Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 12,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ չորրորդ

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

Ինչ վերաբերում է իմ անձնական սեփականությունը հանդիսացող կյանքիս, այն, փաստորեն, բաղկացած է երկու անհավասար մասերից՝ անցյալ ու ներկա, եւ էդ երկուսն իսկապես անհավասար ու անհամեմատելի են, որովհետեւ առաջինը հավերժության չափ տեւական է, իսկ երկրորդը՝ ակնթարթից էլ կարճատեւ ու հպանցիկ. այսինքն, ներկան ընդամենը ներկա պահն է՝ ակնթարթից էլ ակնթարթային, եւ պահի մեջ ներկան սկսվելով ու ակնթարթորեն ավարտվելով՝ անմիջապես ու անմնացորդ գումարվում է անցյալին, եւ չնայած միշտ չէ՝ որ անցյալի մեջ հետք է թողնում ու անցյալին նոր երանգներ է հաղորդում, այդուհանդերձ, ինքն արդեն ոտովգլխով անցյալինն է ու հետդարձի ճանապարհ չունի, եւ էս ընթացքի մեջ խորանալով՝ իսկույն սխալս գլխի եմ ընկնում ու հիմա արդեն մտածում եմ, որ կյանքն ընդհանրապես եւ իմ կյանքն առանձնապես ոչ թե ընդամենն անցյալից ու ներկայից են բաղկացած, այլեւ՝ ապագայից, եւ ապագան էլ անցյալի պես հավերժական ու տեւական է եւ՝ մշտապես շողշողուն ու լուսավոր, եւ չնայած անցյալի պես մշտական ու հարատեւ է, բայց, ի տարբերություն անցյալի, դեռեւս մեր սեփականությունը չի հանդիսանում եւ, փաստորեն, Աստծո տրամադրության տակ է եւ չնայած մշտապես Բարձրյալի տրամադրության տակ է, բայց ավանսով ու լիուլի օգտվում ենք մեր իսկ ապագայի հատկապես բարեմասնություններից, եւ ապագայի էդ տեսլականները բազում ու մեծ են՝ ճիշտ մեր սրտերի մեծությամբ ու տարողությամբ, եւ չնայած էդ ամբողջն առայժմ Բարձրյալի տրամադրության տակ է, բայց վրան կողպեք չի դրված, ու մենք ապագայի էդ մշտաբաց դարպասներով ազատ ու մշտական ելումուտ ունենք, եւ ապագայի էդ տարածքներից օգտվում ենք սրտներիս ուզածի չափ, բայց ապագայից օգտվելու կարեւորագույն գործոնը մեր իսկ երեւակայությունն է, եւ ինչքան տարողունակ է երեւակայությունդ, էնքան տարածականորեն ընդարձակ ու լուսավորության տեսակետից պայծառ է ապագադ, եւ չնայած ապագայի էդ ողջ տարածքը Բարձրյալի սեփականությունն է, այդուհանդերձ, Ինքը մեր հաճախակի ելումուտից չի սրտնեղում եւ ապագայի դարպասները մեր առաջ երբեւէ չի փակում, ու մենք, փաստորեն, ազատ ելումուտի մշտական իրավունք ունենք ու մեր էդ իրավունքից լիուլի եւ նույնիսկ ավելցուկով ենք օգտվում, եւ չնայած դեպի անցյալ ու դեպի հետ տանող դարպասներն էլ են անկողպեք ու մշտաբաց, բայց անցյալի դարպասներով ելումուտ անողները ոչ միայն թվով քիչ են, այլեւ՝ էապես տարբեր են իրարից, ու էդ ելումուտ անողները ոչ միայն պատմաբաններն ու հնագետներն են, ոչ միայն կոմունիստական ժամանակների կարոտախտով տառապողներն են, այլեւ՝ դաշնակցականներ, հհշականներ, հանրապետականներ, այլկուսակցականներ եւ նույնիսկ անկուսակցականներ, մի խոսքով՝ իրարից կտրականապես ու էապես տարբեր մարդիկ, եւ չնայած էդ ելումուտի ընթացքում սրանք իրար չտեսնելու են տալիս, եւ չնայած սրանք մշտապես իրար թշնամի են համարում, բայց իրականում թշնամիներ չեն, որովհետեւ սրանց ապրեցնողը միեւնույն հարցն է՝ «ո՞վ ենք մենք. որտեղի՞ց ենք գալիս եւ ուր ենք գնում», ու երեւի դուք էլ անմիջապես նկատեցիք, որ մերոնց էդ երկարուձիգ հարցի մեջ մեր ներկայի մասին ակնարկ անգամ չկա, որովհետեւ, եթե էդ հարցը մասամբ նաեւ մեր ներկային վերաբերեր, կունենար հետեւյալ բովանդակությունը՝ «ո՞վ ենք մենք. որտեղի՞ց ենք եկել, ի՞նչ ենք անում եւ ո՞ւր ենք գնում», այսինքն, ինչքան էլ համաձայնության գանք, որ մեր ներկան ընդամենը ակնթարթից կամ, լավագույն դեպքում, ակնթարթներից է բաղկացած, միեւնույն է, էդ երկարուձիգ հարցի մեջ նաեւ մեր ներկան ու ներկայի մեջ մեր անելիքը պիտի ընդգրկված լիներ, բայց քանի որ հայերս հիմնականում մեր էդ ակնթարթային ներկան էլ ենք մեր անցյալին կամ մեր ապագային գումարում, ներկա ընդհա՛նրապես չի մնում եւ եթե մնում էլ է, էդ մնացածի մեջ ոչ թե ապրում ու որեւէ էական բան ենք անում, այլ՝ էդ մնացածի մեջ էլ ենք անցյալով ու ապագայով ապրում եւ եթե էդ մնացածի մեջ ինչ-որ բան անում ենք, ապա միայն՝ թշնամություն, ընդ որում՝ միայն իրար դեմ, եւ չնայած օրուգիշեր մեր ու մեր մշտական թշնամիների թշնամությունից ենք խոսում, բայց մշտապես ու հիմնականում իրար դեմ ենք ընդվզում ու թշնամություն անում եւ հիմնականում՝ հօգուտ մեր մշտական թշնամիների, որովհետեւ մենք թշնամություն սիրող ենք, ավելի ճիշտ՝ սիրում ենք ցույց տալ, թե թշնամություն սիրող ենք, ու էդ է պատճառը, որ մեր երկու մշտական թշնամիներով ոչ մի կերպ չենք բավարարվում, ու որ ասում եմ՝ թշնամություն սիրող ենք, էդ չի նշանակում, թե՝ բոլորս ենք էդպիսին. ավելին. մերոնցից շատերը ոչ միայն արտաքին աշխարհի հետ կռիվ ու թշնամություն չեն փնտրում, այլեւ հարկ եղած դեպքերում մեր մշտական թշնամիների հետ առեւտրական ու դրացիական հարաբերությունների մեջ են Պոլսում, Մոսկվայում, Սադախլոյում եւ այլուր, եւ եթե ասում եմ՝ ներկայով ապրող չենք, սրանց ամենեւին նկատի չունեմ, որովհետեւ մերոնցից սրանք՝ որ Պոլսում, Մոսկվայում, Սադախլոյում եւ այլուր առեւտրական ու այլեւայլ հարաբերությունների մեջ են մեր մշտական թշնամիների հետ, ոչ միայն նաեւ ներկայով ու ներկայի մեջ են ապրում, այլեւ՝ մշտապես ու հիմնականում ներկայով ու ներկայի մեջ են ապրում, ընդ որում՝ ակնթարթի տեւողությամբ էդ ներկայի մեջ ոչ միայն լիասիրտ ու լիաթոք են ապրում, այլեւ հնարավորինս երկարացնում ու տեւականացնում են էդ, ուրեմն, ներկան, եւ երբեք չեն հարցնում՝ «ո՞վ ենք. որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում», այլ միայն՝ ակնթարթի մեջ իրենց արածից են խոսում եւ ընդհանրապես որեւէ հարց չունեն եւ եթե երբեմն իրար հարց են տալիս, էդ հարցն իր մեջ պատասխան ու հիացմունք է պարունակում, եւ հիացմունք ու պատասխան պարունակող էդ հարցը հետեւյալն է՝ «էս ի՜նչ ենք անում», եւ անմիջապես հետեւող պատասխանը նույնքան հիացական ու կարճ է՝ «տժժացնո՜ւմ ենք», եւ սրանք մեր մեջ արդեն, կարելի է ասել, մեծամասնություն են, եւ դժվար է ասել՝ սրանց մեծամասնություն լինելը մեզ համար լա՞վ է, թե՝ վատ, եւ նմանապես անհասկանալի է՝ սրանց էս տժժացնելը մեզ համար լա՞վ է, թե՝ վատ, որովհետեւ հեչ պարզ չի՝ ում եւ ինչու են տժժացնում, մանավանդ որ՝ տժժացման գործընթացում նաեւ տժժացողի գոյությունն ու առկայությունն է ենթադրելի եւ նույնիսկ պարտադիր, ու ենթադրելի է նաեւ, որ էս տժժացնողների ներկան տժժացողների հաշվին է կայանում ու տեւական բնույթ կրում, եւ չնայած տժժացնողներին հիմնականում հաջողվում է երկարացնել ներկան, այդուհանդերձ եւ տժժացնելով հանդերձ, տժժացնելուց ազատ ժամերին սրանք էլ են երբեմն-երբեմն կյանքից դժգոհում, որովհետեւ տժժացնելուց ազատ պահերին անկախ իրենցից ինքնաբերաբար երբեմն-երբեմն մտածում ու հասկանում են, որ իրենց ունեցածը ոչ թե կյանք է, այլ ընդամենը՝ ներկա, ու նմանապես հասկանում են, որ չնայած շարունակաբար տժժացնում ու հնարավորինս ձգում են իրենց ներկան, այդուհանդերձ, տժժացողների պես իրենք էլ են բուն կյանքից բացակա. ավելին. իրենք անկախ իրենցից երբեմն-երբեմն մտածելով՝ ժամանակ առ ժամանակ հասկանում են նաեւ, որ ներկան հնարավորինս ու ծայրեծայր նվաճելով՝ իրենք բուն կյանքում ու բուն կյանքով ավելի քիչ են ապրում, քան՝ նույնիսկ տժժացողները, եւ իրենց բնակության վայրում բուն կյանքից շարունակաբար ու տեւականորեն բացակայելով՝ հաճախակի բնակության վայրը փոխում են, մտածելով ու ենթադրելով, թե՝ այլ տեղերում իրենց համար իսկական կյանք կա պահված, եւ պարբերաբար բնակության վայրը փոխելով՝ շարունակում են այլ վայրերում եւ այլ մթնոլորտում տժժացնել, բայց սրանց ապրելն այլ վայրերում ու այլ մթնոլորտում էլ չի ստացվում, որովհետեւ սրանք մշտապես ու ամենուր ոչ թե կյանք են փնտրում, այլ միայն ու միայն ներկա՝ ինչպես որ միայն անցյալով ու ներկայով ապրողներն են կյանքի փոխարեն անցյալ ու ապագա փնտրում, եւ սրանք նույնպես հիմնականում ու ավելի հաճախ տժժացնող են, քան՝ տժժացող, եւ չնայած բացառապես անցյալով ու ապագայով ապրողների տժժացնելը հիմնականում հայրենասիրական, մտավորական եւ կուսակցական կեցվածք ու երանգ ունի, բայց սրանց տժժացնելն է՛լ է տժժացողների հաշվին տեղի ունենում, եւ չնայած տժժացնողների էս տեսակը շարունակաբար ապագայից է խոսում, բայց իրենք շարունակաբար ներկայի մեջ են, եւ անցյալից ու ապագայից խոսելու սրանց նպատակը տժժացողներին խորը անցյալ եւ չափազանց հեռավոր ապագա քարշ տալն է. այսինքն, սրանք էլ առաջինների պես ձգտում են միանձնյա նվաճել ներկան, բայց քանի որ սրանց հաշվարկների մեջ էլ կյանքը չկա, սրանք էլ առաջինների պես ներկան ծայրեծայր նվաճելով՝ փաստորեն, բուն կյանքը զիջում են հավերժ տժժացողներին, ու էս տժժացողներն էլ, ճարահատյալ ու ինքնաբերաբար, սկսում են իրենց բուն կյանքն ապրել, եւ բուն կյանքով ապրելը, փաստորեն, տժժացողների միակ տարբերակն է, որովհետեւ տժժացողները բուն կյանքից բացի՝ այլ ունեցվածք չունեն, եւ չնայած տժժացողների բուն կյանքը հիմնականում տժժոցից ու հոգսերից է բաղկացած, այդուհանդերձ, իրենց բաժին կյանքը լիասիրտ ու լիաթոք են ապրում, որովհետեւ ապրելուց զատ՝ այլ զբաղմունք չունեն, եւ եթե պատերազմ է՝ պատերազմի հոգսերով են ապրում, տապակվում ու տժժում, եւ եթե խաղաղություն է՝ ոտովգլխով խաղաղության հոգսերի մեջ են, եւ եթե աշխատանք են ճարում՝ առավոտից իրիկուն աշխատանքի մեջ են տժժում, եւ եթե աշխատանք չեն ճարում՝ աշխատանք ճարելու հույսով են տժժում. այսինքն, մշտապես ներկայից բացակայելով՝ մշտապես ու անմնացորդ ապրում են, եւ ստացվում է, որ էս բուն կյանքով միայն տժժացողներս ենք ապրում, եւ արդեն բավական ժամանակ է՝ ինձ էլ եմ բուն կյանքով ապրող ու տժժացող համարում, որովհետեւ արդեն երեք տարուց ավելի է՝ էս վեպիս վրա տանջվում ու իսկապես տժժում եմ, այսինքն՝ ես էլ ի՛մ չափով ու ի՛մ ձեւով եմ իմ բուն կյանքն ապրում, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե բոլոր գրողներն ու գրականության գծով բոլոր չարչարվողներն են բուն կյանքով ապրում. ընդհակառակը, գրողների ու գրականության գծով չարչարվողների մեծ մասը ոչ միայն բուն կյանքի հաշվին է չարչարվում ու գրասեղանի մատույցներում բուն կյանքի ժամանակը մսխում, այլեւ՝ բուն կյանքից կտրվելու ու բուն կյանքից անջատվելու նպատակով է գրականությամբ ու գրելով զբաղվում, եւ չնայած էդ չարչարվողները իրենց գործընկերների գինեձոներին ու գրական քննարկումներին միանգամայն ակտիվորեն են մասնակցում, բայց երեւի դուք էլ եք կռահում, որ էդ միջոցառումները ոչ թե մեր, այլ նույնիսկ իրենց բուն կյանքի հետ որեւէ առնչություն չունեն եւ ընդամենը մեր գրողների ու ներկայի կապն են որոշ չափով ապահովում ու երաշխավորում, եւ բուն կյանքով ապրելս էլ էդ պարբերական միջոցառումներից բացակայելովս չի պայմանավորված ու երաշխավորված եւ ոչ էլ՝ բուքմեյքերական տարածքներում իմ մշտական ներկայությամբ, եւ չնայած էդ տարածքներով սլացող ժամանակս էլ եմ բուն կյանքի ժամանակ համարում, բայց դա իմ կյանքի ժամանակի ընդամենը մի մասն է, որովհետեւ էս գրասեղանիս մատույցներում ֆռֆռացող ժամանակս էլ եմ բուն կյանքի ժամանակ համարում, ընդ որում՝ գրասեղանիս մատույցներում ֆռֆռացողը կրկնակի ժամանակ ու կրկնակի կյանք եմ համարում՝ ինչպես հանցագործների պատժի առաջին ու ամենադժվարին օրերն ու ամիսներն են կրկնակի ժամանակ ու կրկնակի տույժ համարվում, որովհետեւ, եթե հանցագործներն իրենց պատժի առաջին շրջանում մեկուսացված են իրենց նմաններից եւ ստիպված կրկնակի ու եռակի են ապրում ու վերապրում, ես մշտապես եմ էդ վիճակում եւ էդ հանգամանքի բերումով՝ ստիպված եմ կրկնակի ու եռակի մտածել՝ ինչպես երեւի հանցագործներն են իրենց պատժի էդ առաջին շրջանում անում. այսինքն, ստացվում է, որ հանցագործներն էլ են երբեմն-երբեմն ստիպված լինում բուն կյանքով ապրել՝ մինչեւ որ դատարանի վճռից հետո միանում են իրենց երամին եւ իրենց հարատեւ ներկային, եւ չնայած հանցագործները մշտապես խուսափում են մենախցերից, բայց հենց մենախցերում են բուն կյանքով ապրում, ընդ որում՝ կրկնակի են ապրում, ու երեւի հենց էդ պատճառով են նրանց ապրած էդ մեկը երկու հաշվում, եւ չնայած պատժի էդ դժվարին պայմանները երբեւէ չեմ տեսել ու չեմ կրել, բայց շատ լավ եմ պատկերացնում, որովհետեւ ճիշտ եւ ճիշտ իմ վիճակն է, եւ չնայած ի՛նքս եմ ինձ էս վիճակին արժանացրել, բայց դա հեչ էական չի, որովհետեւ էականը ոչ թե պատճառներն ու առիթներն են, այլ՝ վիճակներն ու հոգեվիճակները, եւ, ի տարբերություն սովորական հանցագործների, ես մշտապես եմ էդ վիճակներում ու հոգեվիճակներում գտնվում, որովհետեւ իմ դատավճիռը մի գլուխ հետաձգվում է, ու բնականաբար նաեւ բուն կյանքով ապրելս է անխուսափելիորեն շարունակվում, եւ էս առումով ինձ ոչ թե սովորական հանցագործների հետ պիտի համեմատեի, այլ՝ միայն ու միայն կրկնահանցագործների, որովհետեւ, եթե սովորական հանցագործների համար կալանավայրում տեղի ունեցողն իսկապես պատիժ է, ապա կրկնահանցագործների համար ապրելու հիմնական ձեւն է, եւ եթե սկսնակ դատապարտյալների համար ազատազրկումն ու հասարակությունից մեկուսացումն իսկական տառապանք է, ապա կրկնահանցագործների համար ազատազրկումն ազատության պայման ու հնարավորություն է, եւ այդ է պատճառը, որ կրկնահանցագործները կալանավայրերում իրենց անհամեմատ ազատ են զգում, քան՝ ազատության մեջ. ճիշտ այնպես, ինչպես որ ես եմ ինձ միանգամայն ազատ զգում գրասեղանիս մատույցներում ու Պետյայի տված էս ճեփճերմակ թղթերի առաջ. էնքան ազատ եմ զգում, որ էս երանելի ու անփոփոխ վիճակս անամոթաբար համեմատում եմ ազատազրկվածների վիճակների հետ, եւ հիմա սթափվելով ու լրջանալով՝ անմիջապես հիշում եմ Եղիազարյան Գուրգենի պատմածը, որը պիտի ականջիս օղ անեի, բայց, փաստորեն, չեմ արել, եւ հիմա ուզում եմ ձեզ պատմել Գուրգենի էդ պատմածը, որովհետեւ շատ հետաքրքիր ու, ես կասեի, դաստիարակչական պատմություն է, ու էս պատմությունը Գուրգենն ինձ տարիներ առաջ դժվար թե պատմեր, եթե էն ժամանակ մտքի ծայրով անցներ, որ երրորդ հազարամյակում ինքն է՛լ է վեպեր ու պիեսներ գրելու. այսինքն, շատ հնարավոր է, որ Եղիազարյան Գուրգենն իր էդ պատմածն արդեն պիեսի վերածած լինի, բայց դա ինձ չի խանգարում վերապատմել իր պատմածը ոչ միայն էն պատճառով, որ Գուրգենն ինձ չի արգելել վերապատմել, այլեւ էն պատճառով, որ ես, ի տարբերություն այլ գրողների, ինչպես տեսնում եք, միանգամայն ազնվորեն նշում եմ սկզբնաղբյուրը:

Սովետական տարիներին, երբ Եղիազարյան Գուրգենն Ապարանի շրջանի միլպետն էր, նրա կաբինետ է մտնում միջին տարիքի մի ապարանցի եւ ասում է, որ ինքը բանաստեղծ է եւ որոշել է մի կալանավորի մասին պոեմ գրել, եւ երբ Գուրգենը հարցնում է՝ «ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել», բանաստեղծն ասում է՝ «մի ամիս ինձ բանտ նստացրեք, որ բանտի պայմաններին մոտիկից ծանոթանամ, որպեսզի պոեմս իրական ու բնական ստացվի», եւ չնայած միլպետը փորձում է համոզել, որ բանաստեղծը հրաժարվի իր էդ տարօրինակ գաղափարից, բայց բանաստեղծը շատ է պնդում, եւ երբ Գուրգենը տեսնում է, որ բանաստեղծին համոզելն անիմաստ է, կանչում է իր ենթականերին եւ հրամայում է ձերբակալել հանցագործին, բացատրելով, որ բավական վտանգավոր հանցագործ է, եւ երբ ենթականերից մեկը հարցնում է՝ «ի՞նչ հանցագործություն է կատարել, հընգեր Եղիազարյան», Եղիազարյան պետը ծիծաղը մի կերպ զսպելով ասում է՝ «առայժմ չի խոստովանել, բայց, հուսով եմ, ձեր օգնությամբ կխոստովանի», եւ հենց էդ պահին բանաստեղծը մոտենում է Եղիազարյանին ու կամացուկ շշնջում՝ «մի բան էլ եմ ուզում խնդրել, հընգեր պետ», եւ Գուգոն ասում է՝ «ասեք. լսում եմ», եւ բանաստեղծը Գուգոյի ականջին շշնջալով ասում է՝ «ձեր աշխատողներին չասեք, որ ձեւական եմ նստելու. ուզում եմ՝ ամեն ինչ բնական ստացվի», եւ Գուգոն բանաստեղծին ասում է՝ «ամեն ինչ ձեր ուզածով կլինի», եւ բանաստեղծին տանում են, ավելի ճիշտ՝ իջեցնում են ոստիկանատան նկուղ եւ մտցնում են ազատ խցերից մեկը եւ մինչ բանաստեղծին կհարցաքննեին, Գուրգենը գնում է տուն, ընդմիջում է անում եւ գործատեղ վերադառնալով՝ ահավոր աղաղակներ է լսում, եւ լսելով, որ ձայները նկուղային հարկից են լսվում, իջնում է նկուղ եւ այստեղ արդեն հասկանում է, որ աղաղակները հենց բանաստեղծի խցից են լսվում, եւ դուռը բացել տալով ու արյունլվա բանաստեղծին հատակին փռված տեսնելով՝ ապշահար պետը գոռացել է իր ենթակաների վրա՝ «էս ի՞նչ եք արել, արա՛», եւ գլխավոր հարցաքննողը Գուրգենին ասել է՝ «չէր ուզում խոստովանվեր, հընգեր Եղիազարյան», եւ Գուրգենն ապշահար հարցրել է՝ «ի՞նչ պիտի խոստովաներ, ա՛յ ապուշ», եւ գլխավոր հարցաքննողն ինքն իրենից գոհ պատասխանել ու ասել է՝ «սաղ արածները մեկիկ-մեկիկ խոստովանվեց», եւ Գուրգենը նախ հատակից բարձրացրել ու աթոռին է նստեցրել բանաստեղծին, հետո հարցաքննողների վրա գոռալով ասել է՝ «ի՞նչ եք ցցվել. գնացեք ջուր բերեք՝ ձեր էս հետքերը մաքրեք», եւ գլխավոր հարցաքննողն ասել է՝ «ճիշտ ա, արունը շատ ա, բայց ընդամենը ճակատն ա մի թեթեւ քերծվել», եւ երկրորդ հարցաքննողն արդարացել ու ասել է՝ «հիմնականում կողերին ենք մի քանի անգամ զարգել», եւ գլխավոր հարցաքննողն ավելացրել է՝ «որ իմանայինք էդքան շուտ խոստովանվող ա, մե խատից ավել չէինք զարգի», եւ Գուրգենը կատաղած գոռացել է՝ «ձեզ ասեցի՝ ջո՛ւր բերեք», եւ երբ հարցաքննողները գնացել են ջրի հետեւից, Գուրգենը չի կարողացել ծիծաղը զսպել եւ ծիծաղելով բանաստեղծին ասել է՝ «հը՞, ո՞նց ա. մի ամիս կդիմանա՞ս», եւ սարսափահար բանաստեղծը պատասխանել ու ասել է՝ «յանի մի ամսով կպրծնե՞մ», եւ էդ պահին հարցաքննողները ջրով վերադարձել են, եւ բանաստեղծը երեսը լվացել է, եւ բոլորի բախտից՝ բանաստեղծի երեսին որեւէ էական հետք չէր մնացել, եւ գլխավոր հարցաքննողը Գուրգենին հարցրել է՝ «հիմի ըստուն ըստեղ թողե՞նք, թե՞ տեղափոխենք, հընգեր Եղիազարյան», եւ Գուրգենը զարմացած հարցրել է՝ «ո՞ւր տեղափոխեք», եւ գլխավոր հարցաքննողը պետի հարցին հարցով պատասխանել ու ասել է՝ «հանցագործներին ո՞ւր ենք տեղափոխում», եւ Գուրգենը գոռացել ու ասել է՝ «ի՞նչ հանցագործ», եւ երկրորդ հարցաքննողն ասել է՝ «մեկիկ-մեկիկ իրեք գործն էլ խոստովանվել ա», եւ գլխավոր հարցաքննողն ավելացրել է՝ «էրկուսը գողության գործ ա, մեկը՝ կաշառքի», եւ Գուրգենը մի կերպ իրեն տիրապետելով՝ հարցաքննողներին ասել է՝ «էս մարդուն ոչ տեսել եք, ոչ էլ ճանաչում եք», եւ գլխավոր հարցաքննողը խորիմաստ լռել ու հետո ասել է՝ «պարզ ա, հընգեր Եղիազարյան», եւ Գուրգենը գոռալով հարցրել է՝ «ի՞նչն ա պարզ», եւ երկրորդ հարցաքննողն առաջինի փոխարեն պատասխանել ու ասել է՝ «էս մարդուն ոչ տեսել ենք, ոչ էլ ճանաչում ենք», եւ Գուրգենը հարցաքննողներին ասել է՝ «բանալիները տվեք ինձ ու ռադ էղեք», եւ երբ հարցաքննողները հեռացել են, բանաստեղծին հարցրել է՝ «շատ ծեծեցի՞ն», եւ բանաստեղծն ասել է՝ «էնքան էլ չէ», եւ Գուրգենը ժպտացել ու հարցրել է՝ «բա խի՞ ես խոստովանել», եւ բանաստեղծն ասել է՝ «վռազ խոստովանվեցի, դրա համար էլ ծեծելը դադարացրին», եւ Գուրգենը ծիծաղը չի կարողացել զսպել ու ծիծաղելով հարցրել է՝ «բայց ի՞նչն ես խոստովանել», եւ բանաստեղծը սարսափահար նայել է Գուրգենին ու հարցրել է՝ «որ չասեմ՝ դու էլ ե՞ս ծեծելու», եւ Գուրգենը պատասխանել ու ասել է՝ «սովետական միլիցիայում ծեծն արգելված ա», եւ բանաստեղծն ասել է՝ «որ շուտ չխոստովանվեի՝ երեւի մինչեւ հիմի ծեծեին», եւ Գուրգենն ասել է՝ «քանի նորից չեն էկել՝ վեր կաց ու գնա», եւ բանաստեղծն ասել է՝ «ո՞ւր գնամ. գործի տեղն արձակուրդ եմ վեկալել, տնեցիքին էլ ասել եմ՝ կամանդիրովկի եմ», եւ Գուրգենը հարցրել է՝ «բա խի՞ ես խաբել», եւ բանաստեղծը պատասխանել ու ասել է՝ «որոշել էի ձեր մոտ մի ամիս նստեմ, որ պոեմս բնական ստացվեր», եւ Գուրգենը ծիծաղել ու ասել է՝ «էլ չես ուզո՞ւմ նստես», եւ բանաստեղծը տխուր ժպտացել ու ասել է՝ «էսքանը լրիվ հերիք էր», եւ Գուրգենը հարցրել է՝ «ի՞նչ ես աշխատում», եւ բանաստեղծն ասել է՝ «հաշվապահ», եւ Գուրգենը հարցրել է՝ «որտե՞ղ», եւ բանաստեղծն ասել է՝ «կարա՞մ չասեմ», եւ Գուրգենն ասել է՝ «չես ուզում՝ մի ասա», եւ բանաստեղծն ասել է՝ «որ ձերոնց ասել եմ՝ ոչի՞նչ», եւ Գուրգենը հարցրել է՝ «մերոնց ի՞նչ ես ասել», եւ բանաստեղծն ասել է՝ «աշխատանքիս տեղն իրանց ասեցի. կարող ա՞ հիմնարկ նամակ ուղարկեն», եւ Գուրգենը պատասխանել ու ասել է՝ «ինձնից ա կախված», եւ բանաստեղծն ասել է՝ «էդ մեկը լավ ա», եւ Գուրգենը հարցրել է՝ «ինչո՞վ ա լավ», եւ բանաստեղծն ասել է՝ «դու բարի մարդ ես», եւ Գուրգենը հարցրել է՝ «ի՞նչ գիտես, որ բարի եմ», եւ բանաստեղծը պատասխանել ու ասել է՝ «էսքան հետս խոսացիր, բայց ոչ մի անգամ չզարգեցիր», եւ Գուրգենը հարցրել է՝ «բայց էդ ի՞նչ ես խոստովանել», եւ բանաստեղծը հարցրել է՝ «շատ ե՞ս ուզում իմանաս», եւ Գուրգենն ասել է՝ «որ շատ ուզենամ, տղերքին կկանչեմ՝ կասեն», եւ բանաստեղծը սարսափահար տեղից վեր թռչելով ճչացել է՝ «մի՛ կանչի. ամեն ինչ կպատմեմ», եւ Գուրգենը ծիծաղելով ասել է՝ «թե չես ուզում՝ կարաս չպատմես», եւ բանաստեղծն ասել է՝ «մեկ ա՝ ձերոնց արդեն պատմել եմ. քեզանից լավը չըլնեն», եւ Գուրգենը ժպտացել ու ասել է՝ «դե ասա՝ ինչ ղալաթներ ես արել», եւ բանաստեղծը գլուխը կախել ու ասել է՝ «սրանից քսան տարի առաջ զոքանչիս տնից քառասուն մանեթ եմ գողացել, տասը տարի առաջ էլ մեր հիմնարկի կնանիքից մեկի սումկից տասը մանեթ եմ գողացել», եւ Գուգոն ծիծաղը մի կերպ զսպելով հարցրել է՝ «բա ի՞նչ կաշառք էին ասում», եւ հաշվապահն ասել է՝ «սրանից մի խինգ տարի առաջ էլ ժողկրթբաժնից ստուգող էր էկել, քսանխինգ մանեթ տվիմ, շառը քաշեց՝ գնաց», եւ Գուրգենը հարցրել է՝ «դպրոցում ե՞ս հաշվապահ աշխատում», եւ բանաստեղծը սարսափահար հարցրել է՝ «ի՞նչ իմացար», եւ Գուրգենն ասել է՝ «աչքերիդ մեջ ա գրած», եւ բանաստեղծը խորամանկ ժպտացել ու ասել է՝ «բայց որ սպանեք էլ, մեր գյուղի անունը չեմ ասի», եւ Գուրգենը հարցրել է՝ «տղերքին չես ասե՞լ», եւ բանաստեղծը ժպտացել ու ասել է՝ «հեն ա-հեն ա՝ ասելու էի, բայց վախտին վրա խասար, հընգեր պետ», եւ Գուրգենն ասել է՝ «էն էրկու գողություններիդ վաղեմության ժամկետն անցել ա, բայց կաշառքի գործը պիտի քննվի», եւ բանաստեղծը վախեցած հարցրել է՝ «որ քննեք պրծնեք՝ նստացնելու ե՞ք», եւ Գուգոն ծիծաղել ու ասել է՝ «քեզ չենք նստացնի, բայց ժողկրթբաժնի էդ ստուգողին վայ թե նստացնենք», եւ բանաստեղծն ասել է՝ «մանր էրեխեքի տեր ա, հընգեր պետ», եւ Գուրգենը հարցրել է՝ «ասում ես՝ էդ դեպքը քանի՞ տարվա դեպք ա», եւ բանաստեղծը մի քիչ մտածել ու ասել է՝ «երեւի խինգ տարի կըլնի», եւ Գուրգենը ծիծաղել ու ասել է՝ «էրեխեքն արդեն մեծացած կըլնեն», եւ բանաստեղծը ժպտալով հարցրել է՝ «հանաք ես անում, չէ՞», եւ Գուրգենը բանաստեղծին ասել է՝ «էս սաղ հանաքի հեղինակը դու ես», եւ բանաստեղծը ժպտացել ու ասել է՝ «էլ էս տեսակ ղալաթ չեմ անի», եւ Գուրգենն ասել է՝ «հաշվապահ մարդ ես, բանաստեղծության հետ ի՞նչ գործ ունես», եւ բանաստեղծն ասել է՝ «բանաստեղծությունն իմ հիմնական գործն ա. էս հաշվապահությունը ձեռի խետ եմ անում», եւ Գուրգենը ծիծաղել ու ասել է՝ «ձեռի հետ էլ սրաննրան կաշառք ես տալի», եւ բանաստեղծը միանգամայն լուրջ ասել է՝ «էդ իմ կյանքում առաջին ու վերջին դեպքն ա էղել, պետ ջան», եւ Գուրգենն ասել է՝ «որ իսկական բանաստեղծ ըլնեիր, էդ առաջին դեպքն է՛լ չէր ըլնի» եւ ծիծաղելով ավելացրել է՝ «էն մյուս դեպքերն է՛լ չէին ըլնի», եւ բանաստեղծը մեղավոր ժպտացել ու ասել է՝ «էն էրկուսը Նոյի թվի բաներ են», եւ Գուրգենը ծիծաղել ու ասել է՝ «էդ զոքանչիդ փողի պատմությունը որ գրես, շատ հետաքրքիր կստացվի», եւ բանաստեղծը մեղավոր ժպտացել ու ասել է՝ «էդ տարի շատ նեղն էինք, հընգեր պետ», եւ Գուրգենն ասել է՝ «էսօր ինձ սաղ գործերից կտրեցիր», եւ բանաստեղծն ասել է՝ «հա. գնամ», եւ Գուրգենը ծիծաղել ու ասել է՝ «գնա՝ քանի մտափոխ չենք էղել», եւ բանաստեղծն ասել է՝ «մերսի, պետ ջան», եւ Գուգոն ասել է՝ «հիմի արդեն կարաս էդ կալանավորի մասին պոեմդ գրես», եւ բանաստեղծը ծիծաղել ու ասել է՝ «հա. հիմի արդեն շատ բնական կստացվի», եւ Գուրգենն ասել է՝ «բայց պիտի խոստանաս, որ էսօրվա էս պատմությունը չես գրի», եւ բանաստեղծը զարմացած հարցրել է՝ «խի՞», եւ Գուրգենը միանգամայն լուրջ պատասխանել ու ասել է՝ «որովհետեւ էս պատմությունը ե՛ս եմ գրելու», եւ բանաստեղծը հարցրել է՝ «ե՞րբ ես գրելու», եւ Գուրգենը պատասխանել ու ասել է՝ «երբ որ ազատ ժամանակ ունենամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել