Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինֆորմացիոն բլոկադա»

Հունվար 15,2008 00:00

Այդպես է իրավիճակը նկարագրում ՀՀՇ-ի Լոռու մարզային խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, ինչպիսին է Լոռիում նախընտրական իրավիճակը:

– Իրավիճակին միանշանակ գնահատական տալը ճիշտ չի լինի: Թեեւ առերեւույթ հանդարտություն է տիրում, սակայն խորքային լուրջ լարվածություններ կան: Իշխանություններն արդեն իսկ սկսել են իրենց հնարավոր բոլոր լծակները օգտագործել, որպեսզի խափանեն նորմալ ընտրական ընթացքը: Դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հիմնարկներում, բուհերում բլանկներ են բաժանվում, որտեղ պետք է լրացվեն քաղաքացիների անուն-ազգանունները, ծննդյան տարեթվերը, հասցեները եւ անձնագրի համարները: Մի խոսքով, ընտրության օրն անհրաժեշտ բոլոր տվյալները: Դրանք այն մարդկանց տվյալներն են, ովքեր պարտադրված են Սերժին ընտրել: Բացի այն, որ դա կարող է օգտագործվել ընտրությունների օրը՝ կեղծիքներ իրականացնելու նպատակով, նաեւ հոգեբանորեն է ազդում մարդկանց վրա: Շատ շատերին թվում է, որ այդ բլանկը լրացնելուց հետո իրենք չեն կարող ուրիշ ընտրություն կատարել, եւ արդեն պարտավորված են Սերժ Սարգսյանին ընտրել: Սա եւ էժանագին, եւ ուժային մեթոդ է, ինչը վկայում է, որ իշխանությունները վստահ չեն արդար ընտրություններում իրենց հաղթանակի վրա, թեեւ հայտարարում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի ընդամենը երկու տոկոս ձայն: Մի հետաքրքիր խնդիր կա, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հայտարարել իր առաջադրման մասին, իշխանության ամենաբարձր օղակները ասում էին, որ նա իմաստուն, հզոր, գերխելացի քաղաքական գործիչ է, եւ հենց այդ պատճառով չի առաջադրվի: Այս տրամաբանությունը աբսուրդի ժանրից է, այսինքն՝ մեր հանրապետությանը խելացի քաղաքական գործիչ պետք չէ: Այլ պետք է ոչ խելացի, կասկածելի, ոչ լուրջ արժանիքներ ունեցող անտաղանդ մեկը, որի թեկնածությունը իշխանությունը գտել եւ առաջադրել է:

– Միգուցե իշխանությունը նկատի ուներ Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիների որոշակի ձախողումները, ինչից հետո նա իրեն թույլ չէր տա առաջադրել իր թեկնածությունը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը ձախողումներ չի ունեցել: Եղել են ծանրագույն իրավիճակներ, որոնցից Տեր-Պետրոսյանի տաղանդի ու հանճարի միջոցով երկիրը կարողացավ դուրս գալ: Եվ հենց դրանով նրան կարելի է համարել մեր քաղաքական դաշտում անկրկնելի գործիչ: Նախկին խորհրդային մյուս երկրների համեմատությամբ մենք ունեինք չորս այլ սպեցիֆիկ պրոբլեմներ, որոնց առկայության դեպքում մյուս երկրների համար դժվար կլիներ իրավիճակից դուրս գալ: Սակայն Հայաստանը դուրս եկավ շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի:

– Բայց չէ՞ որ նույն նախագահը երկրի համար շատ կարեւորագույն ու վճռական պահին հեռացավ քաղաքական դաշտից եւ հեռացավ շատ երկար ժամանակով:

– Ստեղծվեց մի իրավիճակ, որ ժողովուրդն ունեցավ սոցիալական լուրջ պրոբլեմներ եւ հոգեբանորեն սկսեց այդ բոլոր դժվարությունների համար մեղավոր փնտրել: Որպես կանոն, բոլոր ժողովուրդների մոտ էլ դա այդպես է, առաջին մեղավորը դառնում են իշխանությունները: Այս հանգամանքն օգտագործեցին ընդդիմադիր ոչ առողջ ուժերը: Այդ ատելությունն ուղղվեց երկրի նախագահի դեմ: Եվ ժամանակ էր հարկավոր, որպեսզի ժողովուրդը կարողանար ճիշտ կողմնորոշվեր եւ ճիշտ գնահատեր կատարվածը: Հետո նոր կաշխատեր ժողովրդի իմաստնությունը: Այժմ եկել է ժամանակը:

– Նախկին նախագահը, սակայն, ավելի շատ խոսում է ոչ թե այն ժամանակվա իրավիճակի պատճառների ու հետեւանքների մասին, այլ հիմնականում խոսում է ներկա իշխանությունների սխալներից: Իսկ ժողովուրդը իրենից ավելի շատ այդ է ակնկալում, դրանց պատասխաններն ավելի շատ են մտահոգում ժողովրդին:

– Իր երկրորդ միտինգում Լեւոն Տեր-Պետրոսյանը մանրամասն, հիմնավոր ու համոզիչ պատասխանել է այդ հարցերին: Նա նաեւ որոշակի սխալների ու բացթողումների մասին է խոսել, որոնք հիմնականում կադրային սխալներն են:

– Այդ դեպքում ինչո՞ւ իշխանություններին մեկ անգամ քննադատելով չի բավարարվում:

– Որովհետեւ իշխանությունների քննադատության խնդիրն է նրան մղել վերադառնալ քաղաքական ասպարեզ: Եթե իշխանությունները բավարար աշխատեին, վերադառնալու հարց չէր լինի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր թեկնածուների մեջ ամենաանշահախնդիրն է: Նա գալիս է ոչ թե հանուն իր կարիերայի ու նյութականի, այլ՝ հանուն ժողովրդի:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀՇ-ի թեկնածուի հաղթելու հավանականությունը Լոռու մարզում:

– Շատ մեծ հնարավորություն ունի: Գյուղական վայրերում կան որոշակի բարդություններ, որոնք հիմնականում կապված են լրատվական բլոկադայի հետ, մարդիկ անտեղյակ են: Մենք դիսկերի, բրոշյուրների, թերթերի միջոցով ենք ուզում լրացնել լրատվական բացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել