Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵԴԻՈՒՄ ԱԹԱՐՈՎ ԵՆ ՏԱՔԱՆՈՒՄ

Հունվար 15,2008 00:00

\"\"Վեդի քաղաքի բնակիչներն ապրում են խուլ գյուղական պայմաններում \"\"

Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը համայնքապետի ընտրություններում արդեն երրորդ անգամ է վերընտրվել: Կարելի է եզրակացնել, թե վեդեցիներն այնքան են սիրում իրենց քաղաքապետին ու այնքան գոհ են նրանից, որ երեք անգամ նրան ձայն են տվել: Մինչդեռ, երբ օրերս այցելեցինք Արարատի մարզի Վեդի, տեղի բնակիչների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ նրանք քաղաքապետի հետ աչքով աչք չունեն: Բնակիչների համար էլ էր մութ մնացել, թե ինչպես է քաղաքապետը հաջողացրել 3 անգամ համայնքապետի ընտրություններում հաղթել ու մնալ իր պաշտոնում: Վեդիի Անդրանիկավան թաղամասի բնակիչների խոսքերով՝ «Վարուժան Բարսեղյանն ավելի շատ ուշադրություն է դարձնում սեփական բիզնեսին, քան քաղաքի խնդիրներին»: Չնայած քաղաքի փողոցներն անմխիթար վիճակում են, բայց քաղաքապետն ասֆալտապատել է միայն իր տան ճանապարհը՝ մոտ 300 մետր: Բացի այդ, բնակիչների պատմելով՝ նա աճուրդով վաճառել է անգամ քաղաքի հեռանկարային զարգացման ֆոնդի հողերը: Մեր տեղեկություններով՝ Վ. Բարսեղյանը քաղաքում գազալցակայան է հիմնել, ինչը մեզ հետ զրույցում չհերքեց նաեւ հենց ինքը՝ քաղաքապետը: Նրա խոսքերով՝ ինքը գազալցակայանի մենատերերից չէ, պարզապես «փայատեր» է:

Անդրանիկավան թաղամասում շուրջ 500 ընտանիք է ապրում եւ մինչ օրս քաղաքի այս հատվածում կոյուղագիծ չկա: Թաղամասը մինչ օրս գազիֆիկացված էլ չէ: Անդրանիկավանցիների խոսքերով՝ «Ընտրություններից առաջ խոստացան, որ եթե գազ չքաշեն, գոնե վառելափայտով կապահովեն, բայց ընտրվելուց հետո մոռացան: Հիմա հատուկենտ ընտանիք կա, որ փայտ գնելու հնարավորություն ունի, իսկ մենք աթար ենք վառում ու ասում՝ ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի: Էս ո՞ր դարն է, որ քաղաքում աթար վառեն: Ամիսը 50-60 հազար դրամի էլեկտրաէներգիա ենք վառում, բայց տունը չի տաքանում, որ գազ լիներ՝ էլի հոգսերը կթեթեւանային»:

Ամբողջ տարվա ընթացքում բնակիչներն ընդամենը մի քանի ամիս են խմելու ջուր ունենում: Մեր այցելության պահին էլ բնակիչները 2 շաբաթ խմելու ջուր չունեին, ինչի հետեւանքով ստիպված տեղի միակ հուշաղբյուրից էին ջուր կրում: Թեեւ տարածքային ջրմուղից բնակիչներին պատճառաբանել են, որ վթար է եղել, սակայն բնակիչները փաստում են, որ ամռանն էլ նույն վիճակն է, էլի խմելու ջուր չեն ունենում. «Ամառն էլ վերեւի դաչեքին են ջուր տալիս, մեր խմելու ջրով էդ դաչեքի հողերն են ջրում: Դե, մենք հասարակ մարդիկ ենք, իսկ էդ դաչեքը միլպետինն է, մեր դատախազինը, անտառտնտեսության պետինը, բա հո դրանց առանց ջուր չե՞ն թողնի»: Չնայած բնակիչների բողոքներին, «Հայջրմուղկոյուղու» տարածքային Վեդիի մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ընդամենը չորս օր է, ինչ Անդրանիկավանում խմելու ջուր չկա. «Այդ թաղամասը սնուցող ջրագծի մոտ 24 մետր հատվածը ցրտերի պատճառով սառչել է: Վախենում ենք պագրիշկեք վառենք, որ հանկարծ չպայթի խողովակը: Ստիպված պետք է սպասենք, որ եղանակը տաքանա: Մենք 100 տոննա ջուր ենք բաժանել այդ բնակիչներին»:

Թաղամասի հարեւանությամբ հոսում է ոռոգման ջրատարը, որը վեդեցիների համար իսկական պատուհաս է: Քաղաքում աղբատարները քչություն են անում, ինչի հետեւանքով մարդիկ իրենց կենցաղային աղբն ու սատկած անասուններին այնտեղ են թափում, ջրատարի մեջ են լցվում նաեւ կոյուղաջրերը, ինչը քաղաքի այդ հատվածում հակահիգիենիկ վիճակ է ստեղծում:

Վեդեցիները նաեւ բողոքում էին, որ ինչ խնդրով դիմում են քաղաքապետին՝ ոչ մի օգնություն չեն ստանում: Բնակիչ Աստղիկ Մանուկյանի խոսքերով՝ «Փոթորիկը կռիշս տարավ: Երբ իմացա շիֆեր են բաժանում, ես էլ քաղաքապետին դիմեցի, բայց ասաց, որ քաղաքին չի հասնում, միայն՝ գյուղերին: Ախր հիմա էլ ձմեռ է, շատ ցուրտ է»:

Ինչ վերաբերում է Անդրանիկավանի գազիֆիկացման, ասֆալտապատման եւ մյուս խնդիրներին՝ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն այսպես պարզաբանեց. «Գազ քաշելը «ՀայՌուսգազարդի» խնդիրն է, նրանք մեզանից արդեն նախագծերն ու նախահաշիվը վերցրել են, ուրեմն հավանական է, որ գործին ընթացք կտան»: Քաղաքապետը չհերքեց, որ քաղաքի շատ հատվածներում աղբամաններ չկան, բայց նա խոստացավ նոր աղբամաններ տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Իսկ փողոցների ասֆալտապատման համար քաղաքապետարանը գումար չունի. «Իմ տան փողոցը ես իմ գումարներով եմ ասֆալտապատել: Իսկ եթե քաղաքացիները բարեխիղճ ձեւով քաղաքապետարանին վճարեն բոլոր հարկերը՝ հողի հարկը, գույքահարկը, այդ ֆոնդից գումար կտրամադրենք, որ իրենց պահանջները կատարվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել