Երեկ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ներկայացուցիչներն անցած տարի Մադրիդում կողմերին պաշտոնապես ներկայացրել էին առաջարկներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այս՝ արդեն 4-րդ գրավոր առաջարկը բնորոշեց իբրեւ դեռ 1997-ին ներկայացված փուլային տարբերակի մի մոդիֆիկացիա. «Այս պահին մոտեցումը խնդրի կարգավորման վերաբերյալ հետեւյալն է՝ փաստաթղթի մեջ առանձնացնել այն սկզբունքները, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Եվ առանձնացված են փոքրաթիվ տարակարծությունները՝ նշելով, թե դրանք թողնվում են ապագա բանակցություններին: Տեղյակ ենք, որ ՀՀ նախագահն արդեն իսկ համաձայնել է «ջենթլմենական» ստորագրությանն այդ փաստաթղթին: Նույնպիսի լավատեսություն է արտահայտել ՀՀ վարչապետը՝ նաեւ որոշակի համաձայնություն հայտնելով փաստաթղթի բովանդակությանը»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը, սակայն, փաստաթղթի այս նախագիծը համարում է վտանգավոր. «Համաձայնության դեպքում պարզապես ստացվում է, որ Հայաստանը ստորագրում է մի փաստաթղթի ներքո, որտեղ ամրագրված է, թե մեր երկիրն օկուպացրել է տարածքներ: Հիշեցնեմ, որ նախկինում այդ մեղադրանքները եղել են բանավոր: Եվ համենայնդեպս, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում նախկինում չի ընդունվել որեւէ փաստաթուղթ, որով կամրագրվեր այդ դիտողությունը: Սրա կողքին շատ ավելի քիչ կարեւոր է դառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետաձգված հանրաքվեով որոշելու հանգամանքը: Քանի որ եթե հաշվի ենք առնում, որ տարաձայնությունները վերաբերում են միջանցքին կամ կարգավիճակի որոշման ժամկետներին, բնականաբար, ակնհայտ է դառնում, որ համաձայնության մասերը շատ ավելի վտանգավոր են դառնում Հայաստանի համար, քան չհամաձայնեցված մասերը»:
Ստեփան Սաֆարյանը նաեւ արձանագրեց, որ 1997-ի տարբերակի դեմ «բարձրացված աղմուկով» 1998-ին իշխանափոխության հասած ուժերն «այսօր պարզապես կանգնել են այդ նույն փուլային տարբերակի մի մոդիֆիկացիան ստորագրելու նախաշեմին»: Նաեւ նշեց. «1997-ի փուլային կարգավորման տարբերակում խոսքը 7 ազատագրված տարածքներից 5-ի վերադարձի մասին էր», իսկ 10 տարի անց արդեն համաձայնում ենք վերադարձնել եւս 2 շրջան: Եվ պրն Սաֆարյանը շատ վտանգավոր համարեց, որ այժմ արդեն համաձայնություն են տալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից բանակցված տարբերակի, մինչդեռ հիշեցրեց, որ 1997-ի տարբերակը չբանակցված էր՝ «բացառապես համանախագահողների պատրաստածն էր, որ ներկայացվել էր կողմերին, եւ նրանք դեռ վերջնական չէին արտահայտել իրենց դիրքորոշումները»: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ ՀՀ նախագահն այժմ «ինքն է արդեն բանավոր ընդունել, որ սրանք գրավված տարածքներ են եւ պետք է վերադարձվեն՝ այն դեպքում, երբ 1997-ին դա եղել է պարզապես 3-րդ կողմի գնահատական եւ կողմերը պետք է ընդամենը վերաբերմունք արտահայտեին այդ ձեւակերպումների նկատմամբ»:
«Ժառանգության» քարտուղարն ընդգծեց. «Թեպետ Վարդան Օսկանյանը վերջին շրջանում հայտարարում է, թե այս առաջարկը գաղտնազերծելու իրավունք չունի, պիտի ասեմ, որ հակառակը՝ արդեն 2 տարի է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները պահանջում են գաղտնազերծել այս փաստաթղթերը եւ ապահովել հանրային աջակցություն դրանց համար: Այնպես որ, կարծում եմ, նախագահական ընտրությունների նախաշեմին այս իրավիճակը բավական լուրջ մարտահրավեր է»:
«Հայելի» ակումբի մյուս հյուրը՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը անընդունելի համարեց, որ Հայաստանն է քննարկում ԼՂ կարգավիճակի խնդիրը՝ չհարգելով ժողովրդի արտահայտած հստակ կամքը, որի վերջին դրսեւորումը ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն էր. «Ի՞նչ իրավունք ունի ՀՀ-ն՝ ցանկացած պաշտոնյայի մակարդակով, քննարկել տարածքներ վերադարձնել-չվերադարձնելու հարցը, եթե հակամարտության կողմերը մենք չենք»: Եվ պարտադիր համարեց, որ ՀՀ ապագա նախագահն ի սկզբանե հայտարարի, թե իր մասնակցությունը բանակցություններին «չպիտի ընկալվի իբրեւ ԼՂ-ին փոխարինող»:
Հ. Գ. Panorama.am-ը հրապարակել է «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետեւյալ մեկնաբանությունը բանակցային գործընթացից ԼՂ-ի դուրս մղվելու վերաբերյալ. «Եթե առանց Ղարաբաղի մասնակցության նրա համար բախտորոշ լուծումներ գտնեն, ապա ես այդքան չեմ կարեւորում բանակցություններին ԼՂ մասնակցության հարցը»: Այս մոտեցումն ընդունելի չէր ոչ միայն ԱԺԿ ղեկավարի, այլ նաեւ «Ժառանգության» քարտուղարի համար: