Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուների հերթական «փոխհրաձգությունը»

Հունվար 15,2008 00:00

Թեման էլի 1996-ի ընտրություններն են

Դեռ անցյալ տարվանից, երբ հայտնի դարձավ, որ փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին որպես ՀՀ նախագահի թեկնածու մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ծայր առավ եւ շարունակվում է առաջին նախագահի ու 1996-ին ՀՀ նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հեռակա բանավեճը 96-ի ընտրությունների շուրջ: Այն, որ այդ թեման 96-ից ի վեր շարունակում է մնալ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամներ եւ զինակիցներ Տեր-Պետրոսյանի եւ Մանուկյանի հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը՝ ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ իր եւ առաջին նախագահի՝ սույն հարցում ունեցած տարակարծության մասին հայտարարեց հենց ԱԺՄ նախագահը՝ իր եւ Տեր-Պետրոսյանի անակնկալ հանդիպումից հետո:

Կողմերից որեւէ մեկի անդրադարձը 96-ի ընտրություններին նոր եւ փոխադարձ «փոխհրաձգությունների» պատճառ է դառնում: Ահավասիկ հունվարի 11-ին իր ասուլիսի ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանի՝ իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան արած եւ 96-ի մասով Վ. Մանուկյանին ուղղված ակնարկը, թե՝ ինքը ցանկապատեր չի կոտրելու եւ խորհրդարանի նախագահի գլուխ չի ջարդելու, առիթ է դարձել ԱԺՄ նախագահի նախընտրական շտաբի արձագանքի համար: Համարելով, որ «1996թ. ժողովրդական շարժումն իշխող վարչակարգի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետեւանք էր», Վ. Մանուկյանի նախընտրական շտաբը մանրամասնել է. «Ժողովուրդը եւ շարժման մասնակից քաղաքական ուժերը, որոնք ուզում են ապրել ժողովրդավարական երկրում եւ ընդվզում են, երբ վարչախումբը խլում է ժողովրդին պատկանող իշխանությունը, ոտքի են ելնում՝ տեր կանգնելու իրենց քվեներին: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը դատապարտում է 1996թ.-ի համաժողովրդական ընդվզումը, ապա նրա քննադատության սլաքն ուղղված է ոչ միայն Վ. Մանուկյանի, այլեւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու ձգտման դեմ:

Միապետական համակարգ հաստատող Սահմանադրությամբ ձեւավորված Սահմանադրական դատարանը չընդունեց, որ 1996թ. ընտրությունները կեղծվել են, ինչպես եւ չընդունեց հետագայում, որ կեղծվել են 2003թ. նախագահական եւ 2007թ. խորհրդարանական ընտրությունները:

Ինչ վերաբերում է 1996, 1998, 2003 թթ. կեղծված ընտրությունների արդյունքում նկարված տոկոսներին, որոնք վերագրվում են Վ. Մանուկյանին, ապա Լ. Տեր-Պետրոսյանը, շահարկելով դրանք, պիտի ընդունի, որ ճիշտ են նաեւ 1998 ու 2003 թթ. հայր եւ որդի Դեմիրճյաններին վերագրված քվեները: Բացի այդ, չնայած նա հայտարարել է, որ իրենից հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները կեղծվել են, այնուամենայնիվ, 1998-ին շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին: Վերջապես, ոչ ոք կասկած չունի, որ 1998-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1996թ. ընտրությունների հետեւանքն էր: Եթե 1996 թվականի ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները ճիշտ լինեին, եւ Լ. Տեր-Պետրոսյանը ստացած լիներ այնքան ձայն, որքան հայտարարվել էր, ապա դժվար թե նրա հրաժարականը ժողովուրդն ընդուներ այն լուռ համաձայնությամբ, որին ականատես եղանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել