Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Հունվար 15,2008 00:00

\"\"Այս սկզբունքով է, ըստ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գնում ընտրությունների:

«Առաջ, Հայաստան» կարգախոսը պատահական չէ ընտրված: Այն բխում է մեր թեկնածուի եւ Հանրապետական կուսակցության գործունեության տրամաբանությունից: Այս տարիների ընթացքում թե ՀՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանը մշտապես գործել են հանուն Հայաստանի զարգացման, հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ուժեղացման: Հայաստանի միակ ճանապարհն է՝ առաջ դեպի ժողովրդավարություն, դեպի ազգային պետություն, ազգային եւ համազգային արժեքների վրա խարսխված ժողովրդավարական պետություն: Ուստի, կարծում եմ, որ շատ ճիշտ կարգախոս է ընտրված»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ այն կարծիքին է, որ այդ կարգախոսն իր մեջ ունի միասնականության տրամաբանություն, քանի որ ցանկացած թեկնածու, առավել եւս արդեն ընտրված նախագահը, պետք է լինի ոչ միայն իրեն քվե տված քաղաքացիների, այլեւ ողջ ժողովրդի նախագահը: Ուստի, Սերժ Սարգսյանի քարոզարշավի ողջ տրամաբանությունը, ըստ պարոն Շարմազանովի, կլինի «ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ «հանուն» սկզբունքով»: Պատասխանելով «Առաջ, Հայաստան» կարգախոսի շուրջ մամուլում եղած հրապարակումների առիթով «Առավոտի» հարցին՝ իբր այն փոխառնված է Իտալիայից, մեր զրուցակիցը հարկ համարեց ընդգծել, որ եղել են մի քանի տարբերակներ, եւ իբրեւ թեկնածուի եւ կուսակցության գործունեությանը համահունչ՝ թիմն ընտրել է հենց այդ տարբերակը:

Բացի հայտնի եւ անհայտ քաղաքական ուժերից, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում են նաեւ շուրջ 170 հասարակական կառույցներ: Նախընտրական ծրագիրը տեղադրված է թեկնածուի կայքէջում, օրերս կլինի նաեւ տպագիր տարբերակը եւ կհանձնվի հանրության դատին: Ըստ Էդ. Շարմազանովի, նախընտրական ծրագրի հիմքում կառավարության հնգամյա ծրագիրն է, քանզի ՀՀԿ-ում կարծում են, որ նախագահական հավակնություններ ունեցող թեկնածուն պետք է ներկայացնի հենց կառավարության գործունեության ծրագիր: Բացի այդ՝ «Սերժ Սարգսյանը հենց այն կուսակցության ներկայացուցիչն է, որը հաղթել է պառլամենտական ընտրություններում, եւ ժողովուրդն արդեն մեկ անգամ «այո» է ասել այդ ծրագրին: Իսկ կառավարության ծրագրի հիմնական մասն այսօր ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագրերն են: 2005թ. սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը շատ լուրջ լիազորություններ ունեն, եւ ցանկացածն, ով կընտրվի նախագահ, պետք է հաշվի նստի կառավարության գործունեության ծրագրի հետ: Այս առումով նաեւ նորմալ ենք համարում, որ այդ ծրագրերը համահունչ են: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը բավականին իրատեսական է, եւ դրանում նախանշված բոլոր սպասվող արդյունքները մենք կարող ենք կյանքի կոչել: Կարող ենք անել եւ ավելին: ՀՀԿ-ն մշտապես աչքի է ընկել իր իրատեսությամբ եւ համեստությամբ, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի: Մենք գործի կուսակցություն ենք. խնդիրները պետք է լուծել, ոչ թե դրանց մասին միայն խոսել: Կարծում եմ, որ հինգ տարի հետո ցանկացած բնագավառում մենք կունենանք շատ ավելի լավ պատկեր: Բոլոր թեկնածուներն էլ պետք է գիտակցեն, որ փետրվարի 19-ից հետո կյանքը Հայաստանում շարունակվելու է, ուստի պետք է վարեն քաղաքակիրթ ընտրապայքար: Իսկ եթե ցանկանում ենք, որ մեր երկրում իրոք զարգանա ժողովրդավարությունը եւ մեր տեսլականը ազգային ժողովրդավարական արժեքների վրա խարսխված հանրապետությունն է, ապա պետք է գիտակցենք, որ նաեւ ընտրապայքարը պետք է քաղաքակիրթ լինի»:

«Իրատեսական» մյուս ծրագրերից, ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանի ծրագրի առավելությունը հենց այն է, որ մեկ անգամ վստահության քվե արդեն ստացել է. «Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության այս վերջին ամիսների քրտնաջան աշխատանքը ցույց տվեց, որ ժողովուրդն էլ ավելի կվստահի մեր թեկնածուին եւ նրա ներկայացրած ծրագրին, որովհետեւ յուրաքանչյուր մարդ արդեն իր մաշկի վրա զգում է այն փոփոխությունները, որ իրականացվել են այս ամիսների ընթացքում, ասենք, սոցիալական ոլորտում: Կտրուկ աճեց նաեւ բյուջեն, մենք գնում ենք դեպի երկրորդ սերնդի բարեփոխումներ, եւ 2008-ի բյուջեն, ինչպես վարչապետն ասաց՝ եւ հավակնոտ է, եւ իրատեսական: Այսօր ունենք 2,5 միլիարդանոց բյուջե, որի 46 տոկոսը սոցիալական հատկացումներինն է: Արդեն իսկ 60 տոկոսով ավելացան կենսաթոշակները, մանկավարժների աշխատավարձերը: Շատ լուրջ ուշադրություն է դարձվելու տարածքների համաչափ զարգացմանը: Կարեւոր է, որ հենց կառավարությունը ստանձնի այդ հարցի կարգավորումը: Ազգային անվտանգության հիմնախնդիրներն են կարեւորվում, որովհետեւ տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, առանց ուժեղ ազգային անվտանգության՝ հնարավոր չէ կերտել ժողովրդավարական երկիր, ինչպես նաեւ խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից եւ հասարակության անվտանգ զարգացումից»:

Վկայակոչելով միջազգային սոցիոլոգիական հարցումները եւ շփումները հանրության հետ, ԱԺ պատգամավորն ասում է, որ հասարակության մեջ շատ խնդիրներ կան, բայց կարեւորում է, որ այդ նույն հասարակության անդամների գերակշիռ մասը, ըստ իրեն, առկա խնդիրների լուծումը կապում է Սերժ Սարգսյանի հետ. «Սովորաբար, ում հետ հույս են կապում, նրան էլ ձայն են տալիս»: Ի պատասխան «Առավոտի»՝ սոցիոլոգիական հարցումների ուռճացված լինելու մասին դիտարկման, Էդ. Շարմազանովն ասաց. «Չեմ կարծում, որ այնպիսի հեղինակավոր կառույցը, ինչպիսին «Գելափն» է, շահագրգիռ պետք է լինի այս կամ այն թեկնածուի օգտին ուռճացնելու մեջ: Ի վերջո, ամենակարեւորագույն սոցիոլոգիական հարցումը ժողովրդի ընտրությունն է, իսկ մայիսյան ընտրություններին ժողովուրդն «այո» ասաց ՀՀԿ-ին եւ նրա քաղաքականությանը, չնայած այն ժամանակ էլ էին ուռճացումների մասին խոսում: Մենք համոզված ենք, որ փետրվարի 19-ին ժողովուրդն իր առողջ ընտրությամբ կտա բոլոր հարցերի պատասխանը»:

Ընդհանրապես, մեր զրուցակիցը Հայաստանի համար կարեւորում է ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունները. «Մեզ պետք չէ խոցելի նախագահ: Մեր հասարակությանն անհրաժեշտ է նախագահ, ով ունի մեծ ժողովրդականություն, լեգիտիմություն եւ ընտրվել է արդար ընտրությունների արդյունքում: Այդ մասին խոսել է նաեւ վարչապետը: Մենք անելու ենք ամեն ինչ օրենքի սահմաններում, որպեսզի այն բարձր գնահատականը, որ ստացան մայիսյան ընտրությունները, եթե չգերազանցվի, ապա պահպանվի փետրվարյան ընտրությունների ժամանակ: Ինչպես Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում է ասվում՝ ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխան անցկացվող ընտրությունները մեր երկրում պետք է դառնան ավանդույթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել