Կարծում է ՀՀ կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը Նկարիչների ու Կինոգործիչների միությունների նախագահներ Կարեն Աղամյանն ու Ռուբեն Գեւորգյանցն էին: Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտում առկա խնդիրներին ու ծրագրերին: Ռ. Գեւորգյանցի խոսքերով, իրենք սկսել են լրջորեն զբաղվել երիտասարդներով. «Մեր երիտասարդական «Ես եմ» փառատոնի նպատակը մեզ հաջորդողներին բացահայտելն է: Արդեն լույս է տեսնում նոր կինոամսագիր, որը կոչվում է «+Կինո+»: Կ. Աղամյանի խոսքերով, ՆՄ նախորդ տարվա գործունեությունն այնքան էլ բուռն չէր, որովհետեւ միության շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ըստ նրա, հավանաբար այս տարի Նկարիչների միությունը կունենա Հայաստանի ամենամեծ ու շքեղ դահլիճը, որի մակերեսը կլինի 850 քմ: Դառնալով հայկական կինեմատոգրաֆիային՝ Ռ. Գեւորգյանցը նշեց, որ Հայաստանն այս ոլորտում շուկա չունի. «Շուկան մի հսկայական մաֆիա է, որտեղ մտնելը դժվար է»: Ըստ նրա, նախեւառաջ անհրաժեշտ է ունենալ կինոթատրոններ. «Հիմա ունենք ընդամենը երկուսը՝ «Մոսկվան» ու «Նաիրին»: Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե երկու կինոթատրոնն էլ բավական է ու հիշում է, որ իր երեխա ժամանակ էլ է երկու կինոթատրոն եղել: Հավանաբար՝ այդ պատճառով էլ վաճառեցին ու փակեցին մեր կինոթատրոնները»: Ըստ Ռ. Գեւորգյանցի, որպեսզի մեր նկարած ֆիլմերն էլ կարողանանք վաճառել, պետք է սկսենք նկարել շուկային հարիր. «Օրինակ, ռուսները եկել էին այստեղ ֆիլմ նկարելու եւ նրանց անհրաժեշտ էին միայն սլավոնական արտաքինով դերասաններ, նրանք չէին ուզում, որ էկրանին հայկական դեմք երեւա, իհարկե, եթե չեչենի կամ վրացու բացասական դերի մասին չէ խոսքը…»: Դառնալով պետական մրցանակներին, որոնց հանձնումից հետո սովորաբար անմրցանակ մնացած, բայց ակնկալիքներ ունեցող արվեստագետները դժգոհում են, Ռ. Գեւորգյանցը խոստովանեց. «Եթե այսօր ֆիլմեր են նկարվում, դա դեռ չի նշանակում, որ դրանք իսկապես լավն են: Հնարավոր է՝ դու ֆիլմ նկարես, որը խայտառակի քո ազգին, բայց մասնակցելով արտասահմանյան կինոփառատոներին, Եվրոպային դուր գա եւ մրցանակներ բերի: Միայն մեզ մոտ է, որ պետական հանձնաժողովն այսքան տարօրինակ է… միայն Հայաստանում է, որ թատրոնն ու կինոն մի հանձնաժողով է քննում ու տալիս մեկ մրցանակ: Ոլորտները պետք է առանձնացնել միմյանցից: Ինչ-որ մեկը սխալ է արել, օրենք են ընդունել ու այսօր այն ուղղելն անհնարին է դարձել: Այդ հանձնաժողովում էլ հատկապես կինոյի բաժնում այսօր այնպիսի մարդիկ են հավաքվել, որոնք իրավունք չունեն այնտեղ լինել ու գնահատել, օրինակ՝ Վիգեն Չալդրանյանի պես ռեժիսորին: Այդ գնահատողներից շատերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Օրինակ՝ Զավեն Բոյաջյանը, որը ամենեւին էլ կինոգետ չէ, պարզապես ինտերնետից հանում է նյութերն ու հրամցնում մեզ: Նա մի՞թե անալիզ է անում Ֆելինիի ֆիլմը: Կինոգետը նա է, ով հոդվածներ ու գրքեր է գրում»: Ռ. Գեւորգյանցի համոզմամբ, երբեմն մրցանակի են դրվում ֆիլմեր, որոնք շատ թույլ են ու հեռու արվեստի գործ համարվելուց: Ըստ Կինոգործիչների միության նախագահի, վերջին տարիներին ոչ միայն իջել է պետական մրցանակի, այլեւ հանրահայտ «Օսկարի» «պլանկան»: Ռ. Գեւորգյանցը երեկ տեղեկացրեց, որ Տոնինո Գուերայի մասին նկարահանած իր ֆիլմը պատրաստվում է հաջորդ անգամ ներկայացնել պետական մրցանակի: Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիքի է Հ1-ի նկարահանած «Ոչինչ չի մնա» ֆիլմի մասին, Ռ. Գեւորգյանցը պատասխանեց. «Ոչինչ չի մնա»: