Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան

Հունվար 15,2008 00:00

ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Արարման ծրագիր

ԵՐԵՎԱՆ — 2008

ԽՈՍՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Հարգելի՛ հայրենակիցներ, 2007 թ. նոյեմբերի 27-ին կայացավ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվեց նախագահական առաջիկա ընտրություններում երաշխավորել ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Չթաքցնեմ, որ գործընկերներիս որոշմանը եւ դրան իմ համաձայնությունը տալուն մոտեցել եմ ժողովրդիս առաջ պատասխանատվության բարձր գիտակցումով, նկատի ունենալով այն բարդ, պայթյունավտանգ իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում ու նրա շուրջ…

Ձեր դատին եմ ներկայացնում «Հայաստան 2008. Արարման ծրագիր» իմ հեղինակած փաստաթուղթը, ինչպես նաեւ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամների հիմնավորումներն ու իմ պարզաբանումները` արված ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու օգտին: Աշխատել եմ Ձեզ ներկայացնել վերջին շրջանում անձիս դեմ ի ուրախություն գործող իշխանությունների` նախկին իշխանությունների սանձազերծած սեւ քարոզչության նպատակը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ակնկալում եմ, որ ուշադրությամբ կընթերցեք ներկայացվող նյութերը եւ բոլորիդ համար պարզ կդառնա ողջ ճշմարտությունը, թե ինչու եմ այդ աստիճան անցանկալի իրար հաջորդող իշխանությունների համար:

Խիղճս ազգի, հայոց պետականության առաջ հանգիստ է, նպատակներս՝ ազնիվ, հաղթանակս` անխուսափելի:

Ձեզ նվիրված ու հավատարիմ` Մամիկոնի եւ Սոնյայի որդի Արտաշես Գեղամյան:

10 հունվարի 2008 թ.

Իմ քաղաքական հայացքները

Արդեն 11-րդ տարին է, ինչ հիմնադրել եւ ղեկավարում եմ «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: Կուսակցություն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միավորում է, ուր ընդգրկված անձինք իրականացնում են ազատության, ժողովրդավարության, անհատական պատասխանատվության սկզբունքները, ովքեր ապացուցել են, որ կարող են արարել՝ արտադրել, կառուցել, կառավարել, օգնել մարդկանց, պաշտպանել երկիրը:

Ինձ համար հիմնարար են անձի գերակայությունը, մարդկային կարեւորագույն արժեքները՝ բարությունը, սերը եւ բարոյականությունը, օրենքի առաջնայնությունը, իշխանության թեւերի տարանջատումը, պետության վրա հասարակության դեմոկրատական վերահսկողությունը, մասնավոր սեփականությունը, տնտեսական ազատությունը, բոլոր քաղաքացիների իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը:

Ես քաղաքականությանը, տնտեսությանը, ազգային անվտանգությանը, երկրի կյանքի բոլոր ոլորտներին նայում եմ շարքային քաղաքացու՝ այն նույն «հասարակ մարդու» տեսանկյունից, որին ավելի քան 17 տարի է, ինչ հաշվի չեն առնում իրար հաջորդող կառավարություններն ու «խոշոր քաղաքագետները»:

Իմ գործունեության հիմքում դրված է հասարակության կյանքի բոլոր կողմերի առողջացումը,  ժողովրդի ստեղծարար ներուժի վերածննդի ապահովումը, ժողովուրդ, որը, հենվելով շուկայական ազատական տնտեսության լայն հնարավորությունների վրա, չժխտելով պետության կարգավորիչ դերը, իմ խորը համոզմամբ, ընդունակ է իրականացնել հասարակական հարստության արդարացի բաշխումը:

Ես կողմ եմ սոցիալական շուկայական ժամանակակից տնտեսությանը, պետության սոցիալական ազդեցիկ քաղաքականությանը ոչ միայն այն պատճառով, որ դա ինձ համար բարոյական անվերապահ կատեգորիա է, այլ որովհետեւ կարող է ու պետք է ծառայի որպես մեր երկրի տնտեսության շարժիչ ուժ, դառնա տնտեսական քաղաքականության իմաստն ու նպատակը:

Կողմ եմ անձի ազատությանը եւ մարդու իրավունքները հարգելուն, բազմակարծության ընդլայնմանը եւ հանդուրժողականության ապահովմանը, քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառներում ու ամենօրյա կյանքում անհատի ազատ ընտրությանը:

Ես դեմ եմ իրենց գործողություններով քաղաքացիական անգործունակության մղող իշխանությունների մշտական փորձերին, իշխանությանը տիրող անձանց ցանկացած գործողություն անմռունչ ընդունելուն, քաղաքական խնդիրներն ուժային եւ արյունալի ուղիներով լուծելուն, խստորեն դատապարտում եմ իշխանության անգործունակությունը հասարակության համար խիստ վտանգավոր՝ պետական մարմիններում կոռուպցիայի եւ անօրինականությունների դրսեւորումները, պաշտոնատար անձանց նշանակմանը՝ անձնական նվիրվածության ու ազգակցականության սկզբունքով:

Անհրաժեշտ եմ համարում խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի օրենքները չխախտվեն, ժողովրդավարությունը զուգակցվի կարգուկանոնին, մարդիկ պաշտպանված լինեն իշխանությանը սերտաճած կլանների, մի խումբ հանցագործների ու սրիկաների կամայականություններից:

ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում աշխատելու եմ հասնել պետական այնպիսի մարմինների ձեւավորմանը, որոնք կունենան ուժ, կամք Հայաստանի Հանրապետությունում օրինականություն եւ անհրաժեշտ կարգուկանոն  հաստատելու գործում:

*  *  *

Իմ հայացքները, ըստ էության, համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին, քանի որ մեր կուսակցությունը կոչված է աջակցելու հայ ժողովրդին բնորոշ կայուն արժեքների ամրապնդմանը,  որոնցից ամենագլխավորներն են՝ սերն ու նվիրվածությունը  նախնիների հողին եւ նրա սրբություններին, ընտանիքի եւ գերդաստանի անսասանությունը, Հայրենիքի ինքնիշխանությունը, հասարակության մեջ յուրաքանչյուր մարդու ինքնադրսեւորման իրավունքի պաշտպանությունը,  նորի զգացումը, կարեկցանքն ու արձագանքը նեղ վիճակում հայտնված մարդկանց ճակատագրին, համերաշխությունը բախտորոշ շրջափուլերի պահին:

Իմ գաղափարները համահունչ են նաեւ ազատական բնույթի կուսակցությունների գաղափարներին, քանի որ ի սպաս են դրվում քաղաքացու իրավունքներին, նրա տնտեսական ազատությանը, որը հիմնվում է մասնավոր սեփականության, ազատ ու արդարացի շուկայական մրցակցության վրա՝ ի շահ մեծամասնության ժողովրդավարական կամքի կենսագործման եւ  փոքրամասնության իրավունքների պաշտպանության:

Գաղափարներս միաժամանակ համահունչ են սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կուսակցությունների գաղափարներին, քանի որ ըստ ամենայնի սատարում են մարդու սոցիալական պաշտպանվածությունը, նրա արժանապատվությունը, որ պետք է լինի պետական հոգածության առարկա:

Բայց եւ գտնում եմ՝

– մոլորության մեջ են ազատականության այն կողմնակիցները, ովքեր կարծում են, թե ժողովրդավարության, սոցիալականության եւ իրավունքի սահմանադրորեն ամրագրված գերակայությունները կարող են ստեղծվել ու պահպանվել մի հասարակության մեջ, ուր առկա է բնակչության սոցիալական խորը շերտավորում, ուր չկա համընդհանուր համերաշխություն,

– մոլորության մեջ են արդյունաբերողների, հողատերերի եւ մտավորականների միավորումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե կարելի է  կացութաձեւի ու նպատակների հավասարակշռություն պահպանել հարուստների եւ աղքատների միջեւ, եւ թե բոլորի համար հնարավոր է ապահովել իրավական ու քաղաքական  ազատություն՝ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ազատությունը թողնելով որպես զուտ ընտրյալ փոքրամասնության  արտոնություն,

– մոլորության մեջ են ազգայնական շարժումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե համերաշխ, իրավական, ժողովրդավարական հասարակություն կարող է կառուցվել մարդկանց անհավասարության եւ ազգից դուրս գտնվող առանձին անհատի ազատության ապահովման հիման վրա,

– մոլորության մեջ են սոցիալ-դեմոկրատական ուղղվածության այն կուսակցությունները, որոնք գտնում են, թե միայն կենտրոնացված կառավարվող տնտեսությունը կարող է նպաստել մարդու ինքնուրույն, ներդաշնակ զարգացմանը՝ չխոչընդոտելով անհատի ազատ  ձեւավորմանը:

*  *  *

Կյանքում եւ քաղաքականության մեջ ձգտում եմ ղեկավարվել պարզ ու հասկանալի հետեւյալ սկզբունքներով.

– պատասխանատվության սկզբունք. պատասխանատու քաղաքականությունը ենթադրում է հաշվետու լինել ստանձնած պարտավորությունների համար: Պետական ու քաղաքական յուրաքանչյուր գործչի պատվի գործն է իշխանությունից հեռանալ այն պահին, երբ պարզվում է, որ չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները: Պատասխանատվության իմ ընկալումը ներառում է եւ պատասխանատվություն ապագայի համար. թե՛ ապագան եւ թե՛ նրա հեռանկարները ինձ համար ունեն մեծ կարեւորություն,

– բարոյականության սկզբունք. բացառվում է, որ վարեմ անբարո քաղաքականություն: Քաղաքականությունը պետք է վարել մաքուր ձեռքերով. նպատակը չի արդարացնում միջոցները: Քաղաքական նպատակներին հասնելու միջոցները ինձ համար պակաս կարեւոր չեն, քան բուն նպատակները. ավելին՝ օրինականությունը չի կարող զոհաբերվել նպատակահարմարությանը: Դեմ եմ այնպիսի քաղաքականությանը, որի ուժով որոշ մարդիկ եւ սոցիալական խմբեր առավելություն են ձեռք բերում ուրիշների տառապանքների հաշվին, երբ մի առանձին խավ բարգավաճում է՝  զանգվածային աղքատացման ֆոնի վրա,

– կանխատեսելիության սկզբունք. քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի. յուրաքանչյուր քայլը պետք է հաշվարկվի մարդկանց համար դրա հնարավոր հետեւանքների տեսակետից:  Նրանք, ովքեր 1993 թ. թույլ տվեցին գների աճ 109 անգամ, չէին մտածել հետեւանքների մասին: Այդ պատճառով բազմահազար մարդիկ զրկվեցին իրենց խնայողություններից: Ես դեմ եմ բախտախնդրությանը քաղաքականության մեջ, քանի որ քաղաքականության մեջ ամեն փորձարարություն հղի է վտանգով՝ փորձանք դառնալ մարդկանց, ժողովրդի համար: Այս իմաստով ես եւ մեր կուսակցությունը միանգամայն կանխատեսելի ենք ու պատրաստ՝ բանակցելու, միավորվելու, զիջումների դիմել այն դեպքերում, երբ ակնկալվում է Հայաստանի առաջընթացը դեպի մեր հռչակած գաղափարները,

– պրոֆեսիոնալիզմի սկզբունք. գտնում եմ, որ պետությունը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Պրոֆեսիոնալը ոչ միայն իր գործի գիտակն է, այլեւ բարոյական անձ, որը հավատարիմ է մասնագիտական պատվո կոդեքսին եւ ենթարկվում է կատարողական կարգապահությանը: Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հարյուրավոր մարդիկ, ովքեր պետական իշխանության մարմիններում աշխատանքի մեծ փորձ ունեն: Նրանց հետ ունեմ հայացքների միասնություն եւ  փոխըմբռնում: Սա էլ հենց կոչվում է «թիմ»: Միասնաբար մենք կարող ենք եւ պատրաստ ենք ստանձնել երկրի առողջ բոլոր ուժերը միավորելու՝ հանուն Հայաստանի Հանրապետությունում արարման գործընթացները անշրջելի դարձնելու համար:

* * *

Ձեր ուշադրությանը եւ դատին եմ ներկայացնում «Հայաստան 2008. Արարման ծրագիրը»: Ծրագիր, որի կարգախոսն է՝ «Հանուն ազգային միաբանության»:

Հայաստանի

Հանրապետությունը ՀՀ նախագահի 2008 թ. ընտրությունների շեմին

2003 թ. նախագահական ընտրություններին հաջորդած տարիները բնութագրվեցին հասարակության կյանքի բոլոր կողմերի վտանգավոր զարգացումների հետագա խորացմամբ: Ակնհայտ են հայրենական ապրանքարտադրողների արտադրանքի մրցունակության կորստի բացահայտ միտումները, արդյունաբերության լճացումը, հարաբերությունների ֆեոդալիզացումը (ավատականացումը) ագրարային ոլորտում, արդի գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի Հանրապետության տնտեսության ոչ միայն հետագա առաջադիմության, այլ նաեւ գոյատեւման ռազմավարության լիակատար բացակայությունը: Դա առավելապես պայմանավորված է պետական շինարարության ընդհանուր գաղափարախոսական դիրքորոշումների ամլացմամբ, գաղափարախոսություն, որը պետք է նպատակ ունենար միաբանել հասարակությանը, որպեսզի կարողանա դիմակայել համաշխարհային մրցակցության մարտահրավերներին եւ աշխատանքի համաշխարհային բաժանմանը: Սա, իր հերթին, հանգեցրեց հայ հասարակության հոգեւոր, գաղափարական եւ բարոյական խորը ճգնաժամի: Անկախության 17 տարիների ընթացքում իշխանություններն այդպես էլ չկարողացան կառուցել հասարակական կյանքի մի այնպիսի կարգ, որ Հայաստանի քաղաքացիները լինեին ազատ, իսկ իրենք՝ իշխանություններն էլ չտրտնջային մեր հանդեպ հարեւան պետությունների ու նրանց հովանավորների անարդար վերաբերմունքի դրսեւորումներից: Բարձրագույն իշխանությունների համար ազատության ու արդարության, քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման ձգտումն այդպես էլ չդարձավ առանցքային: Հայաստանի քաղաքացիները զրկված են ազնիվ աշխատանքով եւ ձեռներեցությամբ իրենց արժանավայել գոյությունն ապահովելու հնարավորությունից: Ամենուրեք՝ սկսած գյուղական, ավանային ու քաղաքային ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ վերջացրած Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններով, Հայաստանի իշխանությունները կոպտորեն ոտնահարում են ընտրություններին եւ քաղաքական կյանքին մասնակցելու, օրենսդիր ու գործադիր իշխանություններ ձեւավորելու քաղաքացիների ընտրական ու սահմանադրական համընդհանուր իրավունքները:

2003 թ. նախագահական եւ խորհրդարանական, ինչպես նաեւ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բիրտ կեղծումը, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ 2005 թ. հանրաքվեի արդյունքների ցինիկ նենգափոխումը հասարակական հարաբերություններում է՛լ ավելի խորացրեցին հակադրման, ցանկացած այլախոհության ճնշման, քաղաքացիների անձնական արժանապատվության զգացմունքի ոտնահարման տեխնոլոգիան: ՀՀ անօրինական իշխանություններն անցկացնում են կիրթ, խելացի, զարգացած մարդկանց դիմազրկելու նպատակասլաց քաղաքականություն՝ սաղմի մեջ ոչնչացնելով պետության, հասարակական կյանքում, քաղաքացիական հասարակության կայացման մեջ գործուն մասնակցելու նրանց բնական ձգտումը: Արմատավորվել է մի մթնոլորտ, ուր գաղափարին փոխարինելու է գալիս վախը:

Չինովնիկական ուռճացված ապարատը ճնշում է գործնական նախաձեռնությունը, օտարում է ազգաբնակչության պատկառելի մասը հանրօգուտ ձեռներեցությունից: Պետական իշխանության գրեթե բոլոր մակարդակներում բարգավաճում է կոռուպցիան, որը քայքայում է պետության հասարակական ու սոցիալական կառուցվածքը, հանգեցնում է օրինական շրջանառությունից ֆինանսական խոշորածավալ միջոցների դուրսմղմանը: Կոռուպցիան Հայաստանում առաջ է բերել աղքատություն, իսկ վերջինս էլ ծնել է շահամոլ մարդուն, որն անձնական օգուտի համար վաճառքի է հանել իր քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ընտրության միջոցով իշխանություն ձեւավորելու իր սահմանադրական իրավունքը: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն – Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Հայաստան» հասարակական կազմակերպության 2006 թ. օգոստոսին անցկացրած ուսումնասիրությունները (Հայաստանի բոլոր մարզերի պատահական ընտրված 1500 տնային տնտեսություններում) հայտնաբերել են պետական ողջ մեխանիզմի ամլացման վտանգավոր միտումներ: Այսպես, հարցվածների 44.5 տոկոսը երկրի նախագահին համարել է շատ կոռումպացված, 18.0 տոկոսը՝ կոռումպացված եւ 12.9 տոկոսը՝ մասամբ կոռումպացված: Հարցվածների 51.3 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարել է խիստ կոռումպացված, 26.0 տոկոսը՝ կոռումպացված եւ 12.5 տոկոսը՝ մասամբ կոռումպացված. ընդհանուր հաշվով` 89.8 տոկոսը ՀՀ կառավարության աշխատակազմը համարել է տարբեր աստիճանի կոռումպացված: Ըստ այդ նույն հարցման, 93.7 տոկոսը այն կարծիքին է եղել, որ ՀՀ նախարարները եւ 84.8 տոկոսը՝ ՀՀ դատախազության համակարգը նույնպես կոռումպացված են: Հանգամանք, որը, թերեւս, անուղղակիորեն ընդունում է նաեւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավարությունը:

Օրենքի գերակայությունը մեր երկրում դեռեւս կյանքի անխախտ կանոն չի դարձել ինչպես պետության ու իշխանավորների, այնպես էլ առանձին քաղաքացիների համար: Ակներեւ են փաստեր, երբ պետական իշխանությունն ամենուրեք նահանջում է, անկանոն կերպով խուսափում պատասխանատվությունից: Այս վակուումը լցվում է անհիմն հավակնություններ ու ինքնավստահություն ունեցող գործիչներով, որոնք մի շարք դեպքերում իրենցով փոխս են գցում իշխանությանը՝ «բարեգործական» լայնածավալ ձեռնարկումներ անցկացնելով հաճախ հանցավոր ծագում ունեցող, միանգամայն կասկածելի աղբյուրներից ձեռք բերած փողերով: Դեպի ժողովրդավարություն քայլելու փոխարեն՝ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին գլորվել-ընկել է օլիգարխների, կլանների իշխանության կրնկի տակ, որն իր անհագուրդ եւ ոչնչով չարդարացված ամբիցիաներով վարկաբեկում է գործարար հանրությանը: Արդյունքում՝ Հայաստանում ժողովրդավարության բոլոր հիմնական գաղափարներն ամլացվել են: Հասարակական առողջ բանավեճի փոխարեն՝ երկրի քաղաքացիները հայտնվել են բարձրագույն իշխանության շարքերում նյութվող համատարած խարդավանքների ճիրաններում:

Խիստ անհանգստություն է առաջացնում չինովնիկական ապարատի հետ քրեածին տարրերի սերտաճումը: Պետությունը իրավախախտների հետ խոսում է ոչ թե օրենքի, այլ նրանց լեզվով՝ մի բան, որ հանգեցրել է հասարակական բարոյականության հետնահանջին եւ բռնության, հանցավորության ու իրավական ժխտողականության հետագա աճին: Անելանելիության զգացումը բերում է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի էական մեծացմանը: Ազգային վիճակագրական ծառայության ամենամյա պաշտոնական հաշվետվությունների համաձայն 2003 թ. տեղի է ունեցել 188 ինքնասպանություն եւ 189 ինքնասպանության փորձ, 2004 թ. համապատասխանաբար՝ 184 ու 201, 2005 թ.՝ 199 եւ 200, ու 2006 թ.՝ 244 ինքնասպանություն եւ 221 ինքնասպանության փորձ: Վիճակը գրեթե անփոփոխ է մնացել նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին. ավելին` արձանագրվել է սպանության 51 դեպք, իսկ սպանության փորձ կատարածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 25%-ով:

Իրավական ժխտողականությունը բնութագրում են այն տվյալները, որ 2003 թ., չնայած դատական ատյանների որոշումներին, կատարողական բոլոր վարույթներում բյուջեի օգտին չվերականգնված մնացորդ գումարները կազմել են 47 մլրդ 705 մլն 948 հազար դրամ, 2004 թ.՝ 32 մլրդ 534 մլն 78 հազար դրամ, 2005 թ.՝ 25 մլրդ 803 մլն 587 հազար դրամ, 2006 թ.՝ 18 մլրդ 715 մլն 364 հազար դրամ: Մտահոգիչ է եւ այն, որ 2007 թ. հունվար-սեպտեմբերին կատարողական բոլոր վարույթներով բռնագանձված եւ չվերականգնված մնացորդ գումարը կազմել է 22 մլրդ 52 մլն 614 հազար դրամ:

Ահագնանում է իշխանական կառույցների ու դրանք սպասարկող կուսակցությունների քաղաքական դեմագոգիան, վտանգավոր ծավալներ է ձեռք բերում հասարակական կարծիքը ձեռնածելու ընթացքը, պետության հիմքերի համար ավերիչ դեր են սկսում խաղալ, այսպես կոչված, «ադմինիստրատիվ ռեսուրսը» եւ «մեծ փողը»: Իրողություններ, որոնց խիստ բացասական հետեւանքները զգացնել տվեցին Ազգային ժողովի 2007 թ. ընտրությունների վերջնաարդյունքում, երբ ԱԺ պատգամավորների շարքերում կրկին հայտնվեցին ժողովրդի մեջ հարգանք չվայելող, օրինաստեղծ աշխատանքից հեռու անձինք: Հիրավի, ժողովրդավարության էությունը հանդիսացող ընտրական համակարգը փոխակերպվում եւ վերածվում է «կոմպրոմատների» պատերազմի, «ուղեղների լվացման», պաշտոնատարների ու «փողատեր մեշոկների» մրցության: Դա ընտրողներից խլում է այն հավատը, որ իրենց ձայներով նրանք, իրոք, ի զորու են որոշել, թե՝ ո՛վ իշխանություն կստանա իրենց կամքով ու իրենց անունից: Ընտրություններին նվազաչափ ներկայանալը եւ բոլորին դեմ քվեարկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրողների կողմից բողոք մեր քաղաքացիների հիմնական իրավունքի բռնատիրման դեմ: Տեղեկատվության եւ մամուլի ազատությունը ճզմված է իշխանության հետ կատարելապես սերտաճած իշխող մեկուսախմբի կլանի ճիրանների մեջ: Մամուլային եւ հեռուստատեսային ձեռնածությունները հանգեցրել են սուտ, մարդկանց ապակողմնորոշող կամ դիտավորյալ ցնցող տեղեկատվության տարածմանը: Իրողություն, երբ «դափնիները» իրարից խլում են գործող եւ նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները: Դա իջեցնում է մամուլի եւ հեռուստաալիքների բարոյական ու ինտելեկտուալ մակարդակը եւ դրանց սպառողներին, ասել է, թե՝ Հայաստանի քաղաքացիներին անպաշտպան է դարձնում «ուղեղների լվացման» հանդեպ:

Առանց համապատասխան իրավական երաշխավորման անցկացվող տնտեսական բարեփոխումների չկշռադատվածությունն առաջ է բերել վարձու աշխատավորի անպաշտպանվածություն՝ զբաղվածության, աշխատանքի վարձատրման ու սոցիալական երաշխիքների ապահովման պետական համակարգերի քայքայման պայմաններում:

Իրականացվող ռեֆորմների հիմնական հետեւանքները տագնապահարույց են: Երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներն անաչառորեն վերլուծելու եւ տնտեսական աճի գիտականորեն հիմնավորված ռազմավարություն մշակելու փոխարեն, արդեն 17-րդ տարին է, ինչ գործադրվում է ազատական տնտեսական մի կեղծ քաղաքականություն, որի հիմնական իմաստն է ազգային եկամտի բաշխման համակարգի պահպանումը հօգուտ իշխանամերձ այն օլիգարխիկ կառույցների, որոնք հարստացել են ժողովրդին եւ պետությանը կեղեքելու հաշվին (թերեւս, մասամբ բացառություն կարելի է համարել 2008 թ. պետական բյուջեն): Ավելին՝ շարունակվում է «դնովի» անձերի միջոցով բնապաշարների՝ աղետալի հետեւանքներով հղի անզուսպ շահագործման, երկրից կապիտալի (դրամագլխի) անարգել արտահանման եւ պետական գույքի անպատասխանատու ծախծխման հանդեպ «ընտրյալների» իշխող մեկուսախմբի իրավունքն ամրագրելու երկրի իշխանությունների քաղաքականությունը:

Վարվող տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության ուղեգիծը հանգեցրել է նրան, որ տնտեսության իներցիոն զարգացումը գնալով դառնում է փակուղային: Չեն հաղթահարվում գիտաարդյունաբերական ներուժի անկման կամ էլ հետնահանջի միտումները, չեն լուծվում կարեւորագույն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ հիմնական ֆոնդերի արդիականացումը, փոքր էներգատար ու գիտատար տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հիման վրա հայրենական արդյունաբերության տեխնոլոգիական մակարդակի եւ մրցունակության բարձրացումը: Բավարար միջոցներ չեն ձեռնարկվում երկրի գիտատեխնիկական ներուժի քայքայման առաջն առնելու ուղղությամբ: Ըստ էության, հանրապետության տնտեսությունն ընկել է տեւական լճացման մեջ, ամրագրվել է համաշխարհային տնտեսության եզրակայքում որպես էժան աշխատուժի եւ հումքի աղբյուր ծառայելու նրա վիճակը (երեւույթ, երբ ամեն գնով շահ կորզելու միտումը անդառնալի կորուստներ է պատճառում երկրի բնապահպանական համակարգին): Լիովին բացակայում է ինովացիոն ձեռնարկատիրությունը, պատշաճ ուշադրություն չի դարձվում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն ներդրմանը:

Առանձնահատուկ մտահոգություն է հարուցում մտավորականության փաստացի ապադասակարգայնացումը (լյումպենիզացիան): Չհաշված շահամոլների ու հարմարվողականների մի նեղ խավի՝ մտավորականները հայտնվել են տնտեսական եւ հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու ոլորտից հեռացված վիճակում կամ էլ իշխող մեկուսախմբային վարչակարգի համար դարձել վահան:

Հայոց պետականության հիմքերի համար լուրջ վտանգ է ներկայացնում զուտ ֆիզիոլոգիական գոյապայքարի կացության մեջ խրված մարդկանց ահագնացող քանակը: Նրանք չեն վստահում պետությանը, իշխանությունների կարգախոսներին ու պոպուլիստական խոստումներին, նրանց հավատ չեն ներշնչում աղքատության հաղթահարման կամ բնակչության զբաղվածության ապահովման ուղղությամբ պետության կողմից առաջարկվող տարաբնույթ ծրագրերը: Հանրապետությունում ձեւավորված եւ խորացող իրադրությունն այնպիսին է, որ քաղաքացիների զգալի մասը դուրս է մղվել երկրում ընթացող իրական զարգացումներից: Մեր հասարակությունն սկսում է կորցնել հայ մարդուն, ընտանիքին ներհատուկ ավանդականությունը, հոգեւոր-բարոյական ավանդույթների կրողի ու տիրոջ իր առաքելությունը: Մարդկանց հայացքները, նրանց ներգրավվածությունը կյանքի մեջ այնքան երկրորդական են դարձել, որ, թվում է, նրանք Հայաստանում ներկա են սոսկ ֆիզիկապես: Գերիշխում է պետության համար իրապես վտանգավոր դարձած ընդհանուր դիրքորոշումը. ի՞նչ կարող է փոխվել, եթե պետական գործառույթների արդյունքում քաղաքացուն ամեն պահ ասես թե ներշնչում են, որ անձամբ ինքն ու իր նմանները ոչինչ չեն կարող շտկել հասարակության մեջ, որ իրենց մասնակցությունը երկրի կյանքին որեւէ օգուտ չի տալիս: Դրա հետեւանքով քաղաքացիների մեծ մասն ընկնում է խորը հիասթափության եւ անտարբերության, պետության կյանքում իրենց մասնակցության անիմաստության գիտակցման մեջ: Պետության կողմից արմատավորվող այդօրինակ մտածելակերպը, անգործությունը, անտարբերությունը զգալի չափով խտացնում են պաշտոնավորների ու իշխանակալների՝ մեր երկրում այժմ թագավորող անպատժելիության մթնոլորտը: Իշխանության կողմից վարվող հակազգային քաղաքականության արդյունքում մարդկանց զգալի մասը դատապարտված է միմիայն իրենց ֆիզիկական գոյության համար պայքարելուն: Մեր քաղաքացիների պատկառելի զանգվածը ստիպված է կատարել այլազան «սոցիալական դերեր»՝ մտավոր աշխատանքի մարդուց վերածվելով բանվորի, մանրավաճառի կամ վարձու հողագործի, կամ էլ՝ տնայնագործ արհեստավորի:

Վտանգավոր միտումներ են արձանագրվել ազգաբնակչության զբաղվածության ոլորտում: Այսպես, 1999 թ. Հայաստանի տնտեսության մեջ զբաղված է եղել 1 մլն 320.1 հազար մարդ, այն դեպքում, երբ 2006 թ. նրանց թիվը կրճատվել եւ հասել է 1 մլն 112.4 հազարի: Ասել է, թե՝ այդ ժամանակամիջոցում զբաղվածների թիվը կրճատվել է 207700 մարդով: Նման միտումը շարունակվել է նաեւ 2007 թ. հունվար-սեպտեմբերին, երբ տնտեսության մեջ զբաղված է եղել 1 մլն 84 հազ. մարդ՝ 10 հազ. 900 մարդով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

Չափազանց տագնապալի նշագծի է իջել ազգաբնակչության բնական աճը: Այսպես, 1997 թ. այն կազմել էր 19944 մարդ, իսկ 2006 թ.՝ ընդամենը 10419 մարդ: Այսինքն` վերջին 9 տարիներին Հայաստանի ազգաբնակչության բնական աճը կրճատվել է գրեթե 50 տոկոսով: Ավա՜ղ, դրական տեղաշարժ գրեթե չի արձանագրվել նաեւ 2007 թ. ինը ամիսների կտրվածքով, երբ բնական հավելաճի տեմպը կազմել է ընդամենը 0,6%:

Հարկ է նշել, որ չքավորության մեջ է նաեւ զբաղված մարդկանց մեծամասնությունը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսության մեջ զբաղված յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում երկու չաշխատող: Սա, իր հերթին, նշանակում է, որ մեկ աշխատող մարդը պետք է կերակրի եւ՛ իրեն ու եւս երկուսի: Եթե հաշվի առնենք, որ 2007 թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության մեջ զբաղված աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 74028 դրամ, իսկ սպառողական նվազագույն զամբյուղը գնահատվել է շուրջ 33145 դրամի չափով, ապա երկրում մեկ շնչին ընկնող միջին եկամուտները կազմել են 24676 դրամ, որը կազմում է սպառողական նվազագույն զամբյուղի 74,4 տոկոսը կամ պահանջվածի երեք քառորդը:

Աղետալի վիճակի մեջ են շարունակում մնալ կենսաթոշակառուները: Նրանց ամսական եկամուտներն ավելի քան 2 անգամ ցածր են սպառողական նվազագույն զամբյուղից եւ ավելի քան մեկ քառորդով էլ՝ պարենային նվազագույն զամբյուղի արժեքից: Հարկ եմ համարում նաեւ նշել, որ 2008 թ. պետական բյուջեով նախատեսված է կենսաթոշակների 60%-ի չափով ավելացում: Դա իր որոշակի դրական ազդեցությունը կունենա շուրջ 300000 թոշակառուների վրա: Կարեւորում եմ եւ այն, որ նման հնարավորության հասնելու ուղիները հստակ մատնանշված են եղել 2007 թ. իմ հեղինակած «Հակաճգնաժամային ծրագրում»:

Խախտված է անհատի, հասարակության եւ պետության շահերի միասնությունը, այն հավասարակշռված ու ներդաշնակ չէ տնտեսական, սոցիալական, միջազգային, տեղեկատվական, ռազմական եւ բնապահպանական հիմնախնդիրների հետ: Այս խախտված միասնությունը չի կարող դառնալ ազգային շահի հիմք ու բովանդակություն:

Առ այսօր չեն իրականացվում անհատի շահերը, սահմանադրական իրավունքների ու ազատությունների հիման վրա՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը, մարդկանց կյանքի ու բարեկեցության որակական մակարդակի բարձրացումը նրանց ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր զարգացման պայմաններում:

Արհամարհվում են հանրության շահերը, անտեսվում են քաղաքացիական հասարակության վրա խարսխված իրավական, սոցիալական պետության հիմքերը ստեղծելու անհրաժեշտ գործոնները: Միաբանվելու փոխարեն հասարակության մեջ էլ ավելի են խորացել դիմակայությունն ու անհանդուրժողականությունը:

Ոտնահարված են պետության շահերը, երաշխավորված չէ սահմանադրական դրույթների գործառությունները, խախտված է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունությունը, որոնք օրինականություն եւ հանրային կարգուկանոն ապահովելու պարտադիր պայմաններ են: Ազգային շահերն այդպես էլ իրենց արտացոլումը չեն գտնում հասարակության բարոյական եւ հոգեւոր հիմքերի ձեւավորման, հայրենասիրական ու մարդասիրական արժեքների ամրապնդման եւ պահպանման մեջ:

Արդ, որո՞նք են եղել երկրի առաջընթաց զարգացումը խոչընդոտող մյուս պատճառները: Թվարկեմ դրանցից ամենակարեւորները:

Առաջին. ազգային անվտանգության հայեցակարգի հիման վրա ընդունված պետական շինարարության ռազմավարության բացակայությունը հանդիսանում է հետխորհրդային Հայաստանի տնտեսական եւ իրավական ողջ համակարգի թուլության պատճառներից մեկը: Դրա հետեւանքով անհնար է դարձել կուտակման եւ զարգացման համարժեք մեխանիզմի ստեղծումը, որն էլ հանգեցրել է.

– տնտեսական կյանքի պետական կարգավորման կատարյալ բացակայության պայմաններում էկոնոմիկայի, ներքին եւ արտաքին շուկաների հապճեպ ու չկշռադատված ազատականացմանը,

– պետական ձեռնարկությունների «նոմենկլատուրային», հանցավոր սեփականաշնորհման, որը նպաստեց բնակչության թալանին եւ նախկին ու գործող պաշտոնյաների հետ սերտաճած մեկուսախմբերի միջեւ պետական ունեցվածքի բաժան-բաժան անելուն, կողոպուտին: Ժողովրդական բարիքի քաշել-տանելը տեղի է ունեցել «սեփականաշնորհված» ձեռնարկությունների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շուկայական միջավայրի ու ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության պայմաններում,

– բյուջետային պակասուրդը ծածկելու եւ մակրոտնտեսական կայունությունը պահպանելու անհրաժեշտությունից դրդված՝ անընդհատ արտաքին նորանոր վարկերի փոխառությանը դիմելու քաղաքականությանը, որն իր հերթին երկիրն օրեցօր ընկղմում է արտաքին պարտքի ճահճի մեջ: Ելնելով հենց այդ իրողությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը ճարահատյալ իրականացնում է կոշտ դրամավարկային (մոնետար) քաղաքականություն, որն էլ կասեցնում է մեր տնտեսական զարգացումը:

Երկրորդ. ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հիմնական սխալները հանգեցրել են՝

– դատաիրավական ողջ համակարգը քրեամենաշնորհայնացված իրավիճակում հայտնվելուն, սեփականության իրավունքների, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական եւ գործուն մեխանիզմների բացակայությանը, երկրում օրինականություն հաստատելու ոչ թե օրենքի, այլ՝ իշխանությունների՝ միակ ուժային միջոցի դերում հանդես գալուն,

– վարչախմբի կողմից արժեքների արատավոր համակարգի արմատավորմանը, որը ստեղծել է մի Շարունակությունը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել