում:

Վարելով փակ բնատնտեսություն՝ գյուղացին լուծում է միայն իր կենսաապահովման նվազագույն խնդիրը. հիմնականում օգտագործում է սեփականաշնորհված հողի այն մասը, որն անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար: Ավելին անել նա ուղղակի ի վիճակի չէ՝ պարարտանյութերի, քիմիկատների, վառելիքի, պահեստամասերի բարձր գների, հողի մասնատվածության պատճառով: Ավելի քան 200 հազար հեկտար վարելահող կամ վարելահողերի 46%-ը շարունակվում է մնալ անմշակ: Դա հանգեցնում է նրան, որ չօգտագործվող հողակտորներն արագորեն կորցնում են որակական ցուցանիշները, ծավալվում է բնահողի քայքայումը (էրոզիան) եւ հողերի անապատացումը:

Ագրարային քաղաքականության մեջ կարեւոր գերակայություն եմ համարում բնակչության պարենային անվտանգության ապահովումը: Ագրարային ոլորտում հիմնական խնդիր է՝ դադարեցնել անկումը, հասնել կայունության եւ դրա հիման վրա ագրոարդյունաբերական համալիրի դինամիկ զարգացման: Ագրոհամալիրի զարգացումը, իմ խորը համոզմամբ, առաջատար երկիր դառնալու հիմնական պայմաններից մեկն է, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման ոլորտը: Գյուղը դիտարկում եմ ոչ միայն որպես սննդամթերք մատակարարող, այլեւ, առաջին հերթին, որպես հայության բնամիջավայր:

Ագրոարդյունաբերական համալիրում իմ գործունեության գլխավոր ուղղություններից է լինելու.

– ագրոհամալիրի բոլոր օղակների համակարգված փոխգործողության համար օրենսդրական, նյութական եւ կազմակերպչական անհրաժեշտ պայմանների ստեղծումը, գյուղմթերքներ վերամշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի իրական գների ապահովումը, ագրարային ապրանքարտադրողի ազատագրումը մենատերերի եւ ապրանքամիջնորդային քրեածին տարրերի թելադրանքից,

– հայրենական գյուղմթերք արտադրողների պետական պաշտպանությունն այն սննդամթերք ներկրողներից, որոնք, դեմպինգային գներով (ինքնարժեքից ցածր) իրացնելով Հայաստանում արտադրվող նույնանուն սննդամթերք, անհավասար պայմանների մեջ են դնում հայրենական գյուղացիական տնտեսությունները,

– հարկային համակարգի կատարելագործումը, որը պետք է նպաստի գյուղմթերքների արտադրության եւ ստացվող եկամուտների աճին: Անհրաժեշտ է կիրառել հողային հարկի տարբերակված սահմանում եւ մյուս հարկերի վերացում,

– յուրաքանչյուր գյուղացու իրավունքի ամրագրումը՝ ինքնուրույն ընտրելու գործունեության տեսակը, տնտեսավարման ձեւը [կոոպերատիվ, բաժնետիրական ընկերություններ, գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ, կոլեկտիվ ձեռնարկություններ, կոմբինատներ], արտադրության կազմակերպման եւ կառավարման գործում դրանց անկախ զարգացումը,

– օրենքի խիստ կիրառում այն դեպքերում, երբ վարչականորեն պարտադրվում են տնտեսավարման ձեւերը՝ հաշվի չառնելով արտադրողների կամքն ու ցանկությունը,

– սեփական բազայի արդյունավետ օգտագործման հիման վրա ընդլայնված վերարտադրության եւ ագրոհամալիրի բոլոր օղակների հստակ փոխգործողության համար պայմանների ստեղծումը:

Վերոթվարկյալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է մշակել ագրարային ոլորտի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը կներառի.

– հողօգտագործման եւ հողային հարաբերությունների ոլորտը՝ հողի շուկայի ձեւավորման, հողային հարաբերությունների ամբողջ համալիրի իրավական համակարգի կարգավորման, հողակտորների գոտիավորման միջոցով հողի տնտեսավարական օգտագործման վրա պետության արդյունավետ ազդեցության ապահովման, հողը ոչ արտադրական նպատակներով օգտագործելու եւ ենթակառուցվածքի զարգացմանը չնպաստելու համար հողօգտագործման որոշակի սահմանափակումներ մտցնելու, սննդի որակական եւ սանիտարահիգիենիկ օրենսդրական նորմատիվների կիրարկման, ինչպես նաեւ պետությանը հողերի հետգնման իրավասություն տալով հասարակական կարիքների՝ ճանապարհների, օդանավակայանների, պուրակների շինարարության համար,

– հողի արդյունավետ վերաբաշխման պայմանները՝ ընդգրկելով նաեւ դրա գրավադրման արժեքի (հիպոթեկ վարկերի կիրառման), որակով օգտագործելու կարգի եւ հողահանդակների՝ իբրեւ առքուվաճառքի առարկա շրջանառությունից երկարաժամկետ դուրս մնալը կասեցնող կանոնների մշակումը,

– հողի սեփականության ապահովագրական իրավունքի ստեղծումը, որը կբարձրացնի շուկայում նրա ապրանքային կենսունակությունը՝ ներդրումների համար գրավիչ դարձնելով, հավելյալ հողերը վաճառելով եւ, որ կարեւոր է, հողը կապիտալի եւ գրավային երաշխիքի հիմնական աղբյուր դարձնելով: Դա կնպաստի մասնատված հողակտորների միավորմանը եւ պայմաններ կստեղծի հողի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական արտադրության զարգացման, տեխնիկայի արտադրողականության բարձրացման, պարարտանյութերի արդյունավետ օգտագործման համար:

Պետական կարգավորման ոլորտում պետք է համակարգվեն արտադրանքի որակի հսկողության, գիտահետազոտական աշխատանքների, տեղեկատվական եւ ենթակառուցվածքի ապահովման ծախսերը:

Ագրարային հատվածում պետական վարկավորման քաղաքականության հիմքում պետք է դրվեն.

– ապրանքային վարկավորման կիրառումը,

– գյուղի սոցիալական ենթակառուցվածքի արդիականացման պետական աջակցությունը՝ արտոնյալ եւ երկարաժամկետ վարկերով, շինարարական աշխատանքների իրականացման համար տեխնիկական օգնության, գյուղական ապրանքարտադրողների եկամուտների պաշտպանության իրականացում, գների կարգավորում եւ գյուղատնտեսական ապրանքների պետական առեւտրի կանոնակարգում, գյուղատնտեսական հումք ձեռքբերելու նպատակով լրացուցիչ վճարի տրամադրում, գյուղարտադրանքի իրացման շուկաներ բացահայտելու նպատակով մարկետինգի կազմակերպում (շուկայի զարգացման ծրագիր, լրացուցիչ վճարներ՝ արդյունաբերական վերամշակման, պահպանության, տեղափոխման, որակի վերահսկման համար), տնտեսախորհրդատվական աջակցություն, ագրարային ոլորտի ապահովագրության համակարգի ներդրում եւ հողի վարձակալման զանազան ձեւերի կիրառում. դրամական (1 հա դիմաց ամրագրված), զուտ դրամական, ճկուն դրամական (կախված արտադրության պայմաններից կամ գնից, բերքից), խառը դրամական եւ այլն:

6. Բնապահպանության ոլորտում. գտնում եմ, որ հանրապետությունում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական փոփոխություններ իրականացնելիս ամենայն հետեւողականությամբ պետք է Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել