Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՂԱՄԲ ՉՈՒՏԵԼ, ՍՐԵՐՈՎ ԿՌՎԵԼ, ԳՐՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԿԵԼ

Հունվար 12,2008 00:00

\"\"Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն յուրովի է տոնում Նոր տարին

«Սալա թըզը», «Խրոնյա պոլա» կամ «Կալանդա կե կալուս կերուս», «Ռոշ-գա-շանա». այս արտահայտությունները հաջորդաբար եզդիերեն, պոնտերեն կամ էլեներեն ու հրեերեն համապատասխանում են հայերեն հնչող «Շնորհավոր նոր տարի» արտահայտությանը: Օրինակ՝ եզդիները, որ հանրապետությունում կողք կողքի ապրում եւ սերտորեն շփվում են հայերի հետ, նրանց նման այս օրերին չեն պատրաստվում ոչ եղեւնի զարդարել, ոչ էլ խոզի բուդ գնել: Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» ներկայացրեց, որ իրենք Նոր տարվա տոնը նշում են ապրիլի 13-ից հետո եկող առաջին չորեքշաբթի օրը: Ի տարբերություն շատ ազգերի, որոնք Ամանորը ասոցացնում են ուրախության հետ, եզդիների պարագայում հակառակն է: Ա. Թամոյանը պատմեց. «Մեր Նոր տարվա արարողությունները մեկ-երկու օրով սահմանափակվում են: Առաջին օրն անպայման գնում ենք գերեզմանատուն՝ հանգուցյալներին հարգելու: Այնտեղ մեծ սեղան ենք բացում: Դա մեծ արարողություն է, որը կոչում ենք «չարշամա սելե սաշի»: Իսկ հաջորդ օրը գաթա ենք թխում՝ մեջը ուլունք: Ընտանիքի այն անդամը, որին բաժին ընկավ գաթայի ուլունքով կտորը, տվյալ տարի համարվում է տան խորհրդատուն եւ առաջնորդը»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե եզդիներն ունե՞ն այնպիսի կերակրատեսակներ, որոնք արգելված են օգտագործել Նոր տարվա օրերին: Ա. Թամոյանը պատասխանեց. «Այդ օրերին իրավունք չունենք օգտագործել խոզի միս եւ կաղամբ: Դրանք երկուսն էլ ավանդաբար մեղքի հետ են կապվում»:

Հույներն էլ, հայերի պես, Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31-ի գիշերը: Սակայն նրանք ավելի մեծ շուքով նշում են Խրիստույենյան՝ Քրիստոսի ծնունդը: Այս տոնի հետ կապված արարողությունները հույների մոտ սկսվում են դեռ դեկտեմբերի 24-ից: Երեւանի «Պոնտի» հունական հ/կ-ի նախագահ Նիկոլայիդի Ֆրոնտիկը «Առավոտին» պատմեց. «Դեկտեմբերի 24-ին ընդունված է «կալյադի» կոչվող երգերով հարեւաններին այցելել: Պոնտոսում այդ գիշեր խաչաձեւ հաց էին թխում եւ մեծ սեղան գցում: Ընդունված էր այդ սեղանը 3 անգամ բարձրացնել-իջեցնել՝ կրկնելով «Սա սեղան է՝ Աստծո եւ Աստվածամոր» արտահայտությունը: Խաչաձեւ հացը 12 օր սրբապատկերներից էին կախում եւ միայն հունվարի 6-ին ուտում: Քանի որ հույների համար այծը պաշտամունքային կենդանի է, դեկտեմբերի 24-ին այծի խորոված էլ ենք ուտում, իսկ դրա մորթով՝ գիդայով ծածկում սրբապատկերները»: Դեկտեմբերի 31-ի հետ կապված էլ հույները խորհրդանշական արարողություններ ունեն: Օրինակ՝ այդ օրը նրանք բակերում խարույկ են վառում եւ թողնում, որ ինքն իրեն հանգչի, դիմակահանդեսներ, բեմադրություններ են կազմակերպում: Օրինակ՝ տղամարդիկ փայտյա սրերով «կռվում» են իրար հետ եւ գումար վաստակում, կամ այդ սրերով անընդհատ չխկչխկացնում եւ այլ ձայներ են հանում, որ իբր չար ոգիներին քշեն: Որպես ավանդական ճաշատեսակ՝ հույները կարեւորում են բրնձով փլավը: Հույները մեծ ուշադրություն են դարձնում, թե Նոր տարում առաջինն իրենց տուն ով եկավ եւ որ ոտքով իրենք տուն մտան: Ի դեպ, ընտանիքի անդամներն իրենց տուն անպայման պիտի աջ ոտքով մուտք գործեն:

Հրեաների Նոր տարին էլ շարժական տոն է: Այն լուսնային է եւ լինում է Տիշրեյ ամսվա, որը համապատասխանում է սեպտեմբեր-հոկտեմբերին, առաջին օրերին: Հրեաների միության նախագահ Ռիմա Վարժապետյանը «Առավոտին» հայտնեց, թե Նոր տարին իրենց համար ինչով է նշանավորվում. «Այն կապում ենք Արարչի կողմից մարդու ստեղծման եւ բերքահավաքի տոնի հետ»: Ինչպես տիկ. Վարժապետյանը փոխանցեց, տոնական օրերին անպայման պետք է ձկան գլուխ ճաշակել, որպեսզի տարվա ընթացքում խելքդ գլխիդ լինի, իսկ որպես հարստության նշան՝ ձկան գլուխը զարդարվում է գազարի՝ մետաղադրամի նմանվող հատվածներով: «Խալա» կոչվող հացը հարստության նշան է, որից հետո անպայման պետք է մեղրով թաթախված խնձոր ճաշակել, որ տարին լինի երջանիկ եւ քաղցրությամբ լի: Մեղքերից ազատվելու համար էլ հրեաները կանգնում են հոսող, զուլալ ջրի առաջ եւ դատարկում գրպանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել